Մխիթարություն անբուժելի հիվանդությամբ տառապողներին
«Երբ իմացա, որ մայրս անբուժելի հիվանդություն ունի, չէի կարողանում հավատալ։ Ես անչափ ընկճված էի և չէի հաշտվում այն մտքի հետ, որ սիրելի մայրս շուտով մահանալու էր» (Գրեյս, Կանադա)։
ԵՐԲ բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ մեր հարազատը անբուժելի հիվանդություն ունի, մեր ընկերները և ընտանիքի անդամները շատ են տխրում և գուցե չիմանան, թե ինչպես արձագանքեն։ Ոմանք գուցե մտածեն, թե պետք է արդյոք հիվանդին հայտնեն նրա առողջական վիճակի մասին ողջ ճշմարտությունը։ Մյուսները վստահ չեն, որ կարող են դիմանալ՝ տեսնելով, որ իրենց հարազատը տառապում է և անօգնական վիճակում է։ Շատերին անհանգստացնում է այն, որ նրանք չգիտեն, թե ինչ կասեն կամ ինչ կանեն հիվանդի կյանքի վերջին ժամերին։
Ինչպե՞ս կարող եք արձագանքել այդպիսի վատ լուր լսելիս։ Եվ ինչպե՞ս կարող եք անկեղծ «բարեկամ» լինել և մխիթարել ու աջակցել ծանր իրավիճակում գտնվողին (Առակաց 17։17)։
Բնական արձագանք
Միանգամայն բնական է վշտանալ, երբ մեր սիրելիներից մեկը տառապում է լուրջ հիվանդությամբ։ Նույնիսկ բժիշկներն են հաճախ ընկճվում և իրենց անզոր զգում, երբ հոգում են անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց ֆիզիկական և զգացական կարիքները, չնայած որ նրանք հաճախ են տեսնում, թե ինչպես են հիվանդները մահանում, և հաճախ են զրուցում նրանց հետ մահվան մասին։
Գուցե դուք էլ չկարողանաք զսպել ձեր զգացումները, երբ տեսնեք, որ ձեր հարազատը տառապում է։ Բրազիլիայում ապրող Հոզա անունով մի կին, որի քույրը անբուժելի հիվանդություն ուներ, ասում է. «Շատ դժվար բան է տեսնել, որ նա, ում շատ ես սիրում, անընդհատ տառապում է»։ Երբ հավատարիմ ծառա Մովսեսը տեսավ, թե ինչպես բորոտությունը հարվածեց իր քրոջը, բացականչեց. «Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան» (Թուոց 12։12, 13)։
Մենք մեծ ցավ ենք զգում, երբ տեսնում ենք մեր սիրելի անհատին հիվանդ վիճակում, որովհետև ստեղծված ենք մեր կարեկից Աստծու՝ Եհովայի պատկերով (Ծննդոց 1։27; Եսայիա 63։9)։ Իսկ ի՞նչ է զգում Եհովան, երբ տեսնում է մարդկանց տառապանքը։ Քննենք Հիսուսի օրինակը։ Նա կատարելապես արտացոլեց իր Հոր հատկությունները (Հովհաննես 14։9)։ Երբ Հիսուսը տեսավ հիվանդ մարդկանց, «խղճահարվեց» (Մատթեոս 20։29–34; Մարկոս 1։40, 41)։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, երբ Հիսուսի ընկեր Ղազարոսը մահացավ, և նա տեսավ, թե մահը ինչ ազդեցություն թողեց մահացածի ընտանիքի և ընկերների վրա, անչափ հուզվեց, և նրա «աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։32–35)։ Այո՛, Աստվածաշնչում մահը կոչվում է թշնամի, և այնտեղ ասվում է, որ շուտով թե՛ հիվանդությունը և թե՛ մահը չեն լինի (1 Կորնթացիներ 15։26; Հայտնություն 21։3, 4)։
Հասկանալի է, որ գուցե դուք մեղադրեք ինչ–որ մեկին այն բանի համար, որ ձեր հարազատը անբուժելի հիվանդություն ունի։ Սակայն դոկտոր Մարթա Օրտիսը, որն անբուժելի հիվանդություն ունեցող մարդկանց հոգ տանելու թեմայով մի աշխատանք էր պատրաստել, այսպիսի խորհուրդ է տալիս. «Խուսափեք հիվանդի վիճակի համար ուրիշներին՝ բուժանձնակազմին, բուժքույրերին կամ ինքներդ ձեզ մեղադրելուց։ Դա միայն կմեծացնի լարվածությունը, և ձեր ուշադրությունը կշեղի գլխավոր խնդրից՝ հիվանդի կարիքների մասին հոգ տանելուց»։ Ի՞նչ գործնական քայլեր կարող եք ձեռք առնել, որպեսզի օգնեք ձեր հարազատին տոկալու հիվանդությանը և համակերպվելու մահվան մտքի հետ։
Կենտրոնանալ անհատի վրա և ոչ թե հիվանդության
Առաջին քայլն այն է, որ կենտրոնանաք հիվանդի վրա և ոչ թե հիվանդության թողած հետևանքների։ Ինչպե՞ս կարող եք անել դա։ Սառա անունով մի բուժքույր ասում է. «Ես ժամանակ եմ հատկացնում և նայում եմ հիվանդի այն նկարները, որոնցում նա առույգ է եղել։ Ուշադրությամբ լսում եմ նրան, երբ նա պատմում է իր հիշողություններից։ Դա օգնում է ինձ մտածել նրա կյանքի անցած տարիների մասին և չկենտրոնանալ նրա ներկա վիճակի վրա»։
Ան–Քաթրինը, որը նույնպես բուժքույր է, պատմում է, թե ինչպես է նրան հաջողվում չկենտրոնանալ հիվանդի ներկա վիճակի վրա։ «Ես նայում եմ հիվանդի աչքերի մեջ,— ասում է նա,— և մտածում եմ, թե ինչպես կարող եմ բարելավել նրա վիճակը»։ Մի գրքում ասվում է. «Բնական է վատ զգալ, երբ տեսնում եք, թե ինչպես է հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով փոխվել ձեր հարազատի արտաքինը։ Այդպիսի հանգամանքներում լավագույն բանը, որ կարող եք անել, այն է, որ նայեք ձեր սիրելի անհատի աչքերի մեջ և հիշեք, որ նրա էությունը չի փոխվել» (The Needs of the Dying— A Guide for Bringing Hope, Comfort, and Love to Life’s Final Chapter)։
Անշուշտ, այդպիսի մոտեցումը ինքնատիրապետում և վճռականություն է պահանջում։ Ժորժը՝ քրիստոնյա մի երեց, որը կանոնավորաբար այցելում է անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց, այսպիսի խոսքեր է ասում. «Ընկերոջ հանդեպ սերը պետք է ավելի ուժեղ լինի, քան հիվանդությունը»։ Եթե դուք կենտրոնանաք ձեր հարազատի վրա և ոչ թե հիվանդության, դա օգտակար կլինի թե՛ ձեզ, թե՛ նրա համար։ Իվոնը, որը հոգ է տանում քաղցկեղով տառապող երեխաների մասին, ասում է. «Երբ գիտակցում ես, որ կարող ես օգնել հիվանդներին, որ իրենց անօգնական չզգան, կարողանում ես չնկատել նրանց արտաքինի մեջ տեղի ունեցած փոփոխությունները»։
Պատրաստ եղեք լսելու
Հնարավոր է, որ մարդիկ խուսափեն մահացող անհատի հետ շփումից, նույնիսկ եթե շատ են սիրում նրան։ Ինչո՞ւ։ Նրանց մտահոգում է այն, որ ճիշտ խոսքեր չեն գտնի ասելու։ Սակայն Ան–Քաթրինը, որը վերջերս հոգ էր տանում անբուժելի հիվանդությամբ տառապող իր ընկերուհու մասին, նշում է, որ լուռ մնալը իր տեղն ունի։ Նա ասում է. «Մենք կարող ենք հիվանդին մխիթարել ոչ միայն խոսքերով, այլև մեր ներկայությամբ։ Երբ մոտեցնում ես աթոռը և նստում հիվանդի կողքին, բռնում ես նրա ձեռքը, արտասվում ես, երբ նա ազատորեն արտահայտում է իր զգացումները, ցույց ես տալիս, որ հոգ ես տանում նրա մասին»։
