Նախ մտածիր հետո գործիր
ՄԵՐ ողջ կյանքի ընթացքում շատ որոշումներ ենք կայացնում։ Անշուշտ, մինչ որոշում կայացնելը իմաստուն կլինի խորհրդածել հետևանքների շուրջ։ Ոմանք խորապես զղջացել են իրենց կայացրած որոշումների համար։ Միգուցե դու նույնպես նման խոսքեր ասած լինես. «Եթե իմանայի, որ այդպես կլինի, երբեք նման որոշում չէի կայացնի»։
Փորձառու ճանապարհորդը միշտ ուզում է իմանալ, թե ուր է տանում ճանապարհը։ Նա կարող է օգտվել քարտեզից և խորհրդակցել այն մարդկանց հետ, ովքեր ծանոթ են տվյալ տարածքին։ Անշուշտ, նա ուշադրություն կդարձնի նաև ճանապարհի ուղենշաններին։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես վստահ լինել, թե որն է կյանքի լավագույն «ճանապարհը»։ Մի անգամ Աստված Մովսեսի միջոցով իսրայելացիների մասին հետևյալն ասաց. «Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային, իրանց վախճանը մտածէին» (Բ Օրինաց 32։29)։
Ամենալավ խորհուրդը
Աստված միակն է, որ կարող է ասել մարդկանց, թե որն է ամենալավ ճանապարհը։ Նա տեսել է, թե ինչ տարբեր ուղիներ են ընտրել մարդիկ, և թե ինչ է եղել արդյունքում։ Աստվածաշնչում գրված է. «Տիրոջ աչքի առաջին են մարդիս ճանապարհները, եւ նա ուղղում է նորա բոլոր շաւիղները» (Առակաց 5։21)։ Հետևաբար կարիք չկա մտահոգվելու, թե ինչ ավարտ կունենա մեր կյանքը։
Եհովան հոգ է տանում բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա ցույց է տալիս, թե որն է լավագույն ուղին։ Այնտեղ կարդում ենք. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի»։ Ուստի մինչ որոշում կայացնելը իմաստուն կլինի հետևել Եհովայի խորհրդին։ Հին Իսրայելի Դավիթ թագավորը այդպես վարվեց։ Նա ասաց. «Ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում» (Սաղմոս 32։8; 143։8)։
Երբ հետևում ես վստահելի ու փորձառու ճանապարհորդի ցույց տված ուղուն, վստահության և ապահովության զգացում ես ունենում։ Դու չես անհանգստանում, թե ուր է տանում ճանապարհը։ Դավիթը խնդրեց Եհովայի առաջնորդությունը և հետևեց դրան։ Արդյունքը եղավ այն, որ նա մտքի խաղաղություն ունեցավ։ Այդ մասին գեղեցիկ ձևով նկարագրված է 23–րդ սաղմոսում։ Դավիթը գրել է. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։ Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ» (Սաղմոս 23։1–4)։
Ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան
Սաղմոսերգուներից մեկը՝ հավանաբար Ասափը կամ նրա ժառանգներից մեկը, խոստովանեց, որ գրեթե «ծռվել էր» ճիշտ ուղուց։ Ի՞նչ էր պատահել։ Տեսնելով, որ անազնիվ և դաժան մարդիկ հաջողություն են ունենում՝ նա սկսել էր նախանձել, որ «ամբարիշտները խաղաղություն» ունեն։ Սաղմոսերգուն մտածում էր, որ այդ մարդիկ «յաջողակ են աշխարհքումս»։ Իսկ որ ավելի վատ է, նա սկսել էր կասկածել, թե արդյո՞ք արդար ճանապարհով քայլելը իմաստուն է (Սաղմոս 73։2, 3, 6, 12, 13)։
Այնուհանդերձ, սաղմոսերգուն գնաց Եհովայի սրբարան և աղոթքով խորհրդածեց, թե ինչ կպատահի ամբարիշտ մարդկանց։ «Նորանց վերջն իմացայ»,— ասաց նա։ Սաղմոսերգուն հասկացավ, որ այդպիսի մարդիկ կանգնած են «սահելու տեղում» և «կկորչեն զարհուրանքով»։ Իսկ ինչպիսի՞ ուղի ընտրեց նա։ Վերջինս ասաց. «[Եհովա] վերջը փառքով կ’ընդունես ինձ» (Սաղմոս 73։17–19, 24)։
