Զղջում
«ԶՂՋԱԼ» բայը նշանակում է «ափսոսանքի կամ անբավարարվածության պատճառով փոխել միտքը մի բանի կամ վարքի որոշակի դրսևորման վերաբերյալ, որ տվյալ անհատն արել է անցյալում (կամ մտադիր է եղել անելու)», կամ նշանակում է «ափսոսալ, խղճի խայթ զգալ մի բանի համար, որ նա արել է կամ չի արել»։ Եբրայերեն և հունարեն բառերը, որոնք կապ ունեն «զղջալ» բառի հետ, ցույց են տալիս, որ անհատը փոխում է իր մտածելակերպը կամ զգացմունքները։ Երբ փոխվում է անհատի տեսակետը, հաճախ արդյունքը լինում է այն, որ փոխվում են նրա զգացմունքները, կամ երբ անհատը զղջում է կամ ափսոսում, արդյունքը լինում է այն, որ փոխվում է նրա տեսակետը կամ մտադրությունը (Ա Թագաւորաց 24։5–7)։
Անհատը զղջում է իր մեղքերի համար
Զղջալու անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ անհատը մեղք է գործում կամ Աստծու արդար պահանջներին չի հետևում (1 Հովհաննես 5։17)։ Քանի որ ողջ մարդկությունը Ադամի պատճառով ծախվեց մեղքին, նրա բոլոր ժառանգները զղջալու կարիք ունեն (Սաղմոս 51։5; Հռոմեացիներ 3։23; 5։12)։ Զղջումը, որին հետևում է դարձի գալը, անհրաժեշտ պայման է Աստծու հետ հաշտվելու համար։
Զղջումը կարող է կապ ունենալ անհատի ողջ կյանքի ընթացքի հետ, որը հակառակ է եղել Աստծու նպատակներին ու կամքին և ներդաշնակ է եղել այն աշխարհի չափանիշներին, որն Աստծու Թշնամու իշխանության տակ է (1 Պետրոս 4։3; 1 Հովհաննես 2։15–17; 5։19)։ Դա կարող է նաև կապ ունենալ անհատի կյանքի ինչ–որ բնագավառի կամ ինչ–որ սխալ արարքի հետ, որն ապականում և աղավաղում է այն ընթացքը, որը հակառակ դեպքում ընդունելի կհամարվեր։ Դա կարող է լինել ընդամենը մեկ սխալ արարք կամ նույնիսկ սխալ հակում, հակվածություն կամ վերաբերմունք (Սաղմոս 141։3, 4; Առակաց 6։16–19; Հակոբոս 2։9; 4։13–17; 1 Հովհաննես 2։1)։ Ուստի սխալները կարող են լինել թե՛ լայն բնույթի և թե՛ բավականին կոնկրետ։
Նմանապես, անհատը արդարության չափանիշներից կարող է շեղվել մեծ կամ փոքր չափով, ուստի տրամաբանական է, որ զղջման աստիճանը պետք է համապատասխանի այդ չափանիշներից շեղվելու աստիճանին։ Իսրայելացիները «շատ խոր ապստամբուեցին» Եհովայի դեմ և «մաշվեցին» իրենց մեղքերի մեջ (Եսայիա 31։6; 64։5, 6; Եզեկիէլ 33։10)։ Իսկ Պողոս առաքյալը խոսեց «ինչ–որ մեկի մասին, որը սխալ քայլ է անում նախքան դա գիտակցելը», և խորհուրդ տվեց, որ հոգևոր որակներ ունեցողները «փորձեն այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով» (Գաղատացիներ 6։1)։ Քանի որ Եհովան ողորմածաբար հաշվի է առնում իր ծառաների թուլությունները, նրանք չպետք է մշտապես խղճի խայթ զգան իրենց սխալների համար, որոնք կատարել են ժառանգած անկատարության պատճառով (Սաղմոս 103։8–14; 130։3)։ Եթե նրանք բարեխղճորեն քայլեն Աստծու ճանապարհներով, ապա կարող են ուրախ լինել (Փիլիպպեցիներ 4։4–6; 1 Հովհաննես 3։19–22)։
Զղջման կարիք կարող են ունենալ նաև այն անհատները, ովքեր մի ժամանակ մտերիմ փոխհարաբերություններ են ունեցել Աստծու հետ, սակայն մոլորվել են և կորցրել նրա հաճությունն ու օրհնությունը (1 Պետրոս 2։25)։ Իսրայելացիները Աստծու հետ ուխտի մեջ էին գտնվում. նրանք «սուրբ ժողովուրդ» էին՝ առանձնացված բոլոր ազգերից (Բ Օրինաց 7։6; Ելից 19։5, 6)։ Քրիստոսի միջոցով հաստատված նոր ուխտի շնորհիվ քրիստոնյաները նույնպես արդար են համարվել Աստծու առաջ (1 Կորնթացիներ 11։25; 1 Պետրոս 2։9, 10)։ Մոլորված անհատների պարագայում զղջման շնորհիվ վերականգնվում են Աստծու հետ նրանց փոխհարաբերությունները, ուստիև նրանք օգուտներ և օրհնություններ են ստանում (Երեմիա 15։19–21; Հակոբոս 4։8–10)։ Աստծու աչքում արդար համարվելու և հավիտենական կյանքի հեռանկար ունենալու համար զղջումը առաջնային և կարևոր քայլ է նրանց համար, ովքեր նախկինում չեն ունեցել լավ փոխհարաբերություններ Աստծու հետ։ Դա այդպես էր, օրինակ, այն հեթանոսների համար, որոնք ապրում էին այն ժամանակ, երբ Իսրայելի հետ Աստծու ուխտը ուժի մեջ էր (Եփեսացիներ 2։11, 12), նաև այդպես է ցանկացած ռասայի ու ազգի պատկանող մարդու համար, որն այսօր քրիստոնեական ժողովում չէ (Գործեր 11։18; 17։30; 20։21)։
Սրտով ըմբռնել իմաստը
Զղջալու համար, հետևաբար, պետք է սկզբում հասկացողությամբ լսել ու տեսնել և ընկալունակ սիրտ ունենալ (համեմատի՛ր Եսայիա 6։9, 10; Մատթեոս 13։13–15; Գործեր 28։26, 27)։ Զղջացող անհատների ոչ միայն միտքը պետք է տարբերի ու հասկանա, թե ինչ է ականջը լսում, և աչքը տեսնում, այլև իրենք պետք է «իրենց սրտերով ըմբռնեն իմաստը [«միտքը» (Հովհաննես 12։40)]», ինչը շատ ավելի կարևոր է (Մատթեոս 13։15; Գործեր 28։27)։ Հետևաբար անհատը ոչ միայն գիտակցում է, որ իր ճանապարհները սխալ են, այլև սրտով ընդունում է այդ փաստը։ Նրանք, ովքեր արդեն Աստծու մասին գիտելիքներ ունեն, պետք է այդ գիտելիքները, նաև նրա պատվիրանները «իրենց սրտերի մեջ դնեն» (Բ Օրինաց 4։39; համեմատի՛ր Առակաց 24։32; Եսայիա 44։18–20), որպեսզի կարողանան «զղջալ իրենց սրտով» (Գ Թագաւորաց 8։47)։ Սրտի ճիշտ տրամադրվածությամբ նրանք կարող են «նորոգել իրենց միտքը, որպեսզի հավաստիանան, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։
Եթե անհատի սրտում հավատ և սեր կա Աստծու հանդեպ, ապա նա անկեղծորեն կզղջա և կտխրի իր սխալ ընթացքի համար։ Աստծու բարության և վեհության հանդեպ գնահատանք ունենալը սխալ գործողին կմղի խղճի խայթ զգալ այն բանի համար, որ նա անարգանք է բերել Աստծու անվանը (համեմատի՛ր Յոբ 42։1–6)։ Մերձավորի հանդեպ սերը նույնպես կմղի նրան զղջալ այն բանի համար, որ ուրիշներին ցավ է պատճառել, որ վատ օրինակ է թողել, ինչը թերևս արատավորել է Աստծու ժողովրդի հեղինակությունը աշխարհիկ մարդկանց առաջ։ Նա Աստծուց ներում կխնդրի, քանի որ ուզում է պատիվ բերել նրա անվանը և բարին գործել իր մերձավորին (Գ Թագաւորաց 8։33, 34; Սաղմոս 25։7–11; 51։11–15; Դանիէլ 9։18, 19)։ Երբ անհատը զղջում է, նա իրեն զգում է «սրտով կոտրվածի», «կոտրած և խոնարհ հոգի» ունեցողի պես (Սաղմոս 34։18; 51։17; Եսայիա 57։15), նա նման է «կոտրած հոգի ունեցողի եւ Աստծու խոսքից դողացողի», իսկ Աստծու Խոսքը մղում է զղջալու (Եսայիա 66։2), և արդյունքում նա «դողալով մոտենում է Տիրոջը և նրա բարությանը» (Ովսէէ 3։5)։ Երբ Դավիթը անմիտ արարք գործեց՝ մարդահամար անելով, նրա «խղճմտանքը իրան ծակեց» (Բ Թագաւորաց 24։10)։
Ուստի անհատը պետք է դադարի սխալ գործելուց, սրտանց ատի իր սխալը և տհաճություն զգա դրա հանդեպ (Սաղմոս 97։10; 101։3; 119։104; Հռոմեացիներ 12։9; համեմատի՛ր Եբրայեցիներ 1։9; Հուդա 23), քանի որ «Տիրոջ երկիւղը չարն ատել է» նշանակում, որի մեջ մտնում է ինքնամեծարումը, հպարտությունը, սխալ ընթացքը և նենգավոր բերանը (Առակաց 8։13; 4։24)։ Այս ամենի հետ մեկտեղ անհատը պետք է սիրի արդարությունը և հաստատ վճռի այդուհետ գնալ արդար ճանապարհով։ Առանց չարը ատելու և արդարությունը սիրելու՝ նա չի մղվի անկեղծորեն զղջալու և հետևաբար փոփոխություններ չի անի։
Եհովան հրաշալի օրինակ է իր բոլոր ծառաների համար, քանի որ պատրաստ է ներել զղջացող անհատներին, նույնիսկ պատրաստ է ողորմածաբար ներել նրանց, ովքեր կրկնում են իրենց սխալը (Մատթեոս 18։21, 22; Մարկոս 3։28; Ղուկաս 17։3, 4; 1 Հովհաննես 1։9)։