Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 10/15 էջ 8–11
  • Բարի լուրի համար խոչընդոտ չկա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի լուրի համար խոչընդոտ չկա
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Հոգևոր սնունդ՝ միջազգային եղբայրության ջանքերով
  • Ճանապարհին
  • Օրհնություններ, որ փոխհատուցում են բոլոր դժվարությունները
2007 Դիտարան
w07 10/15 էջ 8–11

Բարի լուրի համար խոչընդոտ չկա

ՄԵՐ բեռնատարը կանգ առավ մի անցագրային կետի մոտ, որտեղ շուրջ 60 զինված տղամարդիկ, կանայք ու պատանիներ կային։ Նրանցից ոմանք զինվորական հագուստով էին, ոմանք էլ՝ քաղաքացիական։ Նրանցից շատերը զենք ունեին։ Ինչպես երևում էր, նրանք սպասում էին մեզ։ Այդ երկրում քաղաքացիական ընդհարումներ էին տեղի ունենում։

Արդեն չորս օր էր՝ ճանապարհին էինք։ Մեզ հետ տանում էինք տասը տոննա աստվածաշնչյան գրականություն։ Արդյոք նրանք կթողնեի՞ն, որ շարունակենք ճանապարհը։ Փո՞ղ կուզեին։ Որքա՞ն ժամանակ կպահանջվեր նրանց համոզելու համար, որ մեր առաքելությունը խաղաղարար է։

Մի ագրեսիվ տղամարդ իր հրացանը վեր պահեց ու կրակեց, որպեսզի ցույց տա, թե ով է այդտեղ գլխավորը։ Նա նկատեց մեր բջջային հեռախոսները և պահանջեց, որ հանձնենք իրեն։ Մի պահ վարանեցինք։ Տղամարդը ձեռքով ցույց տվեց, որ մեր կոկորդը կկտրի։ Պարզ էր, որ եթե չհնազանդվեինք, այդպես էլ կաներ։ Ստիպված՝ հեռախոսները տվեցինք։

Հանկարծ զինվորական հագուստով մի կին, արագ վերցնելով իր ատրճանակը, մոտեցավ մեզ։ Նա «քարտուղարուհին» էր և ցանկանում էր, որ իրեն էլ ինչ–որ բան տայինք։ Կյանքը դժվար է, ու փոքրիկ «նվերը» ամենևին էլ չի խանգարի։ Ապա զինվորներից մեկը բացեց մեր բենզինի բաքը և սկսեց բենզինը լցնել իր տարայի մեջ։ Մենք փորձեցինք կանգնեցնել նրան։ Սակայն նա հանգիստ շարունակեց իր գործը՝ ասելով, թե ընդամենը կատարում է այն, ինչ իրեն հրամայել են։ Ոչինչ չէինք կարող անել։ Միայն հույս էինք փայփայում, որ մյուսներն էլ նույն ձև չեն վարվի։

Ի վերջո, ճանապարհը բացեցին, և մենք շարժվեցինք։ Ես և ուղեկիցս թեթևացած շունչ քաշեցինք։ Իրավիճակն, ինչ խոսք, շատ լարված էր, սակայն արդեն սովոր էինք նման ստուգումների։ 2000 թ. ապրիլից մինչև 2004 թ. հունվարը 18 այսպիսի ճանապարհորդություններ ենք կատարել Դուալա նավահանգստից (Կամերուն) մինչև Բանգի՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք։ 1 600 կիլոմետր ձգվող այդ ուղին լի է վտանգներով և անակնկալներով։a

«Այս ճանապարհորդություններից բազմաթիվ դասեր ենք քաղել,— ասում են վարորդներ Ժոզեֆն ու Էմանուելը, որոնք կանոնավորաբար անցնում են այդ երթուղին։— Պետք է մտքում անընդհատ աղոթել և հանգստություն պահպանել։ Սաղմոսերգուն գրել է. «Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կ’անէ ինձ մարդը»։ Մենք ձգտում ենք նույն մտածելակերպն ունենալ։ Միշտ ներքին համոզվածություն ունենք, որ Եհովան գիտի մեր նպատակը՝ մարդկանց հասցնել բարի լուրը, որի կարիքը նրանք խիստ զգում են» (Սաղմոս 56։11)։

