Քո անարատությունը ուրախացնում է Եհովայի սիրտը
«Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (ԱՌԱԿ. 27։11)։
1, 2. ա) Սատանայի բարձրացրած ո՞ր հարցի մասին է խոսվում «Յոբ» գրքում։ բ) Ինչի՞ց է երևում, որ Սատանան Հոբի օրերից հետո էլ շարունակում է մարտահրավեր նետել Եհովային։
ԵՀՈՎԱՆ թույլ տվեց Սատանային փորձել իր հավատարիմ ծառա Հոբի անարատությունը։ Հոբը կորցրեց իր անասունները, երեխաներին և առողջությունը։ Բայց Սատանայի բարձրացրած հարցը միայն Հոբին չէր վերաբերում։ «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ»,— պնդեց նա։ Փաստորեն, անարատության հարցը չէր սահմանափակվում մեկ մարդով։ Այն վերաբերում էր նաև հետագա սերունդներին (Յոբ 2։4)։
2 Հոբի փորձություններից մոտ 600 տարի անց Սողոմոնը Աստծու ներշնչանքով գրեց. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակ. 27։11)։ Պարզ է, որ այդ ժամանակ էլ Սատանան շարունակում էր մարտահրավեր նետել Եհովային։ Դարեր անց Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, որ Սատանան մեղադրում է Աստծու ծառաներին. դա 1914 թ.–ին Աստծու Թագավորության հաստատումից որոշ ժամանակ անց էր, երբ նա արդեն վտարվել էր երկնքից։ Մեր օրերում էլ, երբ զգալի ժամանակ է անցել այն բանից, ինչ սկսվել են ամբարիշտ համակարգի վերջին օրերը, Բանսարկուն շարունակում է փորձել Աստծու ծառաների անարատությունը (Հայտն. 12։10)։
3. Ի՞նչ կարևոր բաներ ենք իմանում «Յոբ» գրքից։
3 «Յոբ» գրքից բազմաթիվ կարևոր բաներ ենք իմանում։ Ահա դրանցից երեքը։ Առաջին՝ մարդկանց թշնամին իրականում Բանսարկու Սատանան է։ Նա է Աստծու ծառաների դեմ հակառակություն հրահրում։ Երկրորդ՝ անկախ մեր փորձություններից՝ մենք կարող ենք անարատ մնալ, եթե մտերիմ փոխհարաբերություններ ունենանք Եհովայի հետ։ Երրորդ՝ փորձությունների ժամանակ Աստված օգնում է մեզ, ինչպես որ օգնեց Հոբին։ Այսօր նա դա անում է իր Խոսքի, կազմակերպության և սուրբ ոգու միջոցով։
Իրական թշնամին
4. Ո՞վ է մեղավոր աշխարհում տիրող իրավիճակների համար։
4 Շատերը չեն հավատում Սատանայի գոյությանը։ Աշխարհում կատարվող իրադարձությունները գուցեև անհանգստացնում են նրանց, սակայն նրանք չգիտեն, թե ով է իրականում կանգնած այդ ամենի հետևում՝ Բանսարկու Սատանան։ Ինչ խոսք, մարդկության գլխին եկած պատուհասների զգալի մասի համար հենց մարդիկ են մեղավոր։ Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, գիտակցաբար անկախացան իրենց Արարչից։ Այդ օրերից ի վեր՝ նրանց բոլոր սերունդները չափազանց անխոհեմ են վարվել։ Այդուհանդերձ, գլխավոր մեղավորը Բանսարկուն է. նա՛ Եվային դրդեց ըմբոստանալու Աստծու դեմ։ Նա է այն անձնավորությունը, որ ստեղծեց մի համաշխարհային համակարգ, որի միջոցով ղեկավարում է անկատար, մահկանացու մարդկանց։ Քանի որ Սատանան «իրերի այս համակարգի աստվածն» է, մարդիկ նրա պես հպարտ, կռվասեր, նախանձ, ագահ, խորամանկ և անհնազանդ են (2 Կորնթ. 4։4; 1 Տիմոթ. 2։14; 3։6; կարդա՛ Հակոբոս 3։14, 15)։ Բնավորության այս գծերը ծնում են քաղաքական և կրոնական բախումներ, ատելություն, կոռուպցիա և անկարգություն, բաներ, որոնք է՛լ ավելի են սաստկացնում մարդկանց տառապանքը։
5. Ունենալով անգին գիտելիքներ՝ ի՞նչ ենք ցանկանում անել։
5 Մենք՝ Եհովայի ծառաներս, անգին գիտելիքներ ունենք։ Օրինակ՝ գիտենք, թե ով է մեղավոր աշխարհի վատթարացող իրավիճակների համար։ Արդյոք դա չի՞ մղում մեզ մասնակցելու քարոզչական ծառայությանը և մարդկանց տեղեկացնելու, թե ով է հիմնականում նրանց տառապանքների պատճառը։ Մի՞թե ուրախ չենք, որ կարող ենք կանգնել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի կողմը և մարդկանց բացատրել, թե ինչպես է նա վերջ դնելու Սատանային ու մարդկության վրա եկած պատուհասներին։
6, 7. ա) Ո՞վ է ճշմարիտ երկրպագուների դեմ հակառակություն հրահրում։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եղիուսին։
6 Սատանան պատճառ է ոչ միայն աշխարհի թշվառ վիճակի, այլև Աստծու ծառաների դեմ հակառակության։ Նա ամեն ինչ անում է մեզ փորձության մեջ գցելու համար։ Հիսուս Քրիստոսը Պետրոս առաքյալին ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա Սատանան պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես» (Ղուկ. 22։31)։ Մեզնից յուրաքանչյուրը, ով գնում է Հիսուսի հետքերով, այս կամ այն կերպով փորձություններ է կրելու։ Պետրոսը Բանսարկուին համեմատեց «մռնչող առյուծի» հետ։ Իսկ Պողոսը գրեց. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, նույնպես պիտի հալածվեն» (1 Պետ. 5։8; 2 Տիմոթ. 3։12)
7 Երբ մեր հավատակցին դժբախտություն է պատահում, մենք չպետք է եզրակացնենք, թե Եհովան է դրա պատճառը։ Ինչպես տեսանք, մարդկանց թշնամին իրականում Սատանան է։ Մենք չպետք է խուսափենք մեր եղբորից կամ քրոջից, ինչպես որ կեղծ մխիթարիչները վարվեցին Հոբի հետ։ Մենք կվարվենք Եղիուսի նման, ով Հոբի հետ խոսեց իսկական ընկերոջ պես։ Մեր ընդհանուր թշնամու՝ Սատանայի դեմ պայքարում մենք պետք է կանգնենք մեր հավատակցի թիկունքին (Առակ. 3։27; 1 Թեսաղ. 5։25)։ Մեր նպատակն է օգնել նրան, որ ամեն ջանք գործադրի անարատ մնալու համար և դրանով ուրախացնի Եհովայի սիրտը։
8. Ինչո՞ւ Սատանային չհաջողվեց ստիպել Հոբին, որ այլևս չպատվի Եհովային։
8 Սատանան սկզբում Հոբին զրկեց անասուններից։ Դրանք մեծ արժեք ունեին և, հավանաբար, ընտանիքի եկամտի աղբյուրն էին։ Բացի այդ, Հոբն իր անասուններից զոհաբերություններ էր մատուցում Եհովային։ Այն բանից հետո, երբ նա իր զավակներին պատվիրում էր «սրբվել», կամ՝ սրբացվել, «առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում [որդիների] ամենի թիւովը. որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ» (Յոբ 1։4, 5)։ Փաստորեն, նա կանոնավորաբար զոհեր էր մատուցում Աստծուն։ Իսկ երբ նրա փորձությունները սկսվեցին, Հոբն այլևս չէր կարող դա անել։ Նա արդեն չուներ «արժեքավոր բաներ», որոնցով կարող էր փառաբանել Եհովային (Առակ. 3։9, ՆԱ)։ Բայց կարող էր շրթունքներով գովաբանել Աստծուն և այդպես էլ արեց։
Զարգացնենք մտերիմ փոխհարաբերություններ Եհովայի հետ
9. Ո՞րն է մեր ունեցած ամենաթանկ բանը։
9 Հարուստ ենք, թե՝ աղքատ, երիտասարդ ենք, թե՝ տարեց, ունենք լավ առողջություն, թե՝ ոչ, մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։ Անկախ մեր փորձություններից՝ կարող ենք անարատ մնալ և ուրախացնել Եհովայի սիրտը, եթե լավ փոխհարաբերություններ ունենանք նրա հետ։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ չգիտեն ճշմարտությունը, կարող են համարձակորեն պայքարել անարատ մնալու համար։
10, 11. ա) Ինչպե՞ս Վալենտինան արձագանքեց անարատության փորձություններին։ բ) Ո՞րն էր այն հստակ պատասխանը, որ քույրը տվեց Սատանային։
10 Քննենք Վալենտինա Գարնովսկայայի օրինակը։ Նա Ռուսաստանում ապրող այն բազմաթիվ Վկաներից էր, ովքեր ծանր փորձությունների ներքո հավատարիմ Հոբի պես պահեցին իրենց անարատությունը։ 1945 թ.–ին, երբ Վալենտինան մոտ 20 տարեկան էր, մի եղբայր վկայություն տվեց նրան։ Այդ եղբայրը երկու անգամ էլ հանդիպեց նրա հետ՝ Աստվածաշնչի մասին խոսելու նպատակով։ Դրանից հետո Վալենտինան նրան այլևս չտեսավ։ Բայց այդքանը բավական էր, որ աղջիկը սկսեր քարոզել հարևաններին։ Այդ պատճառով նրան դատապարտեցին ութ տարի ազատազրկման։ 1953 թ.–ին Վալենտինային ազատ արձակեցին, ու նա անմիջապես սկսեց քարոզել։ Նրան դարձյալ ձերբակալեցին ու բանտարկեցին, այս անգամ՝ տասը տարով։ Մի քանի տարի անց նրան տեղափոխեցին մեկ ուրիշ ճամբար։ Այնտեղ կային քույրեր, որ Աստվածաշունչ ունեին։ Մի օր նրանցից մեկը Վալենտինային ցույց տվեց այն։ Որքա՜ն հուզումնալից էր այդ պահը։ Նա մինչ այդ Աստվածաշունչ տեսել էր այն եղբոր ձեռքին, ով 1945 թ.–ին իրեն հայտնել էր բարի լուրը։
11 1967 թ.–ին Վալենտինան ազատ արձակվեց ու վերջապես կարողացավ մկրտվել՝ խորհրդանշելով իր նվիրումը Եհովային։ Նա եռանդորեն ծառայեց, մինչև որ դարձյալ ձերբակալվեց 1969 թ.–ին։ Քրոջն այս անգամ դատապարտեցին երեք տարի ազատազրկման։ Այդուհանդերձ, Վալենտինան շարունակեց քարոզել։ Քույրը բանտերում և ճամբարներում, ընդհանուր հաշվով, անցկացրեց 21 տարի։ Իր կյանքի ընթացքում նա 44 հոգու օգնեց իմանալու ճշմարտությունը։ Վալենտինան պատրաստ էր զոհելու ամեն ինչ, անգամ իր ազատությունը, որպեսզի անարատ մնա։ Քույրը մահացավ 2001 թ.–ին։ Իր կյանքի վերջում նա ասաց. «Ես երբեք իմ տունը չեմ ունեցել։ Ամբողջ ունեցվածքս տեղավորվում էր մեկ ճամպրուկի մեջ։ Բայց ես ուրախ էի և բավարարված՝ ծառայելով Եհովային»։ Իր բռնած դիրքով Վալենտինան հստակ պատասխան տվեց Սատանային, որը պնդում էր, թե մարդիկ փորձությունների ներքո հավատարիմ չեն մնա Եհովային (Յոբ 1։9–11)։ Անկասկած, քույր Գարնովսկայան ուրախացրեց Եհովայի սիրտը։ Համոզված ենք, որ Աստված բաղձանքով է սպասում այն օրվան, երբ կյանքի կվերադարձնի նրան և մյուս հավատարիմներին (Յոբ 14։15, ՆԱ)։
12. Ի՞նչ դեր է խաղում սերը Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերություններում։
12 Մեր մտերմությունը Եհովայի հետ հիմնված է նրա հանդեպ ունեցած սիրո վրա։ Մենք հիանում ենք Աստծու հատկություններով և ամեն ինչ անում ենք, որ ապրենք նրա կամքի համաձայն։ Հակառակ Բանսարկուի պնդման՝ մենք Եհովային սիրում ենք անշահախնդրորեն և առանց որևէ նախապայմանի։ Այդ սերը մեզ լցնում է փորձության ներքո անարատ մնալու վճռականությամբ։ Եհովան էլ սիրում է «իրեն նվիրվածներին» և «պահում է [նրանց] ճանապարհը» (Առակ. 2։8, ՆԱ; Սաղ. 97։10, ՆԱ)։
13. Ինչպե՞ս է Եհովան նայում այն ամենին, ինչ անում ենք իր համար։
13 Սերը մեզ մղում է փառաբանելու Եհովային՝ անկախ այն բանից, թե որքան սահմանափակ են մեր հնարավորությունները։ Նա տեսնում է, որ մենք ճիշտ մղումներ ունենք, և չի հանդիմանում մեզ, երբ չենք կարողանում անել այն ամենը, ինչ կցանկանայինք։ Եհովայի համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք անում, այլև այն, թե ինչու ենք դա անում։ Թեև Հոբի գլխին շատ փորձանքներ եկան, նա, այնուամենայնիվ, իրեն մեղադրողների հետ խոսելիս արտահայտեց իր սերը Եհովայի ճանապարհների հանդեպ (կարդա՛ Յոբ 10։12; 28։28)։ «Յոբ» գրքի վերջին գլխում Աստված իր բարկությունն արտահայտեց Եղիփազի, Բաղդատի և Սոփարի հանդեպ, քանի որ նրանք ճիշտը չէին խոսել։ Միևնույն ժամանակ, նա ցույց տվեց, որ հավանում է Հոբին՝ չորս անգամ նրա մասին ասելով՝ «իմ ծառա» և պատվիրելով նրան բարեխոսել այդ մեղավորների համար (Յոբ 42։7–9)։ Թող որ մենք էլ այնպես վարվենք, որ արժանանանք Եհովայի հավանությանը։
Եհովան աջակցում է իր հավատարիմ ծառաներին
14. Ինչպե՞ս Եհովան օգնեց Հոբին, որ նա շտկի իր մտածելակերպը։
14 Հոբը պահեց իր անարատությունը։ Այդուհանդերձ, նա անկատար էր և ուժեղ ճնշման ներքո սխալ մտքեր արտահայտեց։ Օրինակ՝ Հոբը Եհովային ասաց. «Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում.... Ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում»։ Բացի այդ, նա չափից շատ կենտրոնացավ իրեն արդարացնելու վրա՝ ասելով՝ «յանցաւոր չեմ», «ձեռքերումս անօրէնութիւն չ’կայ, եւ աղօթքս մաքուր է» (Յոբ 10։7; 16։17; 30։20, 21)։ Բայց Եհովան բարյացակամորեն օգնեց Հոբին։ Նա տվեց մի քանի հարցեր, որոնք օգնեցին նրան չկենտրոնանալու իր անձի վրա։ Դրանց շնորհիվ Հոբը նաև ավելի պարզ տեսավ, թե որքան բարձր է Աստված, և որքան աննշան է մարդը։ Հոբն ընդունեց խրատը և ուղղվեց (կարդա՛ Յոբ 40։8; 42։2, 6)։
15, 16. Ի՞նչ կերպերով է այսօր Եհովան օգնում իր ծառաներին։
15 Նմանապես, Եհովան այսօր մեզ է աջակցում։ Օրինակ՝ նա տալիս է օգտակար խորհուրդներ։ Նաև, քանի որ Աստված Հիսուս Քրիստոսի զոհի հիման վրա ներում է մեր մեղքերը, մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություն ունենալ իր հետ՝ չնայած մեր անկատարությանը (Հակ. 4։8; 1 Հովհ. 2։1)։ Երբ փորձությունների մեջ ենք լինում, կարող ենք աղոթել Եհովային և խնդրել նրա սուրբ ոգին։ Նաև, մեզ մատչելի է ամբողջ Աստվածաշունչը, և եթե կարդանք այն ու խորհրդածենք կարդացածի շուրջ, կկարողանանք անվախորեն ընդունել հավատի փորձությունները։ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունն օգնում է մեզ հասկանալու Եհովայի գերիշխանության հարցի էությունը և անարատ մնալու կարևորությունը։
16 Բացի դրանից, մենք շատ օգուտներ ենք ստանում՝ լինելով մի մասը համաշխարհային եղբայրության, որը հոգևոր կերակուր է ստանում «հավատարիմ և իմաստուն ծառայից» (Մատթ. 24։45–47)։ Եհովայի վկաների մոտ 100 000 ժողովներից յուրաքանչյուրը անցկացնում է հանդիպումներ, որտեղ Աստծու ծառաները սովորում են դիմագրավել հավատի փորձությունները։ Այդ հանդիպումները մեզ զորացնում են, որ տոկանք հավատի փորձությունների ներքո։
17. Օրինակով բացատրիր, թե որքան կարևոր է սերտորեն հետևել Եհովայի կազմակերպության տված խորհուրդներին։
17 Շեյլա անունով մի պատանի քույր, որ ապրում է Գերմանիայում, սեփական փորձով է համոզվել, թե որքան օգտակար է ժողովի հանդիպումներին ներկա լինելը։ Մի անգամ նրանց դասարանը մնաց առանց հսկողության։ Նրա դասընկերները որոշեցին հոգի կանչել։ Շեյլան անմիջապես դուրս եկավ դասարանից։ Ավելի ուշ, իմանալով, թե իր դուրս գալուց հետո ինչ էր տեղի ունեցել, նա ուրախացավ, որ այդպիսի որոշում էր կայացրել։ Հոգի կանչելու ընթացքում աշակերտներից մի քանիսը զգացել էին դևերի ներկայությունը և սարսափահար փախել։ Իսկ ինչո՞ւ Շեյլան իսկույն հեռացավ դասարանից։ Նա պատմում է. «Այս դեպքից կարճ ժամանակ առաջ մեր ժողովի հանդիպումներից մեկի ժամանակ քննարկվել էին հոգի կանչելու վտանգները, ուստի գիտեի՝ ինչպես վարվել։ Ես ուզում էի հետևել Առակաց 27։11–ում տրված հորդորին և ուրախացնել Եհովային»։ Որքա՜ն լավ է, որ Շեյլան ներկա էր եղել հանդիպմանը և ուշադրությամբ լսել ծրագիրը։
18. Անձամբ դու ի՞նչ ես վճռել անել։
18 Թող որ յուրաքանչյուրս վճռի սերտորեն հետևել Աստծու կազմակերպության տված առաջնորդությանը։ Եթե միշտ ներկա լինենք ժողովի հանդիպումներին, կարդանք Աստվածաշունչը, ուսումնասիրենք Աստծու Խոսքի վրա հիմնված գրականությունը, աղոթենք Եհովային և շփվենք հասուն քրիստոնյաների հետ, մենք կստանանք անհրաժեշտ առաջնորդությունը և աջակցությունը։ Եհովան ուզում է, որ մենք հաղթող լինենք, և վստահ է, որ կշարունակենք նվիրված մնալ իրեն։ Ի՜նչ մեծ պատիվ է, որ կարող ենք բարձր պահել Եհովայի անունը և մեր անարատությամբ ուրախացնել նրա սիրտը։
Հիշո՞ւմ ես
• Ինչի՞ պատճառ է Սատանան։
• Ո՞րն է մեր ունեցած ամենաթանկ բանը։
• Ի՞նչն է ընկած Եհովայի հետ ունեցած մեր մտերմության հիմքում։
• Ինչպե՞ս է այսօր Եհովան աջակցում մեզ։
[նկար 8–րդ էջի վրա]
Փափագո՞ւմ ես քո գիտելիքները փոխանցել ուրիշներին
[նկար 9–րդ էջի վրա]
Մենք կարող ենք օգնել մեր հավատակիցներին, որ պահեն իրենց անարատությունը
[նկար 10–րդ էջի վրա]
Անարատ մնալու համար Վալենտինան պատրաստ էր զոհելու ամեն ինչ