Առաքելական հայրերը հետևո՞ւմ էին առաքյալների ուսմունքներին
ՍԿՍԱԾ մ.թ. 2–րդ դարից՝ կեղծ ուսմունքները թունավորեցին քրիստոնեական ճշմարտության զուլալ ջրերը։ Ինչպես կանխագուշակվել էր, առաքյալների մահից հետո որոշ քրիստոնյաներ թողեցին ճշմարտությունը և գնացին «սուտ պատմությունների հետևից» (2 Տիմոթեոս 4։3, 4)։ Մոտավորապես մ.թ. 98 թ.–ին կենդանի մնացած վերջին առաքյալը՝ Հովհաննեսը, նախազգուշացրեց, որ կեղծ ուսմունքներ են տարածվելու և սուտ մարգարեներ են հայտնվելու, որոնք «փորձելու են մոլորեցնել» հավատարիմ քրիստոնյաներին (1 Հովհաննես 2։26; 4։1, 6)։
Շուտով ասպարեզ ելան Առաքելական հայրերը։ Ինչպե՞ս նրանք արձագանքեցին տարածված կրոնական կեղծիքին։ Ուշադրություն դարձրի՞ն Հովհաննես առաքյալի նախազգուշացմանը։
Ովքե՞ր էին Առաքելական հայրերը
Առաքելական հայրերը գրողներ էին, ովքեր հավանաբար ճանաչել են Հիսուսի առաքյալներից մեկին կամ էլ կրթվել են առաքյալներից սովորած աշակերտների կողմից։ Նրանք ապրել են մ.թ. 1–2-րդ դարերումa։ Նրանցից էին Կղեմես Հռոմեացին, Իգնատիոս Անտիոքացին, Պապիաս Հիերապոլսցին և Պողիկարպոս Զմյուռնացին։ Այդ ժամանակաշրջանում են գրվել հետևյալ աշխատությունները, որոնց հեղինակների անունները ստույգ հայտնի չեն. «Դիդախե» (կամ՝ «12 առաքյալների ուսուցումները»), «Բառնաբասի նամակը», «Պողիկարպոսի նահատակությունը» և «Կղեմեսի երկրորդ նամակը»։
Այսօր դժվար է ասել, թե որքանով էին Առաքելական հայրերի ուսմունքները համապատասխանում այն ուսմունքներին, որոնք սովորեցրել էր Հիսուսը։ Այս մարդիկ, անշուշտ, նպատակ ունեին պահպանել և աջակցել քրիստոնեությանը։ Նրանք դատապարտում էին կռապաշտությունը և անբարոյությունը։ Ընդունում էին, որ Հիսուսն Աստծու Որդին է և հարություն է առել։ Բայց մյուս կողմից՝ չկարողացան սանձել հավատուրացության բարձրացող ալիքը։ Ընդհակառակը՝ նրանցից ոմանք իրենց կեղծ գաղափարներով նպաստեցին դրան։
Աննշա՞ն փոփոխություններ
Քրիստոնեական կոչվող շատ ուսմունքներ իրականում չէին համապատասխանում Քրիստոսի և առաքյալների սովորեցրածներին։ Օրինակ՝ Տիրոջ ընթրիքին, կամ՝ Վերջին ընթրիքին Հիսուսի տված հրահանգներին հակառակ՝ «Դիդախե» աշխատության հեղինակը խորհուրդ էր տալիս սկզբում փոխանցել գինին, հետո հացը (Մատթեոս 26։26, 27)։ Նաև նշում էր, որ եթե բավարար քանակությամբ ջուր չկա, որպեսզի անհատին մկրտեն ջրի մեջ ընկղմելով, ապա նրա գլխին ջուր լցնելը բավարար է (Մարկոս 1։9, 10; Գործեր 8։36, 38)։ Այդ աշխատության մեջ քրիստոնյաներին նաև խրախուսվում էր շաբաթը պարտադիր երկու անգամ ծոմ պահել և «Հայր մեր» աղոթքը օրը երեք անգամ անգիր ասել (Մատթեոս 6։5–13; Ղուկաս 18։12)։
Իգնատիոսը, օրինակ, սովորեցնում էր, որ քրիստոնեական ժողովը բոլորովին այլ կերպով պետք է կազմակերպված լինի, այսինքն՝ միայն մեկ եպիսկոպոս պետք է նշանակվի որպես «Աստծու փոխանորդ», որն էլ իշխանություն կունենա բոլոր քահանաների վրա։ Այսպիսի նոր գաղափարները նպաստեցին հավատուրացության բարգավաճմանը (Մատթեոս 23։8, 9)։
Չափազանցություն, նահատակություն և կռապաշտություն
Քանի որ Առաքելական հայրերից ոմանք սիրում էին չափազանցնել, նրանց ուսմունքները ավելի էին հեռանում ճշմարտությունից։ Պապիասը ծարավ էր ճշմարտության և հաճախ էր հղումներ անում Քրիստոնեական Հունարեն Գրություններին։ Սակայն նա համոզված էր, որ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ժամանակ խաղողի որթը տալու է 10 000 ոստ, յուրաքանչյուրն ունենալու է 10 000 ճյուղ, յուրաքանչյուր ճյուղի վրա լինելու է 10 000 շիվ, դրանցից յուրաքանչյուրը տալու է 10 000 ողկույզ, յուրաքանչյուրի վրա լինելու է 10 000 խաղողի հատիկ, որից կարելի է ստանալ 1 000 կվարտա (հազար լիտրից ավել) գինի։
