Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 4/15 էջ 16–18
  • Արտ, որ «սպիտակել է հնձի համար»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արտ, որ «սպիտակել է հնձի համար»
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Քարոզչությունը մայրենի լեզվով
  • «Սպիտակել է հնձի համար»
  • Հոգևոր սնունդ՝ վայունայկի լեզվով
  • Բարեբեր արտ
2007 Դիտարան
w07 4/15 էջ 16–18

Արտ, որ «սպիտակել է հնձի համար»

Գուահիրա թերակղզին գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում՝ Կոլումբիայի հյուսիսում և Վենեսուելայի հյուսիս–արևմուտքում։ Այս կիսաանապատային շրջանում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 43°C–ի, կիզիչ արևն ու տեղումների սակավությունը մեծ դժվարություններ են ստեղծում բնակիչների համար։ Չնայած եղանակային պայմաններին՝ մարդիկ այստեղ աշխատասեր են և զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Օվկիանոսից փչող մեղմ զեփյուռը և հյուսիսարևելյան պասսատները կյանքը տանելի են դարձնում՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին վայելել գրավիչ բնատեսարանները և հրաշալի ծովափերը։

ԲԱՐԻ գալուստ վայու հնդկացիների երկիր։ Ամբողջ աշխարհում ապրում է մոտ 305 000 վայու, որոնցից 135 000–ը՝ Կոլումբիայում։ Այս ցեղը վաղուց է բնակություն հաստատել այստեղ՝ իսպանական գաղութացումից շատ առաջ։

Վայուների գլխավոր զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Նրանք նաև զբաղվում են ձկնորսությամբ և սահմանամերձ առևտրով։ Կանայք հմուտ են վառ գույներով գործվածքներ հյուսելու մեջ, և զբոսաշրջիկները սիրով են գնում նրանց արտադրանքը։

Ինչպեսև բոլոր մարդիկ, վայուները ապրում են «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3:1)։ Աղքատությունը նրանց գլխավոր խնդիրներից մեկն է, ինչն իր հերթին այլ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ անգրագիտություն, մանուկների թերսնում, անբավարար բուժօգնություն, իսկ որոշ բնակավայրերում՝ հանցագործության մեծ տոկոս։ Չնայած այդ ամենին՝ վայուները հայտնի են իրենց անկեղծությամբ և հյուրասիրությամբ։

Տասնամյակներ շարունակ քրիստոնեական աշխարհի եկեղեցիները միսիոներներ են ուղարկել վայուների մոտ։ Արդյունքն այն է, որ ուսուցիչներ պատրաստելու դպրոցների ու գիշերօթիկ դպրոցների մեծ մասը եկեղեցու հսկողության տակ է։ Շատ վայուներ որդեգրեցին, այսպես կոչված, քրիստոնեական սովորություններ, ինչպես օրինակ՝ պատկերների երկրպագություն և մանուկների մկրտություն։ Սակայն նրանք չհրաժարվեցին իրենց հավատալիքներից ու ծեսերից, որոնք ծագում են ավանդական դիցաբանությունից և նախապաշարումներից։

Ընդհանուր առմամբ՝ վայուները աստվածավախ են և ընդունում են աստվածաշնչյան ճշմարտությունները, որ ուսուցանում են Եհովայի վկաները։ 1980–ականների սկզբին Գուահիրայում կար ընդամենը յոթ վայու Վկա, որոնցից երեքը ապրում էր Ռիոաչայում՝ մայրաքաղաքում։ Այստեղ կային նաև 20 ուրիշ Եհովայի վկաներ, որոնք Թագավորության բարի լուրը քարոզում էին իսպաներենով։

Քարոզչությունը մայրենի լեզվով

Ռիոաչայում ապրող վայուների մեծամասնությունը, բացի իրենց մայրենի լեզվից՝ վայունայկիից, որոշ չափով գիտի նաև իսպաներեն։ Սկզբնական շրջանում Թագավորության քարոզչության գործում առանձնակի հաջողություններ չէին նկատվում։ Բնիկները, ըստ ամենայնի, խուսափում էին արիհունասներից (նրանք այդպես են անվանում իրենց ցեղին չպատկանող մարդկանց)։ Երբ Եհովայի վկաները այցելում էին, վայուների մեծ մասը պատասխանում էր իրենց լեզվով և ոչ թե իսպաներենով։ Ուստի Վկաները պարզապես հեռանում էին և թակում հաջորդ դուռը։

1994 թ. վերջին Եհովայի վկաների Կոլումբիայի մասնաճյուղը մի խումբ հատուկ ռահվիրաների՝ Աստվածաշնչի լիաժամ ուսուցիչների, նշանակեց ծառայելու Ռիոաչայի ժողովում։ Ռահվիրաները խնդրեցին մի վայու Վկայի սովորեցնել իրենց վայունայկի լեզուն։ Նրանք սովորեցին մի քանի պարզ մատուցումներ։ Այնուհետև, երբ սկսեցին քարոզել, զգալի փոփոխություններ նկատեցին տեղացիների վերաբերմունքի մեջ։ Թեև Աստվածաշնչի այդ ուսուցիչները վայունայկի լեզվով հազիվ էին մի քանի բառ կպցնում իրար, բնիկները հաճելիորեն զարմանում էին. նրանք տրամադրվում էին լսելու, իսկ երբեմն էլ զրույցը շարունակում էին իրենց սահմանափակ իսպաներենով։

