Էբլա. հնագույն քաղաքը դուրս է գալիս մոռացության գրկից
1962 թ. ամռանը իտալացի երիտասարդ հնագետ Պաոլո Մատիան Սիրիայի հյուսիսարևմտյան դաշտավայրերում հետազոտություններ էր կատարում՝ վստահ չլինելով, թե արդյոք որևէ բան կհայտնագործի։ Ըստ մասնագետների՝ Սիրիայի կենտրոնական հատվածը այնքան էլ հարուստ չէր հնագիտական արժեքներով։ Սակայն երկու տարի անց, երբ Թել Մարդիխում (Հալեպից 60 կիլոմետր հարավ) սկսվեցին պեղումները, հայտնաբերվեց այն, ինչը շատերն անվանեցին «20–րդ դարի կարևորագույն հնագիտական հայտնագործություն»։
ՀՆԱԳՈՒՅՆ արձանագրություններից երևում էր, որ գոյություն է ունեցել «Էբլա» անունով մի քաղաք։ Սակայն ոչ ոք չգիտեր, թե Մերձավոր Արևելքի բազմաթիվ բլուրներից ո՛ր մեկի տակ էր թաղված այն։ Մի արձանագրությունում նշվում է Աքքադի թագավոր Սարգոնի հաղթանակների մասին, որոնք նա տարել էր «Մարիի, Յարմուտիի և Էբլայի» նկատմամբ։ Մեկ ուրիշ աղբյուրի համաձայն՝ շումերական թագավոր Գուդեան խոսում է այն արժեքավոր փայտեղենի մասին, որ ստացել էր «Իբլայի [Էբլայի] լեռներից»։ «Էբլա» անունը հայտնաբերվել է նաև Կառնակեսում (Եգիպտոս)՝ Թութմոս III փարավոնի գրաված քաղաքների ցուցակում։ Ուստի զարմանալի չէ, որ հնագետները փորձում էին գտնել Էբլան։
Հետագա պեղումները արդյունքներ տվեցին։ 1968 թ.–ին հայտնաբերվեց Էբլայի թագավոր Իբբիթ–Լիմի արձանի մի կտոր։ Այն պարունակում էր աքքադերեն մի երդմնագիր։ Այդ գրությունից երևում էր, որ արձանը նվիրված է եղել «Էբլայում շողացող» Իշտար աստվածուհուն։ Այո՛, գտածոների շնորհիվ ի հայտ եկավ «նոր լեզու, նոր պատմություն և նոր մշակույթ»։
Այն, որ Թել Մարդիխ վայրում էր գտնվում հնագույն Էբլա քաղաքը, հաստատվեց 1974–1975 թթ.–ին, երբ հայտնաբերվեցին սեպագրություններ, որտեղ հաճախ էր հանդիպում այդ անունը։ Պեղումները նաև ցույց տվեցին, որ քաղաքն առնվազն երկու անգամ անկում է ապրել։ Առաջին անգամ ավերվելուց հետո Էբլան վերականգնվել է, բայց դարձյալ ավերվել, այս անգամ ընդմիշտ՝ ընկնելով մոռացության գիրկը։
Քաղաք՝ հարուստ պատմությամբ
Հնագույն քաղաքները կառուցվել են ջրաբերուկային (ալյուվիալ) դաշտավայրերում, օրինակ, Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած տարածքում, որտեղ հնարավոր էր ինտենսիվորեն զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ։ Աստվածաշնչում հիշատակված առաջին քաղաքները գտնվում էին Միջագետքում (Ծննդոց 10։10)։ Ենթադրվում է, որ «Էբլա» անունը նշանակում է «սպիտակ ժայռ»՝ ակնարկելով այն միտքը, որ քաղաքը կառուցված է եղել կրաքարային հիմքի վրա։ Գլխավոր գետերից հեռու այդ շրջանի համար ջրի պաշարները շատ կարևոր էին, իսկ կրաքարային շերտի շնորհիվ դրանք հասանելի էին դառնում. թերևս սա է պատճառը, որ քաղաքը կառուցվել էր այդ վայրում։
Սակավաթիվ տեղումների պատճառով Էբլայի շրջանում հնարավոր էր մշակել միայն հացահատիկ, խաղող և ձիթապտուղ։ Այս շրջանը բարենպաստ էր նաև անասնաբուծության, մասնավորապես ոչխարաբուծության համար։ Էբլան գտնվում էր Միջագետքի և Միջերկրական ծովի միջև ընկած տարածքում։ Այսպիսի աշխարհագրական դիրքը նրա բնակիչներին հնարավորություն էր տալիս զբաղվելու փայտանյութի, կիսաթանկագին քարերի և մետաղների առևտրով։ Էբլայի շրջանում ապրում էր 200 000 մարդ, իսկ բուն քաղաքում՝ գրեթե 20 000։