Ձեր հարազատը հավանաբար կարիք ունի արտահայտելու իր զգացումները՝ անկեղծորեն ու ազատորեն հաղորդակցվելու ձեզ հետ։ Սակայն հաճախ հիվանդը հասկանում է, որ իր հարազատները մտահոգված են, և նա խուսափում է անձնական հարցերի մասին խոսելուց։ Լավ միտումներից մղված՝ ընկերներն ու ընտանիքի անդամները գուցե խուսափեն նաև այնպիսի թեմաներ քննարկելուց, որոնք մտահոգում են հիվանդին, և նույնիսկ թաքցնեն նրանից նրա հիվանդության մասին որոշ տեղեկություններ։ Ի՞նչ է պատահում այդպիսի դեպքերում։ Մի բժիշկ, որն օգնում է անբուժելի հիվանդությամբ տառապողներին, բացատրում է, որ հիվանդից ճշմարտությունը թաքցնելը «հնարավորություն չի տալիս նրան հաշտվելու այն մտքի հետ, որ անբուժելի հիվանդ է, և նա չի կարողանում ազատորեն խոսել այդ մասին»։ Ուստի եթե հիվանդը ցանկանում է, պետք է թույլ տալ, որ նա խոսի իր վիճակի և մահվան հավանականության մասին։
Եհովայի վաղեմի ծառաներն իրենց մոտալուտ մահվան մասին իմանալիս չէին վարանում իրենց մտահոգությունները հայտնել Աստծուն։ Օրինակ՝ երբ Եզեկիա թագավորը 39 տարեկանում իմացավ, որ շուտով մահանալու է, իր վշտի մասին հայտնեց Եհովային (Եսայիա 38։9–12, 18–20)։ Նմանապես, մենք պետք է թույլ տանք, որ հիվանդը արտահայտի իր տխրությունը, երբ հասկանում է, որ շուտով մահանալու է։ Գուցե նա ընկճվի, քանի որ այլևս չի կարողանա իրականացնել իր նպատակները, օրինակ՝ ճանապարհորդել, երեխաներ ունենալ, տեսնել, թե ինչպես են մեծանում թոռները, կամ լիարժեքորեն ծառայել Աստծուն։ Գուցե նա անհանգստանա, որ իր ընկերներն ու ընտանիքի անդամները կխուսափեն իրենից, քանի որ չեն իմանա, թե ինչպես պետք է արձագանքեն (Յոբ 19։16–18)։ Նրան կարող է անհանգստացնել նաև այն, որ գուցե տառապանքներ կրի, որ նրա օրգանիզմի ֆունկցիաները կարող են խանգարվել, կամ գուցե նա միայնության մեջ մահանա։
Ան–Քաթրինն ասում է. «Պետք է թույլ տաք, որ ձեր հարազատը արտահայտի իր մտքերը՝ առանց նրան ընդհատելու և մեղադրելու կամ ասելու, որ վախենալու կարիք չկա։ Դա լավագույն բանն է, որ կարող եք անել իմանալու համար, թե ինչ է նա իրականում զգում, ինչ ցանկություններ, մտահոգություններ և սպասելիքներ ունի»։
Հասկանալ հիմնական կարիքները
Ձեր հարազատի վիճակը, որը գուցե ավելի ծանրանա ուժեղ թերապիաներից և դրանց հետևանքներից, կարող է այնքան անհանգստացնել ձեզ, որ մոռանաք նրա հիմնական կարիքների մասին։ Հարկավոր է թույլ տալ, որ նա ընտրություն կատարի բուժման մեթոդ ընտրելու հարցում։