Հոգևոր սնունդ՝ միջազգային եղբայրության ջանքերով

Աֆրիկայի այս մասում ապրողներից շատերը սիրով են լսում Թագավորության բարի լուրը, և այն գրականությունը, որը բեռնատարներով փոխադրում ենք, կարող է բավարարել նրանց այդ հոգևոր կարիքը (Մատթեոս 5։3; 24։14)։ Եհովայի վկաների՝ Կամերունի մասնաճյուղը, որ գտնվում է Դուալայում, կանոնավորաբար գրականություն է ուղարկում Կամերունի ու հարակից չորս երկրների ավելի քան 30 000 քարոզիչներին, ինչպես նաև հետաքրքրվող անձանց։

Այդ գրականությունը արդեն իսկ երկար ճանապարհ է անցած լինում։ Նրա մեծ մասը տպագրվում է Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Ֆինլանդիայում, ապա Ֆրանսիայից ծովով ուղարկվում է Կամերուն։ Սովորաբար աստվածաշնչյան գրականությամբ բեռնված կոնտեյները Դուալա է գալիս երկու շաբաթը մեկ։

Կոնտեյները տեղադրում են բեռնատար մեքենայի վրա և հասցնում մասնաճյուղ։ Այնտեղ առաքման բաժնի աշխատակիցները դասավորում են գրականությունը՝ ըստ առաքման վայրերի։ Դրանից հետո այն պետք է ուղարկվի վերոհիշյալ չորս երկրների հեռավոր բնակավայրերը. առաջադրանք, որը հեշտ չէ։ Սակայն այդպես որոշ չափով կատարվում է բարի լուրը երկրի ամենահեռավոր ծայրերը հասցնելու պատվերը (Գործեր 1։8)։ Այս հարցում մասնաճյուղին մեծ օգնություն են ցույց տալիս անձնազոհ կամավորները, որոնք պատրաստ են բեռնատարներով անցնել այդ երկրամասի վտանգավոր ճանապարհները։ Շնորհիվ դրա՝ Աֆրիկայի կենտրոնական մասերում ապրող միլիոնավոր մարդիկ կանոնավորաբար սուրբգրային գրականություն են ստանում։

Ճանապարհին

Կամերուն, Չադ, Հասարակածային Գվինեա, Գաբոն և Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն գրականությունը ուղարկվում է բեռնատար ավտոմեքենաներով։ Տեսնենք, թե ինչ է տեղի ունենում ճանապարհին։ Մտովի նստենք վարորդների կողքին և պատրաստ լինենք կատարելու վտանգներով ու արկածներով լի մի ճանապարհորդություն, որը տևելու է 10 օր կամ նույնիսկ ավելի երկար։

Նման ճանապարհի համար պահանջվում է վեց վարորդ, որոնք պետք է լինեն ֆիզիկապես ուժեղ, գործունյա և համբերատար։ Նաև նրանք պետք է կոկիկ հագնվեն։ Սովորաբար վարորդները կրում են կա՛մ ավանդական աֆրիկական զգեստներ, կա՛մ էլ վերնաշապիկ՝ փողկապով։ Անցյալում մաքսատան աշխատողները հաճախ նշում էին. «Հապա մի նայիր սրանց կոկիկ տեսքին ու մաքուր բեռնատարներին։ Կարծես իրենց պարբերագրերի միջի նկարներից դուրս եկած լինեն»։ Սակայն արտաքինից շատ ավելի կարևոր է վարորդների պատրաստակամությունը՝ գնալու այնտեղ, ուր անհրաժեշտ է՝ ուրիշներին ծառայելու համար (Սաղմոս 110։3)։

Դուալայից պետք է դուրս գալ առավոտյան ժամը վեցին՝ արևածագից անմիջապես հետո, այդ ծանրաբեռնված քաղաքի ճանապարհային խցանումներից խուսափելու համար։ Մասնաճյուղի մոտ գտնվող կամուրջն անցնելուց և քաղաքից դուրս գալուց հետո մենք շարժվում ենք դեպի արևելք՝ մեր առաջին նպատակակետը՝ Կամերունի մայրաքաղաք Յաունդե։

