Եհովային «դիր քո առաջ ամեն ժամանակ»
«Ես [Եհովային] դրի իմ առաջին ամեն ժամանակ» (ՍԱՂ. 16։8)։
1. Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել Աստվածաշնչի պատմությունները մեզ վրա։
ԵՀՈՎԱՅԻ գրավոր Խոսքը հետաքրքիր տեղեկություններ է պարունակում այն մասին, թե ինչպես է Աստված վարվել մարդկանց հետ։ Նրանում հիշատակվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են Աստծու նպատակների իրականացմանը։ Անշուշտ, նրանց խոսքերի ու գործերի մասին Աստվածաշնչում չի գրվել պարզապես այն բանի համար, որ մենք կարդանք ու հաճույք ստանանք։ Այդ պատմությունները կարող են մեզ ավելի մտերմացնել Աստծու հետ (Հակ. 4։8)։
2, 3. Ինչպե՞ս հասկանալ Սաղմոս 16։8–ը։
2 Մենք բոլորս շատ բան կարող ենք սովորել աստվածաշնչյան հայտնի կերպարների՝ Աբրահամի, Սառայի, Մովսեսի, Հռութի, Դավթի, Եսթերի, Պողոս առաքյալի և ուրիշների օրինակից։ Սակայն քիչ հայտնի մարդկանց մասին պատմությունները ևս կարող են օգտակար լինել։ Խորհրդածելով աստվածաշնչյան պատմությունների շուրջ՝ մենք կկարողանանք գործել սաղմոսերգուի խոսքերի համաձայն. «Ես Տիրոջը [Եհովային] դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ» (Սաղ. 16։8)։ Ինչպե՞ս հասկանալ այս խոսքերը։
3 Զինվորը սովորաբար սուրը բռնում է աջ ձեռքով, իսկ վահանը՝ ձախ։ Փաստորեն, աջ կողմը մնում է անպաշտպան։ Սակայն եթե զինվորի մարտական ընկերը նրա աջ կողմում է, նա պաշտպանված է։ Եթե Եհովան ամեն ժամանակ մեր մտքում լինի, և մենք կատարենք նրա կամքը, ապա նա կպաշտպանի մեզ։ Այժմ քննենք, թե Աստվածաշնչի պատմությունները ինչպես կարող են զորացնել մեր հավատը և օգնել մեզ «Եհովային դնել մեր առաջ ամեն ժամանակ»։
Եհովան պատասխանում է մեր աղոթքներին
4. Բեր սուրբգրային օրինակ, որը ցույց է տալիս, որ Աստված պատասխանում է աղոթքներին։
4 Եթե Եհովային ամեն ժամանակ դնենք մեր առաջ, նա կպատասխանի մեր աղոթքներին (Սաղ. 65։2; 66։19)։ Դա է փաստում Աբրահամի տան ծառաներից ամենամեծի հետ տեղի ունեցածը։ Այդ ծառան հավանաբար Եղիազարն էր։ Աբրահամը ուղարկեց նրան Միջագետք՝ Իսահակի համար աստվածավախ կին գտնելու։ Եղիազարն աղոթեց Աստծուն առաջնորդության համար։ Երբ Ռեբեկան իր ուղտերին ջուր խմեցրեց, նա հասկացավ, որ Եհովան պատասխանեց իր աղոթքին։ Այո՛, Եղիազարը աղոթեց Աստծուն, ուստի գտավ նրան, ով ի վերջո դարձավ Իսահակի սիրելի կինը (Ծննդ. 24։12–14, 67)։ Ճիշտ է, Աբրահամի այդ ծառան հատուկ առաջադրանք էր կատարում, ուստիև կոնկրետ առաջնորդություն ստացավ Աստծուց։ Գուցե այսօր մենք այդպիսի հանձնարարություն չստանանք, բայց մի՞թե չպիտի համոզված լինենք, որ Եհովան լսում է մեր աղոթքները։
5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված լսում է նույնիսկ կարճ, մտքում ասված աղոթքները։
5 Ժամանակ առ ժամանակ գուցե հայտնվենք այնպիսի իրավիճակներում, երբ հարկավոր է օգնության համար անհապաղ աղոթել Աստծուն։ Մի անգամ Պարսկաստանի Արտաշես թագավորը նկատեց, որ իր մատռվակը՝ Նեեմիան, տխուր է։ «Ի՞նչ է քո ուզածը»,— հարցրեց թագավորը։ Նեեմիան «անմիջապես աղոթեց երկնքի Աստծուն» (ՆԱ)։ Նեեմիան, որ, ըստ ամենայնի, լուռ աղոթեց, չէր կարող երկար աղոթք անել։ Այդուհանդերձ, Աստված պատասխանեց նրան. Նեեմիան ստացավ թագավորի աջակցությունը՝ Երուսաղեմի պարիսպը վերակառուցելու համար (կարդա՛ Նէեմիա 2։1–8)։ Այո՛, Եհովան լսում է նույնիսկ կարճ, մտքում ասված աղոթքները։
