Համագործակցությունը նպաստում է հոգևոր աճին
ՈՎՔԵՐ ուզում են, որ իրենց ընտանիքի անդամները հոգևոր տրամադրվածություն ունենան, պետք է համագործակցության ոգի դրսևորեն։ Երբ Եհովան ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, նա ընդգծեց համագործակցելու կարևորությունը։ Եվան պետք է համագործակցեր Ադամի հետ, քանի որ նրա «լրացումն» էր (Ծննդ. 2։18, ՆԱ)։ Ամուսնությունը պետք է լինի երկու ընկերների՝ ամուսնու և կնոջ համագործակցություն (Ժող. 4։9–12)։ Համագործակցություն է անհրաժեշտ նաև այն դեպքում, երբ ծնողներն ու զավակները կատարում են Եհովայից ստացած իրենց դերերը։
Ընտանեկան երկրպագություն
Բարին ու Հայդին հինգ երեխաներ ունեն։ Նրանք ասում են, որ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրության հարցում համագործակցելը նպաստում է հոգևոր աճին։ Բարին պատմում է. «Ընտանեկան երկրպագության համար ես ժամանակ առ ժամանակ փոքր հանձնարարություններ եմ տալիս երեխաներին։ Օրինակ՝ խնդրում եմ նրանց «Արթնացե՛ք»–ից կարդալ ինչ–որ հոդված ու հետո պատմել իրենց տպավորությունների մասին։ Նաև քարոզչական ծառայության դուրս գալուց առաջ յուրաքանչյուր երեխայի հետ փորձում ենք նրա մատուցումը, այնպես, որ նա պատրաստված լինի»։ Հայդին ավելացնում է. «Ամեն մեկս հոգևոր նպատակների մի ցուցակ ունի, և մենք պարբերաբար դրանք աչքի ենք անցկացնում ընտանեկան երկրպագության ժամանակ, որպեսզի տեսնենք, թե ինչ հաջողությունների ենք հասել»։ Այս ամուսնական զույգը նաև ասում է, որ շաբաթվա ընթացքում մի քանի երեկո առանց հեռուստացույցի անցկացնելը ամբողջ ընտանիքին լավ հնարավորություն է տալիս հանգիստ պայմաններում ընթերցանությամբ զբաղվելու։
Ժողովի հանդիպումները
Մայքն ու Դենիզը մեծացրել են չորս զավակներ։ Ինչպե՞ս է նրանց ընտանիքը օգուտներ քաղել՝ համագործակցության ոգի դրսևորելով։ Մայքը պատմում է. «Երբեմն, նույնիսկ եթե ամեն ինչ շատ լավ պլանավորած ենք լինում, չի հաջողվում ժամանակին հասնել ժողովի հանդիպման վայր։ Բայց զգացել ենք, որ եթե համագործակցում ենք իրար հետ, հաջողվում է»։ Իսկ Դենիզն ասում է. «Մենք երեխաներին տարբեր տնային գործեր էինք հանձնարարում։ Օրինակ՝ Կիմը՝ մեր դուստրը, օգնում էր ինձ ճաշ եփել ու սեղան գցել»։ Նրանց որդին՝ Մայքլը, հիշում է. «Երեքշաբթի օրերին մեր տանը անցկացվում էր ժողովի հանդիպում։ Ուստի կարգի էինք բերում սենյակը, փոշեկուլով մաքրում հատակը և շարում աթոռները»։ Մեթյուն՝ մյուս որդին, ավելացնում է. «Այն օրերին, երբ ժողովի հանդիպումներ ունեինք, պապան գործից շուտ էր տուն գալիս, որ օգնի մեզ պատրաստվելու գնալ հանդիպմանը»։ Իսկ ինչպիսի՞ն են արդյունքները։
Ամեն ջանք արժե գործադրել
Մայքը պատմում է. «1987 թ.–ին ես ու Դենիզը սկսեցինք ծառայել ռահվիրա։ Այդ ժամանակ մեր երեխաներից երեքը դեռևս փոքր էին։ Նրանցից երկուսը նույնպես դարձան ռահվիրա, իսկ մյուսները մասնակցեցին Բեթելի շինարարական ծրագրերին։ Բացի այդ, մեր ընտանիքին մեծ ուրախություն է պատճառում այն, որ 40 մարդու օգնել ենք հոգևորապես աճելու և հասնելու նվիրման ու մկրտության։ Նաև ամբողջ ընտանիքով պատիվ ենք ունեցել մասնակցելու շինարարական ծրագրերի ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում»։
Այո՛, արժե ամեն ջանք գործադրել, որ համագործակցության ոգի տիրի ընտանիքում։ Ուրիշ ինչպե՞ս կարող ես համագործակցել քո ընտանիքի անդամների հետ։ Կարող ես վստահ լինել, որ եթե համագործակցության ոգի ունենաս, ապա կնպաստես քո ընտանիքի հոգևոր աճին։
[նկար 28–րդ էջի վրա]
Մատուցումը նախապես փորձելը նպաստում է ծառայության արդյունավետությանը