Հիսուսը դժոխքի տանջանքնե՞րը նկատի ուներ
ԿՐԱԿԵ դժոխքի գաղափարը պաշտպանող մարդկանցից ոմանք որպես հիմք բերում են Հիսուսի այն խոսքերը, որոնք գրված են Մարկոս 9։48–ում (ըստ ԱԹ–ի՝ 9։47 կամ 9։43, 45 համարներում)։ Նա խոսեց չմեռնող որդի և չմարող կրակի մասին։ Ի՞նչ կպատասխանես, եթե քեզ հարց տան այս համարների վերաբերյալ։
Անհատը գուցե ընթերցի 44–րդ, 46–րդ կամ 48–րդ համարը, նայած թե նրա ձեռքում ո՛ր Աստվածաշունչն է. որոշ Աստվածաշնչերում այս երեքն էլ նույն միտքն են պարունակումa։ «Նոր աշխարհ թարգմանությունում» կարդում ենք. «Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, դե՛ն գցիր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես Աստծու թագավորությունը, քան թե երկու աչքով գցվես գեհենը, որտեղ նրանց որդը չի մեռնում, և կրակը չի մարում» (Մարկ. 9։47, 48)։
Ոմանք պնդում են, թե Հիսուսի այդ խոսքերը թիկունք են կանգնում այն տեսակետին, թե մահից հետո ամբարիշտ մարդկանց հոգիները հավիտյան տանջվում են։ Օրինակ՝ Նավառայի համալսարանի հրատարակած Աստվածաշնչում (Sagrada Biblia) ասվում է. «Մեր Տերը [այս խոսքերով] նկատի ուներ դժոխքում տանջվելը։ «Չմեռնող որդը» հաճախ բացատրվում է որպես խղճի հավիտենական խայթոցներ, որոնք զգում են դժոխքում գտնվողները, իսկ «չմարող կրակը»՝ որպես նրանց ֆիզիկական ցավեր»։
Սակայն համեմատենք Հիսուսի խոսքերը Եսայիայի մարգարեության վերջին համարի հետb։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Հիսուսը հղում արեց Եսայիա 66–րդ գլխից վերցված այդ համարին։ Եսայիան ակներևաբար նկատի ուներ «Երուսաղեմից դուրս գալը դեպի Հիննոմի ձոր (Գեհեն), որտեղ մի ժամանակ մարդիկ էին զոհաբերվում (Երեմ. 7։31), և որը, ի վերջո, դարձավ քաղաքի աղբանոց» (The Jerome Biblical Commentary)։ Միանգամայն հստակ է, որ Եսայիա 66։24–ը չի խոսում տանջվող մարդկանց մասին. այստեղ խոսվում է «դիերի»՝ դիակների մասին։ Այս համարում նշվում է, որ չի մեռնում ո՛րդը, ոչ թե մարդը կամ անմահ հոգին։ Այդ դեպքում ի՞նչ էր ուզում ասել Հիսուսը։
Մի կաթոլիկական աշխատությունում Մարկոս 9։48–ի վերաբերյալ գրված է. «Այս արտահայտությունը վերցված է Եսայիա 66։24–ից։ Այստեղ մարգարեն ցույց է տալիս, որ դիակները երկու ձևով են վերջնականապես ոչնչանում՝ փտելով կամ այրվելով.... Համարում որդի և կրակի միասին հիշատակվելը շեշտում է ոչնչացման գաղափարը.... Երկու կործանարար ուժերն էլ միշտ կան («չի մեռնում», «չի մարում»). դրանցից հնարավոր չէ խուսափել։ Այս նկարագրության մեջ չեն ոչնչանում միայն որդն ու կրակը և ոչ թե մարդը։ Այդ երկուսը իսպառ վերացնում են ցանկացած բան, որ ընկնում է նրանց ձեռքը։ Հետևաբար, այս համարում խոսվում է ոչ թե հավիտենական տանջանքների, այլ լիակատար ոչնչացման մասին, որը հավասարազոր է վերջնական մահվան. հարության հույս չկա։ Ուստի [կրակը] բնաջնջման խորհրդանիշ է» (El evangelio de Marcos. Análisis lingüístico y comentario exegético, հատոր II)։
Ցանկացած մարդ, ով գիտի, որ ճշմարիտ Աստված սիրող է և արդար, պետք է կարողանա տեսնել, որ տրամաբանական է Հիսուսի հիշյալ խոսքերը հենց այսպես հասկանալը։ Նա չէր ասում, թե ամբարիշտները հավիտյան կտանջվեն։ Հիսուսը նկատի ուներ, որ նրանք լիակատար ոչնչացման վտանգի տակ են՝ առանց հարության հույսի։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչի ամենահավաստի ձեռագրերում բացակայում են 44–րդ և 46–րդ համարները։ Մասնագետների կարծիքով՝ այս երկու համարները ավելացվել են հետագայում։ Պրոֆեսոր Արչիբալդ Ռոբերտսոնը գրում է. «Ամենահին և լավագույն ձեռագրերը չեն պարունակում այս երկու համարները։ Դրանք ծագում են ձեռագրերի արևմտյան և ասորական (բյուզանդական) խմբավորումներից։ Այդ համարները ընդամենը կրկնում են 48–րդ խոսքը։ Ուստի մենք բաց ենք թողնում 44–րդ և 46–րդ համարները, որոնք բնագրային չեն»։
b «Նորանք պիտի դուրս գան եւ տեսնեն ինձ դէմ ապստամբող մարդկանց դիերը, որովհետեւ նորանց որդը չի մեռնիլ, եւ նորանց կրակը չի հանգչիլ, եւ նորանք պիտի զզուանք լինեն ամեն մարմնի համար» (Ես. 66։24)։