Էբլայական քաղաքակրթության վեհաշուքության մասին են խոսում քաղաքի մեծ պալատի ավերակները։ Պալատ կարելի էր մտնել 12–15 մետր բարձրություն ունեցող հսկայական դարպասներով։ Ժամանակի ընթացքում պալատն ընդարձակվել էր, որպեսզի բավարարվեին օրեցօր հզորացող արքունիքի աճող կարիքները։ Պալատում գոյություն ուներ բարդ հիերարխիա. թագավորին և թագուհուն օգնում էին «տերերն» ու «ավագները»։
Գտնվել են ավելի քան 17 000 կավե սալիկներ և բեկորներ։ Սկզբում եղել են ավելի քան 4 000 ամբողջական սալիկներ, որոնք խնամքով դրված են եղել փայտե դարակներում։ Այս արձանագրությունները փաստում են, որ Էբլայում առևտուրը լայնորեն զարգացած է եղել։ Օրինակ՝ քաղաքն առևտրական կապեր է ունեցել Եգիպտոսի հետ, ինչը երևում է երկու փարավոնների արքայական խորհրդանիշներից։ Սալիկները հիմնականում շումերերեն սեպագրություններ են։ Սակայն դրանց մեջ կան նաև էբլայերեն գրություններ. էբլայերենը հնագույն սեմական լեզու է, որը հնարավոր եղավ վերծանել այդ արձանագրությունների շնորհիվ։ Արևելագետները զարմացել էին՝ հայտնաբերելով այդպիսի հին սեմական լեզու։ Հետաքրքրական է, որ որոշ սալիկներ պարունակում էին երկլեզվյան շումերա–էբլայական ցուցակներ։ Էբլայի մասին մի գրքում դրանք անվանվում են «մեզ հայտնի ամենահին բառարաններ» («Ebla—Alle origini della civiltà urbana»)։
Էբլան, ըստ ամենայնի, ռազմական մեծ ուժ էր իրենից ներկայացնում, ինչը երևում է դրվագազարդումներից, որտեղ պատկերված են թշնամիներին սպանող էբլայացի ռազմիկներ և կտրված գլուխներ։ Այնուամենայնիվ, Էբլայի փառքը մարեց, երբ հորիզոնում հայտնվեցին հզոր Ասորեստանն ու Բաբելոնը։ Դժվար է ճշգրտորեն ասել, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, բայց կարծիք կա, որ նախ Սարգոն I–ը (սա Եսայիա 20։1–ում հիշատակված Սարգոնը չէ) և հետո նրա թոռ Նարամսինն է դուրս եկել Էբլայի դեմ։ Գտածոները փաստում են, որ այդ բախումները եղել են դաժան ու կատաղի։
Սակայն քաղաքը, ինչպես նշվեց վերևում, որոշ ժամանակ անց դարձյալ ոտքի կանգնեց և նույնիսկ կարևոր դիրք զբաղեցրեց տարածաշրջանում։ Նոր քաղաքը կառուցվեց լավ մշակված նախագծի հիման վրա, որը շեշտում էր նրա փառահեղությունը։ Կենտրոնական մասում կար սուրբ վայր՝ նվիրված Իշտար աստվածուհուն. վերջինս նաև բաբելոնացիների պտղաբերության աստվածուհին էր։ Գուցե լսել եք հռչակավոր Իշտարի դարպասի մասին, որը հայտնաբերվել է Բաբելոնի ավերակներում։ Էբլայում առանձնապես տպավորիչ է մի շինություն, որտեղ, հավանաբար, պահվել են առյուծներ։ Ըստ տեղաբնակների՝ այդ կենդանիները սուրբ են եղել Իշտարի համար։ Իսկ ուրիշ ի՞նչ աստվածների էին պաշտում էբլայացիները։
Կրոնը Էբլայում
Ինչպես և ամենուրեք հին Արևելքում, Էբլայում նույնպես պաշտում էին տարբեր աստվածների։ Դրանցից էին՝ Բահաղը, Ադադը (այս անունը ասորական որոշ թագավորների անվան մաս է կազմում) և Դագանը (Գ Թագաւորաց 11։23; 15։18; Դ Թագաւորաց 17։16)։ Էբլայացիները նրանց բոլորից վախենում էին։ Նրանք պատվում էին նույնիսկ այլ ժողովուրդների աստվածներին։ Հնագիտական հայտնագործությունները ցույց են տալիս, որ մասնավորապես մ.թ.ա. երկրորդ հազարամյակում երկրպագություն էր մատուցվում նաև արքայական տոհմի նախնիներին։
Էբլայի բնակիչները լիովին չէին վստահում իրենց աստվածներին։ Նոր Էբլան շրջապատված էր հսկայական կրկնակի պարիսպներով, որոնք կարող էին տպավորել ցանկացած թշնամու։ Դրանց երկարությունը գրեթե երեք կիլոմետր էր։ Այդ պարիսպներն այսօր էլ կարելի է հստակորեն նշմարել։
Բայցևայնպես վերականգնված Էբլան նույնպես վախճան ունեցավ։ Մ.թ.ա. 1600 թ.–ին քաղաքը վճռական հարված ստացավ, հավանաբար խեթերից, կամ՝ քետացիներից։ Ըստ մի հին պոեմի՝ Էբլան «ջարդուփշուր եղավ կավե ամանի պես»։ Շուտով քաղաքը սկսեց մոռացության մատնվել։ Մի փաստաթղթում, որը գրել էին 1098 թ.–ին Երուսաղեմ արշավող խաչակիրները, հիշատակվում է այն վայրը, որտեղ մի ժամանակ գտնվել է Էբլան։ Այնտեղ նշվում է, որ այն մի հեռավոր ուղեկալ է Մարդիխ կոչվող երկրում։ Էբլան, փաստորեն, մոռացվեց և հայտնագործվեց միայն դարեր անց։
[շրջանակ 14-րդ էջի վրա]
ԷԲԼԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
1976 թ.–ին «Բիբլիքալ արքեոլոջիստ» հանդեսում տպագրված մի հոդված շարժեց աստվածաշնչագետների հետաքրքրությունը։ Էբլայական արձանագրությունները վերծանող մի մասնագետ կարծիք հայտնեց, որ դրանցում նշվում են նաև մարդկանց և վայրերի անուններ, որոնք դարեր անց հիշատակվել են Աստվածաշնչում։ Ոմանք, հավանաբար ավելին ենթադրելով, քան գրված է եղել հոդվածում, սկսեցին տեսակետ հայտնել, որ Էբլան հանդիսանում է հնագիտական ապացույց այն ամենի համար, ինչ գրված է «Ծննդոց» գրքում։a Ճիզվիտ Միտչել Դեյհուդը պնդեց, որ «[Էբլայում հայտնաբերված] կավե սալիկները լույս են սփռում Աստվածաշնչի մութ տեղերի վրա»։ Ըստ նրա՝ դրանք, օրինակ, կարող են պարզել, թե որքան «հին է Իսրայելի Աստծու անունը»։
Ներկայումս այդ արձանագրությունները ավելի մեծ ճշգրտությամբ են քննության ենթարկվում։ Հաշվի առնելով, որ եբրայերենն ու էբլայերենը սեմական լեզուներ են, չի կարելի բացառել, որ քաղաքների և մարդկանց որոշ անուններ գուցե նման լինեն Աստվածաշնչում գրված անուններին։ Սակայն դրանից չի հետևում, որ դրանք վերաբերում են նույն վայրերին կամ մարդկանց։ Առայժմ հարց է մնում այն, թե էբլայական գտածոները որքանով արժեքավոր կլինեն աստվածաշնչային ուսումնասիրությունների համար։ Իսկ ինչ վերաբերում է Աստծու անվանը, «Բիբլիքալ արքեոլոջիստ»–ում հոդվածագիրն առարկում է, որ ինքը երբևէ ասել է, թե «Յահվե» անունը հիշատակվել է էբլայական սալիկներում։ Ըստ որոշ հնագետների՝ «յա» թարգմանվող սեպաձև նշանը մատնանշում է էբլայացիների բազմաթիվ աստվածներից ընդամենը մեկին, մինչդեռ մյուս մասնագետներն ասում են, որ դա ընդամենը քերականական նշան է։ Ամեն դեպքում, դա չի վերաբերում միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Բ Օրինաց 4։35; Եսայիա 45։5)։
[ծանոթագրություն]
a Թե հնագիտությունն ինչպես է թիկունք կանգնում Աստվածաշնչին, տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը, գլուխ 4 (արևմտ, ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[քարտեզ 12-րդ էջի վրա]
(ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԵԾ ԾՈՎ
ՔԱՆԱՆ
ԱՍՈՐԻՔ
Հալեպ
Էբլա (Թել Մարդիխ)
Եփրատ գետ
[թույլտվությամբ]
Archaeologist։ Missione Archeologica Italiana a Ebla - Università degli Studi di Roma ‘La Sapienza’
[նկար 12-րդ և 13-րդ էջերի վրա]
Ոսկե վզնոց, մ.թ.ա. 1750
[նկար 13-րդ էջի վրա]
Մեծ պալատի ավերակները
[նկար 13-րդ էջի վրա]
Կավի սալիկներ՝ պահոցում՝ ըստ նկարչի պատկերացման
[նկար 13-րդ էջի վրա]
Սեպագիր սալիկ
[նկար 13-րդ էջի վրա]
Եգիպտական արքայական գավազան, մ.թ.ա. 1750–1700
[նկար 13-րդ էջի վրա]
Էբլայացի ռազմիկը՝ թշնամու գլուխներով
[նկար 14-րդ էջի վրա]
Հուշաքար՝ նվիրված Իշտար աստվածուհուն
[թույլտվությամբ]
Missione Archeologica Italiana a Ebla - Università degli Studi di Roma ‘La Sapienza’
[նկար 13-րդ էջի վրա]
All images (except palace remains)։ Missione Archeologica Italiana a Ebla - Università degli Studi di Roma ‘La Sapienza’