Բռնության զոհ դարձածների իրավունքները պաշտպանվում են
2007 թ. մայիսի 3–ին Ստրասբուրգի (Ֆրանսիա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշում կայացրեց հօգուտ Վրաստանի Հանրապետության Եհովայի վկաների։ Դատարանը հաստատեց, որ Վկաները Վրաստանում ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի, և որ ոտնահարվել է նրանց կրոնական ազատության իրավունքը։ Դատարանը նաև մեղադրեց Վրաստանի նախկին կառավարությանը այն բանի համար, որ քայլեր չեն ձեռնարկվել օրինախախտների դեմ քրեական գործ հարուցելու համար։ Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացվեց։
1999 թ. հոկտեմբերի 17–ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող Գլդանիի Եհովայի վկաների ժողովի մոտավորապես 120 անդամներ ժողովի հանդիպում էին անցկացնում։ Հանկարծ մի մեծ ամբոխ Վասիլի Մկալավիշվիլիի գլխավորությամբ, որը նախկինում ուղղափառ քահանա էր եղել, ներխուժում է հանդիպման վայր։ Փայտյա մահակներով և երկաթյա խաչերով զինված կատաղի ամբոխը հարձակվում է ներկաների վրա և շատերին վնասվածքներ հասցնում, իսկ ոմանց՝ նույնիսկ շատ լուրջ վնասվածքներ։ Այդ հարձակման ժամանակ մի կին աչքի վնասվածք ստացավ, որը հնարավոր չեղավ բուժել։ Առնվազն 16 հոգու բժշկական օգնություն պետք է ցույց տրվեր։ Երբ մի քանի Վկաներ գնացին ոստիկանության բաժին՝ օգնություն խնդրելու նպատակով, հանդիպեցին ոստիկանապետին, որն ասաց, որ ինքը նույնիսկ ավելի վատ կվերաբերվեր նրանց։ Ամբոխի միջից մեկը նկարահանել էր հարձակումը և հետագայում այդ ժապավենը ցուցադրվել էր ազգային հեռուստատեսային կայաններով, որում հստակորեն ցույց էր տրվել, թե ովքեր էին հարձակվողներըa։
Բռնության զոհ դարձած Վկաները հայցադիմում ներկայացրին, սակայն հարձակվողների դեմ ոչ մի միջոց չձեռնարկվեց։ Ոստիկանության մի տեսուչ, որին հանձնարարվել էր քննել այդ գործը, ասաց, որ ուղղափառ եկեղեցու անդամ է և չէր կարող անաչառորեն վերաբերվել այդ գործին։ Իշխանությունների անուշադրությունը խրախուսեց կրոնական ծայրահեղականներին հարյուրից ավելի այդպիսի հարձակումներ գործել։
Ուստի 2001 թ. հունիսի 29–ին Եհովայի վկաները հայցադիմում ներկայացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարանb։ Դատարանը 2007 թ. մայիսի 3–ին վերջնական որոշում կայացրեց, որում պատկերավոր կերպով նկարագրվում էր հարձակումը և մեղադրվում էին երկրի իշխանությունները իրենց անուշադրության համար։ Դատարանն ասաց, որ «իշխանությունները.... պարտավոր էին անհապաղ ստուգել այն տեղեկությունը», որ ստացել էին հարձակման մասին։ «Այդպիսի արարքների առնչությամբ իշխանությունների անուշադրությունը,— նշվում էր որոշման մեջ,— թուլացնում է հասարակության վստահությունը օրենքի արդարության և այն բանի հանդեպ, որ կառավարությունը կարող է ապահովել օրենքի գերակայությունը»։
Դատարանը եզրափակեց. «Քանի որ 1999 թ. հոկտեմբերի 17–ին տեղի ունեցած հարձակումը հայցվորների վրա առաջին մեծ ագրեսիան է եղել Եհովայի վկաների դեմ, իշխանությունների անուշադրությունը խթանեց հարձակվողների նույն խմբի կողմից կրոնական բռնության տարածումը ողջ Վրաստանով մեկ»։
Հետևաբար բռնության զոհ դարձածների իրավունքները պաշտպանվեցին և Վրաստանի կառավարությանը հրահանգ տրվեց Գլդանիի ժողովի անդամներին փոխհատուցել հասցված վնասների և դատական ծախսերի վճարների դիմաց։ Վրաստանի Եհովայի վկաները ուրախ են, որ բռնությունն ու դաժանությունը հիմնականում կասեցվեցին, և որ Դատարանի որոշմամբ պաշտպանվեցին երկրպագության նպատակով հանդիպումներ անցկացնելու նրանց իրավունքները։ Իրականում դրա համար նրանք երախտապարտ են իրենց երկնային Հորը՝ Եհովա Աստծուն, որը առաջնորդել և պաշտպանել է նրանց այդ ողջ ընթացքում (Սաղմոս 23։4)։
[ծանոթագրություններ]
a Մանրամասների համար տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2002 թ. հունվարի 22–ի համարը, էջ 18–24, ռուս.՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
b Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրախորհրդի մարմիններից է, որը քննում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի խախտումները։ Վրաստանը ընդունել է այդ կոնվենցիան 1999 թ. մայիսի 20–ին ու այդպիսով պարտավորվել է ենթարկվել դրան։