Ինչպես երեխայի սրտում Աստծու հանդեպ սեր զարգացնել
ԱՅՍՕՐ իսկապես շատ դժվար է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովա Աստծու հետ (Սաղմոս 16։8)։ Ինչպես մարգարեացված էր, մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում»։ Շատերը «ավելի հաճոյասեր են, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Այդ իսկ պատճառով այսօր շատ դժվար է Աստծու հանդեպ անկեղծ սեր գտնել։
Երեխայի սրտում Աստծու հանդեպ սերը ինքնըստինքյան չի առաջանում։ Այդ սերը պետք է զարգացնել։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Անկեղծ հաղորդակցություն
Մենք կարող ենք Աստծու հանդեպ սեր զարգացնել երեխաների սրտում, եթե մեր իսկ սիրտն է լցված Եհովայի հանդեպ սիրով (Ղուկաս 6։40)։ Այս կապակցությամբ Աստվածաշնչում ասվում է. «Սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը» (Բ Օրինաց 6։4–7)։
Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ մեր երեխաները սեր զարգացնեն Եհովայի հանդեպ։ Նախ՝ պետք է իմանանք, թե ինչ կա մեր երեխայի սրտում։ Ապա՝ պետք է ցույց տանք, թե ինչ կա մե՛ր սրտում։
Իր երկու աշակերտների հետ Էմմաուս գնալիս Հիսուս Քրիստոսը քաջալերեց աշակերտներին արտահայտել իրենց մտահոգությունները։ Մի որոշ ժամանակ նրանց լսելուց հետո միայն Հիսուսը ուղղեց նրանց մտածելակերպը՝ բացատրելով Գրությունները։ Հետագայում աշակերտներն ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը»։ Այդ զրույցը անկեղծ հաղորդակցության լավ օրինակ էր (Ղուկաս 24։15–32)։ Ինչպե՞ս կարելի է իմանալ, թե ինչ կա մեր երեխայի սրտում։
Վերջերս որոշ ծնողների հետ, որոնց երեխաներն այսօր արդեն չափահաս են կամ մոտենում են այդ տարիքին և ժողովում օրինակելի քրիստոնյաներ են, անկեղծ հաղորդակցության վերաբերյալ հարցազրույց անցկացվեց։ Օրինակ՝ Մեքսիկայում ապրող Գլենը ունի չորս երեխա։a Նա պատմում է. «Ծնողների և երեխաների միջև բաց հաղորդակցությունը ինքնաբերաբար չի առաջանում։ Դրա համար ես ու կինս ոչ կարևոր գործերին քիչ ժամանակ էինք հատկացնում, որպեսզի երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնեինք։ Երբ նրանք պատանիներ էին, երբեմն մի ամբողջ երեկո նստում էինք միասին և զրուցում այն ամենի մասին, ինչ նրանց մտքով անցնում էր։ Նաև ճաշի ժամերին էինք լսում նրանց խոսակցությունները ու այդպես իմանում, թե ինչ խնդիրներ ունեն, և նրբանկատորեն ուղղում էինք նրանց սխալ մտածելակերպը։ Շատ հաճախ երեխաները դա չէին էլ կռահում»։
Անկեղծ հաղորդակցության համար պետք է նաև բացահայտել, թե ինչ կա մե՛ր սրտում։ Հիսուսն ասել է. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ է հանում.... որովհետև սրտի լիությունից է նրա բերանը խոսում» (Ղուկաս 6։45)։ Օրինակ՝ Ճապոնիայում ապրող Տոշիկին, որի երեք երեխաները գտնվում են լիաժամ ծառայության մեջ, ասում է. «Ես բազմիցս պատմում էի նրանց, թե ինչու եմ հավատ դրսևորել Եհովայի հանդեպ, այսինքն՝ ինչպես եմ ամբողջ սրտով հավատացել Աստծու գոյությանը, և թե ինչպես եմ կյանքի փորձով համոզվել, որ Աստվածաշունչը ճշմարիտ է ու լավագույնս առաջնորդում է ինձ իմ կյանքում»։ Իսկ մեքսիկացի Սինդին պատմում է. «Ամուսինս միշտ աղոթում էր երեխաների հետ։ Երբ նրանք լսում էին իրենց հոր սրտաբուխ խոսքերը, հասկանում էին, որ Եհովան իրական անձնավորություն է»։
Մեր օրինակը ազդեցիկ է
Խոսքերից ավելի ազդեցիկ է մեր ապրելակերպը, քանի որ այն ցույց է տալիս մեր երեխաներին, թե որքան ենք սիրում Աստծուն։ Ուշադրություն դարձնելով, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը հնազանդվում Եհովային, մարդիկ կարող էին հասկանալ՝ որքան խորն էր նրա սերն Աստծու հանդեպ։ «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 14։31)։
Եհովայի վկա Գարեթը նշում է. «Մեր երեխաները պետք է տեսնեն, որ մենք սիրում ենք Եհովային և փորձում ենք ամեն բան անել նրա ասածների համաձայն։ Օրինակ՝ իմ երեխաները նկատում են, որ երբ ես ընդունում եմ սխալներս, հաճեցնում եմ Աստծուն։ Այժմ նրանք փորձում են այդպես վարվել»։
Գրեգը, որն ապրում է Ավստրալիայում, ասում է. «Մենք ուզում էինք, որ երեխաները տեսնեին, որ ճշմարտությունը մեր կյանքում ամենակարևոր բանն է։ Երբ աշխատանքի և ժամանցի հետ կապված որոշումներ էինք կայացնում, նախ քննարկում էինք, թե ինչպես դրանք կազդեն մեր քրիստոնեական պարտականությունների վրա։ Ուրախ ենք, որ այժմ մեր 19–ամյա աղջիկը այդպես է վարվում՝ ծառայելով որպես ենթառահվիրա։
Օգնենք մեր երեխաներին լավ ճանաչել Աստծուն
Մենք չենք կարող սիրել կամ վստահել որևէ մեկին, ում լավ չենք ճանաչում։ Երբ Պողոս առաքյալը ցանկանում էր, որ Փիլիպպեի քրիստոնյաները աճեին Եհովայի սիրո մեջ, նա գրեց. «Ահա սա եմ շարունակ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա ճշգրիտ գիտության և լիարժեք խորաթափանցության հետ միասին» (Փիլիպպեցիներ 1։9)։ Պերուում ապրող Ֆալկոներիոն, որը չորս երեխա է մեծացնում, ասում է. «Կանոնավորաբար Աստվածաշունչ ընթերցելն ու ուսումնասիրելը ամրացնում է նրանց հավատը։ Երբեմն ես թերանում էի ուսումնասիրություն կատարել նրանց հետ և տեսնում էի, որ Աստծու հանդեպ նրանց սերը նվազում էր»։ Իսկ ավստրալիացի Գարին պատմում է. «Հաճախ ցույց եմ տալիս երեխաներիս, թե ինչպես են կատարվում աստվածաշնչյան մարգարեությունները։ Նաև մատնացույց եմ անում, թե ինչ օգուտներ է բերում աստվածաշնչյան սկզբունքների համաձայն ապրելը։ Ընտանեկան կանոնավոր ուսումնասիրությունը կարևոր դեր է խաղում նրանց հավատն ամրացնելու գործում»։
Գիտելիքները ավելի արագ կհասնեն երեխայի սրտին, եթե ընտանեկան ուսումնասիրության ժամանակ ջերմ և հարգալից մթնոլորտ ստեղծենք։ Այդպիսի մթնոլորտում երեխաները հաճույքով են սովորում (Հակոբոս 3։18)։ «Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրության ընթացքում մենք փորձում էինք չհանդիմանել երեխաներին, եթե նույնիսկ նրանք մի քիչ չարաճճիություն էին անում,— այսպես են արտահայտվում Մեծ Բրիտանիայում ապրող Շոնն ու Պոլենը, որոնք չորս երեխա ունեն։ Մենք տարբեր ձևերով էինք անցկացնում մեր ուսումնասիրությունը։ Երբեմն թույլ էինք տալիս, որ երեխաները ընտրեն ուսումնասիրության նյութը։ Նաև օգտագործում էինք մեր կազմակերպության տեսաֆիլմերը։ Երբեմն էլ նույն հատվածը երկու անգամ էինք դիտում կամ կանգնեցնում էինք տեսաֆիլմը, որպեսզի միասին քննարկեինք»։ Իսկ Մեծ Բրիտանիայում ապրող Քիմ անունով մի մայր ասում է. «Ես մանրակրկիտ ձևով եմ նախապատրաստվում ընտանեկան ուսումնասիրությանը, որպեսզի կարողանամ մտածելու տեղիք տվող հարցեր տալ։ Մեզ դուր է գալիս ուսումնասիրությունը։ Այդ ընթացքում շատ ենք ծիծաղում»։