Որոշ մշակույթներում ընտանիքի անդամները գուցե փորձեն պաշտպանել հիվանդին՝ թաքցնելով ճշմարտությունը նրա վիճակի մասին, մինչև իսկ թույլ չտալով նրան որոշում կայացնել բուժման մեթոդի ընտրության հարցում։ Ուրիշ մշակույթներում այլ կարգի խնդիրներ կարող են ծագել։ Օրինակ՝ Ժերին, որը բուժակ է, ասում է. «Այցելուները երբեմն հակված են հիվանդի մահճակալի մոտ կանգնած խոսել նրա մասին այնպես, ասես նա այլևս այնտեղ չէ»։ Այս երկու դեպքում էլ նման վերաբերմունքը վիրավորում է հիվանդի զգացմունքները։
Հիվանդը նաև հույսի կարիք ունի։ Այն երկրներում, որտեղ որակյալ բուժօգնություն է ցույց տրվում, արդյունավետ բուժօգնություն ստանալու մաս է կազմում նաև հիվանդին հույս ներշնչելը։ Միշելը, որը հոգ է տանում իր մոր մասին, որն արդեն երրորդ անգամ հիվանդացել է քաղցկեղով, ասում է. «Եթե մայրս ցանկանում է բուժման մեկ ուրիշ մեթոդ ընտրել կամ մեկ ուրիշ մասնագետի հետ զրուցել, ես օգնում եմ նրան այդ մասին ինֆորմացիա ձեռք բերել։ Ես հասկացել եմ, որ անհրաժեշտ է իրատեսորեն վերաբերվել այս խնդրին, բայց, միևնույն ժամանակ, դրականորեն արտահայտվել»։
Ի՞նչ կարելի է անել այն դեպքում, երբ բուժվելու որևէ հույս չկա։ Հիշեք, որ անբուժելի հիվանդությամբ տառապող անհատը կարիք ունի բացեիբաց քննարկելու այն հարցը, որ հնարավոր է մահանա։ Քրիստոնյա երեց Ժորժը, որի մասին արդեն հիշատակեցինք, ասում է. «Շատ կարևոր է չթաքցնել հիվանդից այն, որ հնարավոր է նա շուտով մահանա։ Դա հնարավորություն կտա հիվանդին անհրաժեշտ քայլեր ձեռք առնել և պատրաստվել իր մահվանը»։ Պատրաստված լինելու դեպքում նա կարող է հանգիստ լինել, որ ոչ մի գործ անավարտ չի թողել և շատ չի մտահոգվի, որ կարող է բեռ լինել ուրիշների համար։
Ինչ խոսք, նման հարցեր քննարկելը դժվար է։ Բայց այդպիսի անկեղծ զրույցները հնարավորություն են տալիս արտահայտելու ձեր խոր զգացումները։ Մահամերձ անհատը գուցե ցանկանա հարթել նախկին տարաձայնությունները, արտահայտել իր զղջումը որոշ բաների համար կամ ներողություն խնդրել։ Այդպիսի զրույցները ձեզ ավելի կմտերմացնեն նրա հետ։
Մխիթարել կյանքի վերջին օրերին
Ինչպե՞ս կարող եք մխիթարել մահամերձ անհատին։ Դոկտոր Օրտիսը, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Թույլ տվեք, որ հիվանդը հայտնի իր վերջին խնդրանքների մասին։ Ուշադրությամբ լսեք նրան։ Հնարավորության սահմաններում փորձեք անել այն, ինչ հիվանդը ուզում է։ Եթե հնարավոր չէ կատարել նրա խնդրանքը, պարզ ասեք այդ մասին»։
Մահամերձ անհատը գուցե առավել, քան երբևէ, կարիք ունենա շփվելու նրանց հետ, ովքեր թանկ են իր համար։ Ժորժն ասում է. «Օգնեք հիվանդին շփվել իր մտերիմների հետ, նույնիսկ եթե զրույցները կարճատև լինեն նրա թույլ լինելու պատճառով»։ Նույնիսկ եթե նրանք զրուցում են հեռախոսով, կարող են փոխադարձ քաջալերություն ստանալ, նաև աղոթել միասին։ Քրիստին անունով մի կանադացի, որը մեկը մյուսի հետևից կորցրեց իր երեք հարազատներին, պատմում է. «Որքան քիչ ժամանակ էր մնում նրանց ապրելու, այնքան ավելի շատ էին նրանք զգում իրենց քրիստոնյա հավատակիցների աղոթքների կարիքը»։
