Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 5/1 էջ 13–15
  • Մեծ աղետ սողոմոնի կղզիներում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեծ աղետ սողոմոնի կղզիներում
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Երկրաշա՛րժ
  • Այնուհետև ցունամի
  • Օգնության միջոցներ
  • Գովասանքի խոսքեր ականատեսների կողմից
2008 Դիտարան
w08 5/1 էջ 13–15

Մեծ աղետ Սողոմոնի կղզիներում

2007 թ. ապրիլի 2–ին՝ երկուշաբթի օրը, Սողոմոնի կղզիների մի մասում՝ Ավստրալիայից դեպի հյուսիս–արևելք գտնվող տրոպիկական արշիպելագում, 8,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ։ Մի քանի րոպեում ջրի հսկայական ալիքները (ըստ որոշ տվյալների՝ մոտ 10 մետր բարձրության) հարվածեցին արշիպելագի արևմտյան հատվածին, որի հետևանքով մահացավ 52 մարդ, և 6 000 հոգի անտուն մնաց։

Ամենից շատ վնասներ կրած վայրերից էր Գիզո կղզու ծովափնյա Գիզո քաղաքը, որն ուներ մոտ 7 000 բնակիչ և էպիկենտրոնից գտնվում էր ընդամենը 45 կիլոմետր հեռավորության վրա։ Գիզո քաղաքի՝ Եհովայի վկաների փոքրաթիվ ժողովը պատրաստվում էր այդ օրը նշել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն (1 Կորնթացիներ 11։23–26)։ Օրը սկսվեց գեղեցիկ արևածագով։ Ծովը խաղաղ էր։ Տեղի ժամանակով 7։39–ին տեղի ունեցավ երկրաշարժը։

Երկրաշա՛րժ

Ժողովի երեցներից մեկը՝ Ռոն Պարկինսոնը, և նրա կինը՝ Դորոթին, նախաճաշ էին պատրաստում, երբ հարվածեց երկրաշարժը։ «Մեր տունը, որը շատ հին էր, կոկոսյան արմավենու պես ճոճվեց, սակայն կանգուն մնաց,— պատմում է Ռոնը։— Աղմուկն աննկարագրելի էր։ Սպասքի պահարանները, կահույքը, ողջ սպասքը, դաշնամուրը և ամեն բան, որ հնարավոր էր տեղաշարժել, ուժգնորեն ընկան հատակին։ Մենք մեծ դժվարությամբ դուրս եկանք տնից։ Դորոթին կոտրված ապակիներով վնասեց ոտքը»։

Միսիոներներ Թոնի և Քրիստին Շաուները, որոնք ապրում էին նրանց հարևանությամբ, նույնպես արագորեն դուրս եկան տնից։ «Երկրաշարժն այնպիսի ուժով հարվածեց, որ ես գետին ընկա և չէի կարողանում վեր կենալ,— ասում է Քրիստինը։— Տները լողում էին ջրի վրա։ Մի հսկայական ալիք դրանք քանդել էր հիմքից։ Հուսահատ՝ մարդիկ մակույկներով թիավարում էին փլված տների միջով՝ փնտրելով կենդանի մնացածներին։ Այնուհետև մեկ ուրիշ ուժգին ցնցում եղավ, դրանից հետո մեկ ուրիշը։ Հինգ օր շարունակ ցնցումներ էին լինում։ Սարսափելի բան էր»։

Այնուհետև ցունամի

Երկրաշարժի ժամանակ Փաթսոն Բաիան Սեպո Հիտե կղզում էր, որը գտնվում է Գիզոյից 6 կիլոմետր հեռու։ Ի՞նչ պատահեց Փաթսոնին և նրա ընտանիքին։

Փաթսոնը պատմում է իրենց կրած դժվարություններից. «Ծովափի երկայնքով վազեցի կնոջս՝ Նոեմիի, ու չորս երեխաներիս կողմը։ Ցնցումից նրանք գետին էին ընկել, սակայն անվնաս էին մնացել։ Երեխաները դողում էին ու լաց լինում։ Նոեմին ու ես հանգստացրինք նրանց։

Նկատեցի, որ ծովը անսովոր կերպով շարժվում էր։ Դա սպասվող ցունամիի նշան էր։ Թվում էր, թե մեր փոքրիկ կղզին ջրի տակ կանցնի։ Մայրս՝ Էվելինը, որն ապրում էր հարևան կղզում, նույնպես վտանգի մեջ էր։ Ես ընտանիքիս անդամներին նստեցրի մեր մակույկը, որը մեխանիկական շարժիչ ուներ, և գնացինք նրան օգնելու։

Կարճ տարածություն անցնելուց հետո մեր մակույկի տակով մի ահռելի ալիք անցավ։ Ծովը բարձրանում ու իջնում էր։ Երբ տեղ հասանք, տեսանք, որ մայրս ցնցված էր ու շփոթված։ Նա վախենում էր ջուրը մտնել։ Նոեմին և Ջերեմին՝ մեր 15–ամյա որդին, ջրի ուժգին հոսանքի մեջ սուզվելով, լողացին դեպի մայրս և օգնեցին նրան լողալով հասնել մակույկին։ Այնուհետև միացնելով շարժիչը ողջ հզորությամբ՝ գնացինք ծովի խորքը։

Ծովի ջուրը նախկինում երբեք այդքան հետ չէր գնացել։ Կղզիների շուրջբոլորը կորալային խութեր էին երևում։ Հանկարծ ջրի մի մեծ ալիք հարվածեց երկու կղզիներին՝ ջրով ծածկելով դրանք։ Ծովի ափին գտնվող մեր այն տունը, որը նախատեսված էր հյուրերի համար, անջատվեց հիմքից և ամբողջությամբ քարուքանդ եղավ, այնպես որ հնարավոր չէր այն վերանորոգել։ Իսկ մեր տունը լցվեց ջրով, և մեր ունեցվածքի մեծ մասը ավերվեց։ Երբ ջրի մակարդակը կարգավորվեց, տնից վերցրինք մեր Աստվածաշնչերն ու երգարանները և ուղևորվեցինք Գիզո»։

Կղզու ողջ ափով ավերակներ էին։ Շատ մարդ էր մահացել։ Ամենից շատ վնասվել էր Գիզո կղզու արևմտյան հատվածը։ Առնվազն 13 գյուղ ամբողջությամբ ավերվել էր 5 մետր բարձրության մի մեծ ալիքի հարվածից։

Այդ գիշեր Գիզո քաղաքի Եհովայի վկաների Թագավորության սրահում հավաքվեց 22 հոգի՝ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն նշելու համար։ Բարեբախտաբար, նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չէր ստացել աղետի պատճառով։ «Էլեկտրականություն չկար, իսկ մեր նավթի լամպերը կոտրվել էին,— ասում է Ռոնը, որի մասին նշվեց վերևում։— Ուստի եղբայր Շաուն ելույթը ներկայացրեց ձեռքի լապտերի լույսի տակ։ Մթության մեջ մենք Եհովային ուղղված գովաբանության երգեր երգեցինք մի քանի ձայնով»։

Օգնության միջոցներ

Երբ աղետի մասին լուրը հասավ Հոնիարա՝ մայրաքաղաք, Եհովայի վկաների տեղի մասնաճյուղը արագորեն քայլեր ձեռք առավ աղետից տուժածներին առաջին անհրաժեշտության միջոցներ ուղարկելու համար։ Հեռախոսակապի միջոցով տեղեկացան, որ Վկաների մեծ մասը ապահովության մեջ է։ Վստահելի մարդիկ ուղարկվեցին ամենահեռու տեղում՝ Շուազյոլ կղզում ապրող միակ Վկային գտնելու համար։ Այդ քրոջը գտան ողջ և առողջ։ Ֆինանսական միջոցներ ուղարկվեցին նաև Գիզո քաղաք՝ անհրաժեշտ իրեր գնելու նպատակով։

Հինգշաբթի օրը առաջին իսկ թռիչքով մասնաճյուղի երկու ներկայացուցիչներ եկան Գիզո։ «Մենք մի քանի արկղ օգնության միջոցներ ունեինք,— պատմում է Քրեյգ Թաքերը՝ մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը։— Մյուս ուղևորները չկարողացան վերցնել իրենց ծանրոցները քաշային սահմանափակումների պատճառով, սակայն մենք ուրախ էինք, որ մեր բոլոր արկղերը ապահով տեղ հասան։ Մեր արկղերը աղետի գոտի բերված օգնության առաջին միջոցներից էին։ Երկու օր անց լրացուցիչ օգնություն ստացանք նավակով»։

Այդ ընթացքում Թոնի Շաուն և Փաթսոն Բաիան Գիզո քաղաքի ուրիշ Վկաների հետ մակույկով երկու ժամ նավարկեցին դեպի Ռանոնգա, որպեսզի օգնեն այնտեղ ապրող Վկաներին։ Այս կղզին, որն ունի 32 կիլոմետր երկարություն և 8 կիլոմետր լայնություն, երկրաշարժի պատճառով ավելի քան 2 մետրով բարձրացել էր ծովից։ Կղզու շրջակայքում ջրի հանկարծակի տեղաշարժը, ակներևաբար, ցունամի էր առաջ բերել, որը հարվածել էր մոտակա կղզիներին։