6, 7. ա) Աղոթքի հարցում ի՞նչ օրինակ թողեց Եպաֆրասը։ բ) Ինչո՞ւ պետք է աղոթենք ուրիշների համար։
6 Աստվածաշունչը հորդորում է «աղոթք անել իրար համար», անգամ եթե ակնհայտ ապացույց չունենք, որ մեր աղոթքներին Աստված պատասխանում է (Հակ. 5։16)։ Եպաֆրասը՝ «Քրիստոսի հավատարիմ ծառայողը», ջերմեռանդորեն աղոթեց իր հավատակիցների համար։ Պողոսը Հռոմից գրեց. «Իր ողջույններն է հղում ձեզ Եպաֆրասը, որը ձեր [կողոսացիների] միջից է՝ Քրիստոս Հիսուսի ծառան, որը միշտ եռանդագին աղոթում է ձեզ համար, որպեսզի վերջում դուք կանգնած լինեք կատարյալ և Աստծու ողջ կամքում հաստատապես համոզված։ Վկայում եմ նրա մասին, որ մեծ ջանքեր է գործադրում ձեր օգտի համար, ինչպեսև Լավոդիկիայում և Հիերապոլիսում գտնվողների համար» (Կող. 1։7; 4։12, 13)։
7 Կողոսան, Լավոդիկիան և Հիերապոլիսը Փոքր Ասիայի քաղաքներից էին։ Հիերապոլիսի քրիստոնյաները ապրում էին Կիբելա աստվածուհու երկրպագուների շրջանում։ Լավոդիկիայում նյութապաշտությունն էր սպառնում քրիստոնյաներին, իսկ Կողոսայում՝ մարդկային փիլիսոփայությունը (Կող. 2։8)։ Ուստի զարմանալի չէ, որ Եպաֆրասը, որը Կողոսայից էր, «միշտ եռանդագին աղոթում էր» այդ քաղաքի հավատացյալների համար։ Աստվածաշնչում չի խոսվում, թե ինչպես պատասխանվեցին Եպաֆրասի աղոթքները, բայց նա չդադարեց իր հավատակիցների համար աղոթելուց։ Մենք նույնպես չպետք է դադարենք մեր հավատակիցների համար աղոթելուց։ Թեև «ուրիշների գործերին չենք խառնվում», սակայն գուցե տեղյակ ենք, որ մեր ընտանիքի անդամը կամ մեր ընկերը հավատի լուրջ փորձություն է կրում (1 Պետ. 4։15)։ Որքա՜ն տեղին կլինի մեր անձնական աղոթքներում նշել նրա մասին։ Պողոսին շատ օգնեց այն, որ ուրիշները նրա համար «աղաչանքներ արեցին» Աստծուն։ Մեր աղոթքներն էլ կարող են մեծ օգուտներ բերել (2 Կորնթ. 1։10, 11)։
8. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Եփեսոսի երեցները գիտակցում էին աղոթելու կարևորությունը։ բ) Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը աղոթելու առանձնաշնորհմանը։
8 Մենք համարվո՞ւմ ենք այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են աղոթել։ Եփեսոսում երեցների հետ հանդիպելուց հետո Պողոսը «բոլորի հետ ծնկի եկավ ու աղոթեց»։ Հետո «բոլորի մեջ մեծ լաց սկսվեց, և նրանք Պողոսի վզովն էին ընկնում ու քնքշորեն համբուրում էին նրան, որովհետև հատկապես ցավ էին զգում նրա ասած այն խոսքի համար, թե նրա երեսն այլևս չէին տեսնելու» (Գործ. 20։36–38)։ Մենք չգիտենք այդ բոլոր երեցների անունները, բայց ակնհայտ է, որ նրանք գիտակցում էին աղոթելու կարևորությունը։ Մենք պետք է թանկ գնահատենք Աստծուն աղոթելու առանձնաշնորհումը և «սուրբ ձեռքեր բարձրացնենք դեպի վեր»՝ հավատալով, որ մեր երկնային Հայրը կպատասխանի մեր աղոթքներին (1 Տիմոթ. 2։8)։
