Աստված հոգ է տանում մեր մասին. որտեղի՞ց գիտենք
ԱՆՇՈՒՇՏ, երբեք չես ցանկանա տեսնել քո սիրած անձնավորությանը տառապելիս, իսկ եթե նա դժվար կացության մեջ է, անպայման օգնության ձեռք կմեկնես նրան։ Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է այս հարցը՝ եթե Աստված սիրում է մեզ, ապա ինչո՞ւ այսքան ցավ ու տառապանք կա աշխարհում։ Այդ պատճառով շատերը մտածում են, որ Աստված մեր մասին հոգ չի տանում։ Ուստի նախևառաջ եկեք տեսնենք, թե ինչ ապացույցներ կան, որ Աստված իսկապես սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
Արարչագործությունը վկայում է Աստծու սիրո մասին
Եհովա Աստված է «ստեղծել երկինքը, երկիրը և ծովը ու նրանցում եղած ամեն բաները» (Գործեր 4։24)։ Երբ զննում ենք Եհովայի ստեղծագործությունները, անկասկած գալիս ենք այն եզրակացության, որ նա հոգ է տանում մեր մասին։ Մի պահ մտածիր, թե ինչն է քեզ հաճույք պատճառում։ Օրինակ՝ սիրո՞ւմ ես համեղ կերակուրներ ուտել։ Եհովան կարող էր ընդամենը մի տեսակի բան ստեղծել։ Սակայն նա բազմատեսակ համեղ ուտելիքներ է ստեղծել, որպեսզի վայելենք դրանք, ինչպես նաև ստեղծել է գեղեցիկ բնություն, և այդ ամենը հաճույք է պատճառում մեզ ու մեր կյանքը հետաքրքիր է դարձնում։
Ուշադրություն դարձրու, թե մենք ինչպես ենք ստեղծված։ Հումորի զգացումը, երաժշտությունը վայելելու և գեղեցիկը գնահատելու կարողությունը իրականում անհրաժեշտ չեն մեր գոյությունը պահպանելու համար, սակայն Աստված հարստացրել է մեր կյանքը՝ օժտելով մեզ այդպիսի ունակություններով։ Ինչ խոսք, հաճելի է նաև լինել լավ ընկերների շրջապատում, գրկել սիրած անձնավորությանը։ Այո՛, սիրելու ունակությունը պարգև է Աստծու կողմից. մենք սիրում ենք, քանի որ Աստված է սիրում։ Տրամաբանական է, ուրեմն, մտածել, որ եթե Աստված օժտել է մեզ սիրելու ունակությամբ, ապա այդ հատկությունը նրա էության մի մասն է։
Աստվածաշունչը հավաստիացնում է՝ Աստված սիրում է մեզ
Աստվածաշնչում գրված է, որ Աստված սեր է (1 Հովհաննես 4։8)։ Նրա սերը ակնհայտ է ոչ միայն արարչագործության մեջ, այլև իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Օրինակ՝ այդ գրքում այնպիսի խորհուրդներ կան, որոնց հետևելով մենք առողջ կլինենք։ Մեզ հորդոր է տրվում նաև ամեն ինչում չափավոր լինել, չլինել հարբեցող ու որկրամոլ (1 Կորնթացիներ 6։9, 10)։
Բացի այդ, Աստվածաշնչում կան գործնական խորհուրդներ մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ։ Օրինակ՝ Մատթեոս 7։12 համարը քաջալերում է մեզ սիրել միմյանց, հաշվի առնել մարդկանց կարծիքը, հարգել նրանց արժանապատվությունը և բարություն դրսևորել։ Աստծու Խոսքը դատապարտում է ագահությունը, բամբասանքը, նախանձը, անբարոյությունը, սպանությունը. արարքներ, որոնք ցավ են պատճառում դիմացինին։ Եթե բոլորը իրենց կյանքում կիրառեին այս խորհուրդները, անկասկած, աշխարհում ավելի քիչ տառապանք կլիներ։
Սակայն Աստծու սիրո մեծագույն դրսևորումն այն է, որ նա իր Որդուն զոհաբերեց մարդկության համար։ Հովհաննես 3։16–ում կարդում ենք. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեկընդմիշտ վերջ է դնելու տառապանքին ու մահվանը (1 Հովհաննես 3։8)։
Բազում ապացույցներ կան, որ Եհովան սիրում է մեզ։ Փաստորեն, նա չի ուզում, որ մենք տառապենք։ Նա վերջ կդնի տառապանքին։ Սա ենթադրություն չէ։ Աստվածաշունչը հստակ նշում է, թե ինչպես է Աստված դա անելու։
[նկար 4–րդ էջի վրա]
Սիրելու ունակությունը պարգև է Աստծու կողմից. մենք սիրում ենք, քանի որ Աստված է սիրում