«Ժողովի անդամները շատ ուրախացան, երբ տեսան մեզ,— պատմում է Թոնին։— Նրանք ողջ և առողջ էին, սակայն ապրում էին դրսում, քանի որ վախենում էին հնարավոր ցնցումներից։ Մեր մակույկը առաջինն էր, որ օգնության պարագաներ էր բերել կղզի։ Այնտեղից մեկնելուց առաջ նրանց հետ միասին սրտաբուխ աղոթքով շնորհակալություն հայտնեցինք Եհովային»։

Փաթսոնն ասում է. «Մի քանի օրից մենք վերադարձանք Ռանոնգա, որպեսզի հավելյալ միջոցներ բերենք և փնտրենք մի ընտանիքի, որ ապրում էր այդ կղզու մյուս ծայրում։ Ի վերջո գտանք Մեթյու Իտուին և նրա ընտանիքին։ Նրանք ապաստան էին գտել թփուտներում՝ վրանների մեջ։ Նրանք ուրախությունից լաց եղան՝ իմանալով, որ մենք չենք մոռացել իրենց մասին։ Երկրաշարժը ավերել էր նրանց տունը, ինչպես և նրանց գյուղի տների մեծ մասը։ Սակայն նրանց հիմնական մտահոգությունը նոր Աստվածաշնչեր ձեռք բերելն էր, քանի որ աղետի պատճառով նրանք կորցրել էին իրենց Աստվածաշնչերը»։

Գովասանքի խոսքեր ականատեսների կողմից

Քրիստոնեական այսպիսի սերն աննկատ չէր մնացել ականատեսներից։ «Մի լրագրող, որը քննադատաբար էր արտահայտվել երկրաշարժի օրերին աղետի գոտի օգնություն հասցնելու մասին, զարմացել էր և տպավորվել այն բանից, որ Եհովայի վկաները իրենց հավատակիցներին ապահովել էին սննդով, անջրանցիկ բրեզենտներով և այլ կարևոր միջոցներով»,— ասում է Քրեյգ Թաքերը։ «Ռանոնգայի գյուղերի բնակիչները գովասանքի խոսքեր ասացին մեզ՝ արագորեն օգնության միջոցներ հասցնելու համար և գանգատվեցին, որ իրենց եկեղեցին քիչ օգնություն էր ցույց տվել»,— նշում է Փաթսոնը։ Մի կին ասաց. «Ձեր կազմակերպությունը շատ արագ օգնության հասավ»։

Վկաները նաև օգնության ձեռք մեկնեցին իրենց հարևաններին։ «Գիզո քաղաքի ժամանակավոր հիվանդանոց այցելելիս մենք տեսանք ամուսինների, որոնց հանդիպել էինք վերջերս,— պատմում է Քրիստին Շաուն։— Նրանք երկուսն էլ ծանր վնասվածքներ էին ստացել։ Ցունամին կնոջ ձեռքից խլել էր թոռանը, և վերջինս խեղդվել էր։ Մենք անմիջապես գնացինք տուն, որ նրանց համար սնունդ և հագուստ բերենք։ Նրանք երախտապարտ էին»։

Անշուշտ, բնական աղետների զոհ դարձած մարդիկ միայն նյութական օգնության կարիք չունեն։ Նրանք հատկապես մխիթարության կարիք ունեն, որը միայն Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, կարող է տալ։ «Որոշ կրոնականներ ասում էին, թե Աստված պատժում էր մարդկանց նրանց մեղքերի համար,— նշում է Ռոնը։— Սակայն մենք մարդկանց ցույց էինք տալիս Աստվածաշնչից, որ Աստված երբեք չարության պատճառ չի կարող լինել։ Շատերը մեզ շնորհակալություն էին հայտնում այս մխիթարության համար» (2 Կորնթացիներ 1։3, 4; Հակոբոս 1։13)a։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2006 թ. նոյեմբերի համարում «Ինչո՞ւ. ամենադժվար հարցի պատասխանը» վերնագրով հոդվածը, էջ 3–9, ռուս.։ Երկրաշարժից հետո այս թողարկման հարյուրավոր օրինակներ տարածվեցին Գիզո քաղաքում։

[Աղյուսակ/քարտեզներ 13–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

Շուազյոլ

Գիզո

Գիզո

Ռանոնգա

ՀՈՆԻԱՐԱ

ԱՎՍՏՐԱԼԻԱ

[նկար 15–րդ էջի վրա]

Բաիաների ընտանիքը իրենց՝ մեխանիկական շարժիչով մակույկում

[նկար 15–րդ էջի վրա]

Գիզո քաղաքը ցունամիից հետո

[նկար 15–րդ էջի վրա]

Այս Թագավորության սրահը միակ շինությունն էր, որ կանգուն էր մնացել Ռանոնգա կղզու Լալե գյուղում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը