Մեր ընթերցողները հարցնում են
Դժբախտությունները Աստծու պատի՞ժն են
Քո կյանքում տեղի ունեցող ցավալի դեպքերի պատճառով գուցե մտածես. «Մի՞թե Աստծու կամքն է, որ տառապում եմ»։ Անսպասելի հիվանդության, դժբախտ պատահարի, հարազատի անժամանակ մահվան պատճառով երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստծու թիրախն ենք դարձել։
Բայց իրականում ամենևին էլ այդպես չէ։ Աստծու նպատակն է, որ մարդիկ ապրեն երջանիկ և տառապանքից զերծ կյանքով։ Դրա մասին է վկայում այն, որ երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, նրանց «դրեց Եդէմի պարտէզում»՝ դրախտային մի վայրում, որտեղ տառապանք ու ցավ չէր լինելու (Ծննդոց 2։15)։
Սակայն որքան էլ ցավալի է, մեր նախածնողները գերադասեցին հրաժարվել հրաշալի կյանքի հեռանկարից և չհնազանդվեցին Աստծուն։ Ադամի ու Եվայի ընտրությունը ողբերգական հետևանքներ ունեցավ ինչպես իրենց, այնպես էլ իրենց սերունդների համար, այդ թվում նաև մեր։ Այն, ինչ տեղի ունեցավ, կարելի է նկարագրել հետևյալ օրինակով։ Ընտանիքի հայրը հրաժարվում է տան վարձը վճարելուց, և այդ պատճառով ընտանիքին դուրս են հանում տնից։ Նրանք ընկնում են չքավորության ու թշվառության գիրկը։ Նմանապես, առաջին ըմբոստների պատճառով տառապում է ողջ մարդկությունը (Հռոմեացիներ 5։12)։ Աստծու Խոսքում կարդում ենք, որ այդ դեպքերից հարյուրավոր տարիներ անց արդար Հոբը հառաչանքով ասաց, որ եթե իր ցավն ու տառապանքը «կշեռքի մէջ դրուէին», դրանք «ծովերի աւազիցը ծանր կլինեին» (Յոբ 6։2, 3)։
Ուշագրավ է նաև այն, որ դժբախտության պատճառ կարող է լինել անհեռատեսությունը։ Բերենք մի օրինակ։ Պատկերացրու, թե շենքերի շինարարությամբ ու վաճառքով զբաղվող ձեռներեցը բնակելի շենք է կառուցել այն տարածքում, որտեղ հաճախ են հրդեհներ բռնկվում։ Անտեղյակ լինելով այդ հանգամանքին՝ դու գնում ես այդ շենքի բնակարաններից մեկը և ընտանիքիդ հետ ապրում ես այդտեղ։ Սակայն մի՞թե այդպիսով չի վտանգվում քո և ընտանիքիդ կյանքը։ Իսկ եթե դժբախտ պատահար լինի, արդյոք խելամիտ կլինի՞ դա համարել Աստծու պատիժը։ Թերևս համաձայնվեք, որ հետևյալ աստվածաշնչյան համարը գործնական է. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։
Անշուշտ, մխիթարական է իմանալ, որ թեև մենք չենք կարող խուսափել դժբախտություններից, այնուհանդերձ, Աստված շուտով ազատելու է մարդկանց ցավից ու տառապանքից։ Այդ ժամանակ այլևս չես տառապի դժբախտությունների պատճառած ցավից, անգամ չես լսի դրանց մասին։ Տխրության արցունքները, ցավն ու մահը «կանցնեն» (Հայտնություն 21։4)։ Մի պահ սիրտդ լցվում է ուրախությամբ, երբ պատկերացնում ես, որ Աստծու խոստման համաձայն՝ մարդիկ տներ են կառուցելու ու ծառեր են տնկելու և չեն կորցնելու այդ ամենը պատերազների ու բնական աղետների պատճառով։ Նրանք լիովին օգտվելու են իրենց ձեռքի գործից (Եսայիա 65։21–25)։
Մինչ կգան այն ժամանակները, երբ Աստված մեկընդմիշտ կվերացանի տառապանքը, ի՞նչ կարող ես անել դու՝ դժբախտություններից խուսափելու համար։ «Քո հասկացողութեանը մի վստահիր»,— հորդորում է Աստվածաշուչը,— դրա փոխարեն՝ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը» (Առակաց 3։5)։ Հետևիր նրա առաջնորդությանը։ Ձգտիր ձեռք բերել իմաստություն, որը պարփակված է Աստծու Խոսքում։ Այն կօգնի քեզ իմաստուն որոշումներ կայացնելու և խուսափելու բազում դժվարություններից (Առակաց 22։3)։