Ընկերների ընտրությունը
Մեր երեխաների համար ավելի հեշտ կլինի Եհովայի նկատմամբ սեր և ճշմարիտ երկրպագության հանդեպ գնահատանք զարգացնել, եթե նրանք շրջապատված լինեն այնպիսի մարդկանցով, որոնք թանկ են գնահատում Աստծու հետ ունեցած ընկերությունը։ Որպեսզի երեխաները շփվեն կամ խաղան այնպիսի ընկերների հետ, որոնց ընկերակցությունը օգտակար կլինի իրենց համար, ծնողները պետք է ինչ–որ բան ծրագրեն, ինչը գուցե նրանցից ջանքեր պահանջի։ Սակայն արժե՛ ջանքեր թափել։ Լավ կլինի առիթներ ստեղծել, որ նրանք շփվեն այն Եհովայի վկաների հետ, որոնց կյանքում գլխավորը լիաժամ ծառայությունն է։ Շատերը հենց այդպիսի ուղի են ընտրել, քանի որ ժամանակին ընկերակցել են Աստծու նախանձախնդիր ծառաների հետ։ Մի քույր, որն այժմ ծառայում է որպես միսիոներ, ասում է. «Ծնողներս հաճախ էին ռահվիրաներին ճաշի հրավիրում։ Տեսնելով, թե ծառայությունը ինչպիսի ուրախություն էր պատճառում նրանց՝ ես նույնպես ցանկացա լիաժամ ծառայել Եհովային»։
Մեր երեխաները կարող են ենթարկվել թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցության։ Վատ ընկերակցության վտանգները կարող են փորձել, թե որպես ծնող ինչ հմտություններ ունենք մենք (1 Կորնթացիներ 15։33)։ Ծնողները սովորեցնելու արվեստ պետք է ունենան, որպեսզի օգնեն երեխաներին խուսափել այն մարդկանց ընկերակցությունից, ովքեր չեն սիրում ու չեն ճանաչում Եհովային (Առակաց 13։20)։ Շոնը, որի մասին արդեն խոսվել է, ասում է. «Մենք սովորեցնում էինք մեր երեխաներին ընկերական հարաբերություններ ունենալ իրենց համադասարանցիների հետ, բայց դպրոցից դուրս նրանց հետ մտերմություն չանել։ Նրանք հասկանում էին, թե ինչու չպետք է մասնակցեին արտադասարանային պարապմունքներին և դասերից հետո կազմակերպվող սպորտային միջոցառումներին»։
Դաստիարակության արժեքը
Երբ կրթում ենք երեխաներին, որպեսզի նրանք ուրիշների հետ խոսեն իրենց հավատալիքների մասին, մենք օգնում ենք նրանց ուրախությամբ արտահայտել Աստծու հանդեպ իրենց սերը։ Միացյալ Նահանգներում ապրող Մարկն ասում է. «Մենք ուզում էինք, որ մեր տղաները հասկանային, որ նրանք ուրախություն կարող էին ստանալ ոչ միայն պաշտոնական վկայություն տալիս, այլև ցանկացած առիթով իրենց հավատալիքների մասին խոսելիս։ Ուստի երբ գնում էինք այգի, ծովափ կամ անտառ՝ հանգստանալու, մեզ հետ վերցնում էինք Աստվածաշունչ ու աստվածաշնչյան գրականություն և զրուցում այնտեղ հանգստացող մարդկանց հետ։ Տղաները իսկապես հաճույք էին ստանում մեզ հետ միասին ոչ պաշտոնական վկայություն տալուց։ Նրանք նույնպես մասնակցում էին զրույցին և խոսում իրենց հավատի մասին»։
Տարեց Հովհաննես առաքյալը շատերին օգնեց աճել Աստծու սիրո մեջ։ Այդ մարդկանց մասին նա գրեց. «Երախտագիտություն հայտնելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհաննես 4)։ Եթե մեր երեխաների սրտում էլ Աստծու հանդեպ սեր զարգացնենք, անկասկած, նույն ուրախությունը կստանանք։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 9–րդ էջի վրա]
Հավատի մասին անկեղծ զրույցը ինքնաբերաբար չի առաջանում
[նկար 10–րդ էջի վրա]
Կրթեք ձեր երեխաներին, որ նրանք արտահայտեն իրենց սերն Աստծու հանդեպ
[թույլտվությամբ]
Courtesy of Green Chimneys Farm