Արյունահեղություն դպրոցում. ինչպե՞ս մխիթարվեցին սգավորները
ԼՐԱԳՐԻ առաջին էջը սև էր։ էջի վրա մի բառ էր գրված. «Ինչո՞ւ»։ Այս հարցը բազում անգամներ են տվել մարդիկ։ 17–ամյա մի երիտասարդ հրազենից կրակ էր բացել, որի պատճառով զոհվել էր 15 հոգի, իսկ հետո ինքնասպան էր եղել։ Շուտով այս ողբերգական լուրը արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում։
Դեպքը տեղի էր ունեցել Գերմանիայի հարավային շրջանում՝ Վինենդեն քաղաքում, որը գեղեցիկ ու բարգավաճ մի քաղաք է՝ լի խաղողի և պտղատու ծառերի այգիներով։ 2009 թ. մարտի 11–ին ժամը 9։30–ին զինված մի երիտասարդ ներխուժեց Ալբերտվիլ միջնակարգ դպրոց և մեծ խառնաշփոթ առաջացրեց։ Այս ողբերգական դեպքի պատճառով Գերմանիայում իջեցվեցին դրոշները։
Երիտասարդը այդ դպրոցի նախկին սաներից էր։ Իր ծնողների ննջասենյակից նա վերցրել էր ատրճանակը և գնացել էր դպրոց։ Այնտեղ նա սպանել էր ինը աշակերտի և երեք ուսուցչի, ինչպես նաև վիրավորել մի քանի հոգու։ Շատ չանցած՝ ոստիկանները դեպքի վայր էին հասել։ Մարդասպանը փախել էր մոտակայքում գտնվող հոգեբուժական կլինիկա և այնտեղ նույնպես սպանել էր աշխատողներից մեկին։ Այնուհետև դուրս էր եկել և ճանապարհին մի մեքենա էր կանգնեցրել, ատրճանակը պահել էր վարորդի վրա և ստիպել նրան քշել իր ուզած ուղղությամբ։ Մոտ 40 կիլոմետրից վարորդը ինչ–որ կերպով փախել էր։ Հասնելով մեքենաներ վաճառող մի գործակալություն՝ պատանին սպանել էր վաճառողին և մի հաճախորդի, նաև լուրջ վնասվածքներ էր հասցրել երկու ոստիկանի, որոնք փորձել էին բռնել իրեն։ Ի վերջո, երբ ոստիկաններին հաջողվել էր բռնել տղային, նա կրակել էր իր գլխին ու մահացել։
Երիտասարդը սովորական տղա էր, որը ցանկանում էր սիրված լինել և ունենալ մտերիմ ընկերներ։ Այդ դեպքում ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Պատճառը հավանաբար բռնությամբ լի համակարգչային խաղերն էին։ Բացի այդ, նա սիրում էր խաղալ խաղալիք–ատրճանակներով։ Նա նաև հաճախ տրամադրության անկում էր ունենում։ Ոմանք գուցե հարցնեն. «Չէ՞ որ հազարավոր երիտասարդներ խաղում են այդպիսի խաղեր, բայց նման բաներ չեն անում։ Իսկ ի՞նչ ասել զոհերի մասին։ Արդյոք նա գիտե՞ր՝ ում է սպանելու, թե՞ այդ ամենը պատահականություն էր»։ Ոմանց հետաքրքրում էր այն, թե ինչու է նա դպրոցում սպանել ութ աղջկա և միայն մեկ տղայի, սակայն ոչ ոք տրամաբանական բացատրություն չէր կարողանում տալ։
Տարբեր արձագանքներ
«Երբ տղաս զանգահարեց ու ասաց, որ դպրոցում մարդ է սպանել, չհավատացի,— պատմում է Հիկեն։— Հետո տեսա, թե ինչքան շատ ոստիկանական և շտապ օգնության մեքենաներ են անցնում։ Խուճապահար էի եղել»։ Ինչ խոսք, եթե ոստիկաններն անմիջապես տեղ չհասնեին, հավանաբար ավելի շատ մարդ կսպանվեր։ Դպրոցը էվակուացնելուց հետո բժիշկները, հոգեբաններն ու հոգևորականները եկան, որպեսզի աջակցություն ցույց տան սթրեսի մեջ գտնվող աշակերտներին։
