Պահպանիր «սրտիդ մաքրությունը» այս չար ժամանակներում
«ՎԵՐՋԵՐՍ Իտալիայում մեծ աղմուկ էր բարձրացել մի շարք քահանաների անբարո վարքի պատճառով»։ Այս առնչությամբ լրագրող Վիտորիո Մեսորին ասում է. «Անվիճելի է, որ բարոյական անկումը այսօրվա Եկեղեցու խնդիրն է, և այն հնարավոր չէ լուծել՝ հոգևորականներին ամուրիության ուխտից ազատելով։ Բանն այն է, որ դեպքերի 80 տոկոսը կապված է համասեռամոլ քահանաների հետ, ովքեր բռնաբարում են տղամարդկանց ու տղաներին» («Լա ստամպա»)։
Ամենուրեք տիրող չարությունն, անկասկած, փաստում է, որ ապրում ենք ներկայիս աշխարհի «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1–5)։ Լրատվական միջոցներից տեղեկանում ենք, որ բարոյական անկում է նկատվում ոչ միայն սովորական մարդկանց մեջ, այլև նրանց, ովքեր պնդում են, թե Աստծուն են ներկայացնում։ Նրանց ապականված, անմաքուր սիրտը մղում է անառակություն գործելու (Եփես. 2։2)։ Զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց՝ «սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայհոյանքները» (Մատթ. 15։19)։ Եհովա Աստված ցանկանում է, որ իր ծառաները «սրտի մաքրություն սիրող» լինեն (Առակ. 22։11)։ Իսկ ինչպե՞ս կարող է քրիստոնյան իր սիրտը մաքուր պահել այս չար ժամանակներում։
Ի՞նչ է «սրտի մաքրությունը»
Գրություններում «սիրտ» բառը հաճախ գործածվում է փոխաբերական իմաստով։ Համաձայն մի աշխատության՝ Աստվածաշնչում այն մատնանշում է «անհատի ներաշխարհը»։ «Աստված գլխավորաբար կարևորություն է տալիս հենց սրտին, քանի որ դրանով են պայմանավորված մարդու հոգևոր ու բարոյական արժեքները»։ Այո՛, սիրտը խորհրդանշում է մեր էությունը։ Ինչպես շեշտվում է վերոհիշյալ աշխատության մեջ, Եհովան քննում ու գնահատում է իր ծառաների սիրտը (1 Պետ. 3։4)։
Աստվածաշնչում «մաքուր» և «անարատ» բառերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական ու հոգևոր մաքրությանը։ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր սրտով մաքուր են» (Մատթ. 5։8)։ Նա նկատի ուներ այն մարդկանց, ովքեր ճիշտ մղումներ ունեն, սիրում են Եհովային իրենց ամբողջ սրտով, ինչպես նաև երախտագիտությունից մղված (Ղուկ. 10։27)։ Հավանաբար դու էլ ես ցանկանում լինել այսպիսի մարդկանց թվում։
Սրտով մաքուր մնալը հեշտ չէ
Աստծու ծառաները պետք է ոչ միայն «մաքուր ձեռքեր» ունենան, այլ նաև «անբիծ սիրտ» (Սաղ. 24։3, 4, էԹ)։ Այսօր նրանց համար ավելի քան երբևէ դժվար է սրտով մաքուր մնալ։ Սատանան և իր աշխարհը, ինչպես նաև մեր անկատար մարմինը մեծ ճնշում են բանեցնում մեզ վրա։ Եհովայից չհեռանալու համար մենք պետք է ամեն ջանք թափենք, որպեսզի մաքուր սիրտ ունենանք և թույլ չտանք, որ որևէ բան ապականի այն։ Դրա շնորհիվ պաշտպանված կլինենք և կմնանք Աստծու ընկերները։ Ինչպե՞ս կարող ենք մեր սիրտը մաքուր պահել։