Խորհրդածելով այն բանի շուրջ, թե ինչ կպատահի նրանց, ովքեր իրենց ձեռնտու և կասկածելի միջոցներով բարեկեցության են հասնում՝ սաղմոսերգուն համոզվեց, որ ճիշտ ուղու վրա է։ Նա եկավ հետևյալ եզրակացության. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն»։ Եհովա Աստծուն մոտ մնալը միշտ օրհնություններ է բերում (Սաղմոս 73։28)։
«Իմացիր, թե ուր ես գնում»
Նմանատիպ ընտրության առջև այսօր մենք էլ կարող ենք կանգնել։ Գուցե քեզ առաջարկեն գայթակղիչ աշխատանք, բարձր պաշտոն կամ շահութաբեր գործարք։ Ինչ խոսք, ցանկացած նոր գործում ռիսկի գործոն կա։ Ուստի խելամիտ չի՞ լինի արդյոք մտածել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Արդյոք մեկնելո՞ւ ես ինչ–որ տեղ։ Հեռո՞ւ ես լինելու քո ընտանիքից. դա հնարավոր է կողակցիդ կամ քեզ անհանգստություններ պատճառի։ Արդյոք աշխատակիցները կամ հյուրանոցում և այլուր հանդիպող մարդիկ վնասակար ազդեցություն չե՞ն թողնի քեզ վրա։ Դու կկարողանաս իմաստուն որոշումներ կայացնել, եթե ուշադրությամբ մտածես այս ամենի մասին։ Հետևի՛ր Սողոմոնի հորդորին. «Իմացիր, թե ուր ես գնում» (Առակաց 4։26; «Ժամանակակից անգլերեն թարգմանություն»)։
Լավ կլինի, որ բոլորս էլ, հատկապես երիտասարդները մտածեն այս խորհրդի շուրջ։ Օրինակ՝ մի երիտասարդ տղամարդ տեսաֆիլմ էր վարձել՝ իմանալով, որ այնտեղ անբարո տեսարաններ կան։ Հետագայում նա խոստովանեց, որ այդ ֆիլմը դիտելուց հետո իր մեջ սեռական ուժգին ցանկություն առաջացավ և որոշեց գնալ մի անբարո կնոջ մոտ, որը ապրում էր մոտակայքում։ Արդյունքը եղավ այն, որ նա հուսալքվեց, խիղճը սկսեց տանջել ու սկսեց անհանգստանալ՝ մտածելով, որ հավանաբար ինչ–որ հիվանդություն է ձեռք բերել։ Նմանատիպ մի դեպք նկարագրվում է Աստվածաշնչում. «Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը»։ Սակայն այդպես չէր լինի, եթե այդ երիտասարդը նախ մտածեր, հետո գործեր (Առակաց 7։22, 23)։
Վստահի՛ր ուղենշաններին
Շատերը կհամաձայնվեն, որ խելամիտ չէ անտեսել ուղենշանները։ Սակայն իրականում հակառակն են անում, երբ տրված առաջնորդությունը իրենց սրտով չի լինում։ Քննենք Երեմիայի օրերում ապրող որոշ իսրայելացիների օրինակը։ Նրանք պետք է որոշում կայացնեին, և Եհովա Աստված նրանց հետևյալ խորհուրդը տվեց. «Հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով»։ Սակայն իսրայելացիները համառորեն ասացին. «Չենք գնում» (Երեմիա 6։16)։ Այդ ըմբոստ ընթացքի վերջը եղավ այն, որ մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները ամբողջովին կործանեցին Երուսաղեմը ու գերի տարան բնակիչներին։
Աստծու դրած «ուղենշանները» անտեսելը երբեք մեզ օգուտ չի բերի։ Գրությունները հորդորում են մեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։
Աստծու զգուշացումները նման են արգելանշանների, օրինակ՝ «մուտքն արգելված է»։ Աստվածաշնչում ասվում է. «Անզգամների ճանապարհը մի մտնիր. եւ մի ման գար չարերի ճանապարհումը» (Առակաց 4։14)։ Իսկ Առակաց 5։3, 4–ում գրված է. «Օտար կնկայ շրթունքները մեղրի խորիսխ են կաթեցնում, եւ նորա քիմքը իւղից կակուղ է. Բայց նորա վախճանը դառն է օշինդրի պէս, սուր է երկսայրի սուրի պէս»։ Ոմանց համար սեռական անբարոյությունը՝ լինի դա անբարո կնոջ կամ մեկ ուրիշի հետ, կարող է հրապուրիչ թվալ։ Սակայն վերոհիշյալ զգուշացումներն անտեսելը կարող է մեզ վնասել, ինչպես որ կվնասվենք, եթե ուշադրություն չդարձնենք «մուտքն արգելված է» արգելանշանին։
Նախքան որևէ բան ձեռնարկելը հարցրու ինքդ քեզ. «Ո՞ւր է այս քայլը տանում ինձ»։ Միայն հետևանքների մասին մտածելը բավական է, որպեսզի դու չանես այնպիսի բան, որի համար հետագայում կզղջաս։ ՁԻԱՀ–ը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները, անցանկալի հղիությունը, արհեստական վիժումը, վնասված հարաբերությունները և մեղքի զգացումը վնաս են հասցնում այն մարդկանց, ովքեր անտեսում են Աստծու զգուշացումները։ Պողոս առաքյալը հստակ ցույց տվեց, թե ինչ է սպասվում անբարոյություն գործող անհատներին։ Նրանք «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։
«Սա է ճանապարհը»
Երբեմն դժվար է տեսնել ճանապարհի վերջը։ Ուստի որքա՜ն երախտապարտ ենք, որ Աստված սիրով հոգ է տանում մեր մասին և հստակ առաջնորդություն է տալիս մեզ։ «Սա է ճանապարհը,— ասում է Եհովան,— սորանով գնացէք» (Եսայիա 30։21)։ Իսկ ինչպիսի՞ն է նրա ցույց տված ճանապարհը։ Այդ ճանապարհը նեղ է և դժվար, սակայն Հիսուսն ասաց, որ այն տանում է հավիտենական կյանքի (Մատթեոս 7։14)։
Մի պահ մտածիր, թե ինչ ճանապարհով ես դու քայլում։ Արդյոք դու ճի՞շտ ուղու վրա ես։ Ո՞ւր է տանում այն։ Փնտրիր Եհովայի առաջնորդությունը աղոթքի միջոցով։ Խորհուրդների համար դիմիր «քարտեզին»՝ Աստվածաշնչին։ Հնարավոր է զգաս, որ պետք է խորհրդակցել փորձառու ճանապարհորդի հետ, այսինքն՝ նրա հետ, ով հետևում է Աստծու առաջնորդությանը։ Եթե տեսնես, որ հարկավոր է փոխել ուղղությունը, անմիջապես արա դա։
Հաճախ ճանապարհորդը քաջալերվում է, երբ ուղենշան է տեսնում. այն վստահեցնում է նրան, որ ճիշտ ճանապարհի վրա է։ Երբ քննում ես քո կյանքը և տեսնում, որ ճիշտ ուղու վրա ես, շարունակիր ճանապարհդ։ Օրհնությունները դեռ առջևում են (2 Պետրոս 3։13)։
Ցանկացած ճանապարհ ինչ–որ տեղ է տանում։ Իսկ քո ընտրած ճանապարհը ո՞ւր է տանում քեզ։ Եթե տեղ հասնելուց հետո պարզվի, որ սխալ ուղի ես ընտրել, արդեն ուշ կլինի որևէ բան փոխելու համար։ Ուստի ճանապարհ ընկնելուց առաջ նախ մտածիր, հետո գործիր։
[շրջանակ/նկար 10–րդ էջի վրա]
Նախ մտածիր հետո գործիր
Երիտասարդները հաճախ են գայթակղությունների բախվում և ճնշումների ենթարկվում։ Ստորև նշված է, թե ինչպիսի իրավիճակներում կարող են հայտնվել նրանք։
◼ Ինչ–որ մեկը դրդում է քեզ ծխախոտ ծխելու։
◼ Բարի միտումներից մղված՝ ուսուցիչը հորդորում է քեզ բարձրագույն կրթություն ստանալ։
◼ Քեզ հրավիրում են երեկույթի, որտեղ բոլորը օգտագործելու են ոգելից խմիչքներ և թմրանյութեր։
◼ «Ինչո՞ւ չես ուզում քո տվյալները (քո նկարները կամ անձնական տեղեկությունները) տեղադրել Ինտերնետում»,— առաջարկում է ինչ–որ մեկը։
◼ Քո ընկերը հրավիրում է քեզ դիտել մի ֆիլմ, որում բռնություն և անբարոյություն է ցուցադրվում։
Ի՞նչ կանես։ Կտրվե՞ս գայթակղությանը, թե՞ լրջորեն կմտածես՝ ինչ կլինի վերջը։ Խելամիտ կլինի, որ հարցնես ինքդ քեզ. «Հնա՞ր է, որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։ Կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին» (Առակաց 6։27, 28)։