Լրագրողները շտապել էին դպրոց, որպեսզի զրուցեն աշակերտների հետ, որոնցից շատերը դեռ ցնցված էին։ Աշակերտներից մեկը հաշվել էր, որ դպրոցի առաջ 26 տարբեր հեռուստաընկերություններից կայանել էր 28 մեքենա։ Մեծ մրցակցություն էր ստեղծվել լրագրողների միջև, որի հետևանքով անհիմն տեղեկություններ էին տարածվում։ Լրագրողներից մեկը հենց ոճրագործության օրը այցելել էր մի ընտանիքի, որի աղջիկը սպանվել էր, որպեսզի նկարներ խնդրի ծնողներից, մյուսներն էլ վճարել էին աշակերտներին, որպեսզի վերջիններս համաձայնվեն նկարվել ծաղկեպսակ դնելիս, մոմեր վառելիս և այլ ողբերգական տեսարաններում։ Այս քաոսային իրավիճակում շատ լրագրողներ կորցրել էին իրենց հավասարակշռությունը և չէին կողմնորոշվել, թե որ տեղեկություններն են կարևոր։ Նրանք նաև մոռացել էին, որ պետք է հարգանք դրևսորել զոհվածների հանդեպ։
Սովորաբար այսպիսի դեպքերում մարդիկ ակնկալում են, որ կրոնը կարող է մխիթարել իրենց և բացատրություն տալ տեղի ունեցածի մասին։ Ոճրագործության օրը տարբեր կրոնների պատկանող մարդկանց համար կրոնական արարողություն էր կազմակերպվել։ Շատերն էին գնահատել ցուցաբերված աջակցությունը։ Սակայն նրանք, ովքեր ուզում էին մխիթարվել Աստծու Խոսքով կամ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ, մեծ հիասթափություն էին ապրել։ Մի ընտանիք ներկա էր գտնվել իրենց տղայի դասընկերոջ թաղման արարողությանը։ Մայրը պատմում է. «Եպիսկոպոսը խոսում էր Հոբի փորձությունների մասին։ Ինձ թվում էր, թե նա կբացատրի, թե ինչ կարելի է սովորել այդ պատմությունից կամ էլ ինչ–որ կերպով կմխիթարի մեզ, բայց նա այդպես էլ չասաց, թե ինչու Հոբը տառապեց կամ ի վերջո ինչ է սպասում մեզ»։
Իսկ մի տղամարդու բարկացել էր՝ լսելով դատարկ խոսքեր։ Այդ մարդը մոտ 30 տարի առաջ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ էր ուսումնասիրել, սակայն հետագայում դադարեցրել էր ուսումնասիրությունը։ Այժմ նա նորից սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին։
14–ամյա Վալիզան, որը կանոնավորաբար Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, սպանության ժամանակ եղել էր կողքի դասարանում։ Լսելով կրակոցների ձայները՝ նա սկսել էր աղոթել Եհովային։ Ավելի ուշ, երբ նրան հարցրել էին, թե ինչպես է հաղթահարել վախի զգացումը, նա ասել էր, որ իր տեսածը ապացույցն է այն բանի, ինչ Աստվածաշնչում կանխագուշակվել է վերջին օրերի մասին (2 Տիմոթեոս 3։1–5)։ Իսկ երբ երկու Վկա իրենց հարևաններին Աստվածաշնչից մխիթարական խոսքեր էին ասել, մի տարեց կին մոտեցել էր նրանց ու ասել. «Շատ–շատերը պետք է անեն այն, ինչ դուք եք անում»։ Թեև տեղի ունեցածը մեծ ցավ պատճառեց մարդկանց, սակայն նրանցից շատերը մղվեցին լսելու Աստծու Խոսքի բարի լուրը և հույսով լցվելու։
Տանջալից ապրումներ ոճրագործությունից հետո