Եբրայեցիներ 3։12–ում կարդում ենք. «Զգուշացե՛ք, եղբայրնե՛ր, որ չլինի թե ձեզանից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա կենդանի Աստծուց հեռանալու պատճառով»։ «Անհավատ սիրտը» չի կարող մաքուր լինել։ Ուստի Սատանան ջանք չի խնայում, որպեսզի քայքայի մեր հավատը։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ տարածելով վնասաբեր գաղափարներ։ Դրանցից են էվոլյուցիան, հարաբերականության տեսությունը, ըստ որի՝ գոյություն չունեն ճշտի և սխալի հստակ չափանիշներ։ Նաև այնպիսի գաղափարներ, որոնք կասկածի տակ են դնում Աստծու Խոսքի ներշնչված լինելը։ Եկեք թույլ չտանք, որ այդ ամենը ազդի մեզ վրա (Կող. 2։8)։ Աստվածաշունչն ամեն օր ընթերցելը և կարդացածի շուրջ խորհրդածելը լավագույն պաշտպանությունն է։ Աստծու Խոսքից ճշգրիտ գիտելիքներ ստանալով՝ մենք ավելի շատ կսիրենք Եհովային ու կավելացնենք մեր երախտագիտությունը նրա կատարած գործերի հանդեպ։ Դա կօգնի մերժելու կեղծ գաղափարները և ամուր պահելու մեր հավատը, ինչի շնորհիվ մեր սիրտը մաքուր կմնա (1 Տիմոթ. 1։3–5)։
Երբ մարմնի ցանկությունները գլուխ են բարձրացնում
Գոյություն ունի ևս մի վտանգ, որը սպառնում է մեր սրտի մաքրությանը։ Խոսքը մարմնի ցանկությունների և նյութապաշտության մասին է (1 Հովհ. 2։15, 16)։ Փողասիրությունը կամ հարստություն կուտակելու ձգտումը կարող է ապականել մեր սիրտը՝ մղելով մեզ խախտելու Աստծու չափանիշները, օրինակ, խարդախություն կամ գողություն անելու աշխատանքի վայրում (1 Տիմոթ. 6։9, 10)։
Ուստի մենք պետք է զարգացնենք աստվածահաճո վախ, սիրենք արդարություն և վճռենք մաքուր խիղճ ունենալ։ Այդպես մեր սիրտը մաքուր կմնա և կմղի «ամեն ինչում ազնվությամբ վարվելու» (Եբր. 13։18)։ Իսկ դա վկայություն տալու հիանալի հնարավորություն կտա։ Օրինակ՝ էմիլիո անունով մի իտալացի Վկա, որը տրանսպորտային ընկերությունում վարորդ է աշխատում, դրամապանակ գտավ։ Այնտեղ կար 470 եվրո։ Նրա աշխատակիցները զարմացան, երբ նա այդ դրամապանակը փոխանցեց տնօրենին։ Վերջինս էլ այն վերադարձրեց տիրոջը։ Էմիլիոյի աշխատակիցներից ոմանք այնքան տպավորվեցին, որ հետաքրքրվեցին ճշմարտությամբ և սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Արդյունքում երկու ընտանիքից յոթ անհատներ ընդունեցին ճշմարտությունը։ Այո՛, ազնիվ վարքը կարող է մղել ուրիշներին փառաբանելու Աստծուն (Տիտոս 2։10)։
Ուրիշ ի՞նչը կարող է ապականել քրիստոնյաների սիրտը։ Սեռական հարաբերությունների մասին աղավաղված տեսակետը։ Օրինակ՝ այսօր շատերի համար սովորական են դարձել մինչամուսնական և արտամուսնական սեռական հարաբերությունները, ինչպես նաև միասեռականությունը։ Անբարոյություն գործող անհատը սկսում է երկակի կյանք վարել՝ թաքցնելով իր մեղքը։ Դա վկայում է նրա ապականված սրտի մասին։
Տեսնենք, թե ինչ պատահեց Գաբրիելե անունով մի երիտասարդի հետ։ Նա 15 տարեկան էր, երբ մկրտվեց ու դարձավ ռահվիրա։ Հետագայում, սակայն, նա սկսեց գիշերային ակումբներ հաճախել աշխարհիկ ընկերների հետ (Սաղ. 26։4)։ Դա նրա անբարո և երկդիմի կյանքի սկիզբն էր։ Արդյունքում նա վտարվեց ժողովից։ Եհովայի տված այդ խրատը սթափեցրեց նրան։ Գաբրիելեն հիշում է. «Մի ժամանակ ես մատների արանքով էի նայում քրիստոնեական պարտականություններին։ Բայց հիմա ամեն օր կարդում եմ Աստվածաշունչը՝ ձգտելով հասկանալ, թե ինչ է ինձ ուզում ասել Եհովան, ուսումնասիրել մեր հրատարակությունները։ Դա օգնեց ինձ տեսնելու, թե որքան վարձահատույց ու հաճելի կարող է լինել անձնական ուսումնասիրությունը, և ինչպես է զորացնում ջերմեռանդ աղոթքը»։ Այս ամենն օգնեց Գաբրիելեին թողնելու անբարո վարքը և վերականգնելու իր փոխհարաբերությունները Եհովայի հետ։
Այժմ Գաբրիելեն իր կնոջ հետ միասին ծառայում է որպես ռահվիրա։ Այս դեպքը ցույց է տալիս, որ մաքուր սիրտ ունենալու և անբարոյությունից խուսափելու համար անչափ կարևոր է ուսումնասիրել Աստվածաշունչն ու հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակությունները (Մատթ. 24։45; Սաղ. 143։10)։
Փորձությունների ենթարկվելիս
Հալածանքները, տնտեսական դժվարությունները կամ առողջական լուրջ խնդիրները կարող են ճնշել Աստծու ծառաներին։ Այս ամենը գուցե տրտմեցնի նրանց սիրտը։ Նման ապրումներ ունեցավ անգամ Դավիթ թագավորը։ Նա գրեց. «Իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում» (Սաղ. 143։4)։ Ի՞նչն էր օգնում նրան այդ դժվարին պահերին։ Խորհրդածելը։ Այո՛, թագավորը խորհում էր, թե ինչպես է Եհովան վարվել իր վաղեմի ծառաների հետ և ինչպես է փրկել իրեն։ Նա մտորում էր այն ամենի շուրջ, ինչ Աստված արել էր իր մեծ անվան համար։ Աստծու այս հավատարիմ ծառան իր մտքում վառ էր պահում Եհովայի գործերը (Սաղ. 143։5)։ Եկեք մենք էլ փորձությունների ենթարկվելիս խորհրդածենք մեր Ստեղծչի ու նրա գործերի մասին։ Դա կօգնի մեզ տոկալու։
Մեզ կարող են վշտացնել նաև հավատակիցների սխալ արարքները։ Չարժե անընդհատ մտածել դրանց մասին, քանի որ այդ դեպքում կսկսենք բացասաբար վերաբերվել նրանց։ Արդյունքում գուցե մեկուսանանք ու անտարբեր դառնանք ուրիշների հանդեպ։ Այդպես վարվելով՝ չենք կարողանա մեր սիրտը մաքուր պահել։ Որպեսզի մեր սիրտը մաքուր լինի, պետք է լավ փոխհարաբերություններ ունենանք մեր հոգևոր քույրերի ու եղբայրների հետ և պատրաստակամորեն հարթենք տարաձայնությունները։
Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք տարբերվում ենք այս այլասերված աշխարհից։ Ինչո՞ւ։ Քանի որ մաքուր ենք պահում մեր սիրտը։ Արդյունքում հոգեկան անդորր ենք վայելում և, ամենակարևորը, մտերիմ փոխհարաբերություններ ունենք մեր Արարչի հետ, որը սիրում է մաքուր սրտով անհատներին և օգնում է նրանց (Սաղ. 73։1, ՆԱ)։ Մաքուր սիրտ ունեցողները երջանիկ են։ Չէ՞ որ Հիսուսի խոստման համաձայն՝ «կտեսնեն Աստծուն»։ Եվ մենք հենց նրա՛նց թվում ենք (Մատթ. 5։8)։