Արդյոք պե՞տք է զսպեք ձեր արցունքները, երբ գտնվում եք մահամերձ հարազատի կողքին։ Ո՛չ։ Եթե արտասվեք, հնարավորություն կտաք նրան մխիթարելու ձեզ։ Մի գրքում ասվում է. «Շատ հուզիչ է, երբ մահամերձ անհատը մխիթարում է ձեզ, ինչը կարող է անչափ կարևոր լինել նրա համար» (The Needs of the Dying)։ Ուրիշներին մխիթարելով՝ նա, ով մեծ հոգատարության կարիք ունի, կարող է նորից զգալ իրեն որպես հոգատար ընկեր, հայր կամ մայր։
Հասկանալի է, որ հանգամանքների պատճառով գուցե չկարողանաք ձեր հարազատի կողքին լինել նրա կյանքի վերջինի ժամերին։ Այնուամենայնիվ, եթե նրա կողքին լինեք հիվանդանոցում կամ տանը, փորձեք բռնել նրա ձեռքը մինչև նրա մահանալը։ Այդ վերջին պահերը հնարավորություն կտան արտահայտելու ձեր զգացումները, ինչը գուցե նախկինում հաճախ առիթ չեք ունեցել անելու։ Նույնիսկ եթե ձեր հարազատը չկարողանա որևէ բան ասել, մի վարանեք նրան հրաժեշտ տալ, ձեր սերն արտահայտել նրա հանդեպ և ասել, որ հույս եք փայփայում նորից հանդիպելու նրան հարության ժամանակ (Յոբ 14։14, 15; Գործեր 24։15)։
Եթե ճիշտ օգտագործեք այդ վերջին պահերը, հավանաբար հետագայում ափսոսանքի զգացում չեք ունենա։ Իրականում այդ պահերին արտահայտած ձեր անկեղծ զգացումները հետագայում մխիթարության աղբյուր կլինեն ձեզ համար, երբ մտածեք այդ մասին։ Այդպիսով դուք կլինեք անկեղծ բարեկամ, որը «նեղ օրուան համար է» (Առակաց 17։17)։
[նկար 27–րդ էջի վրա]
Եթե կենտրոնանաք ձեր հարազատի վրա և ոչ թե հիվանդության, դա օգտակար կլինի թե՛ ձեզ, թե՛ նրա համար
[Շրջանակ/նկար 29–րդ էջի վրա]
Ինչպես հարգանք ցույց տալ հիվանդի հանդեպ
Շատ երկրներում ջանքեր են գործադրվում, որպեսզի հաշվի առնվի այն, որ անբուժելի հիվանդությամբ տառապողը իրավունք ունի մահանալ հանգիստ ու արժանապատվությամբ։ Եթե նա իր ցանկությունների մասին նախապես գրավոր փաստաթուղթ կազմի, ապա մյուսները կկարողանան հարգել նրա իրավունքները և թիկունք կկանգնեն տանը կամ հիվանդանոցում մահանալու վերաբերյալ նրա որոշմանը։
Նախապես կազմված փաստաթուղթը կօգնի հետևյալ հարցերում.
• Կնպաստի բժիշկների և բարեկամների հետ հաղորդակցությանը
• Կազատի ընտանիքին իր փոխարեն որոշում կայացնելու պատասխանատվությունից
• Կնվազեցնի անցանկալի, անօգուտ, ուժեղ և թանկարժեք բուժումներ ստանալու հավանականությունը
Գրավոր փաստաթուղթը օգտակար կլինի, եթե պարունակի հետևյալ տեղեկությունները.
• Բժշկական միջամտության հարցերով ձեր ներկայացուցչի անուն–ազգանունը
• Բուժման մեթոդների անվանումները, որոնք դուք համաձայն եք ընդունել կամ որոնցից հրաժարվում եք, եթե դրանք չեն բարելավի ձեր առողջական վիճակը
• Հնարավորության դեպքում այն բժշկի անունը, որը տեղյակ է ձեր կայացրած որոշումների մասին
[նկար 26–րդ էջի վրա]
Կենտրոնացեք անհատի անցյալի վրա և մի մտածեք նրա ներկա վիճակի մասին