Ինչ խոսք, անգամ ամենամխիթարական խոսքերը չեն կարող վերացնել սգավորների ցավն ու վիշտը։ Ոչ մի խոսք չի կարող ամբողջությամբ մեղմացնել այն ծնողի ցավը, ով կորցրել է իր երեխային կամ այն ոստիկանի վիշտը, ով վազելով հասել էր դպրոց և իր կնոջը սպանված գտել։
Այս դաժան փորձության միջով անցած աշակերտները և իրենց ծնողները յուրովի էին տառապում։ Օրինակ՝ Վասիլիոսը հրաձգության ժամանակ դուրս էր թռել պատուհանից։ Նա պատմում է. «Պատուհանից դուրս թռչելիս աղոթում էի Եհովային։ Կարծում էի, թե կմեռնեմ։ Թվում էր, թե վերջին անգամ եմ աղոթում»։ Մի քանի շաբաթ շարունակ նա գիշերները սարսափելի երազներ էր տեսնում և չէր ուզում խոսել ոչ մեկի հետ։ Նրան շատ էր բարկացրել լրագրողների վերաբերմունքը և մարդկանց անտեղի հետաքրքրասիրությունը։ Ժամանակի ընթացքում Վասիլիոսը վերագտել էր իրեն և հասկացել էր, որ չի կարող շատ բան փոխել կյանքում։
Յոնասը, որը նույնպես ականատես էր եղել, թե ինչպես են իր հինգ դասընկերները սպանվել, ասում է. «Այդ դեպքից հետո ես կարողանո՛ւմ էի նկարագրել տեղի ունեցածը. ասես սարսափ ֆիլմից մի դրվագ պատմեի։ Բայց այժմ դժվարանում եմ խոսել։ Տրամադրությունս փոփոխական է դարձել։ Երբեմն ընդհանրապես չեմ ուզում խոսել այդ դեպքի մասին, իսկ երբեմն էլ շատ եմ խոսում այդ թեմայի շուրջ»։ Նա նույնպես մղձավանջային երազներ է տեսնում և չի կարողանում հանգիստ քնել։
Մի քանի օր անց աշակերտները ստացան իրենց անձնական իրերը, որոնք մնացել էին դասարանում։ Տրավմատոլոգները նախապես զգուշացրել էին երեխաներին, որ այդ իրերը կարող են վատ հիշողություններ արթնացնել նրանց մեջ։ Սկզբում Յոնասը չէր ուզում դիպչել իր ժակետին, պայուսակին և մոտոցիկլետի գլխարկին։ Բացի այդ, ամեն անգամ, երբ փողոցում տեսնում էր մեկին, ով նման էր մարդասպան երիտասարդին կամ նրա ուսապարկի նման պայուսակ էր կրում, սարսափում էր։ Իսկ երբ ֆիլմ դիտելիս կրակոցի ձայներ էր լսում, սկսում էր նյարդայնանալ։ Թերապևտները ամեն կերպ փորձում են օգնել նրանց, որպեսզի վերջիններս ձերբազատվեն դեպքի հետ կապված սարսափելի հուշերից։
Յուրգենը՝ Յոնասի հայրը, աշխատում է այն կլինիկայում, որտեղ սպանվել էր աշխատողներից մեկը։ Նա ասում է, որ շատ ծնողներ և աշխատակիցներ անընդհատ հարցնում էին. «Ինչո՞ւ։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք սպանվեինք»։ Կլինիկայի աշխատողներից մեկը, որը պատուհանից տեսել էր մարդասպանին, խուճապի մեջ էր ընկել՝ մտածելով, որ նա կարող է կրակել իր վրա։
Ինչպես ձերբազատվեցին ծանր ապրումներից
Ինչպե՞ս ոմանք կարողացան ձերբազատվել ծանր ապրումներից։ Յուրգենն ասում է. «Թեև ժամանակ առ ժամանակ նորից հիշողություններն արթնանում են, բայց երբ շփվում եմ մտերիմ մարդկանց հետ, չեմ հիշում այդ դեպքի մասին։ Երբ զգում եմ, որ ուրիշները անհանգստանում են իմ մասին, որ մենակ չեմ, քաջալերվում եմ և տոկալու ուժ եմ ստանում»։
