Բարյացակամ վերաբերմունք ամբողջ տարի՞ն
«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկաս 2։14, ՆԱ)
ԱՅՍ խոսքերը հայտնի են միլիոնավոր մարդկանց։ Դրանք ասաց Աստծու հրեշտակը, երբ Հիսուսի ծնվելու մասին լուրը հայտնեց հովիվներին, որոնք գիշերը հսկում էին հոտերը։ Իրենց քրիստոնյա համարող շատ անհատներ հատուկ ջանքեր են թափում, որ լավ վարք դրսևորեն տարվա այն ժամանակ, երբ, ըստ եկեղեցիների պնդման, ծնվել է Հիսուսը։ Սուրբ ծննդյան շրջանում մարդիկ ձգտում են լինել ավելի ուրախ, խաղաղասեր և բարյացակամ, բաներ, որոնք հիշատակվում են հրեշտակի խոսքերում։
Այդպիսի դրական հատկությունները գրավում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր Սուրբ ծննդյանը կրոնական նշանակություն չեն տալիս։ Նրանց դուր է գալիս այն ջերմությունը, որ մարդիկ ցուցաբերում են այդ օրերին։ Քանի որ Սուրբ ծննդյան շրջանում լինում են դպրոցական և աշխատանքային արձակուրդներ, դա նաև հնարավորություն է տալիս հանգստանալու, ընտանիքի անդամների և ընկերների հետ ժամանակ անցկացնելու կամ պարզապես հաճելի ժամանց վայելելու։ Անշուշտ, շատ անկեղծ անհատներ Սուրբ ծնունդը գլխավորապես համարում են մի ժամանակ, երբ հարկավոր է պատվել Հիսուս Քրիստոսին։
Անկախ այն բանից, թե ինչպիսի նշանակություն է տրվում Սուրբ ծննդյանը՝ շատերն են ընդունում, որ այդ տոնակատարության հետ կապված ցանկացած դրական զգացում կարճատև է։ Մարդիկ շուտով վերադառնում են իրենց սովորական վարվելակերպին։ Մի հոդվածում, որ վերնագրված է «Սուրբ ծննդի ոգին», նշվում է. «Իրենց քրիստոնյա համարող բազմաթիվ անհատներ տարվա ընթացքում փորձում են համապատասխանել այդ կոչումին ընդամենը մի քանի շաբաթ։ Նրանք բարյացակամորեն են վերաբերվում իրենց մերձավորներին միայն Նոր տարվա շրջանում։ Այնուհետև նրանք վերադառնում են իրենց եսասեր ապրելակերպին և շարունակում անտարբերություն դրսևորել ուրիշների հանդեպ»։ Նույն հոդվածում ասվում է. «Հիմնական սխալն այն է, որ մարդիկ Սուրբ ծննդյան շրջանին հատուկ ոգին չեն պահպանում ամբողջ տարվա ընթացքում» (The Royal Bank of Canada Monthly Letter)։
Համամիտ եք այս վերլուծությանը, թե՝ ոչ՝ կարևոր հարցեր են առաջանում։ Մարդիկ երբևէ ընդունակ կլինե՞ն առատաձեռնություն և կարեկցանք ցուցաբերել միմյանց հանդեպ տարվա բոլոր օրերին։ Կարո՞ղ ենք հիմնավոր հույսեր ունենալ, որ Հիսուսի ծննդյան գիշերը հրեշտակի ասած խոսքերը կիրականանան։ Մի՞թե իսկական խաղաղության մասին հույսը լոկ երազանք է։