Իսկ Պողիկարպոսը պատրաստ էր նահատակվելու, քան հավատը ուրանալու։ Ընդունված է այն կարծիքը, որ նրան կրթել էին առաքյալները և այն մարդիկ, ովքեր ճանաչել էին Հիսուսին։ Նա մեջբերումներ է արել Աստվածաշնչից։ Թվում է, թե ձգտում էր ապրել քրիստոնեական չափանիշների համապատասխան։
Սակայն Պողիկարպոսի հանդեպ նվիրվածությունը ոմանց կռապաշտության տարավ։ «Պողիկարպոսի նահատակությունը» աշխատության մեջ նշվում է, որ «հավատարիմները» Պողիկարպոսի մահից հետո պահանջում էին նրա ոսկորները։ Դրանք համարում էին «ավելի թանկ, քան անգին գանձերը, ավելի մաքուր, քան ոսկին»։ Պարզ էր, որ կեղծ ուսմունքների թունավոր ջրերն ավելի էին ալեկոծվում։
Անվավեր աղբյուրներ
Առաքելական հայրերից ոմանք Աստվածաշնչի կանոնին չպատկանող որոշ աղբյուրներ համարում էին ներշնչված։ Օրինակ՝ Կղեմես Հռոմեացին մեջբերումներ է արել «Իմաստութիւն Սողոմոնի» և «Յուդիթ» գրքերից։ Իսկ «Պողիկարպոսի նամակը» աշխատության հեղինակը մեջբերումներ է արել «Տոբիթից», որպեսզի հաստատի այն գաղափարը, թե նվիրաբերությունները կարող են փրկել մարդու կյանքը։
Մ.թ. 2–րդ դարում Հիսուսի կյանքի մասին շատ սուտ պատմություններ էին տարածվել, և Հայրերը հաճախ հիմք էին ընդունում դրանք ու մեջբերումներ էին անում։ Օրինակ՝ Իգնատիոսը օգտվել է «Եբրայեցիների Ավետարանից»։ Իսկ Կղեմես Հռոմեացու մասին մի աղբյուրում նշվում է. «Կղեմեսը ասես ճանաչում էր Քրիստոսին ոչ թե Ավետարանների, այլ պարականոն գրությունների միջոցով»։
Կեղծ ուսմունքների ակունքները
Քրիստոնեական հավատը բացատրելու համար այս մարդիկ մեջբերում էին սուտ պատմություններ և առեղծվածային, փիլիսոփայական գաղափարներ։ Այդպես Առաքելական հայրերը նպաստեցին մի շարք կեղծ ուսմունքների առաջացմանը։ Օրինակ՝ Կղեմեսը հարության գաղափարը բացատրելու համար պատմել է փյունիկի մասին առասպելը։ Փյունիկը առասպելական մի թռչուն էր, որը կենդանացել է իր սեփական մոխրից։ Եգիպտական դիցաբանության մեջ այս թռչունը առնչվում էր արևի պաշտամունքին։
«Բառնաբասի նամակը» աշխատության հեղինակը նույնպես աղավաղել է Աստվածաշնչի ճշմարտությունը։ Նա սովորեցրել է, որ Մովսիսական օրենքը պարզապես այլաբանություն է։ Ըստ նրա՝ մաքուր կենդանիները, որոնք կճղակ ունեն և որոճում են, ներկայացնում են այն մարդկանց, ովքեր խորհրդածում են Աստծու Խոսքի շուրջ։ Երկու մասի բաժանված սմբակը խորհրդանշում է արդար մարդկանց, ովքեր «ապրում են այս աշխարհում» և միևնույն ժամանակ երկնքում ապրելու հույս են փայփայում։ Այսպիսի մեկնաբանությունները սուրբգրային հիմք չունեն (Ղեւտացոց 11։1–3)։
Հովհաննես առաքյալի վկայությունը
Հովհաննես առաքյալը նախազգուշացրեց. «Սիրելինե՛ր, ամեն ներշնչյալ խոսքի մի՛ հավատացեք, այլ ստուգեք ներշնչյալ խոսքերը՝ տեսնելու համար, թե արդյոք դրանք Աստծուց են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհ» (1 Հովհաննես 4։1)։ Որքա՜ն ժամանակահարմար էին նրա խոսքերը։
Առաջին դարի վերջում իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ արդեն չէին հետևում Հիսուսի ու նրա առաքյալների սովորեցրած ուսմունքներին։ Կեղծ ուսմունքները հերքելու փոխարեն՝ Առաքելական հայրերը այլ գաղափարներ ավելացրին դրանց։ Նրանք աղավաղեցին ճշմարտությունը և հավատուրացություն տարածեցին։ Հովհաննեսը այդպիսի մարդկանց մասին գրեց. «Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի ուսմունքի մեջ, չունի Աստծուն» (2 Հովհաննես 9)։ Այս ներշնչված խոսքերը եղել և մնում են անեղծ նրանց համար, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը։
[ծանոթագրություն]
a Գրողները, աստվածաբանները և փիլիսոփաները սովորաբար կոչվել են Եկեղեցական հայրեր, ովքեր ապրել են մ.թ. 2–5-րդ դարերում։
[Մեջբերում 29–րդ էջի վրա]
Առաքելական հայրերից ոմանք, օրինակ՝ Կղեմեսը, մեջբերում էին սուտ պատմություններ և առեղծվածային, փիլիսոփայական գաղափարներ
[նկար 28–րդ էջի վրա]
Պողիկարպոսը պատրաստ էր նահատակվելու
[թույլտվությամբ]
The Granger Collection, New York