Նոր ծնունդ. անդրադառնո՞ւմ է այն Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների վրա
ՍՈՒՐԲ ոգով մկրտվելու մասին խոսելիս ինչո՞ւ Հիսուսը օգտագործեց «ոգուց ծնվել» արտահայտությունը (Հովհաննես 3։5)։ «Ծնունդ» բառի փոխաբերական իմաստը «սկիզբն» է, օրինակ՝ «ազգի ծնունդ» ասելիս հասկանում ենք ազգի սկիզբ։ Հետևաբար «նոր ծնունդ» արտահայտությունը ունի «նոր սկիզբ» իմաստը։ Փաստորեն, «ծնվել» և «նոր ծնունդ» պատկերավոր խոսքերը ցույց են տալիս, որ նոր փոխհարաբերությունների սկիզբ է դրվելու սուրբ ոգով մկրտված անհատների և Աստծու միջև։ Իսկ ինչպե՞ս։
Բացատրելով, թե ինչպես է Աստված որոշակի թվով մարդկանց պատրաստելու երկնքում իշխելու համար՝ Պողոս առաքյալը իր օրերի քրիստոնյաներին գրեց, որ նրանք «որդեգրություն» են ստանալու, ուստիև Աստված նրանց հետ «որդիների պես» է վերաբերվելու (Գաղատացիներ 4։5; Եբրայեցիներ 12։7)։ Որպեսզի հասկանանք, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում անհատի հետ, երբ նա մկրտվում է սուրբ ոգով, եկեք նորից անդրադառնանք աշակերտի օրինակին, որն ուզում էր սովորել այն դպրոցում, որտեղ միայն կոնկրետ մի ազգի պատկանող երեխաներ էին սովորում։
Որդեգրություն
Օրինակում ասվում էր, որ պատանին չէր կարող սովորել այդ դպրոցում, քանի որ նա այլազգի էր։ Բայց մի օր մեծ փոփոխություն է տեղի ունենում։ Նրան որդեգրում է մի անձնավորություն, որը ա՛յն ազգից էր։ Այժմ երեխան իրավունք ունի սովորելու այդ դպրոցում։ Այո՛, որդեգրությունը ամբողջովին փոխեց նրա հանգամանքները։
Այս օրինակն օգնում է հասկանալու, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր նոր ծնունդ են ստանում։ Ինչպես տեսանք, պատանին կարող էր ընդունվել դպրոց, եթե ունենար այն ազգությունը, որը պահանջվում էր դպրոցում սովորելու համար։ Սակայն նրան օգնություն էր պետք, որպեսզի բավարարեր այդ պահանջը։ Նմանապես, Աստծու Թագավորություն մտնելու համար որոշակի թվով մարդիկ պետք է համապատասխանեն մի պահանջի՝ պետք է «նոր ծնունդ» ստանան։ Սակայն ինքնուրույն նրանք չեն կարող դա անել, քանի որ նոր ծնունդն Աստված է տալիս։
Փաստորեն, որդեգրությունը փոխեց երեխայի հանգամանքները։ Կարելի ասել, որ նրա կյանքը սկսեց նոր հունով ընթանալ, ասես նորից ծնվեց։ Նա ուրիշ ազգի պատկանող մի ընտանիքի զավակ դարձավ և կարողացավ հաճախել այդ դպրոց։
Նմանապես, Եհովան փոխեց մի խումբ անկատար մարդկանց հանգամանքները՝ օրինականորեն հիմք ստեղծելով Իր որդիները կոչվելու համար։ Պողոս առաքյալը, որը պատկանում էր այդ խմբին, իր հավատակիցներին գրեց. «[Դուք] ստացաք որդեգրության ոգի, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա, Հա՛յր»։ Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք» (Հռոմեացիներ 8։15, 16)։ Այո՛, որդեգրության միջոցով այս քրիստոնյաները դարձան Աստծու ընտանիքի անդամներ՝ «Աստծու զավակներ» (1 Հովհաննես 3։1; 2 Կորնթացիներ 6։18)։
Ինչ խոսք, Աստծու կողմից որդեգրվելով՝ նրանք չփոխվեցին, մնացին անկատար (1 Հովհաննես 1։8)։ Այդուհանդերձ, ինչպես Պողոսը բացատրեց, որդեգրվելուց հետո նրանք նոր կարգավիճակ ստացան։ Միևնույն ժամանակ Աստծու ոգին հավաստիացրեց, որ նրանք Քրիստոսի հետ ապրելու են երկնքում (1 Հովհաննես 3։2)։ Սուրբ ոգուց ստացած այս վկայությունը ամբողջությամբ փոխում է կյանքի հանդեպ ունեցած նրանց տեսակետը (2 Կորնթացիներ 1։21, 22)։ Այո՛, նրանց կյանքը նոր սկիզբ է առնում, այդ անհատները նոր ծնունդ են ստանում։
Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20։6)։ Աստծու որդեգրած զավակները թագավորելու են Քրիստոսի հետ երկնային կառավարության մեջ։ Պետրոս առաքյալը իր հավատակիցներին գրեց, որ նրանք կստանան «անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգություն», որը «պահված է երկնքում [նրանց] համար» (1 Պետրոս 1։3, 4)։ Ի՜նչ անգին ժառանգություն։
Սակայն մի ուրիշ հարց էլ է ծագում։ Նոր ծնունդ ստացած մարդիկ ո՞ւմ վրա են իշխելու։ Պատասխանը տրվում է հաջորդ հոդվածում։
[նկար 10–րդ էջի վրա]
Ի՞նչ ասաց Պողոսը որդեգրության մասին