Բոլոր վեց վարորդներն էլ կպատմեն, թե որքան դժվար է վարել տասը տոննա գրականությամբ բեռնավորված մեքենաները։ Առաջին երեք օրը ճանապարհները բարվոք վիճակում են, և, հետևաբար, խնդիրները՝ քիչ, չնայած, միևնույնն է, անհրաժեշտ է լինել ուշադիր ու կենտրոնացած։ Սակայն հետո ստիպված ենք ընթանալ անսարք ճանապարհներով։ Հանկարծ սկսում է անձրևել, և այդ պատճառով ճանապարհը սայթաքուն է դառնում։ Տեսանելիությունը նվազում է։ Քանի որ տեղանքն անհարթ է, մենք դանդաղ ենք շարժում։ Սկսում է մթնել։ Ժամանակն է կանգ առնելու։ Մենք հաց ենք ուտում և ապա փորձում ենք քնել՝ մեր ոտքերը դնելով էլեկտրասարքերի վահանակին։ Ուրիշ ընտրություն չկա։

Վաղ առավոտյան նորից շարժվում ենք։ Մեզանից մեկը ուշիմորեն հետևում է, որ չափազանց չմոտենանք ճանապարհի եզրին եղող փոսերին։ Վարորդները լավ գիտեն, որ փոսն ընկնելու դեպքում օրեր կպահանջվեն այնտեղից դուրս գալու համար։

Ճանապարհները նույն վիճակում են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։ Մենք անցնում ենք 650 կիլոմետր ձգվող մի բլրոտ տեղանքով՝ կանաչ ու գեղեցիկ։ Դանդաղորեն ընթանում ենք գյուղերի միջով։ Տեսնում ենք երեխաների, ծերերի ու կանանց՝ իրենց փոքրիկներին մեջքերին կապած։ Նրանք ձեռքով են անում մեզ։ Քանի որ երկրի քաղաքացիական դրությունը կայուն չէ, այդտեղով քիչ ավտոմեքենաներ են անցնում։ Ուստի մարդիկ մեծ հետաքրքրությամբ են դիտում մեզ։

Օրհնություններ, որ փոխհատուցում են բոլոր դժվարությունները

Վարորդներից մեկը՝ Ժանվիեն, ասում է, որ, չնայած ծանր գրաֆիկին, իրենք հանգստանալու և աստվածաշնչյան գրականություն տարածելու նպատակով հաճախ կանգ են առնում փոքր գյուղերում։ Նա պատմում է. «Բաբուայում միշտ զրուցում ենք հիվանդանոցում աշխատող մի մարդու հետ, որը մեծ հետաքրքրություն է ցույց տալիս Թագավորության լուրի հանդեպ։ Մենք նրա հետ Աստվածաշնչի կարճ ուսումնասիրություն ենք անցկացնում։ Մի անգամ նրան և իր ընտանիքին նույնիսկ ցույց տվեցինք Նոյի մասին տեսաֆիլմը։ Մեզ ոգևորությամբ միացան նրա ընկերներն ու հարևանները, և շատ շուտով նրա տունը լցվեց մարդկանցով։ Բոլորն էլ լսել էին Նոյի պատմությունը և այժմ կարող էին դիտել այն։ Անչափ քաջալերական էր տեսնել նրանց գնահատանքը։ Տեսաֆիլմը դիտելուց հետո բաբուացիները մեզ հատուկ ճաշի հրավիրեցին՝ ի նշան երախտագիտության։ Նաև շատ խնդրեցին, որ գիշերենք իրենց մոտ։ Սակայն պետք է անհապաղ շարժվեինք, քանի որ առջևում դեռ երկար ճանապարհ էր սպասվում։ Մենք անչափ ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք բարի լուրի հետ ծանոթացնել այդ խոնարհ մարդկանց։

Մեկ այլ վարորդ՝ Իսրայելը, հիշում է մի քանի դեպքեր, որոնք տեղի էին ունեցել Բանգի կատարած ճանապարհորդություններից մեկի ժամանակ։ «Որքան մոտենում էինք Բանգիին, այնքան անցագրային կետերի և ուղեկալների թիվը շատանում էր։ Ի ուրախություն մեզ՝ զինվորականները մեծամասամբ բարեկամաբար էին տրամադրված, քանի որ նախորդ ճանապարհորդություններից արդեն հիշում էին մեր բեռնատարները։ Նրանք առաջարկում էին մեզ իրենց հետ նստել և սուրբգրային գրականություն էին վերցնում։ Այդ մարդիկ շատ բարձր են գնահատում գիրքը, ուստի վրան գրում են իրենց անուն–ազգանունը, ամիս–ամսաթիվը, ինչպես նաև այն մարդու անունը, որից ստացել են այդ գիրքը։ Զինվորականներից ոմանց հարազատները Եհովայի վկաներ են։ Ուստի նրանք մեզ բարեկամաբար էին վերաբերվում նաև այդ պատճառով»։

Ժոզեֆը՝ վարորդներից ամենափորձառուն, ասում է, որ այդ ճանապարհորդությունների ամենավառ կետը տեղ հասնելն է։ Հիշելով այդպիսի մի դեպք՝ նա պատմում է. «Երբ ընդամենը մի քանի մետր էր մնացել Բանգի մտնելու, մենք զանգահարեցինք եղբայրներին և հայտնեցինք, որ տեղ ենք հասնում։ Նրանք ընդառաջ եկան և մեզ հետ միասին օգնեցին լուծելու փաստաթղթային հարցերը։ Երբ հասանք մասնաճյուղ, բոլոր աշխատակիցները դուրս եկան՝ մեզ ողջունելու՝ ջերմորեն գրկելով յուրաքանչյուրիս։ Ապա մոտակա ժողովներից օգնականներ եկան և հաշված ժամերի ընթացքում բեռնաթափեցին ու պահեստում տեղավորեցին գրքերով, գրքույկներով, թերթիկներով և պարբերագրերով լեցուն հարյուրավոր արկղերը»։

«Երբեմն,— ասում է Ժոզեֆը,— մենք տանում ենք նաև նվիրաբերված հագուստ, կոշիկներ ու մանկական պիտույքներ, որոնք ուղարկվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Ի՜նչ ուրախություն է տեսնել երախտապարտ եղբայրների ժպիտները»։

Մասնաճյուղում մեկ օր հանգստանալուց հետո մենք ստուգում և պատրաստում ենք մեր բեռնատարները՝ հետադարձ ճանապարհի համար։ Մեզ նորից խնդիրներ են սպասում, բայց ուրախալի դեպքերը, որ տեղի են ունենում մեզ հետ, ավելի քան փոխհատուցում են ցանկացած դժվարություն։

Մեծ հեռավորությունները, հորդառատ անձրևները, վատ ճանապարհները իսկապես հյուծիչ են։ Բացի այդ, ճանապարհին անվադողերը կարող են վնասվել, իսկ ավտոմեքենան՝ փչանալ։ Զինվորականների անկառավարելի վարքը նույնպես մշտական խնդիր է։ Սակայն ոչինչ չի կարող այնքան բավարարվածություն պատճառել վարորդներին, որքան այս գործը։ Նրանք Թագավորության բարի լուրը հասցնում են Աֆրիկայի հեռավոր վայրերը՝ տեսնելով, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց կյանքում։

Օրինակ՝ այս եղբայրների ջանքերի շնորհիվ մի մարդ, որն ապրում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հեռավոր գյուղերից մեկում՝ Սուդանի սահմանի մոտ, այժմ հնարավորություն ունի Աստվածաշունչն ընթերցելու ժամանակակից թարգմանությամբ։ Նրա կինն ուսումնասիրում է «Դիտարան» պարբերագրի բոլոր համարները, իսկ երեխաները օգուտներ են քաղում «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքից։b Նրանց նման՝ գյուղական վայրերում ապրող բազում այլ անհատներ ևս հոգևոր սնունդը ստանում են այնպես, ինչպես մեծ քաղաքներում բնակվող իրենց քրիստոնյա եղբայրները։ Մի՞թե սա ցնծության պատճառ չէ...

[ծանոթագրություններ]

a Այդ ժամանակից սկսած՝ շատ բան է արվել Դուալայի և Բանգիի միջև ապահովություն հաստատելու համար։

b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Քարտեզներ/նկար 9–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ԿԱՄԵՐՈՒՆ

Դուալա

ԿԵՆՏՐՈՆԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բանգի

[նկար 9–րդ էջի վրա]

Ժոզեֆ

[նկար 9–րդ էջի վրա]

Էմանուել

[նկար 10–րդ էջի վրա]

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղը, Բանգի

[նկար 10–րդ էջի վրա]

Մեքենաների բեռնաթափումը, Բանգի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը