Ես հասկացա, թե որքան թանկ է կյանքը
ԱՌԱՎՈՏ ԷՐ, 2007 Թ. ԱՊՐԻԼԻ 16–Ը։ Նորիս Հոլի (Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի տարածքում գտնվող ակադեմիական շենք) երրորդ հարկի անկյունում կուչ էի եկել։ Նորից հիշեցի, թե որքան երախտապարտ պետք է լինենք մեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար։
Ես իմ աշխատանքային սենյակում էի և պատրաստվում էի գնալ երկրորդ հարկ՝ փոստը ստանալու համար։ Պրոֆեսորներից մեկը մոտեցավ ինձ և խնդրեց օգնել լուծելու իր համակարգչի հետ կապված խնդիրը։ Նրա աշխատասենյակ մտնելու պահին երկրորդ հարկից իրար հաջորդող կրակոցների ձայն լսեցինք։ Մի պահ չկողմնորոշվեցինք, թե ինչ է կատարվում, ուստի արագ մտանք նրա աշխատասենյակ և փակեցինք դուռը։ Շատ անհանգիստ էինք։ Չգիտեինք, թե ինչ կլինի հետո։ Ես մի անկյուն մտա ու սկսեցի աղոթել Եհովային։ Խնդրում էի, որ ինչ էլ պատահի, նա օգնի մեզ։
Այդ ժամանակ աչքիս առաջ եկան 15 տարի առաջ կատարված դեպքերը։ Ես աշխատում էի ավտոմեքենաների վերանորոգման խանութում որպես մեխանիկ։ Մի անգամ գործընկերոջս ձեռքում գտնվող բենզինի կանեստրը հանկարծ բռնկվեց։ Խուճապի մատնվելով՝ նա պատահմամբ այդ կանեստրը շպրտեց իմ դեմքին։ Ես ստացա երկրորդ և երրորդ աստիճանի այրվածք։ Մարմնիս վերին մասը այրվել էր։ Ինձ ուղղաթիռով տեղափոխեցին այրվածքաբանական կենտրոն, որտեղ երեք ու կես ամիս շարունակ անդադար պայքարում էին իմ կյանքի համար։ Հինգ ամսվա ինտենսիվ բուժումներից և վերականգնողական պրոցեդուրաներից հետո տուն վերադարձա։ Անչափ երախտապարտ էի, որ կենդանի մնացի։ Այդ դեպքը սովորեցրեց ինձ թանկ համարել կյանքիս ամեն մի օրը։ Վճռեցի ամբողջ կյանքում ծառայել նրան, ով ինձ կյանք է տվել՝ Եհովա Աստծուն (Սաղմոս 90։12; Եսայիա 43։10)։
Բարդ վնասվածքներիս պատճառով այլևս չէի կարող աշխատել որպես մեխանիկ, ուստի համակարգչային տեխնիկա սովորեցի և աշխատանքի ընդունվեցի Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ահա թե ինչու էի այդ օրը գտնվում Նորիս Հոլում։
Կրակոցները շարունակվում էին, բայց մենք չէինք էլ գիտակցում, որ ներքևի հարկում սարսափազդու սպանդ էր տեղի ունենում. մի բան, որ երբեք չէր եղել ԱՄՆ–ի պատմության մեջ։ Անգութ մարդասպանը 32 անմեղ կյանքեր խլեց և վերջում ինքնասպան եղավ։ Դեպքից 20 րոպե հետո միջանցքից լսվեցին ոստիկանների ձայները։ Մենք սկսեցինք օգնություն կանչել, և նրանք մեզ ապահով դուրս բերեցին։
Այս սարսափելի դեպքից հասկացա, թե որքան անցողիկ և անորոշ է կյանքը (Հակոբոս 4։14)։ Որքան կարևոր է, որ ապավինենք կյանքի Աղբյուրին՝ Եհովա Աստծուն, և յուրաքանչյուր օր թանկ նվեր համարենք (Սաղմոս 23։4; 91։2)։
[նկար 30–րդ էջի վրա]
AP Photo/The Roanoke Times, Alan Kim