«Սպիտակել է հնձի համար»

Պողոս առաքյալը քրիստոնյա աշակերտներ պատրաստելու գործը նմանեցրեց արտ մշակելուն։ Այս համեմատությունը շատ հասկանալի է վայուներին, քանի որ նրանք զբաղվում են հողագործությամբ (1 Կորնթացիներ 3:5–9)։ Կարելի է ասել, որ վայուական «արտը սպիտակել է հնձի համար» (Հովհաննես 4:35)։

Նիլը՝ մի վայու հնդկացի, որն ապրում է Մանաուրեում, տառապում է բնածին արատով։ Նա այդ հիվանդության համար մեղադրում էր Աստծուն և այնքան ընկճված էր, որ նույնիսկ փորձեց ինքնասպանություն գործել։ Մի Վկա, որն առիթը բաց չէր թողնում տնետուն քարոզելու, երբ գործի բերումով տարբեր քաղաքներ էր գնում, Նիլին պատմեց Եհովայի Թագավորության մասին։ Այդ ժամանակ Նիլը ընդամենը 14 տարեկան էր։ Վկան, տեսնելով տղայի հետաքրքրությունը, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց նրա հետ։ Նիլը շատ ուրախ էր՝ իմանալով, որ Եհովան անչափ սիրում է մարդկանց։ Նա հասկացավ, որ իր տառապանքի պատճառն Աստված չէ։ Պատանին խորապես հուզվեց՝ տեղեկանալով, որ Աստված խոստացել է երկիրը վերածել դրախտի, որտեղ չի լինի ոչ մի հիվանդություն (Եսայիա 33:24; Մատթեոս 6:9, 10)։

Այդ ժամանակ Նիլի գերդաստանը թշնամության մեջ էր մեկ ուրիշ գերդաստանի հետ։ Ձգտելով պաշտպանվել՝ Նիլի բարեկամները կատարում էին ցեղային ծեսեր։ Նիլը պատմում է. «Սկզբում վախենում էի իմ նոր հավատի մասին խոսել մեր գերդաստանի անդամների, հատկապես ավագների հետ, որոնք խոր հարգանք են վայելում»։ Նիլի ծնողները զայրացել էին՝ իմանալով, որ նա այլևս չի ընդունում ոչ սուրբգրային հավատալիքներ և չի մասնակցում ոգեհարցական ծեսերի։ Նիլը տեղափոխվեց Ռիոաչա և սկսեց համագործակցել տեղի ժողովի հետ։ Որոշ ժամանակ անց նա մկրտվեց։ 1993 թ.–ին Նիլը նշանակվեց ծառայող օգնական, իսկ երեք տարի անց դարձավ ընդհանուր ռահվիրա։ 1997 թ.–ին նա նշանակվեց ժողովի երեց։ 2000 թ.–ին Նիլն ընդարձակեց իր ծառայությունը՝ դառնալով հատուկ ռահվիրա։

Հետաքրքիր է նաև մեկ ուրիշ վայու հնդկացու՝ Թերեզայի օրինակը։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նրա կենակիցը՝ Դանիելը, ծաղրում և ծեծում էր նրան և իրենց երեք երեխաներին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա համաձայնվեց միանալ Թերեզային Աստվածաշնչի ուսումնասիրության հարցում, հաճախ իր ընկերների հետ չորս–հինգ օր զբաղվում էր հարբեցողությամբ։ Նրա ընտանիքը աղքատության եզրին էր հասել։ Բայցևայնպես, Թերեզան շարունակեց ուսումնասիրել Աստվածաշունչը և հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Դրա շնորհիվ Դանիելը հասկացավ Աստվածաշունչ ուսումնասիրելու կարևորությունը։ Պատահեց այնպես, որ նրանց երեխաներից մեկը ընկավ եռացող ջրով լի կաթսայի մեջ և խոր այրվածքներից մահացավ։ Կարծես քիչ էր որդու ցավալի կորուստը, Թերեզան ստիպված էր դիմակայել ընկերների ու հարևանների ճնշմանը՝ կապված թաղման ոչ սուրբգրային արարողություններ կատարելու հետ։

Կյանքի այդ ծանր պահին Թերեզայի ու Դանիելի համար մեծ մխիթարություն էր մոտակա ժողովների անդամների աջակցությունը։ Թաղումից հետո վայուախոս ժողովի եղբայրներն ու քույրերը շարունակում էին այցելել ու մխիթարել նրանց։ Տեսնելով քրիստոնեական սիրո դրսևորումները՝ Դանիելը սկսեց հոգևոր քայլեր կատարել։ Նա դադարեց խմելուց և Թերեզային վատ վերաբերվելուց։ Նրանք օրինականացրին իրենց ամուսնությունը։ Դանիելը սկսեց ջանասիրաբար աշխատել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։ Ամուսինները հոգևորապես աճեցին և 2003 թ.–ին մկրտվեցին։ Այժմ երկուսն էլ Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն են անցկացնում։ Շնորհիվ Թերեզայի տված լավ վկայության՝ հարազատներն այժմ լսում են Վկաներին, երբ նրանք այցելում են։ Դանիելի զարմիկներից մեկը չմկրտված քարոզիչ է, իսկ զարմուհիներից երկուսը ուսումնասիրում են Աստվածաշունչը և հաճախում ժողովի հանդիպումներին։ Թերեզայի եղբոր կինը, որը նույնպես որդի է կորցրել պատահարի հետևանքով, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները հետաքրքրություն են ցուցաբերում Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ։

Հոգևոր սնունդ՝ վայունայկի լեզվով

1998 թ.–ին վայունայկի լեզվով լույս տեսավ «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը։a Այն արժեքավոր գործիք դարձավ վայուական «արտը» մշակելու և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու գործում։ 2003 թ.–ին միջոցներ ձեռնարկվեցին, որ մի քանի եղբայրներ հմտանան թարգմանչության մեջ, որպեսզի կարողանան Եհովայի վկաների հրատարակությունները թարգմանել վայունայկի լեզվով։ Ռիոաչայում գտնվող թարգմանչական խմբի շնորհիվ ավելի շատ գրքույկներ լույս տեսան, որոնք նպաստեցին վայուախոս աշակերտների հոգևոր աճին։

2001 թ.–ից սկսած՝ մարզային համաժողովների ժամանակ ծրագրի որոշ մասեր թարգմանվում են վայունայկի լեզվով։ Մայրենի լեզվով սուրբգրային մտքեր լսելը հոգևորապես կերտում է Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Նրանք բաղձանքով սպասում են այն օրվան, երբ վայունայկի լեզվով կլինի նաև աստվածաշնչյան դրաման։

Բարեբեր արտ

Ուրիբիա քաղաքը գտնվում է Ռիոաչայից 100 կիլոմետր հյուսիս–արևելք։ Ուրիբիայի վայուախոս ժողովում ծառայում է Թագավորության 16 քարոզիչ։ Նրանցից շատերը ջանում են քարոզել գյուղական վայրերում ապրող հնդկացիներին։ Ժողովի երեցներից մեկը պատմում է. «Մի անգամ այցելեցինք մի վայր, որտեղ կային տասնյակ տներ։ Դրանց տանիքները ցածր էին, իսկ պատուհանները՝ փոքր։ Յուրաքանչյուր տան առջև կար յոտոհոլոյից՝ կակտուսի փայտե միջուկից պատրաստված ծածկ։ Դրա տակ բնակիչներն ու այցելուները պաշտպանվում են արևի այրող ճառագայթներից։ Ուրախ էինք, որ շատերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, ուստի միջոցներ ձեռնարկեցինք, որ վերադառնանք և Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք։ Մենք նկատեցինք, որ շատերն անգրագետ են։ Նրանք պատմեցին, որ դպրոց ունեն, սակայն միջոցների բացակայության պատճառով այն չի գործում։ Դպրոցի պատասխանատուն սիրահոժար կերպով թույլ տվեց մեզ օգտագործել դասարաններից մեկը գրագիտության դասեր և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Վեց վայուներ գրել–կարդալ սովորեցին և այժմ հոգևորապես առաջադիմում են։ Մենք զգացված ենք նրանց ցուցաբերած գնահատանքից, ուստի ծրագրել ենք կանոնավորաբար քրիստոնեական հանդիպումներ անցկացնել այնտեղ»։

Այլազգի մի քանի Վկաներ սովորել են վայունայկի լեզուն, և նրանց օգնությունը մեծապես գնահատվում է։ Գուահիրա թերակղզում այժմ գործում է ութ ժողով և երկու խումբ, որոնք խոսում են այս լեզվով։

Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է վայունայկի լեզվով քարոզչությունը։ Անշուշտ, դեռ շատ գործ կա անելու՝ բարի լուրը վայու ցեղի մարդկանց քարոզելու համար։ Ակնկալիքներ կան, որ աճը կշարունակվի, քանի որ իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ դառնում են քրիստոնյա աշակերտներ։ Թող որ Եհովան ավելի շատ ծառայողներ ուղարկի մշակելու այս «արտը», որը «սպիտակել է հնձի համար» (Մատթեոս 9:37, 38)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Քարտեզ 16–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

ԿՈԼՈՒՄԲԻԱ

ԳՈՒԱԽԻՐԱ

Մանաուրե

Ռիոաչա

Ուրիբիա

[թույլտվությամբ. նկար 16–րդ էջի վրա]

Wayuu camp below: Victor Englebert

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը