Եհովան ցանկանում է, որ պաշտպանված լինես վտանգներից
ԱՄԵՆԱԿԱՐՈՂ Աստված Եհովան միշտ ցանկացել է մարդկանց պաշտպանել վտանգներից։ Քանի որ նա «կեանքի աղբիւրն» է, նրա համար բոլոր մարդկանց կյանքը թանկ է (Սաղ. 36։9)։ Ուստի երբ տեղի ունենա պատմության մեջ ամենավտանգավոր իրադարձությունը, Աստված կպաշտպանի իր հավանությունն ունեցող մարդկանց (Սաղ. 31։23)։
Աստծու վաղեմի ծառաները նույնպես կյանքը թանկ էին համարում։ Ծննդոց 33։18–ում (ՆԱ) ասվում է, որ Հակոբն ու իր ընտանիքը վտանգավոր ճանապարհը «ապահով» անցան։ Հակոբը վստահ էր, որ Եհովան կպահպանի իրեն և իր հետ եղողներին։ Սակայն նա նաև գործնական քայլեր ձեռնարկեց (Ծննդ. 32։7, 8; 33։14, 15)։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով՝ դու նույնպես կարող ես ապահովել քո և ուրիշների անվտանգությունը։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք կիրառել այդ սկզբունքները Թագավորության սրահների շինարարության մեջ, աղետի գոտում օգնություն ցույց տալիս և այլ շինարարական գործերում։
Օրենքներ անվտանգության մասին
Մովսիսական օրենքը պահանջում էր, որ Աստծու ժողովուրդը հետևեր անվտանգությանը։ Օրինակ՝ երբ իսրայելացին տուն էր կառուցում, տանիքը պետք է եզրապատեր։ Քանի որ մարդիկ տանիքների վրա շատ ժամանակ էին անցկացնում, եզրապատերը կպաշտպանեին նրանց ընկնելուց (Ա Թագ. 9։26; Մատթ. 24։17)։ Եթե այս օրենքը անտեսելու պատճառով դժբախտ դեպք պատահեր, Եհովան պատասխանատվության կենթարկեր տանտիրոջը (Բ Օրին. 22։8)։
Օրենքում նաև կային ընտանի կենդանիների վերաբերյալ կանոններ։ Եթե ցուլը պոզահարելով սպաներ մի մարդու, տերը պետք է սպաներ ցլին, որպեսզի այն չվնասեր մեկ ուրիշին։ Եվ քանի որ տերը չէր կարող այդ կենդանու միսը ուտել կամ վաճառել, նրա համար կենդանուն սպանելը մեծ կորուստ էր։ Սակայն ի՞նչ կպատահեր, եթե ցուլը վնասեր մեկին, իսկ տերը չհսկեր իր անասունին։ Այդ նույն ցուլը կսպաներ ինչ–որ մեկին, և այդ ժամանակ թե՛ ցուլը, թե՛ տերը պետք է սպանվեին։ Այդ օրենքը հիշեցնում էր բոլորին, որ պետք է հսկեին իրենց անասուններին (Ելից 21։28, 29)։
Օրենքում նաև խոսվում էր գործիքները օգտագործելու մասին։ Օրինակ՝ իսրայելացիները կացնով էին փայտ կոտրում։ Եթե պատահաբար կացնի գլուխը թռչեր ու դիպչեր որևէ մեկին, և նա մեռներ, փայտահատը պետք է փախչեր ապաստանի քաղաք։ Նա այնտեղ պետք է մնար մինչև քահանայապետի մահը, ինչն էլ նշանակում էր, որ նա տարիներ շարունակ հեռու էր լինելու իր ընտանիքից։ Այս օրենքը ցույց էր տալիս Իսրայել ազգին, որ Եհովայի համար կյանքը սուրբ է։ Այն անհատը, ով կյանքի վերաբերյալ ուներ Աստծու տեսակետը, պետք է հետևեր, որ իր գործիքները լինեին նորմալ վիճակում, և դրանք օգտագործելիս պետք է պահպաներ անվտանգության կանոնները (Թուոց 35։25; Բ Օրին. 19։4–6)։
Այս օրենքների միջոցով Եհովան ուզում էր ցույց տալ, թե որքան կարևոր է թե՛ տանը, թե՛ դրսում հետևել անվտանգության կանոններին։ Նույնիսկ նրանք, ովքեր առանց դիտավորության՝ ուրիշների մահվան պատճառ են եղել կամ վնաս են հասցրել նրանց, պատասխան են տալու Եհովային։ Անվտանգության մասին Եհովայի տեսակետը չի փոխվել (Մաղ. 3։6)։ Նա ցանկանում է, որ մարդիկ զգուշանան իրենց և ուրիշներին վնասելուց, հատկապես երբ կառուցում կամ վերանորոգում են ճշմարիտ երկրպագությանը նվիրված շինությունները։
Անվտանգություն շինարարության ժամանակ
Մեզ համար մեծ առանձնաշնորհում է մասնակցել Թագավորության սրահների, Համաժողովների սրահների և մասնաճյուղերի շենքերի, ինչպես նաև աղետից տուժածների տների շինարարությանը կամ վերանորոգմանը։ Եթե ուզում ենք հմուտ լինել մեր գործում, պետք է սովորենք ճիշտ օգտագործել գործիքները, որպեսզի չվնասենք մեզ և ուրիշներին (Ժող. 10։9)։
Աստվածաշնչում գրված է. «Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը» (Առակ. 20։29)։ Ծանր աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է երիտասարդների ուժը։ Իսկ «տարեցները»՝ շինարարական գործում ավելի փորձառուները, կատարում են վերջնական աշխատանքները։ Բայց հիշիր, որ ժամանակին նրանք նույնպես իրենց երիտասարդական ուժը օգտագործել են ծանր աշխատանքներ կատարելու համար։ Ուստի եթե դու նոր աշխատող ես, ուշադրություն դարձրու, թե ինչպես են աշխատում փորձառուները և հետևիր նրանց հրահանգներին։ Եթե ցանկանում ես սովորել, փորձառու եղբայրները քեզ շատ բաներ կարող են սովորեցնել, օրինակ՝ ինչպես աշխատել վտանգավոր նյութերի հետ կամ ինչպես ճիշտ ձևով ծանրություն բարձրացնել։ Այդպիսով՝ դու ուրախությամբ կկատարես քո աշխատանքը, քանի որ այն կլինի արդյունավետ և անվտանգ։
Շինարարության տարածքում աշխատողները միշտ պետք է ուշադիր լինեն։ Շինարարության ընթացքում շատ բաներ կարող են արագորեն փոխվել։ Օրինակ՝ գուցե նոր փոս են փորել կամ սանդուղքները, տախտակները կամ ներկով լի դույլերը մեկ ուրիշ տեղ են դրել, ինչի մասին դու տեղյակ չես։ Եթե անուշադիր լինես, հեշտությամբ կվնասվես։ Անվտանգության կանոնները պահանջում են, որ աշխատողները անձնական պաշտպանության համար ունենան անհրաժեշտ իրեր, օրինակ՝ պաշտպանիչ ակնոցներ, պաշտպանիչ սաղավարտ, աշխատանքին համապատասխան կոշիկներ և այլն։ Սակայն դու պաշտպանված կլինես միայն այն դեպքում, եթե դրանք լավ վիճակում պահես և աշխատանքի ժամանակ հագնես։
Երբեմն կարող է թվալ, թե տվյալ գործիքը հեշտ է օգտագործել։ Սակայն որպեսզի դրանով աշխատելիս քեզ և ուրիշներին չվնասես ու լինես հմուտ, հարկավոր է սովորել այն ճիշտ օգտագործելու ձևը և փորձ ձեռք բերել։ Եթե տվյալ գործիքն օգտագործելու փորձ չունես, այդ մասին ասա պատասխանատու եղբորը։ Նա հոգ կտանի, որ որևէ մեկը քեզ սովորեցնի։ Համեստությունը՝ սեփական սահմանափակումների գիտակցումը, ցանկալի հատկություն է։ Իրականում, այս հատկությունը անհրաժեշտ է ունենալ, որպեսզի խուսափես շինարարության ընթացքում քեզ և ուրիշներին վնասելուց (Առակ. 11։2)։
Շինարարության մեջ շատերը վնասվածքներ են ստանում ընկնելու պատճառով։ Շարժական սանդուղքի կամ լաստակի վրա կանգնելուց առաջ համոզվիր, որ դրանք անվտանգ են և նորմալ վիճակում։ Եթե պիտի աշխատես լաստակի կամ տանիքի վրա, դրանք պետք է բազրիք կամ եզրապատ ունենան, և անպայման պետք է անվտանգության պարանով կապված լինես։ Եթե հարցեր ունենաս, դիմիր վերակացուիդa։
Քանի որ ամբողջ աշխարհում Եհովայի ծառաների թիվը գնալով աճում է, ավելի շատ Թագավորության սրահների և այլ շինությունների կարիք է զգացվում։ Թագավորության սրահների և նմանատիպ նախագծերի շինարարության վերակացուն պատասխանատու է Եհովայի թանկագին «գառների» համար, ովքեր աշխատում են իր վերակացության ներքո (Ես. 32։1, 2)։ Եթե առանձնաշնորհում ունես շինարարության ժամանակ եղբայրներիդ ու քույրերիդ առաջնորդություն տալու, մի՛ մոռացիր անվտանգության կարևորության մասին։ Համոզվիր, որ տարածքը մաքուր է և իրերը թափթփված չեն։ Ովքեր հիշեցման կարիք ունեն, հիշեցրու անվտանգության կանոնները։ Թույլ մի՛ տուր երիտասարդներին կամ անփորձներին աշխատելու վտանգավոր տարածքներում։ Նախապատրաստիր աշխատողներին, որպեսզի զգույշ լինեն հնարավոր վտանգներից։ Հիշիր, մեր նպատակն է ավարտել նախագիծը առանց վնասվածքների։
Սիրո դերը
Թագավորության սրահների և ճշմարիտ երկրպագության համար օգտագործվող կառույցների շինարարության մեջ կան նաև վտանգավոր աշխատանքներ։ Հետևաբար նրանք, ովքեր մասնակցում են այս նախագծերին, պետք է զգույշ լինեն։ Հարգելով աստվածաշնչյան սկզբունքները, հնազանդվելով տրված առաջնորդությանը և առողջ դատողություն ունենալով՝ կխուսափես վտանգներից և կպաշտպանես աշխատակիցներիդ վնասվելուց։
Ո՞րն է անվտանգություն պահելու հիմնական շարժառիթը։ Իհարկե սերը։ Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ գնահատելու կյանքը, ինչպես որ նա։ Իսկ մարդկանց հանդեպ սերը մղում է մեզ ուշադիր և զգույշ լինելու, որպեսզի չվնասենք ուրիշներին (Մատթ. 22։37–39)։ Հետևաբար եկեք մեր լավագույնն անենք, որ շինարարական աշխատանքները կատարենք անվտանգ ու ապահով։
[Ծանոթագրություն]
a Տե՛ս «Ինչպես օգտվել շարժական սանդուղքից» շրջանակը, էջ 30։
[Շրջանակ/Նկար 30–րդ էջի վրա]
Ինչպես օգտվել շարժական սանդուղքից
Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում մեկ տարվա ընթացքում շարժական սանդուղքից ավելի քան 160 000 մարդ է ընկել, որոնցից 150–ը մահացել են։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ ապահով աշխատել սանդուղքի վրա։
◇ Եթե սանդուղքը վնասված է կամ ճոճվում է, չարժե վերանորոգել այն, այլ պետք է ձերբազատվել դրանից։
◇ Յուրաքանչյուր սանդուղք կարող է որոշակի ծանրություն պահել։ Հավաստիացիր, որ քո և գործիքներիդ քաշը չի գերազանցում սահմանված ծանրությանը։
◇ Սանդուղքը դիր տափակ և ամուր հարթության վրա։ Այն մի՛ դիր լաստակի, դույլերի կամ արկղերի վրա։
◇ Միշտ դեմքով դեպի սանդուղքը եղիր, երբ բարձրանում ես կամ իջնում։
◇ Երբեք մի՛ կանգնիր և մի՛ նստիր սանդուղքի վերևի երկու աստիճանների վրա։
◇ Սանդուղքի երկարությունը պետք է ամենաքիչը մեկ մետր ավել լինի այն պատի բարձրությունից, որին պետք է այն հենես։ Որպեսզի սանդուղքը չսահի, հարկավոր է ներքևից ամրացնել պարանով կամ առջևը տախտակ մեխել։ Եթե դա հնարավոր չէ, խնդրիր, որ մեկը պահի այն քեզ համար։ Սանդուղքի վերևի մասը նույնպես պետք է ամրացնել, որպեսզի տեղից չշարժվի։
◇ Երբեք սանդուղքը մի՛ օգտագործիր որպես հենարան՝ լաստակ պատրաստելու և վրան կանգնած աշխատելու համար։
◇ Սանդուղքի վրա աշխատելիս երբեք մի՛ ձգվիր ուրիշ կողմ, քանի որ սանդուղքը կարող է սահել։ Փոխարենը՝ սանդուղքը տեղափոխիր, որպեսզի կարողանաս առանց ձգվելու աշխատել։
◇ Եթե սանդուղքը պետք է դնես դռան մոտ, ապա դռան վրա զգուշացնող ցուցանակ փակցրու և դուռը կողպիր։ Եթե դա հնարավոր չէ, խնդրիր որևէ մեկին հսկել դռան մոտ։
◇ Սանդուղքի վրա միայն մի հոգի պետք է կանգնի։ Երկու հոգի կարող է կանգնել միայն այն դեպքում, եթե սանդուղքը նախատեսված է երկուսի համարb։
[Ծանոթագրություն]
b Լրացուցիչ խորհուրդներ կարող եք գտնել «Արթնացե՛ք»–ի 1999 թ. օգոստոսի 8–ի համարում (էջ 22–24, անգլ., ռուս.)։
[Նկար 29–րդ էջի վրա]
Մովսիսական օրենքը պահանջում էր, որ տանիքները եզրապատված լինեին