«Խնդրում եմ, ընդունեք իմ համեստ նվերը»
ԱՅՍ խոսքերը գրված էին մի նամակում, որն ուղարկվել էր Ռուսաստանի Եհովայի վկաների մասնաճյուղ։ Նամակի հետ կար նաև մի մեծ արկղ՝ լի բրդյա կիսագուլպաներով։
Նվերն ուղարկել էր 67–ամյա Ալլան, որը Եհովայի վկա է։ Նա ծառայում է Ռուսաստանի հեռավորարևելյան ժողովներից մեկում։ Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Ալլան ծառայում է Եհովային և եռանդորեն քարոզում Թագավորության մասին բարի լուրը։ Սակայն այնպես եղավ, որ նա կաթված ստացավ։ Ալլան անչափ սիրում է իր հավատակիցներին, ուստի որոշեց հետևել առաջին դարում ապրող քրիստոնյա մի կնոջ՝ Դորկասի օրինակին, որն իր հավատակիցների համար հագուստներ էր պատրաստում (Գործեր 9։36, 39)։
Իր նամակում Ալլան գրում է. «Ես չեմ կարողանում շարժել ոտքերս, սակայն ձեռքերս շարժում եմ։ Ուստի քարոզում եմ նամակների միջոցով»։ Նա ավելացնում է. «Քանի դեռ ձեռքերս շարժունակ են, որոշել եմ մի քանի զույգ տաք կիսագուլպաներ գործել։ Կուզենայի դրանք նվիրել այն եղբայրներին ու քույրերին, ովքեր Թագավորության սրահներ են կառուցում ցուրտ վայրերում, օրինակ՝ Հեռավոր Արևելքում և Սիբիրում»։
Իր ազնվասիրտ հետևորդների մասին Հիսուս Քրիստոսն ասել է. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։ Ալլայի դրսևորած սերը հենց այն սերն է, որը բնորոշ է Հիսուսի ճշմարիտ աշակերտներին։