Դուք կարող եք ուրախ լինել՝ չնայած հիասթափությանը
ՄԵԶՆԻՑ ո՞վ երբևէ չի հիասթափվել։ Նույնիսկ մեր երկնային Հայրը՝ Եհովա Աստված, զգացել է հիասթափության պատճառած ցավը։ Օրինակ՝ նա ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից և առատապես օրհնեց նրանց։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին» (Սաղմոս 78։41)։ Այդուհանդերձ, Եհովան միշտ «երջանիկ Աստված» է եղել (1 Տիմոթեոս 1։11)։
Իրականում հիասթափվելու շատ պատճառներ կան։ Ի՞նչ կարող ենք անել, որ հիասթափությունը չխլի մեր ուրախությունը։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես է Եհովան հաղթահարել հիասթափություն պատճառող իրավիճակները։
Բաներ, որոնք հիասթափեցնում են
«Ժամանակ եւ դիպուած է պատահում» մեզ բոլորիս,— գրված է Աստծու Խոսքում (Ժողովող 9։11)։ Հանցագործությունը, դժբախտ պատահարը կամ հիվանդությունը կարող են անսպասելիորեն մեծ վիշտ և հետևաբար հիասթափություն պատճառել մեզ բոլորիս։ Աստվածաշունչը նաև ասում է. «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ» (Առակաց 13։12)։ Ինչ–որ լավ բանի անհամբերությամբ սպասելը մեզ մեծ ուրախություն է պատճառում, բայց եթե այն շուտով չկատարվի, մեզ գուցե ճնշի հիասթափության զգացումը։ Օրինակ՝ Դանքենըa, որը միշտ մեծ ցանկություն է ունեցել միսիոներ դառնալու և շարունակելու այդ ծառայությունը, երկար տարիներ միսիոներական ծառայության մեջ լինելուց հետո ստիպված եղավ իր կնոջ հետ տուն վերադառնալ։ Նա ասում է. «Կյանքում առաջին անգամ ես ինձ բոլորովին անօգնական զգացի։ Ոչ մի նպատակ չունեի։ Այլևս ոչինչ ինձ համար կարևոր չէր»։ Իսկ որոշ դեպքերում ցավի զգացումը կարող է երկար տևել, ինչպես որ եղավ Կլարայի պարագայում։ Նա պատմում է. «Հղիության յոթերորդ ամսին ես վիժեցի։ Անցել են տարիներ, բայց նույնիսկ հիմա, երբ բեմի վրա տեսնում եմ որևէ տղայի ելույթ ունենալիս, մտածում եմ, որ իմ տղան էլ այդ տարիքին կլիներ»։
Կարող է ցավալի լինել նաև այն, երբ ուրիշն է հիասթափության պատճառ դառնում, օրինակ՝ երբ վերջ է դրվում մտերմության շրջանին, անհաջողության է մատնվում ամուսնությունը, երբ երեխան ըմբոստանում է, մտերիմ անհատը անհավատարիմ է գտնվում, կամ երբ ընկերը անշնորհակալ է լինում։ Քանի որ ապրում ենք անկատար մարդկանց շրջապատում և դժվար ժամանակներում, հիասթափության շատ պատճառներ կարող են լինել։
Մենք կարող ենք հիասթափվել նաև մեր ունեցած անհաջողություններից։ Թերևս անարժեքության զգացում ունենանք, եթե չկարողանանք հանձնել քննությունը, աշխատանք գտնել կամ սիրվել։ Գուցե հիասթափվենք ինքներս մեզնից, եթե մեր սիրելիներից մեկը հոգևորապես թուլանա։ Մերին ասում է. «Թվում էր, թե աղջիկս հոգևորապես առաջադիմում էր։ Կարծում էի, որ լավ օրինակ եմ եղել նրա համար։ Սակայն երբ նա թողեց Եհովային ու մերժեց մեր ընտանիքում ընդունված չափանիշները, հասկացա, որ այդ հարցում հաջողության չէի հասել։ Կյանքի մյուս ոլորտներում իմ ունեցած հաջողություններից և ոչ մեկը չէր կարող փոխհատուցել այդ կորուստը։ Ես այնքա՜ն ընկճված էի»։
Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել նման հիասթափությունները։ Այս հարցի պատասխանն իմանալու համար քննենք, թե ինչպես է Եհովան դիմագրավում հիասթափությունները։
Կենտրոնացեք լուծման վրա
Եհովա Աստված սիրառատ կերպով առաջին մարդկային զույգին ապահովել էր ամեն ինչով, սակայն նրանք անշնորհակալ գտնվեցին ու ըմբոստացան (Ծննդոց, գլուխ 2 և 3)։ Հետագայում նրանց որդի Կայենը վատ մտածելակերպ զարգացրեց։ Անտեսելով Եհովայի զգուշացումը՝ նա սպանեց իր հարազատ եղբորը (Ծննդոց 4։1–8)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի հիասթափություն ապրեց Եհովան։
Ինչո՞ւ հիասթափության այդ զգացումը չխլեց Եհովայի ուրախությունը։ Որովհետև նա նպատակ ուներ երկիրը լցնել կատարյալ մարդկանցով և շարունակեց միջոցներ ձեռք առնել այդ նպատակն իրականացնելու համար (Հովհաննես 5։17)։ Այդ միջոցներից էին քավիչ զոհաբերությունը և իր Թագավորությունը (Մատթեոս 6։9, 10; Հռոմեացիներ 5։18, 19)։ Եհովա Աստված կենտրոնացավ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման վրա։
Աստծու Խոսքը հորդորում է մեզ կենտրոնանալ դրական բաների վրա և ոչ թե այն բանի, թե ինչ կարող էր լինել, և թե ինչ պետք է անեինք։ Այնտեղ ասվում է. «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8)։
Ճիշտ տեսակետ հիասթափության վերաբերյալ
Գուցե այնպիսի բաներ պատահեն, որոնք հիմնովին փոխեն մեր կյանքը։ Օրինակ՝ հնարավոր է անսպասելիորեն կորցնենք մեր աշխատանքը, կողակցին կամ այն առանձնաշնորհումները, որ ունենք։ Գուցե կորցնենք մեր առողջությունը, տունը կամ ընկերներին։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ խնդիրները։
Ոմանց օգնել է առաջնահերթություններ դնելը։ Դանքենը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Երբ ես ու կինս հասկացանք, որ այլևս չենք կարող միսիոներ ծառայել, շատ ընկճվեցինք։ Որոշեցինք երկու առաջնահերթություն դնել մեր առջև՝ խնամել մայրիկին և հնարավորության դեպքում շարունակել լիաժամ ծառայությունը։ Որոշումներ կայացնելիս հաշվի էինք առնում, թե ինչպես դրանք կազդեին մեր առաջնահերթությունների վրա։ Դա ամեն բան հեշտացնում էր»։
Մեզնից շատերը հիասթափություն ապրելիս հակված են լինում չափազանցնելու տեղի ունեցածի բացասական կողմերը։ Օրինակ՝ երեխա դաստիարակելու մեր ջանքերը, աշխատանքի համար պահանջվող համապատասխան որակումներ ունենալը կամ բարի լուրը օտարախոս դաշտում քարոզելը թերևս մեր ակնկալած արդյունքները չտան։ Գուցե մտածենք՝ «ես ձախողակ եմ»։ Սակայն ինչպես որ առաջին մարդկային զույգի պատճառով Աստծու ապրած հիասթափությունը չէր նշանակում, որ նա ձախողակ է, այնպես էլ մենք ձախողակ չենք պարզապես այն պատճառով, որ մեր ջանքերը անմիջապես լավ արդյունքներ չեն բերել (Բ Օրինաց 32։4, 5)։
Մենք հեշտությամբ կարող ենք խիստ վիրավորվել, երբ մարդիկ հիասթափեցնում են մեզ։ Եհովան այդպես չի վարվում։ Դավիթ թագավորը հիասթափեցրեց Եհովային, երբ շնություն գործեց և ապա սպանել տվեց այդ կնոջ ամուսնուն։ Սակայն Եհովան տեսավ Դավթի անկեղծ զղջումը և շարունակեց ընդունել նրան որպես իր ծառա։ Հովսափատ թագավորը նույնպես սխալ գործեց, երբ դաշինք կնքեց Աստծու թշնամիների հետ։ Եհովայի մարգարեն ասաց. «Սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։ Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում» (Բ Մնացորդաց 19։2, 3)։ Եհովան հասկանում էր, որ մեկ անգամ սխալ գործելով՝ Հովսափատը դավաճան չդարձավ։ Նմանապես, մենք կարող ենք խուսափել ընկերներ կորցնելուց, եթե չափազանց սուր չարձագանքենք, երբ նրանք սխալվում են։ Այն ընկերները, որոնք հիասթափեցնում են մեզ, ունեն նաև լավ հատկություններ (Կողոսացիներ 3։13)։
Հիասթափություններն անխուսափելի են հաջողության հասնելու ճանապարհին։ Մենք գուցե հիասթափվենք ինքներս մեզնից, երբ մեղք գործենք։ Սակայն կարող ենք վերականգնվել, եթե ճիշտ և վճռական քայլեր ձեռնարկենք ու շարունակենք առաջ ընթանալ։ Երբ Դավիթ թագավորը անչափ հիասթափված էր ինքն իրենից, գրեց. «Ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։.... Ես մեղքս յայտնեցի քեզ [Եհովա].... եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը» (Սաղմոս 32։3–5)։ Եթե մենք հասկանում ենք, որ չենք կատարում Աստծու պատվերները, պետք է Աստծուց ներողություն խնդրենք, փոխենք մեր ընթացքը ու վճռենք հետագայում ավելի ուշադիր լինել նրա խորհուրդներին հետևելու հարցում (1 Հովհաննես 2։1, 2)։
Պատրաստ եղեք հիասթափություններին
Անկասկած, մենք բոլորս ինչ–որ ձևով հիասթափություն կապրենք ապագայում։ Ի՞նչ կարող ենք անել պատրաստ լինելու համար։ Հետաքրքիր մտքեր է ասում Բրունո անունով մի քրիստոնյա երեց, որի կյանքը փոխվել էր հիասթափության պատճառով։ Նա ասում է. «Իմ պարագայում հիասթափությունը հաղթահարելու ամենակարևոր բանն այն էր, որ ես շարունակեցի անել այն, ինչ անում էի նախկինում հոգևորապես ամրանալու համար։ Ես գիտեի, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ իրերի այս դաժան համակարգը գոյություն ունենա։ Ես երկար տարիներ մտերիմ փոխհարաբերություններ էի զարգացրել Եհովայի հետ։ Անչափ շնորհակալ էի, որ կարողացել էի ամրանալ հոգևորապես։ Գիտակցելով, որ Եհովան ինձ հետ էր՝ ես տոկացի այն ժամանակ, երբ ընկճված էի»։
Երբ խորհրդածում ենք ապագայի մասին, կարող ենք մի բանում վստահ լինել. թեև հնարավոր է, որ հիասթափվենք ինքներս մեզնից կամ ուրիշներից, սակայն Աստծուց երբեք չենք հիասթափվի։ Աստված ասել է, որ իր Եհովա անունը նշանակում է՝ «ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (Ելից 3։14, ՆԱ)։ Դա մեզ վստահեցնում է, որ նա կդառնա այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակներն իրականացնելու համար։ Նա խոստացել է, որ իր Թագավորության միջոցով իր կամքը կկատարվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը գրեց. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները,.... ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չե՛ն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Մատթեոս 6։10; Հռոմեացիներ 8։38, 39)։
Մենք կարող ենք վստահությամբ սպասել Աստծու խոստումների իրականացմանը, որոնց մասին նա ասաց Եսայիա մարգարեի միջոցով. «Ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)։ Որքա՜ն հրաշալի է, որ գալու է մի ժամանակ, երբ հիասթափությունների մասին հիշողություններ այլևս չեն լինի։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 13–րդ էջի վրա]
Մենք ձախողակ չենք պարզապես այն պատճառով, որ մեր ջանքերը անմիջապես լավ արդյունքներ չեն բերել
[նկար 14–րդ էջի վրա]
Աստծու Խոսքը հորդորում է մեզ կենտրոնանալ դրական բաների վրա և ոչ թե այն բանի, թե ինչ կարող էր լինել
[նկար 15–րդ էջի վրա]
Աստված չի կորցնում իր ուրախությունը, երբ մարդիկ սխալ են գործում, քանի որ իր նպատակն, անկասկած, իրականանալու է
[նկար 16–րդ էջի վրա]
Հոգևոր առաջնահերթություններ դնելը օգնում է հաղթահարել հիասթափությունները