Լիովին հնազանդվիր Աստծուն
9, 10. ա) Ի՞նչ օրինակ են թողել Սալպաադի աղջիկները։ բ) Սալպաադի աղջիկների հնազանդությունը ինչպե՞ս կարող է ազդել ամուսնության վերաբերյալ ամուրի քրիստոնյաների ունեցած տեսակետի վրա։
9 Եթե Եհովային ամեն ժամանակ մեր առաջ դնենք, ապա կկարողանանք հնազանդվել նրան և արդյունքում օրհնություններ կստանանք (Բ Օրին. 28։13; Ա Թագ. 15։22)։ Հնազանդությունը պետք է սրտից բխի։ Քննենք, թե Սալպաադի հինգ դուստրերը, որոնք ապրում էին Մովսեսի օրերում, ինչպիսի տրամադրվածություն ունեին։ Իսրայելացիների մեջ, սովորության համաձայն, ժառանգությունը հորից անցնում էր որդուն։ Սալպաադը մահացավ առանց արու զավակի, և Եհովան որոշեց, որ ամբողջ ժառանգությունը ստանան նրա հինգ դուստրերը, բայց մի պայմանով. նրանց ամուսինները պետք լինեին Մանասեի ցեղից, որպեսզի սեփականությունը մնար այդ ցեղի մեջ (Թուոց 27։1–8; 36։6–8)։
10 Սալպաադի աղջիկները հավատում էին, որ եթե հնազանդվեն Աստծուն, ապա ամեն ինչ լավ կլինի։ «Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին»,— ասում է Աստվածաշունչը։ «Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։ Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց» (Թուոց 36։10–12)։ Այս հնազանդ կանայք արեցին Եհովայի պատվիրածը (Յեսու 17։3, 4)։ Նման հավատ դրսևորելով՝ հոգևորապես հասուն քրիստոնյաները հնազանդվում են Աստծուն և ամուսնանում են «միայն Տիրոջով» (1 Կորնթ. 7։39)։
11, 12. Ինչպե՞ս Քաղեբը փաստեց, որ վստահում է Աստծուն։
11 Իսրայելացի Քաղեբը ևս արժանի է ընդօրինակման մեր կողմից։ Նա լիովին հնազանդվեց Եհովային (Բ Օրին. 1։36)։ Մ.թ.ա. 16–րդ դարում Իսրայելը ազատագրվեց Եգիպտոսի գերությունից, և Մովսեսը 12 մարդ ուղարկեց Քանան՝ այդ երկիրը հետախուզելու։ Սակայն նրանցից միայն երկուսը՝ Քաղեբն ու Հեսուն, հորդորեցին մարդկանց լիովին վստահել Աստծուն և մտնել այդ երկիրը (Թուոց 14։6–9)։ Մոտ չորս տասնամյակ անց Հեսուն և Քաղեբը դեռևս կենդանի էին և «կատարելապես հետևում» էին Եհովային։ Ի վերջո, Աստված հենց Հեսուի միջոցով իսրայելացիներին առաջնորդեց Ավետյաց երկիր։ Իսկ մնացած տասը հետախույզները հավանաբար մահացան 40–ամյա անապատային դեգերումների ժամանակ (Թուոց 14։31–34)։
12 Ուստի Քաղեբը կարող էր Հեսուին ասել. «Իմ Տէր Աստուծուն բոլորովին հետեւեցի» (կարդա՛ Յեսու 14։6–9)։ 85–ամյա Քաղեբը խնդրեց, որ իրեն տրվի այն լեռնային շրջանը, որն Աստված խոստացել էր իրեն, թեև այնտեղ կային թշնամիներ, որոնք ապրում էին մեծ պարսպավոր քաղաքներում (Յեսու 14։10–15)։
13. Անկախ մեր փորձություններից՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստծուց օգնություն ստանանք։
13 Եթե հավատարիմ և հնազանդ Քաղեբի պես «բոլորովին հետևենք Եհովային», մենք կունենանք Աստծու աջակցությունը և մեծ դժվարություններ դիմագրավելիս օգնություն կստանանք։ Բայց ամբողջ կյանքում այդպես վարվելը կարող է հեշտ չլինել։ Օրինակ՝ Սողոմոն թագավորը սկզբում հետևեց Եհովային, սակայն հետագայում, երբ արդեն ծեր էր, այնպես եղավ, որ նրա կանայք նրա սիրտը դարձրեցին դեպի կեղծ աստվածները, և նա «չ’հետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս» (Գ Թագ. 11։4–6)։ Անկախ մեր փորձություններից՝ թող որ միշտ լիովին հնազանդվենք Աստծուն և նրան մեր առջևում դնենք։
Միշտ վստահիր Եհովային
14, 15. Նոեմիի հետ պատահածից ի՞նչ ես սովորում Աստծուն ապավինելու մասին։
14 Մենք պետք է վստահենք Աստծուն, հատկապես երբ ճնշված ենք, և ապագան մեզ մռայլ է երևում։ Քննենք տարեց Նոեմիի հետ պատահածը։ Մահը խլեց նրա ամուսնուն և երկու որդիներին։ Երբ նա Մովաբից վերադարձավ Հուդա, ողբալով ասաց. «Ինձ Նոեմի [«հաճելի», ծնթ.] մի կանչէք, ինձ Մարա [«դառը», ծնթ.] կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։ Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց. ի՞նչու էք ինձ Նոեմի ասում, որովհետեւ Տէրն ինձ խոնարհեցրեց եւ Ամենակարողն ինձ վշտացրեց» (Հռութ 1։20, 21)։
15 Ուշադրությամբ ընթերցելով «Հռութ» գիրքը՝ կարող ենք տեսնել, որ Նոեմին, թեև վշտացած էր, լիովին ապավինում էր Եհովային։ Սակայն նրա իրավիճակը կտրուկ փոխվեց։ Նոեմիի այրիացած հարսը՝ Հռութը, դարձավ Բոոսի կինը և որդի ծնեց։ Նոեմին դարձավ երեխայի դայակը, և, ինչպես որ Աստվածաշնչում է ասվում, «դրացի կիները [երեխային] անուն դրին, ասելով. Նոեմիին մի որդի է ծնել, եւ նորա անունը Ովբէդ կոչեցին. սա Դաւիթի հօր Յեսսէի հայրն էր» (Հռութ 4։14–17)։ Երբ Նոեմին հարություն առնի և ապրի երկրի վրա, նա կիմանա, որ Հռութը, որը նույնպես այնտեղ կլինի, եղել է Հիսուսի՝ Մեսիայի նախամայրը (Մատթ. 1։5, 6, 16)։ Նոեմիի պես՝ մենք էլ չգիտենք, թե ծանր իրավիճակները ինչ ավարտ կունենան։ Ուստի եկեք միշտ վստահենք Աստծուն։ Առակաց 3։5, 6 համարները հենց դա են հորդորում. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։
Ապավինիր սուրբ ոգուն
16. Ինչպե՞ս Աստծու սուրբ ոգին օգնեց հին Իսրայելի ծերերից ոմանց։
16 Եթե Եհովային ամեն ժամանակ դնենք մեր առաջ, նա կառաջնորդի մեզ իր սուրբ ոգով (Գաղ. 5։16–18)։ Աստծու սուրբ ոգին այն 70 ընտրված ծերերի վրա էր, որոնք պետք է օգնեին Մովսեսին «ժողովրդի բեռը վեր առնելու»։ Աստվածաշնչում նրանցից միայն Ելդադի ու Մովդադի անուններն են նշված, բայց ոգին բոլորի՛ն աջակցեց իրենց պարտականությունները կատարելու հարցում (Թուոց 11։13–29)։ Անկասկած, նրանք ընդունակ, աստվածավախ, հուսալի և ազնիվ մարդիկ էին, ինչպես որ ավելի վաղ ընտրվածները (Ելից 18։21)։ Այսօր քրիստոնյա երեցները նման հատկություններ են դրսևորում։
17. Ի՞նչ դեր ունեցավ սուրբ ոգին խորանի կառուցման գործում։
17 Եհովայի սուրբ ոգին կարևոր դեր խաղաց անապատում խորան կառուցելու գործում։ Եհովան նշանակեց Բեսելիելին որպես խորանի գլխավոր արհեստավոր և շինարար՝ խոստանալով «լց[նել] նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով եւ ամեն ճարտարութիւնով» (Ելից 31։3–5)։ «Իմաստուն սիրտ ունեցող» մարդիկ աջակցեցին Բեսելիելին և նրա օգնական Ոողիաբին այդ հրաշալի գործը կատարելու մեջ։ Բացի այդ, Եհովայի սուրբ ոգին մղեց «սրտով հոժար» մարդկանց առատ նվիրաբերություններ կատարելու (Ելից 31։6; 35։5, 30–34)։ Այդ նույն ոգին մղում է Աստծու մերօրյա ծառաներին անելու ամեն ինչ, որ Թագավորության գործն առաջ ընթանա (Մատթ. 6։33)։ Հնարավոր է՝ ունենք որոշակի հմտություններ, բայցևայնպես պետք է աղոթենք Աստծու սուրբ ոգու համար և թույլ տանք, որ այն մեզ առաջնորդի, եթե ուզում ենք լիովին կատարել Եհովայի տված հանձնարարությունը (Ղուկ. 11։13)։
Միշտ վախեցիր Զորքերի Տեր Եհովայից
18, 19. ա) Ի՞նչ է առաջացնում մեր մեջ Աստծու սուրբ ոգին։ բ) Ի՞նչ սովորեցիր Սիմեոնի և Աննայի օրինակից։
18 Սուրբ ոգին մեր մեջ աստվածավախություն է առաջացնում, որի շնորհիվ կարողանում ենք Եհովային ամեն ժամանակ մեր առաջ դնել։ Աստծու վաղեմի ժողովրդին ասվեց. «Զօրքերու Տէրը [Եհովային] փառաւորեցէք, անիկա ըլլայ ձեր վախը» (Ես. 8։13, ԱԱ)։ Առաջին դարում կային երկու տարեց աստվածավախ անհատներ՝ Սիմեոնն ու Աննան (կարդա՛ Ղուկաս 2։25–38)։ Սիմեոնը հավատում էր Մեսիայի մասին մարգարեություններին և «սպասում էր Իսրայելի մխիթարությանը»։ Աստված իր սուրբ ոգին թափեց Սիմեոնի վրա և հայտնեց նրան, որ նա չի մեռնի, մինչև որ չտեսնի Մեսիային։ Այդպես էլ եղավ։ Մ.թ.ա. 2 թ.–ին Մարիամն ու Հովսեփը իրենց նորածին զավակին՝ Հիսուսին, տարան տաճար։ Սուրբ ոգին մղեց Սիմեոնին մարգարեական խոսքեր ասելու Մեսիայի մասին և կանխագուշակելու, որ Մարիամը մեծ վիշտ է զգալու, երբ Հիսուսին տանջանքի ցցին գամեն։ Պատկերացրու Սիմեոնի ուրախության չափը, երբ նա իր ձեռքերի մեջ առավ «Եհովայի Քրիստոսին»։ Աստվածավախության ի՜նչ հրաշալի օրինակ է թողել Սիմեոնը Աստծու ներկայիս ծառաների համար։
19 Աստվածավախ Աննան, որը 84 տարեկան այրի էր, «երբեք չէր հեռանում տաճարից»։ Նա «ծոմերով ու աղաչանքներով գիշեր–ցերեկ սրբազան ծառայություն էր մատուցում» Եհովային։ Աննան նույնպես ներկա էր, երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար։ Որքա՜ն երջանիկ էր նա՝ տեսնելով ապագա Մեսիային։ Նա «սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը»։ Աննան պարտավորվա՛ծ էր զգում բարի լուրը պատմելու ուրիշներին։ Սիմեոնի և Աննայի պես՝ տարեց քրիստոնյաները այսօր անչափ ուրախ են, որ Եհովան չի նայում իր երկրպագուների տարիքին և տարեցների միջոցով նույնպես կատարում է իր կամքը։
20. Անկախ տարիքից՝ ի՞նչ պետք է միշտ անենք և ինչո՞ւ։
20 Անկախ տարիքից՝ մենք պետք է Եհովային ամեն ժամանակ դնենք մեր առջև։ Մենք ջանում ենք պատմել ուրիշներին Աստծու Թագավորության և նրա հրաշալի գործերի մասին, և նա օրհնում է մեզ դրա համար (Սաղ. 71։17, 18; 145։10–13)։ Սակայն եթե ուզում ենք պատվել Եհովային, պետք է նրան հաճելի հատկություններ ցուցաբերենք։ Մենք այդ հատկությունների մասին կիմանանք՝ քննելով աստվածաշնչյան այլ պատմություններ։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան պատասխանում է աղոթքներին։
• Ինչո՞ւ պետք է լիովին հնազանդվենք Աստծուն։
• Նույնիսկ երբ ճնշված ենք, ինչո՞ւ պետք է միշտ ապավինենք Եհովային։
• Ինչպե՞ս է Աստծու սուրբ ոգին օգնում մեզ։
[նկար 4–րդ էջի վրա]
Եհովան լսեց Նեեմիայի աղոթքը
[նկար 5–րդ էջի վրա]
Հիշելով, թե ինչպես փոխվեց Նոեմիի իրավիճակը՝ մենք կարող ենք վստահել Աստծուն