Քրիստոնեական թաղում՝ արժանավայել, համեստ, աստվածահաճո
ԲՈԼՈՐԸ տխուր են։ Այս ու այն կողմից լսվում են լացի ձայներ։ Հատուկ սև զգեստներ հագած սգավորները, վշտից դառնացած՝ իրենց խելահեղորեն գցում են գետին։ Ոմանք պարում են ռիթմիկ երաժշտության ներքո։ Ուրիշները ուտում և խմում են՝ զվարճանալով և բարձրաձայն ծիծաղելով։ Մի քանիսն էլ՝ հարբած արմավի գինուց և գարեջրից, ընկած են գետնին։ Ի՞նչ է պատահել։ Այսպիսի տեսարանների կարելի է հանդիպել աշխարհի որոշ մասերում, երբ մեկը մահանում է, և հավաքվում են հարյուրավոր մարդիկ՝ հանգուցյալին հրաժեշտ տալու համար։
Եհովայի վկաներից շատերն ապրում են այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ վերին աստիճանի սնահավատ են և վախենում են մահացածներից։ Միլիոնավորներ հավատում են, որ երբ մարդը մահանում է, նա դառնում է նախնու ոգի, որը կարող է օգնել կամ վնասել ապրողներին։ Այս հավատալիքը ներծծված է թաղման հետ կապված բազմաթիվ սովորությունների մեջ։ Ինչ խոսք, բնական է վշտանալ, երբ մեկը մահանում է։ Օրինակ՝ Հիսուսն ու իր աշակերտները սգացել են իրենց սիրելիների մահը (Հովհ. 11։33–35, 38; Գործ. 8։2; 9։39)։ Բայց նրանք ոչ մի անգամ իրենց վիշտը չեն արտահայտել ծայրահեղորեն, ինչպես ընդունված է եղել իրենց օրերում (Ղուկ. 23։27, 28; 1 Թեսաղ. 4։13)։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանք գիտեին մահվան մասին ճշմարտությունը։
Աստվածաշնչում հստակ ասվում է. «Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն.... Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել.... Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [«գերեզմանիդ մէջ», ԱԱ], ուր որ դու պիտի գնաս» (Ժող. 9։5, 6, 10)։ Այս ներշնչյալ սուրբգրային համարները ցույց են տալիս, որ երբ մարդը մահանում է, նա դադարում է գոյություն ունենալուց։ Նա չի կարող մտածել, զգալ, հաղորդակցվել կամ ըմբռնել։ Այս կարևոր աստվածաշնչյան ճշմարտությունը հասկանալն ինչպե՞ս կարող է օգնել քրիստոնյային թաղման արարողությունն անցկացնելու աստվածահաճո կերպով։
«Այլևս անմաքուր բանի մի՛ դիպչեք»
Անկախ իրենց ազգությունից կամ մշակույթից՝ Եհովայի վկաները բացարձակապես հեռու են մնում այնպիսի սովորույթներից, որոնք կապ ունեն այն հավատալիքի հետ, թե իբր մահացածները գիտակից վիճակում են և կարող են ինչ–որ ձևով ազդել ապրողների վրա։ Կան մահվան ու թաղման հետ կապված սովորույթներ ու արարողություններ, որոնք անմաքուր են և հաճելի չեն Աստծուն, քանի որ կապ ունեն այն ոչ սուրբգրային, դիվական ուսմունքի հետ, ըստ որի՝ հոգին կամ ոգին չի մահանում։ Դրանցից են՝ արթնությունը (հանգուցյալի կողքին արթուն նստելը), մահվան տարեդարձը նշելը, մահացածի համար զոհաբերություններ անելը, այրիության ծեսերը (Եզեկ. 18։4, ՆԱ)։ Ճշմարիտ քրիստոնյաները «չեն կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ դևերի սեղանից», ուստի չեն պահում այդ սովորությունները (1 Կորնթ. 10։21)։ Նրանք հնազանդվում են հետևյալ պատվերին. «Զատվեցե՛ք.... և այլևս անմաքուր բանի մի՛ դիպչեք» (2 Կորնթ. 6։17)։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է այսպես վարվել։
Աֆրիկայում և այլուր լայնորեն տարածված է այն հավատալիքը, թե նախնիների ոգիները կնեղանան, եթե չկատարվեն որոշ արարողություններ։ Այդ արարողությունները չանելը համարվում է լուրջ վիրավորանք, ինչի պատճառով ամբողջ համայնքը գուցե անեծքի տակ ընկնի և դժբախտություն պատահի։ Ոչ սուրբգրային արարողություններից հրաժարվելու պատճառով Եհովայի ծառաներից շատերը արժանացել են քննադատության, վիրավորանքի, մերժվել են համագյուղացիների, ընտանիքի անդամների և հարազատների կողմից։ Ոմանց մեղադրել են այն բանում, թե նրանք մեկուսացած են հասարակությունից և չեն հարգում հանգուցյալին։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ բռնի ուժով իրենց ձեռքն են վերցրել քրիստոնյայի թաղման կազմակերպումը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք խուսափել այն մարդկանց հետ բախվելուց, ովքեր պնդում են, որ թաղումը կատարվի ընդունված սովորույթների համաձայն, որոնք, սակայն, հաճելի չեն Աստծուն։ Իսկ որ ավելի կարևոր է, ի՞նչ կարող ենք անել, որ հեռու մնանք անմաքուր ծեսերից և արարողություններից, որոնք կարող են վնասել մեր ու Եհովայի փոխհարաբերությունները։
Դիրքորոշումդ հայտնի դարձրու
Աշխարհի որոշ մասերում թաղման հետ կապված որոշումներ կայացնելուն սովորաբար մասնակցում են ցեղի ծերերը և ազգականները։ Նման դեպքերում քրիստոնյա հարազատը պետք է հստակ ցույց տա, որ թաղումը կկազմակերպեն և կանցկացնեն Եհովայի վկաները Աստվածաշնչի սկզբունքներին համապատասխան (2 Կորնթ. 6։14–16)։ Քրիստոնեական թաղման ժամանակ չպետք է այնպիսի բան տեղի ունենա, որը դեմ լինի հավատակիցների խղճին կամ էլ գայթակղության քար լինի մեր համոզմունքներին ծանոթ մարդկանց համար։
Երբ քրիստոնեական ժողովի ներկայացուցիչներից որևէ մեկին խնդրում են կազմակերպել թաղումը, այդ ժողովի երեցները կարող են օգտակար առաջարկներ անել և հոգևոր օգնություն տրամադրել սգացողներին, որպեսզի ամեն բան ներդաշնակ լինի Աստվածաշնչին։ Երբ Եհովայի վկա չեղող անհատը ցանկանում է թաղման արարողության մեջ ընդգրկել ինչ–որ անմաքուր բան, ապա շատ կարևոր է հաստատակամ, համարձակ լինել և բարյացակամորեն ու հարգանքով բացատրել մեր քրիստոնեական դիրքորոշումը (1 Պետ. 3։15)։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե Վկա չհանդիսացող հարազատները շարունակում են իրենցը պնդել։ Այդ դեպքում հանգուցյալի Վկա հարազատները գուցե որոշեն չմասնակցել թաղմանը (1 Կորնթ. 10։20)։ Տեղի Թագավորության սրահում կամ մեկ ուրիշ հարմար վայրում կարելի է կազմակերպել հասարակ հավաքույթ և Գրությունների միջոցով մխիթարել սգացողներին (Հռոմ. 15։4)։ Թեև հանգուցյալի դիակն այդտեղ չի լինի, նման միջոցառումը կհամարվի արժանավայել և Աստծու կողմից միանգամայն ընդունելի (Բ Օրին. 34։5, 6, 8)։ Երբ մեր հավատը չընդունող մարդիկ խառնվում են քրիստոնեական թաղման կազմակերպմանը, հանգուցյալի հարազատների ցավն ու վիշտը կարող է խորանալ։ Բայց մեզ կարող է մխիթարել այն բանի գիտակցումը, որ Աստված տեսնում է ճիշտն անելու մեր վճռականությունը և մեզ կտա «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթ. 4։7)։
Նախապես գրիր ցանկություններիդ մասին
Եթե անհատը նախապես գրավոր հայտնի իր ցանկությունը, թե ինչպես պետք է իր թաղումը կատարվի, հետագայում Վկա հարազատների համար շատ ավելի հեշտ կլինի նրա ոչ Վկա հարազատների հետ քննարկել այդ հարցը, քանի որ վերջիններս հավանաբար կհարգեն հանգուցյալի ցանկությունը։ Կարևոր է գրել, թե ինչպես և որտեղ պետք է կատարվի թաղումը, ով պետք է այն կազմակերպի և ղեկավարի (Ծննդ. 50։5)։ Ամենալավ տարբերակն այն է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի վկաների ներկայությամբ, և այնտեղ դրվի նաև նրանց ստորագրությունը։ Սուրբգրային սկզբունքներով առաջնորդվող մարդը դրսևորում է հեռատեսություն և խորաթափանցություն՝ գիտակցելով, որ ինքը չպետք է սպասի այնքան ժամանակ, երբ շատ ծեր կամ անբուժելի հիվանդ լինի, և այդ ժամանակ միայն գրավոր կերպով հայտնի իր կամքը (Առակ. 22։3; Ժող. 9։12)։
Ոմանց համար զգացական առումով հեշտ չէ նման փաստաթուղթ կազմելը։ Սակայն դա անելը քրիստոնեական հասունության նշան է և հոգատարության դրսևորում (Փիլիպ. 2։4)։ Շատ ավելի լավ է անձամբ զբաղվել թաղման հետ կապված հարցերով, քան դրանք թողնել հարազատներին։ Վերջիններս հետագայում գուցե ենթարկվեն անմաքուր սովորույթների մասնակցելու ճնշմանը, սովորույթներ, որոնց ո՛չ հավատացել և ո՛չ էլ հավանություն է տվել հանգուցյալը։
Համեստ թաղում
Աֆրիկայի շատ մասերում մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ եթե թաղումը մեծ և տպավորիչ չլինի, նախնիների ոգիները կբարկանան։ Մյուսներն էլ այս արարողության միջոցով փորձում են «ցուցադրաբար ներկայացնել» իրենց հասարակական դիրքն ու հնարավորությունները (1 Հովհ. 2։16)։ Նրանք շատ ժամանակ, ջանքեր ու միջոցներ են տրամադրում, որպեսզի ամեն բան «տեղը տեղին» լինի։ Հնարավորինս շատ մարդկանց գրավելու համար տարբեր վայրերում մահացած մարդու նկարով մեծ պաստառներ են փակցնում՝ հայտարարելով թաղման մասին։ Նաև նրա պատկերով T–աձև շապիկներ են պատվիրում և բաժանում սգացողներին։ Նրանք ճոխ, թանկարժեք դագաղ են գնում։ Աֆրիկայի երկրներից մեկում դագաղը պատվիրում են նույնիսկ ավտոմեքենայի, ինքնաթիռի, նավի կամ ուրիշ առարկայի տեսքով։ Երբեմն դիակը հանում են դագաղից ու դնում հատուկ ձևով զարդարված մահճակալի վրա։ Եթե մահացողը կին է, կարող են հագցնել սպիտակ հարսանեկան զգեստ, դիմահարդարել, զարդարել բազմաթիվ թանկարժեք զարդերով և ուլունքներով։ Մի՞թե տեղին կլինի, որ Աստծու ծառան մասնակցի նման բաների։
Հասուն և իմաստուն քրիստոնյաները հեռու են մնում այն ծայրահեղություններից, որոնք բնորոշ են այն մարդկանց, ովքեր ո՛չ գիտեն Աստծու սկզբունքները և ո՛չ էլ ուզում են իմանալ։ Մենք գիտենք, որ անհամեստ և հակասուրբգրային արարողությունները «Աստծուց չեն, այլ աշխարհից են, որն անցնում է» (1 Հովհ. 2։15–17)։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ մրցակցության ոգի չդրսևորենք, ինչը քրիստոնեավայել չէ (Գաղ. 5։26)։ Փորձը ցույց է տալիս, որ երբ վախը մահացածների հանդեպ գերիշխում է հասարակության մեջ, թաղման արարողությունները հաճախ լինում են բազմամարդ, դժվար կառավարելի. իրավիճակը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից։ Մահացածին մեծարելը Վկա չեղող մարդկանց կարող է նույնիսկ դրդել անմաքուր արարքների։ Հնարավոր է՝ նրանք իրենց վիշտն արտահայտեն բարձրաձայն, անզուսպ լացով, գրկեն դիակը, խոսեն նրա հետ, ասես նա կենդանի է, նրա մոտ փող կամ այլ առարկաներ դնեն։ Եթե քրիստոնեական թաղման ժամանակ նման բան տեղի ունենա, ապա Եհովայի անվան ու նրա ժողովրդի վրա մեծ նախատինք կգա (1 Պետ. 1։14–16)։
Մենք գիտենք, թե իրականում ինչ վիճակում են մահացածները, ուստի պետք է համարձակ լինենք թաղման արարողությունը բացառապես քրիստոնեական չափանիշներով կազմակերպելու հարցում. աշխարհի շունչն անգամ չպիտի զգացվի (Եփես. 4։17–19)։ Թեև Հիսուսը երբևէ ապրած մեծագույն անձնավորությունն էր, նրա թաղումը հասարակ էր ու համեստ (Հովհ. 19։40–42)։ Ովքեր «Քրիստոսի միտքն ունեն», նման թաղումը ամոթաբեր չեն համարում (1 Կորնթ. 2։16)։ Անշուշտ, հակասուրբգրային բաներից խուսափելու, հանդարտ ու Աստծուն սիրողներին վայել մթնոլորտ պահպանելու համար լավագույնն այն է, որ քրիստոնեական թաղումը լինի պարզ ու համեստ։
Ուրախանալը տեղի՞ն է
Գուցե ընդունված է, որ թաղումից հետո մեծ թվով հարազատներ, հարևաններ և ուրիշներ հավաքվեն ուտել–խմելու և բարձր երաժշտության տակ պարելու։ Այդ ժամանակ հաճախ հարբում են և անբարո արարքներ գործում։ Ոմանք կարծում են՝ նման խնջույքը օգնում է մոռանալու մահվան պատճառած վիշտը։ Ըստ մյուսների՝ սա պարզապես իրենց մշակույթի մի մասն է։ Այդուհանդերձ, շատերը կարծում են, որ նման խրախճանքն անհրաժեշտ է՝ հանգուցյալին պատվելու և գովաբանելու համար, ինչպես նաև նրա հոգին ազատելու համար, որպեսզի այն միանա նախնիներին։
Ճշմարիտ քրիստոնյաները համոզված են հետևյալ սուրբգրային համարի ճշմարտացիության մեջ. «Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կ’ուրախանայ» (Ժող. 7։3)։ Նրանք գիտեն, որ օգտակար է հանդարտ պայմաններում խորհրդածել կյանքի վաղանցիկության և հարության հույսի շուրջ։ Ուստի Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունեցող մարդկանց համար «մահվան օրը լավ է ծննդյան օրից» (Ժող. 7։1)։ Քանի որ ճշմարիտ քրիստոնյաները տեղյակ են, որ թաղմանը հաջորդող ուրախությունը կապված է ոգեհարցության և անբարո արարքների հետ, նրանք բացարձակապես սխալ են համարում նման բան կազմակերպելը և նույնիսկ դրան մասնակցելը։ Եթե քրիստոնյան մասնակցում է այդպիսի խնջույքի, նա ցույց է տալիս, որ չի հարգում Աստծուն և հաշվի չի առնում իր հավատակիցների խիղճը։
Թող մարդիկ տեսնեն տարբերությունը
Որքա՜ն ուրախ ենք, որ ազատված ենք մահացածների հանդեպ հիվանդագին վախից, որը բնորոշ է հոգևոր խավարում եղող մարդկանց (Հովհ. 8։32)։ Լինելով «լույսի զավակներ», որոնք կրթված են հոգևորապես, և լիովին հավատալով մահացածների հարությանը՝ մենք մեր վիշտն արտահայտում ենք համեստ, հարգալից կերպով և ծայրահեղությունների մեջ չենք ընկնում (Եփես. 5։8; Հովհ. 5։28, 29)։ Իսկ ովքեր «հույս չունեն», իրենց վիշտը հաճախ արտահայտում են հենց ծայրահեղ կերպերով (1 Թեսաղ. 4։13)։ Հարության հույսը մեզ կտա համարձակություն, որ հաստատ դիրք բռնենք մաքուր երկրպագության հարցում և չտրվենք մարդավախությանը (1 Պետ. 3։13, 14)։
Եթե մենք հավատարմորեն առաջնորդվենք սուրբգրային սկզբունքներով, մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու «Աստծուն ծառայություն անողների և ծառայություն չանողների տարբերությունը» (Մաղ. 3։18)։ Կգա մի ժամանակ, երբ մահ այլևս չի լինի (Հայտն. 21։4)։ Մինչ սպասում ենք այս հիանալի խոստման իրականացմանը, եկեք անբիծ ու անարատ լինենք, զատված մնանք այս չար աշխարհից և հեռու՝ աստվածանարգ սովորույթներից (2 Պետ. 3։14)։
[նկար 30–րդ էջի վրա]
Թաղման վերաբերյալ մեր ցանկությունների մասին նախապես գրելը իմաստուն քայլ է
[նկար 31–րդ էջի վրա]
Քրիստոնեական թաղումը պետք է լինի համեստ ու արժանավայել