Մշակիր հատկություններ, որոնք կօգնեն աշակերտ պատրաստելու գործում
«Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (ՄԱՏԹԵՈՍ 28։19)։
1. Ի՞նչ հատկություններ ու մտածելակերպ պետք է դրսևորեին Աստծու վաղեմի ծառաներից ոմանք։
ԵՀՈՎԱՅԻ ծառաները պետք է իրենց մեջ մշակեն այնպիսի հատկություններ ու մտածելակերպ, որոնք կօգնեն նրանց կատարել Աստծու կամքը։ Օրինակ՝ Աստված Աբրահամին ու Սառային պատվիրեց հեռանալ բարգավաճ Ուր քաղաքից։ Նրանք, փաստորեն, պետք է ունենային այնպիսի հատկություններ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ էին վրաններում բնակվելու համար (Եբրայեցիներ 11։8, 9, 15)։ Հեսուն իսրայելացիներին Ավետյաց երկիր առաջնորդելու համար պետք է լիներ քաջ, Եհովայի հանդեպ վստահությամբ լցված և նրա Օրենքին լավատեղյակ (Յեսու 1։7–9)։ Բեսելիելն ու Ոողիաբը ինչ ունակություններով էլ որ օժտված լինեին, այնուամենայնիվ, Աստծու սուրբ ոգու օգնությամբ պետք է բարելավեին իրենց հմտությունները, այլապես չէին կարողանա հաջողությամբ կազմակերպել խորանի շինարարությունը և դրա հետ կապված մյուս աշխատանքները (Ելից 31։1–11)։
2. Աշակերտ պատրաստելու գործի հետ կապված ի՞նչ հարցեր կքննարկենք։
2 Դարեր անց Հիսուս Քրիստոսը իր հետևորդներին պատվիրեց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Նախկինում երբեք մարդիկ նման մեծ առանձնաշնորհում չէին ունեցել։ Իսկ ի՞նչ հատկություններ են անհրաժեշտ աշակերտ պատրաստելու համար։ Ինչպե՞ս կարող ենք մշակել այդ հատկությունները։
Դրսևորիր խոր սեր Աստծու հանդեպ
3. Աշակերտ պատրաստելու պատվիրանը ինչի՞ հնարավորություն է տալիս մեզ։
3 Մենք պետք է անչափ շատ սիրենք Եհովային, որպեսզի մեր մեջ ուժ գտնենք մոտենալու մարդկանց և նրանց համոզելու, որ երկրպագեն ճշմարիտ Աստծուն։ Իսրայելացիները Աստծու հանդեպ իրենց սերը կարող էին դրսևորել՝ հնազանդվելով նրա պատվիրաններին, ընդունելի զոհեր մատուցելով և երգեցողությամբ նրան փառաբանելով (Բ Օրինաց 10։12, 13; 30։19, 20; Սաղմոս 21։13; 96։1, 2; 138։5)։ Մենք նույնպես պահում ենք Աստծու օրենքները։ Բացի այդ, Եհովայի հանդեպ մեր սերը արտահայտում ենք նրանով, որ պատմում ենք մարդկանց Աստծու և նրա նպատակների մասին։ Մենք պետք է խոսենք համոզվածությամբ՝ համապատասխան բառերով արտահայտելով մեր անկեղծ զգացումները Աստծու տված հույսի հանդեպ (1 Թեսաղոնիկեցիներ 1։5; 1 Պետրոս 3։15)։
4. Ինչո՞ւ էր Հիսուսը հաճույք ստանում Եհովայի մասին սովորեցնելուց։
4 Հիսուսը շատ էր սիրում Եհովային, ուստի մեծ հաճույք էր ստանում նրա նպատակների, Թագավորության և ճշմարիտ երկրպագության մասին խոսելուց (Ղուկաս 8։1; Հովհաննես 4։23, 24, 31)։ Նա ասաց. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտեմ» (Հովհաննես 4։34)։ Սաղմոսերգուի հետևյալ խոսքերը վերաբերում են Հիսուսին. «Քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։ Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես» (Սաղմոս 40։8, 9; Եբրայեցիներ 10։7–10)։
5, 6. Ո՞րն է ամենակարևոր հատկությունը աշակերտ պատրաստելու գործում։
5 Աստծու հանդեպ սերը մղում է նրանց, ովքեր նոր են իմացել Աստվածաշնչի ճշմարտությունը, խոսելու Եհովայի և նրա Թագավորության մասին այնպիսի համոզվածությամբ, որ մարդկանց մեջ ցանկություն է առաջանում քննելու Գրությունները (Հովհաննես 1։41)։ Գլխավոր ազդակը, որ մղում է մեզ մասնակցելու աշակերտ պատրաստելու գործին, Աստծու հանդեպ սերն է։ Ուստի եկեք կենդանի պահենք այդ սերը՝ կանոնավորաբար ընթերցելով նրա Խոսքը և խորհրդածելով դրա շուրջ (1 Տիմոթեոս 4։6, 15; Հայտնություն 2։4)։
6 Անկասկած, սերը Եհովայի հանդեպ մղեց Հիսուս Քրիստոսին լինելու եռանդուն ուսուցիչ։ Բայց դա միակ մղիչ ուժը չէր։ Այդ դեպքում ուրիշ ի՞նչը օգնեց Հիսուսին լինելու արդյունավետ ուսուցիչ։
Սիրառատ հոգատարություն մարդկանց հանդեպ
7, 8. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում մարդկանց։
7 Հիսուսը մտածում էր մարդկանց մասին և խորապես հետաքրքրվում էր նրանցով։ Նույնիսկ իր մինչմարդկային կյանքի ընթացքում, երբ Աստծու մոտ «ճարտարապետ» էր, նա ուրախություն էր ստանում այն ամենից, ինչ կապված էր մարդկանց հետ (Առակաց 8։30, 31)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը կարեկցում էր նրանց, և ովքեր գալիս էին նրա մոտ, թարմություն էին ստանում (Մատթեոս 11։28–30)։ Հիսուսը արտացոլում էր Եհովայի սերն ու կարեկցանքը, և մարդիկ, զգալով դա, ավելի էին մղվում երկրպագելու միակ ճշմարիտ Աստծուն։ Ամեն տեսակի մարդիկ լսում էին Հիսուսին, քանի որ նա սիրառատ հոգատարություն էր ցուցաբերում նրանց հանդեպ և հասկանում էր նրանց հանգամանքները (Ղուկաս 7։36–50; 18։15–17; 19։1–10)։
8 Երբ մի մարդ հարցրեց նրան, թե ինչ պետք է անի հավիտենական կյանք ստանալու համար, «Հիսուսը նայեց նրան և նրա հանդեպ սիրով լցվեց» (Մարկոս 10։17–21)։ Բեթանիայում Հիսուսը ուսուցանել էր որոշ մարդկանց և ահա թե ինչ զգացումներ ուներ նրանց նկատմամբ. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։1, 5)։ Նա այնքան էր հետաքրքրված մարդկանցով, որ հրաժարվեց իր հանգստից՝ նրանց սովորեցնելու համար (Մարկոս 6։30–34)։ Շնորհիվ մարդկանց հանդեպ սիրառատ հոգատարության՝ Հիսուսը ամենաարդյունավետ ուսուցիչն էր, ով մարդկանց օգնել է ընդունել ճշմարիտ երկրպագությունը։
9. Որպես ուսուցիչ՝ ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում նրանց, ում սովորեցնում էր։
9 Պողոս առաքյալը ևս խորապես հետաքրքրված էր այն մարդկանցով, ում քարոզում էր։ Օրինակ՝ նա թեսաղոնիկեցիներին, որոնք դարձել էին քրիստոնյաներ, ասաց. «Ջերմ զգացմունքներ ունենալով ձեր հանդեպ՝ մենք ուրախ էինք ձեզ տալու ոչ միայն Աստծու բարի լուրը, այլև մեր իսկ հոգիները, որովհետև դուք սիրելի դարձաք մեզ համար»։ Պողոսի ջանքերը իզուր չանցան. թեսաղոնիկեցիներից ոմանք «իրենց կուռքերից դարձան դեպի Աստված, որպեսզի ծառայեն կենդանի Աստծուն» (1 Թեսաղոնիկեցիներ 1։9; 2։8)։ Եթե մենք Հիսուսի և Պողոսի պես իրոք հետաքրքրված ենք մարդկանցով, ապա նույնպես կուրախանանք՝ տեսնելով, թե ինչպես է բարի լուրը հասնում «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված» մարդկանց սրտին (Գործեր 13։48)։
Դրսևորիր անձնազոհ ոգի
10, 11. Աշակերտ պատրաստելու համար ինչո՞ւ պետք է անձնազոհ ոգի ունենանք։
10 Արդյունավետ ուսուցիչները անձնազոհ ոգի ունեն։ Նրանք չեն կենտրոնանում հարստություն ձեռք բերելու վրա։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորությունը մտնել»։ Աշակերտները զարմացան նրա խոսքերի վրա, բայց Հիսուսն ավելացրեց. «Զավակնե՛ր, որքա՜ն դժվար է մտնել Աստծու թագավորությունը։ Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորությունը մտնի» (Մարկոս 10։23–25)։ Հիսուսը իր հետևորդներին խորհուրդ տվեց պարզ կյանքով ապրել, ինչը կօգներ նրանց կենտրոնանալ աշակերտներ պատրաստելու գործի վրա (Մատթեոս 6։22–24, 33)։ Ինչպե՞ս է անձնազոհ ոգի ունենալը օգնում մեզ աշակերտներ պատրաստելու գործում։
11 Հիսուսի պատվիրած բաներն ուսուցանելու համար շատ ջանք է հարկավոր։ Քրիստոնյան, ով ցանկանում է աշակերտ պատրաստել, ձգտում է հետաքրքրվող անհատի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել ամեն շաբաթ։ Որոշ քարոզիչներ անցել են կես օրով աշխատանքի՝ ամբողջ օրով աշխատելու փոխարեն, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ունենան գտնելու անկեղծ սրտով անհատների։ Հազարավոր քրիստոնյաներ օտար լեզու են սովորել, որպեսզի քարոզեն իրենց տարածքում բնակվող այլազգիներին։ Այլ ուսուցիչներ տեղափոխվել են ուրիշ տարածք կամ երկիր՝ ավելի շատ մասնակցելու «հնձին» (Մատթեոս 9։37, 38)։ Անշուշտ, այս ամենը պահանջում է անձնազոհ ոգի։ Այդուհանդերձ, արդյունավետ ուսուցիչ լինելու համար ուրիշ բան էլ է պետք։
Համբերատար եղիր, բայցև ժամանակ մի կորցրու
12, 13. Ինչո՞ւ է համբերատարությունն անչափ կարևոր աշակերտ պատրաստելու գործում։
12 Աշակերտ պատրաստելու գործում անհրաժեշտ է նաև համբերատարություն դրսևորել։ Թեև քրիստոնեական պատգամը պահանջում է հրատապ գործողություններ, այնուամենայնիվ բավականաչափ ժամանակ և համբերություն է պետք, մինչև որ անհատը աշակերտ դառնա (1 Կորնթացիներ 7։29)։ Հիսուսը անհամբերություն չդրսևորեց իր եղբոր՝ Հակոբոսի հանդեպ։ Թեպետ Հակոբոսը, ըստ ամենայնի, քաջածանոթ էր Հիսուսի քարոզչական գործունեությանը, մի որոշ ժամանակ ինչ–որ բան նրան ետ էր պահում աշակերտ դառնալուց (Հովհաննես 7։5)։ Հակոբոսը, հավանաբար, աշակերտ դարձավ Քրիստոսի մահվանից մինչև 33 թվականի Պենտեկոստեն ընկած կարճ ժամանակամիջոցում։ Գրություններից կարող ենք տեսնել, որ հավանաբար նա նույնպես ներկա է եղել, երբ նրա եղբայրները, մայրը առաքյալների հետ հավաքվել էին աղոթելու համար (Գործեր 1։13, 14)։ Հակոբոսը արագորեն հոգևորապես առաջադիմեց և հետագայում քրիստոնեական ժողովում ստանձնեց կարևոր պատասխանատվություններ (Գործեր 15։13; 1 Կորնթացիներ 15։7)։
13 Քրիստոնյաները նման են հողագործների, որոնց ցանածը հաճախ դանդաղ է աճում։ Ժամանակ է հարկավոր, որ անհատը հասկանա Աստծու Խոսքը, սիրի Եհովային և մտածի Քրիստոսի պես։ Քրիստոնյա ուսուցչից համբերություն է պահանջվում։ Հակոբոսը գրեց. «Եղբայրնե՛ր, համբերությո՛ւն դրսևորեք մինչև Տիրոջ ներկայությունը։ Ահա հողագործը, համբերություն դրսևորելով, սպասում է երկրի թանկարժեք պտղին այնքան ժամանակ, մինչև որ ստանա վաղ և ուշ անձրևը։ Դուք նույնպես համբերություն դրսևորեք, հաստատե՛ք ձեր սրտերը, որովհետև Տիրոջ ներկայությունը մոտեցել է» (Հակոբոս 5։7, 8)։ Հակոբոսը հորդորում է իր հավատակիցներին «համբերություն դրսևորել մինչև Տիրոջ ներկայությունը»։ Եթե աշակերտները որոշ բաներ չէին հասկանում, Հիսուսը համբերատարությամբ բացատրում էր կամ օրինակով պարզաբանում (Մատթեոս 13։10–23; Ղուկաս 19։11; 21։7; Գործեր 1։6–8)։ Այժմ, երբ Տերը ներկա է, մենք նույնպես պետք է համբերատար լինենք աշակերտ պատրաստելիս։ Նրանք, ովքեր մեր օրերում դառնում են Հիսուսի հետևորդներ, կարիք ունեն համբերատարությամբ ուսուցանվելու (Հովհաննես 14։9)։
14. Համբերատար լինելով հանդերձ՝ ինչպե՞ս կարող ենք որպես ուսուցիչներ իմաստնորեն օգտագործել մեր ժամանակը։
14 Բայցևայնպես, անգամ եթե համբերատար ենք, Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծամասնությունը պտուղ չի բերում (Մատթեոս 13։18–23)։ Ուստի ողջամտության սահմաններում ջանքեր գործադրելուց հետո իմաստություն դրսևորած կլինենք, եթե այլևս ժամանակ չծախսենք այդ անհատների վրա և փնտրենք նրանց, ովքեր կգնահատեն Աստվածաշնչի ճշմարտությունը (Ժողովող 3։1, 6)։ Ինչ խոսք, նույնիսկ ճշմարտությունը թանկ գնահատող մարդիկ գուցե երկարատև օգնության կարիք ունենան, որպեսզի փոխեն իրենց տեսակետները, վերաբերմունքը և առաջնահերթությունները։ Այսպիսով՝ մենք Հիսուսի պես համբերատարություն ենք դրսևորում այն աշակերտների հանդեպ, ովքեր դժվարությամբ են առաջադիմում (Մարկոս 9։33–37; 10։35–45)։
Տիրապետիր սովորեցնելու արվեստին
15, 16. Պարզ մատուցումը և լավ նախապատրաստվածությունը ինչո՞ւ են կարևոր աշակերտ պատրաստելու գործում։
15 Սերը Աստծու հանդեպ, հոգատարությունը մարդկանց նկատմամբ, անձնազոհ ոգին և համբերատարությունը կարևոր հատկություններ են արդյունավետ ուսուցիչ լինելու հարցում։ Սակայն մենք պետք է զարգացնենք նաև մեր ուսուցողական հմտությունները։ Դրանք կօգնեն մեզ նյութը բացատրել պարզ ու հասկանալի ձևով։ Օրինակ՝ Մեծ Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի շատ խոսքեր ազդեցիկ էին հատկապես պարզության պատճառով։ Հավանաբար կհիշես Հիսուսի որոշ արտահայտություններ՝ «ձեզ համար գանձեր դիզեք երկնքում», «սուրբ բաները շներին մի՛ տվեք», «իմաստությունը արդարացվում է իր գործերով», «կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 6։20; 7։6; 11։19; 22։21)։ Իհարկե, Հիսուսը միայն կարճ նախադասություններ չէր ասում։ Նա սովորեցնում էր պարզ կերպով և երբ պետք էր լինում, բացատրում էր։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին ուսուցանելու մեջ։
16 Եթե ուսումնասիրությանը լավ նախապատրաստվենք, ապա կկարողանանք ուսուցանել պարզ ու հասկանալի ձևով։ Անպատրաստ քարոզիչը հակված է շատ խոսելու։ Թեմայի վերաբերյալ իր բոլոր գիտելիքներն արտահայտելով՝ նա կարող է հետին պլան մղել գլխավոր մտքերը։ Իսկ լավ նախապատրաստված քարոզիչը մտածում է ուսումնասիրողի մասին, խորհում է թեմայի շուրջ և բացատրում է միայն այն, ինչ անհրաժեշտ է (Առակաց 15։28; 1 Կորնթացիներ 2։1, 2)։ Նա հաշվի է առնում, թե ուսումնասիրողն ինչ գիտելիքներ ունի, և թե որ մտքերը պետք է ընդգծվեն ուսումնասիրության ընթացքում։ Քարոզիչը գուցե բազմաթիվ հետաքրքրիր մանրամասնություններ իմանա թեմայի վերաբերյալ, բայցևայնպես, նա կկարողանա պարզ կերպով սովորեցնել, եթե բաց թողնի ոչ անհրաժեշտ տեղեկությունները։
17. Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց տրամաբանել Գրությունների շուրջ։
17 Հիսուսը նաև մարդկանց օգնում էր տրամաբանել՝ պարզապես փաստեր ներկայացնելու փոխարեն։ Օրինակ՝ մի անգամ նա ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից» (Մատթեոս 17։25)։ Հնարավոր է՝ մենք մեծ հաճույք ենք ստանում Աստվածաշունչը բացատրելուց և տարվում ենք դրանով։ Այդ դեպքում թերևս պետք է ինքնատիրապետում դրսևորենք, որպեսզի ուսումնասիրողը նույնպես արտահայտվելու հնարավորություն ունենա։ Ինչ խոսք, նաև չպետք է հարցերով ծանրաբեռնենք մարդկանց։ Փոխարենը՝ նրբանկատորեն, լավ օրինակներով և մտածված հարցերով կարող ենք օգնել նրանց հասկանալու այն սուրբգրային մտքերը, որ բերված են Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններում։
18. Ի՞նչ է ներառում «սովորեցնելու արվեստը»։
18 Գրություններում նշվում է «սովորեցնելու արվեստի» մասին (2 Տիմոթեոս 4։2; Տիտոս 1։9)։ Սովորեցնելու արվեստը շատ ավելին է ներառում, քան պարզապես մարդկանց օգնելը, որ փաստերը մտապահեն։ Մենք պետք է օգնենք ուսումնասիրողին հասկանալու, թե ինչ տարբերություն կա ճշտի ու սխալի, լավի ու վատի, իմաստության ու հիմարության միջև։ Եթե այսպես վարվենք և ձգտենք Եհովայի հանդեպ սեր արմատավորել անհատի սրտում, ապա նա գուցե հասկանա, թե ինչու պետք է հնազանդվի Աստծուն։
Եռանդորեն մասնակցիր աշակերտ պատրաստելու գործին
19. Ինչպե՞ս են բոլոր քրիստոնյաները նպաստում աշակերտ պատրաստելու գործին։
19 Քրիստոնեական ժողովը աշակերտ պատրաստող կազմակերպություն է։ Երբ ինչ–որ մեկը դառնում է աշակերտ, ապա դա ուրախանալու պատճառ է ոչ միայն այն Եհովայի վկայի համար, ով գտել է նրան ու օգնել իմանալու Աստվածաշնչի ճշմարտությունը, այլև մյուսների։ Երբ հետախուզական ջոկատ է կազմավորվում կորած երեխային գտնելու համար, ապա, կարելի է ասել, ջոկատից միայն մեկն է հայտնաբերում փոքրիկին։ Բայց երբ երեխային տալիս են նրա ծնողներին, ապա նրանց հետ ուրախանում են որոնողական աշխատանքների բոլոր մասնակիցները (Ղուկաս 15։6, 7)։ Նմանապես, աշակերտ պատրաստելու գործը միասնական ջանքեր է պահանջում։ Բոլոր քրիստոնյաներն են մասնակցում Հիսուսի նոր աշակերտների «որոնողական» աշխատանքներին։ Իսկ երբ նոր անհատը սկսում է հաճախել ժողովի հանդիպումներին, յուրաքանչյուր քրիստոնյա իր լուման է ներդնում, որ նրա մեջ գնահատանք առաջանա ճշմարիտ երկրպագության հանդեպ (1 Կորնթացիներ 14։24, 25)։ Այո՛, բոլոր քրիստոնյաները կարող են ցնծալ, որ ամեն տարի հարյուր հազարավոր նոր աշակերտներ են միանում մեզ։
20. Ի՞նչ կարող ես անել, եթե ցանկանում ես ճշմարտությունը ուսուցանել մարդկանց։
20 Բազմաթիվ քրիստոնյաներ ուրախ կլինեն ինչ–որ մեկին գիտելիքներ տալ Եհովայի և ճշմարիտ երկրպագության մասին։ Չնայած ջանքերին՝ նրանք գուցե չեն կարողանում գտնել անհատի, ով կցանկանար նման ուսուցում ստանալ։ Եթե դու դեռ Աստվածաշնչի ուսումնասիրություն չես անցկացնում, ապա շարունակիր ամրացնել քո սերը Եհովայի հանդեպ, հետաքրքրվել մարդկանցով, լինել անձնազոհ, համբերատար և բարելավել քո ուսուցողական հմտությունները։ Իսկ որ ամենակարևորն է, ճշմարտությունը ուսուցանելու քո ցանկության մասին անընդհատ աղոթիր (Ժողովող 11։1)։ Քեզ համար մխիթարական կարող է լինել այն, որ ցանկացած բան, որ անում ես Եհովայի ծառայության մեջ, նպաստում է աշակերտներ պատրաստելու գործին, գործ, որը փառաբանում է Աստծուն։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ աշակերտ պատրաստելու գործով ստուգվում է մեր սերը Աստծու հանդեպ։
• Քրիստոնյա ուսուցչից ի՞նչ հատկություններ են պահանջվում։
• Ի՞նչ է մտնում «սովորեցնելու արվեստի» մեջ։
[նկար 21–րդ էջի վրա]
Աշակերտներ պատրաստելով՝ քրիստոնյաները դրսևորում են իրենց սերը Աստծու հանդեպ
[նկար 23–րդ էջի վրա]
Ինչո՞ւ նրանք, ովքեր աշակերտներ են պատրաստում, պետք է հետաքրքրված լինեն մարդկանցով
[նկար 24–րդ էջի վրա]
Որո՞նք են այն հատկություններից մի քանիսը, որ անհրաժեշտ են աշակերտ պատրաստողին
[նկար 25–րդ էջի վրա]
Բոլոր քրիստոնյաները ցնծում են՝ տեսնելով աշակերտներ պատրաստելու գործի հրաշալի արդյունքները