Յոնասը նույնպես գնահատում է իր հանդեպ ցուցաբերած ուրիշների աջակցությունը։ Նա պատմում է. «Շատերը բացիկներ կամ հաղորդագրություններ են ուղարկում։ Ոմանք էլ աստվածաշնչային համարներ են գրում։ Այս ամենը ինձ շատ է օգնում։ Իսկ երբ գիշերներն արթնանում եմ և չեմ կարողանում քնել, աղոթում եմ։ Երբեմն էլ երաժշտություն կամ «Արթնացե՛ք» պարբերագրի ձայնագրություններ եմ լսում»a։ Յոնասը նաև գիտի, որ Աստվածաշնչում բացատրվում է, թե ինչու են աշխարհում նման բաներ տեղի ունենում. Սատանան իշխում է երկրի վրա, և մենք ապրում ենք վերջին օրերում։ Նրա հայրը ասում է, որ այս բանի գիտակցումը օգնում է տոկալու դժվարությունների ժամանակ։
Շուտով տառապանք չի լինելու
Այս սարսափելի դեպքից հետո մի քանի օրվա ընթացքում դպրոցի տարածքը լցվեց ծաղիկներով։ Մարդիկ նաև մոմեր էին վառել և բազում նամակներ գրել։ Կերստինը նկատել էր, որ մի քանի հոգի թղթերի վրա հարցեր են գրել՝ ինչո՞ւ այս դեպքը տեղի ունեցավ, ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ նման բան պատահի։ Ուստի նա և երկու Վկաներ պատասխան–նամակ գրեցին և այն դրեցին մյուս նամակների մոտ։
Թաղման արարողության ժամանակ հեռուստացույցով ցույց տվեցին նրանց նամակը։ Լրագրողը կարդաց առաջին մի քանի տողերը. «Ինչո՞ւ։ Վերջին օրերում մարդիկ գնալով ավելի շատ են տալիս այս հարցը։ Նրանց հետաքրքրում է նաև, թե որտեղ է Աստված, և ինչու է Նա թույլ տալիս, որ այսպիսի սարսափելի բաներ տեղի ունենան»։ Ցավոք, լրագրողը այստեղ դադարեցրել էր ընթերցանությունը։
Նամակում գրված էր, թե ինչպես է առաջացել տառապանքը և նշվում էր, որ Աստված փոխհատուցելու է այն բոլոր վնասների դիմաց, որ կրում են մարդիկ։ Այնուհետև այնտեղ նշվում էր. «Աստվածաշնչի վերջին գրքում գրված է, որ Աստված սրբելու է ամեն արտասուք մարդկանց աչքերից, և մահ այլևս չի լինելու, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինելու։ Նախկին բաները անցան»։ Դեռ ավելին, Եհովա Աստված կյանքի է բերելու մահացածներին։ Նրա Թագավորության ներքո, որը շուտով հաստատվելու է երկրի վրա, չեն լինի ողբերգություններ, արյունահեղություն և տառապանք։ Աստված խոստանում է. «Ահա ամեն բան նորն եմ անում» (Հայտնություն 21։4, 5)։
[ծանոթագրություն]
a «Արթնացե՛ք» պարբերագիրը, ինչպես նաև պարբերագրի ձայնագրությունները թողարկվում են Եհովայի վկաների կողմից։
[նկար 12–րդ էջի վրա]
Յոնասը նամակ էր ստացել, որում գրված էր. «Մենք մտածում ենք քո մասին»
[նկար 9–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Focus Agency/WPN
[նկար 9–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© imagebroker/Alamy
[նկար 10–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Foto: picture alliance
[նկար 11–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Foto: picture alliance