Աստծու անունը՝ Եհովա, եգիպտական տաճարում
Ո՞Ր ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ սկսած է Աստծու անունը՝ Եհովա, կամ՝ Յահվե, հանդիպում աշխարհիկ աղբյուրներում։ Որոշ գիտնականներ համոզվածությամբ պատասխանում են՝ մ.թ.ա. 14–րդ դարից։ Ի՞նչ հիմքեր ունեն նրանք։
Մոտավորապես մ.թ.ա. 1370 թ.–ին եգիպտացիներն արդեն գրավել էին շատ երկրներ։ Այդ ժամանակ Եգիպտոսում իշխում էր Ամենհոտեպ III փարավոնը։ Նա մի հոյակերտ տաճար էր կառուցել Սոլեբում, որը գտնվում է Նուբիայում (այժմ՝ Սուդան)։ Երբ հնագետները գտան այդ տաճարը, հայտնաբերեցին եգիպտական հիերոգլիֆներով գրված մի արձանագրություն, որում պատկերված էր եբրայերեն քառագիրը՝ ՅՀՎՀ, կամ՝ Եհովա։ Այդ փորագրությունը 500 տարով ավելի մեծ է, քան հայտնի Մովաբական քարը՝ նախկինում հայտնի ամենահին աղբյուրը, որտեղ հանդիպում է Աստծու անունը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էր Աստվածաշնչում գտնվող Աստծու անունը փորագրված եգիպտական տաճարում։
«Շասու. Յահուի երկիրը»
Ամենհոտեպ III փարավոնը տաճարը նվիրել էր Ամոն–Ռա աստծուն։ Այդ տաճարը գտնվում էր Նեղոսի արևմտյան ափին և ուներ մոտ 120 մետր երկարություն։ Սրահներից մեկի սյուների հիմքին հիերոգլիֆներով պատկերված են այն տարածքների անունները, որոնք, ինչպես պնդում էր Ամենհոտեպը, ինքն էր նվաճել։ Յուրաքանչյուր տարածք ներկայացնում է մի գերի մարդ, որի ձեռքերը կապված են մեջքին, իսկ նրա վահանի վրա դրոշմված է իր երկրի կամ ժողովրդի անունը։ Հիերոգլիֆներով պատկերված են նաև այսպես կոչված շասու, կամ՝ շոսու ժողովրդի երկրները։ Իսկ ովքե՞ր էին շասուները։
Եգիպտացիները շասու էին անվանում բեդվիններին՝ արհամարհված ցեղերին, որոնք բնակվում էին Եգիպտոսի արևելյան սահմանից այն կողմ։ Շասուների երկրները ձգվում էին հարավային Պաղեստինով, հարավային Անդրհորդանանով և Սինայով մեկ։ Որոշ հետազոտողներ ասում են, որ շասուներին պատկանող երկրները հասնում էին մինչև հյուսիս՝ Լիբանան ու Սիրիա։ Սոլեբում գտնվող նվաճված երկրների ցուցակում կա մի երկիր, որի անունը տարբեր կերպերով կարելի է կարդալ՝ «Յահվեն Շոսու երկրում», «Շասու. Յահույի երկիրը» կամ «Շասու–յհվ-ի երկիրը»։ Եգիպտագետ Ժան Լեկլանը նշում է, որ Սոլեբում գտնվող վահանի վրա դրոշմված անունը «համապատասխանում է Աստվածաշնչի աստծու անվան «քառագրին»՝ ՅՀՎՀ–ին»»։
Գիտնականներից շատերը կարծում են, թե Յահու, Եահու կամ Յահվե անունը այս և նման համատեքստերում մատնանշում է տեղանք կամ շրջան։ Գիտնական Շմյուլ Ահիտուֆն ասում է, որ այդ մակագրությունը մատնանշում է «Իսրայելի Աստված Եահուի երկրպագուների անցած տարածքը»a։ Եթե այդ եզրահանգումը ճիշտ է, ապա, ինչպես բնորոշ է հին սեմական լեզվին, թե՛ այդ տեղանքը, թե՛ տեղանքի աստվածը կոչվում են նույն անունով։ Օրինակ՝ Աշուրի՝ ասորեստանցիների գերագույն աստծու անունով է կոչվում Ասորեստանը։
Ինչ վերաբերում է Նուբիայի տաճարում եղող մակագրությանը, աստվածաշնչագետ ու հնագետ Ռոլանդ դե Վուն նշում է. «Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսին այն տարածաշրջանը, որտեղ ապրել են Իսրայելի նախահայրերը, ունեցել է աշխարհագրական և էթնիկական մի այնպիսի անուն, որը շատ նման է եղել Իսրայելի Աստծու անվանը, չի բացառվում նաև, որ դա նույն անունն է եղել»։
Անունը մեծարվում է առ այսօր
Սոլեբը միակ վայրը չէ Նուբիայում, որտեղ Յահվե անունը հանդիպում է եգիպտական հիերոգլիֆներում։ Սոլեբի ցուցակի կրկնօրինակները հայտնաբերվել են նաև արևմտյան Ամարայում և Աքսայում եղող Ռամզես II–ի տաճարներում։ Ամարայի ցուցակի՝ «Յահվեն Շոսու երկրում» հիերոգլիֆը շատ մոտ է շոսուների այլ տարածքների հիերոգլիֆներին, որոնք մատնանշում են Սեիրն ու Ղոբանը (Լաբանը)։ Աստվածաշնչում այս տարածքներն առնչվում են հարավային Պաղեստինին, Եդոմին և Սինային (Ծննդոց 36։8; Բ Օրինաց 1։1)։ Դրանք այնպիսի տարածքներ էին, որտեղ հաճախ այցելում էին մարդիկ, ովքեր գիտեին և երկրպագում էին Եհովային թե՛ այն ժամանակվանից առաջ, երբ իսրայելացիները ժամանակավոր բնակություն հաստատեցին Եգիպտոսում, և թե՛ դրանից հետո (Ծննդոց 36։17, 18; Թուոց 13։26)։
Ի տարբերություն այլ աստվածների անունների, որոնք կան հնագույն մակագրություններում՝ Աստվածաշնչի Աստված Եհովայի անունը այսօր էլ հայտնի է և մեծարվում է։ Ավելի քան 230 երկրներում յոթ միլիոնից ավել Եհովայի վկաներ նվիրել են իրենց կյանքը՝ օգնելու ուրիշներին ոչ միայն իմանալու այդ անունը, այլև մոտենալու այն Աստծուն, ով կրում է այդ անզուգական Եհովա անունը (Սաղմոս 83։18; Հակոբոս 4։8)։
[Ծանոթագրություն]
a Որոշ գիտնականներ, սակայն, կասկածի տակ են դնում այն, որ այս հիերոգլիֆը նշանակում է, որ շասուները «եղել են Յահվե աստծու հետևորդները»։ Նրանք կարծում են, թե դա զուգադիպություն է, և այդ երկրի անհայտ անունը պարզապես համընկել է Իսրայելի Աստծու անվանը։
[Մեջբերում 21–րդ էջի վրա]
Ինչո՞ւ է Աստվածաշնչի Աստված Եհովայի անունը փորագրված Եգիպտոսի հեթանոսական տաճարում
[Քարտեզ 21–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԵԳԻՊՏՈՍ
Տաճար Սոլեբում
ՍՈՒԴԱՆ
Նեղոս գետ
[Նկարներ 21–րդ էջի վրա]
Տաճարի սյան կրկնօրինակը
[Նկար 22–րդ էջի վրա]
Ամոն–Ռայի տաճարի ավերակները, Սոլեբ (Սուդան)
[Թույլտվությամբ]
Ed Scott/Pixtal/age fotostock
[Նկար 21–րդ էվի վրա. թույլտվությամբ]
Background: Asian and Middle Eastern Division/The New York Public Library/Astor, Lenox and Tilden Foundations