Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 2/15 էջ 16–20
  • Ընդօրինակիր մեծագույն միսիոներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդօրինակիր մեծագույն միսիոներին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք»
  • Եհովան տալիս է անհրաժեշտ կրթությունը
  • Ուսուցում, որ հասնում է մարդկանց սրտին
  • Ընդօրինակիր Հիսուսի վերաբերմունքը
  • Շարունակիր ընդօրինակել Քրիստոսին
  • Հիսուս Քրիստոս՝ մեծագույն միսիոներ
    2008 Դիտարան
  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Տեսնո՞ւմ ես ուրիշներին սովորեցնելու անհրաժեշտությունը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կատարիր «աւետարանչի գործը»
    2004 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 2/15 էջ 16–20

Ընդօրինակիր մեծագույն միսիոներին

«Ընդօրինակե՛ք ինձ, ինչպես որ ես էլ՝ Քրիստոսին» (1 ԿՈՐՆԹ. 11։1)։

1. Ինչո՞ւ պետք է ընդօրինակենք Հիսուս Քրիստոսին։

ՊՈՂՈՍ առաքյալը իր հավատակիցներին հորդորեց. «Ընդօրինակե՛ք ինձ, ինչպես որ ես էլ՝ Քրիստոսին» (1 Կորնթ. 11։1)։ Այո՛, նա ընդօրինակեց Հիսուսին՝ մեծագույն Միսիոներին։ Հիսուսը, իր աշակերտների ոտքերը լվանալով և դրանով իսկ խոնարհության դաս տալով նրանց, ասաց. «Ձեզ օրինակ թողեցի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13։12–15)։ Քանի որ մենք քրիստոնյաներ ենք, պետք է ընդօրինակենք Հիսուս Քրիստոսին մեր գործերով, խոսքերով և հատկություններով (1 Պետ. 2։21)։

2. Նույնիսկ եթե Կառավարիչ մարմնի կողմից միսիոներ չես նշանակվել, ի՞նչ ոգի կարող ես դրսևորել։

2 Նախորդ հոդվածից իմացանք, որ միսիոները նա է, ով ուղարկվել է ավետարանելու, նա, ով բարի լուր է հայտնում ուրիշներին։ Այս առումով Պողոսը հետաքրքրիր հարցեր է տալիս (կարդա՛ Հռոմեացիներ 10։11–15)։ Առաքյալն ասում է. «Ինչպե՞ս լսեն, եթե քարոզող չլինի»։ Այնուհետև նա մեջբերում է Եսայիայի մարգարեությունից. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին» (Ես. 52։7)։ Նույնիսկ եթե օտար երկրում որպես միսիոներ ծառայելու նշանակում չես ստացել, դու կարող ես ավետարանչի ոգի դրսևորել՝ Հիսուսի պես եռանդորեն քարոզելով բարի լուրը։ Անցած տարի 236 երկրներում Թագավորության 6 957 852 քարոզիչներ «ավետարանչի գործն են արել» (2 Տիմոթ. 4։5)։

«Ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք»

3, 4. Ի՞նչ թողեց Հիսուսը երկնքում, և ի՞նչ պետք է անենք նրա հետևորդը դառնալու համար։

3 Հիսուսը թողեց իր երկնային բարձր դիրքը և եկավ երկիր։ Նա «զրկեց իրեն ամեն բանից, ծառայի կերպարանք ընդունեց», որ կատարի իր հանձնարարությունը (Փիլիպ. 2։7)։ Ինչ էլ որ անենք, չի կարող համեմատվել այն ամենի հետ, որ արեց Հիսուսը երկրի վրա։ Բայցևայնպես, մենք՝ Հիսուսի հետևորդներս, կարող ենք անսասան մնալ, եթե կարոտով չնայենք այն ամենին, ինչ թողել ենք Սատանայի աշխարհում (1 Հովհ. 5։19)։

4 Մի անգամ Պետրոս առաքյալը Հիսուսին ասաց. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք» (Մատթ. 19։27)։ Այո, Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը անմիջապես արձագանքել էին, երբ Հիսուսը հրավիրել էր նրանց հետևելու իրեն։ Նրանք թողել էին իրենց հիմնական գործը՝ ձկնորսությունը, և սկսել էին գլխավորապես զբաղվել քարոզչությամբ։ Ղուկասի Ավետարանի համաձայն՝ Պետրոսն ասաց. «Ահա մենք թողեցինք մեր ունեցածը և քեզ հետևեցինք» (Ղուկ. 18։28)։ Ինչ խոսք, մեծամասնությունս ստիպված չի եղել «ամեն բան» թողնելու, որպեսզի հետևի Հիսուսին։ Սակայն մենք մեր «անձն ուրացել» ենք նրան հետևելու և Եհովային բոլորանվեր ծառայելու համար (Մատթ. 16։24)։ Նման ընթացքը մեզ բազմաթիվ օրհնություններ է բերում (կարդա՛ Մատթեոս 19։29)։ Քրիստոսի պես ավետարանչի ոգի ցուցաբերելով՝ մենք մեծ ուրախություն ենք ստանում, հատկապես երբ որևէ մեկին, թեկուզև փոքր չափով, օգնում ենք մոտենալու Աստծուն և նրա սիրելի Որդուն։

5. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչ որոշում կարող է կայացնել գաղթականը՝ իմանալով Աստվածաշնչի ճշմարտությունը։

5 Բրազիլացի Վալմիրը, որն ապրում էր Սուրինամ երկրի կենտրոնական մասում, աշխատում էր ոսկու հանքերում։ Նա հարբեցող էր և անբարո կյանք էր վարում։ Մի անգամ, երբ Վալմիրը քաղաքում էր, Եհովայի վկաները նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։ Նա ուսումնասիրում էր ամեն օր, բազմաթիվ փոփոխություններ կատարեց, այնուհետև մկրտվեց։ Երբ Վալմիրը տեսավ, որ իր աշխատանքի պատճառով չի կարող ապրել իր նոր հավատին ներդաշնակ, վաճառեց իր շահութաբեր բիզնեսը։ Նա վերադարձավ Բրազիլիա, որպեսզի օգնի իր ընտանիքի անդամներին հոգևոր գանձեր գտնելու։ Բազմաթիվ գաղթականներ, Աստվածաշնչի ճշմարտությունն իմանալով, հոժարակամորեն թողնում են եկամտաբեր աշխատանքը ու վերադառնում հայրենիք՝ նպատակ ունենալով հոգևորապես օգնել հարազատներին և մյուսներին։ Թագավորության այս քարոզիչները իսկապես ավետարանչի ոգի են ցուցաբերում։

6. Ի՞նչ կարող ենք անել, եթե հնարավորություն չունենք տեղափոխվելու այնտեղ, ուր Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։

6 Որոշ Վկաներ ի  վիճակի են տեղափոխվելու այն վայրերը, ուր Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Ոմանք նույնիսկ գնում են ծառայելու արտասահմանում։ Անձամբ մենք գուցե հնարավորություն չունենք նման ձևով ընդլայնելու ծառայությունը, սակայն կարող ենք ընդօրինակել Հիսուսին՝ միշտ անելով լավագույնը։

Եհովան տալիս է անհրաժեշտ կրթությունը

7. Ի՞նչ դպրոցներ են նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են հմտանալ Թագավորության քարոզչության գործում։

7 Եհովան ինչպես որ կրթեց Հիսուսին, այնպես էլ այսօր կրթում է մեզ։ Հիսուսն ասաց. «Մարգարեներում գրված է. «Եվ նրանք բոլորը ուսուցանված կլինեն Եհովայից»» (Հովհ. 6։45; Ես. 54։13)։ Այսօր կան դպրոցներ, որոնք նախատեսված են կրթելու Թագավորության քարոզիչներին։ Անշուշտ, բոլորս էլ օգուտ ենք քաղում Աստվածապետական ծառայության դպրոցից, որն անցկացվում է ժողովներում։ Ռահվիրաներն առանձնաշնորհում ունեն սովորելու Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Որոշ փորձառու ռահվիրաներ մեծ ուրախությամբ այդ դպրոցն անցնում են երկրորդ անգամ։ Երեցներն ու ծառայող օգնականները Թագավորական ծառայության դպրոցում բարելավում են իրենց ուսուցողական ունակությունները, ինչպես նաև հմտանում են հավատակիցներին ծառայելու մեջ։ Բազմաթիվ ամուրի երեցներ ու ծառայող օգնականներ էլ Ծառայության կատարելագործման դպրոցում սովորում են, թե ինչպես օգնել ուրիշներին քարոզչական ծառայության գործում։ Իսկ շատ եղբայրներ ու քույրեր «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցն ավարտելուց հետո նշանակվում են ծառայելու որպես միսիոներ օտար երկրներում։

8. Որքա՞ն խորն է որոշ եղբայրների գնահատանքը այն կրթության հանդեպ, որ տալիս է Եհովան։

8 Շատ Վկաներ փոփոխություններ են արել, որպեսզի կարողանան հաճախել այդ դպրոցները։ Օրինակ՝ Յուգուն հրավիրվեց սովորելու Ծառայության կատարելագործման դպրոցում (Կանադա)։ Նա դուրս եկավ աշխատանքից, քանի որ գործատերը չցանկացավ թույլ տալ նրան ժամանակավորապես բացակայել։ «Ես չեմ ափսոսում,— ասաց Յուգուն։— Եթե նրանք թույլ տային ինձ մի որոշ ժամանակ բացակայել գործից, թերևս կակնկալեին, որ հավատարմությունից մղված միշտ աշխատեի ընկերությունում։ Բայց այժմ ազատ եմ և կարող եմ Եհովայից ընդունել ցանկացած նշանակում»։ Շատերը պատրաստ են հրաժարվելու իրենց համար թանկ բաներից, որպեսզի կրթվեն Եհովայից (Ղուկ. 5։28)։

9. Պատմիր մի օրինակ, որը ցույց է տալիս սուրբգրային գիտելիքների և լուրջ ջանքեր գործադրելու կարևորությունը։

9 Սուրբգրային գիտելիքները և լուրջ ջանքերը անչափ ուրախալի արդյունքներ են բերում (2 Տիմոթ. 3։16, 17)։ Քննենք Սաուլո անունով մի տղայի դեպքը (Գվատեմալա)։ Նա բնածին մտային թեթև արատ ուներ։ Սաուլոյի ուսուցիչներից մեկը նրա մորն ասաց, որ չի կարելի ստիպել տղային կարդալ սովորել, քանի որ դա միայն կվհատեցնի նրան։ Սաուլոն դպրոցն ավարտեց՝ առանց կարդալ իմանալու։ Սակայն մի Վկա նրան սովորեցրեց կարդալ «Վարժվիր գրել–կարդալու մեջ» գրքույկի միջոցով։ Սաուլոն այնքան առաջադիմեց, որ սկսեց հանդես գալ ելույթներով Աստվածապետական ծառայության դպրոցում։ Մի անգամ Սաուլոյի մայրը տնետուն ծառայելիս հանդիպեց նրա ուսուցչուհուն։ Տեղեկանալով, որ տղան կարդալ գիտի՝ վերջինս Սաուլոյի մորը խնդրեց հաջորդ շաբաթ իր հետ բերել որդուն։ Երբ նրանք եկան, ուսուցչուհին հարցրեց. «Սաուլո՛, ի՞նչ ես ուզում սովորեցնել ինձ»։ Տղան մի պարբերություն կարդաց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքից։ «Ուղղակի անհավատալի է, որ այժմ դու ես ինձ սովորեցնում»,— ասաց ուսուցչուհին։ Նա չկարողացավ զսպել արցունքները և ամուր գրկեց Սաուլին։

Ուսուցում, որ հասնում է մարդկանց սրտին

10. Ի՞նչ հրաշալի ձեռնարկ ունենք, որի օգնությամբ կարող ենք ուսուցանել աստվածաշնչյան ճշմարտությունը։

10 Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծու գրավոր Խոսքի և այն ամենի հիման վրա, ինչ Եհովան անձամբ սովորեցրել էր իրեն (Ղուկ. 4։16–21; Հովհ. 8։28)։ Մենք ընդօրինակում ենք Հիսուսին՝ կիրառելով նրա խորհուրդները և կառչած մնալով Սուրբ Գրություններին։ Այդպիսով մեր բոլորի խոսքերն ու մտքերը ներդաշնակ են դառնում, և դա նպաստում է մեր միասնությանը (1 Կորնթ. 1։10)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» մեզ տալիս է Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ։ Դրանք օգնում են մեզ միասնական կերպով ուսուցանել մարդկանց և քարոզել բարի լուրը (Մատթ. 24։45; 28։19, 20)։ Այդ հրատարակություններից է «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, որն այժմ մատչելի է 179 լեզվով։

11. Ինչպե՞ս եթովպացի մի քույր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի միջոցով հաղթահարեց հակառակությունը։

11 Գրությունների ուսումնասիրությունը «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի միջոցով կարող է փոխել նույնիսկ թշնամաբար տրամադրված մարդկանց։ Մի անգամ Լուլա անունով մի ռահվիրա քույր (Եթովպիա) Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում, երբ ուսումնասիրողի բարեկամուհին ներխուժեց սենյակ և ասաց, որ իրենք այդպիսի ուսումնասիրության կարիք չունեն։ Լուլան նրան մեղմորեն պատասխանեց և օգտվելով «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 15–րդ գլխում նշված կեղծ թղթադրամների օրինակից՝ դիմեց նրա տրամաբանությանը։ Կինը հանդարտվեց և այլևս չխանգարեց նրանց։ Հաջորդ անգամ արդեն նա էլ էր ներկա։ Այդ կինը խնդրեց, որ իր հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրեն, և նույնիսկ ցանկություն հայտնեց վճարելու դրա դիմաց։ Շուտով նա սկսեց շաբաթը երեք անգամ ուսումնասիրել և արագորեն հոգևորապես առաջադիմել։

12. Օրինակով բացատրիր, թե ինչպես կարող են երեխաները արդյունավետորեն ուսուցանել Աստվածաշնչի ճշմարտությունները։

12 Երեխաները նույնպես կարող են այս գրքի միջոցով օգնել ուրիշներին։ Երբ Քիանու անունով 11–ամյա մի տղա (Հավայան կղզիներ) գիրքը կարդում էր դպրոցում, դասընկերներից մեկը հարցրեց. «Դու ինչո՞ւ չես նշում տոները»։ Քիանուն պատասխանը կարդաց անմիջապես գրքի՝ «Պե՞տք է արդյոք տոներ նշենք» հավելվածից։ Այնուհետև բացեց բովանդակությունը և հարցրեց դասընկերոջը, թե որ թեման է նրան ամենից շատ հետաքրքրում։ Սկսվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Եհովայի վկաները անցած ծառայողական տարում անցկացրել են Աստվածաշնչի 6 561 426 ուսումնասիրություն, ընդ որում շատ ուսումնասիրություններ անցկացվել են «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով։ Իսկ դու այս ձեռնարկո՞վ ես Աստվածաշունչը ուսուցանում։

13. Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունը զորեղ ազդեցություն թողնել մարդկանց վրա։

13 Այս գրքի միջոցով Աստվածաշունչ ուսումնասիրելը կարող է մեծ ազդեցություն թողնել նրանց վրա, ովքեր ցանկանում են կատարել Աստծու կամքը։ Նորվեգիայում մի ամուսնական զույգ, որոնք հատուկ ռահվիրաներ էին, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին Զամբիայից եկած մի ընտանիքի հետ։ Այդ ընտանիքում կար երեք աղջիկ, և հայրն ու մայրը որոշել էին այլևս երեխա չունենալ։ Ուստի երբ կինը հղիացավ, նրանք որոշեցին արհեստական վիժում անել։ Բժշկի հետ խորհրդակցելուց մի քանի օր առաջ նրանք ուսումնասիրեցին այդ գրքի՝ «Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը» գլուխը։ Այնտեղ պատկերված է մոր արգանդում գտնվող պտղի մի նկար։ Նկարն այնքա՛ն խոր ազդեցություն թողեց նրանց վրա, որ նրանք որոշեցին հրաժարվել վիժումից։ Զամբիացի ամուսինները շարունակեցին հոգևորապես աճել և իրենց նորածին որդուն կոչեցին ուսումնասիրություն անցկացնողի անունով։

14. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ եթե մեր սովորեցրածի համաձայն ապրենք, ապա լավ արդյունքներ կլինեն։

14 Հիսուսը ապրում էր իր սովորեցրածի համաձայն։ Եհովայի վկաները այս առումով ևս ընդօրինակում են նրան, և դա շատերին է տպավորում։ Նոր Զելանդիայում մի բիզնեսմենի ավտոմեքենան ջարդեցին և միջից գողացան նրա պայուսակը։ Նա այդ մասին տեղեկացրեց ոստիկանությանը։ Նրան ասացին. «Միակ հույսը, որ ձեր պայուսակը հետ կստանաք, այն է, որ Եհովայի վկա գտնի այն»։ Մի Վկա քույր, որը փոստատար էր, գտավ պայուսակը։ Բիզնեսմենին տեղեկացվեց այդ մասին, և նա եկավ այդ քրոջ տուն։ Նա թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ, որ անչափ կարևոր մի փաստաթուղթ պայուսակի մեջ է։ Քույրը նրան ասաց. «Ես ուրիշ բան չէի էլ կարող անել։ Անպայման պետք է վերադարձնեի, հատկապես այն պատճառով, որ Եհովայի վկա եմ»։ Բիզնեսմենը ուղղակի ապշել էր։ Նա հիշեց ոստիկանի՝ հենց այդ առավոտ ասած խոսքերը։ Այո՛, ճշմարիտ քրիստոնյաները ընդօրինակում են Հիսուսին և ապրում են Աստվածաշնչի չափանիշների համաձայն (Եբր. 13։18)։

Ընդօրինակիր Հիսուսի վերաբերմունքը

15, 16. Ինչպե՞ս կարող ենք մարդկանց օգնել, որ գան դեպի ճշմարտությունը։

15 Հիսուսը մարդկանց լավ էր վերաբերվում, ուստի նրանք սիրով լսում էին նրան։ Օրինակ՝ նրա սերն ու խոնարհությունը մարդկանց ձգում էր դեպի իրեն։ Հիսուսը կարեկցում էր իր մոտ եկողներին և մխիթարում բարի խոսքերով, ինչպես նաև բուժումներ անելով (կարդա՛ Մարկոս 2։1–5)։ Ինչ խոսք, մենք չենք կարող հրաշքներ գործել, բայց կարող ենք դրսևորել սեր, խոնարհություն և կարեկցանք, հատկություններ, որոնք մարդկանց ձգում են դեպի ճշմարտությունը։

16 Հատուկ ռահվիրա Տարիյուան այցելեց Բեերե անունով մի տարեց մարդու։ Վերջինս ապրում էր Կիրիբատիի (Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններ) հեռավոր կղզիներից մեկում։ Այդ մարդը հասկացրեց, որ չի ուզում լսել, բայց Տարիյուան նկատեց, որ նա մասնակի կաթվածահար է, և կարեկցանքով լցվեց նրա նկատմամբ։ «Լսե՞լ եք, թե ինչ է Աստված խոստացել հիվանդներին ու տարեցներին»,— հարցրեց նա։ Այնուհետև Տարիյուան կարդաց մի հատված Եսայիայի մարգարեությունից (կարդա՛ Եսայիա 35։5, 6)։ Այդ մարդը զարմացած ասաց. «Արդեն երկար տարիներ է, ինչ կարդում եմ Աստվածաշունչը, և ինձ այցելում է իմ կրոնի մի միսիոներ, բայց երբեք նման մտքի չեմ հանդիպել Աստվածաշնչում»։ Բեերեի հետ սկսվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն, և նա հոգևորապես առաջադիմեց։ Այժմ նա մկրտված է ու թեև անդամալույծ է, բայց հոգում է մեկուսի խմբի հոգևոր կարիքները, և ամբողջ կղզով մեկ քայլում է՝ քարոզելով բարի լուրը։

Շարունակիր ընդօրինակել Քրիստոսին

17, 18. ա) Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ ավետարանիչ դառնալ։ բ) Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր լրջորեն են վերաբերվում իրենց ծառայությանը։

17 Ինչպես երևում է ծառայության մեջ տեղի ունեցած բազմաթիվ ուրախալի դեպքերից, մենք կկարողանանք արդյունավետ ավետարանիչներ լինել, եթե մեր մեջ մշակենք և դրսևորենք այն հատկությունները, որ ուներ Հիսուսը։ Այո՛, շատ կարևոր է ընդօրինակել Քրիստոսին և եռանդորեն քարոզել բարի լուրը։

18 Առաջին դարում Պետրոսը Հիսուսին ասաց. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք,— հետո հարցրեց,— հիմա մեզ ի՞նչ կլինի»։ Հիսուսը պատասխանեց. «Ամեն ոք, ով թողել է տներ կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի» (Մատթ. 19։27–29)։ Անշուշտ, մենք կզգանք Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը, եթե շարունակենք ընդօրինակել մեծագույն Միսիոներին՝ Հիսուս Քրիստոսին։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչպե՞ս է Եհովան կրթում մեզ, որ ավետարանիչներ դառնանք։

• Որքանո՞վ է արդյունավետ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։

• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մարդկանց հանդեպ Հիսուսի ունեցած վերաբերմունքը։

[նկար 17–րդ էջի վրա]

Երբ Հիսուսը հրավիրեց Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին, որ հետևեն իրեն, նրանք անմիջապես արձագանքեցին

[նկար 19–րդ էջի վրա]

«Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքն օգնում է մեզ միասնական լինել ուսուցանելու գործում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը