Հրեական ծիսական լվացումը. մկրտության նախօրինա՞կ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ «ապաշխարութեան մկրտութիւն» էր քարոզում։ Իսկ Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց աշակերտներ պատրաստել և նրանց մկրտել (Մարկոս 1։4; Մատթէոս 28։19)։
Ըստ Աստվածաշնչի՝ քրիստոնեական մկրտության ժամանակ անհատը պետք է ամբողջությամբ ընկղմվի ջուրը։ Մի գրքում նշվում է, որ «նման արարողությունների առկայությունը նկատվում է անցյալի ու ներկայիս շատ կրոններում, աշխարհի տարբեր երկրներում և մշակույթներում» («Jesus and His World»)։ Գրքի հեղինակները պնդում են, որ «քրիստոնեական մկրտության արմատները.... գալիս են հուդայականությունից»։ Որքանո՞վ է հիմնավոր այդ պնդումը։
Լոգարաններ հրեական ծիսական լվացման համար
Պեղումներ կատարելով Երուսաղեմի Տաճարի բարձունքի մոտակայքում՝ հնագետները հայտնաբերեցին մոտ 100 լոգարան, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1–ին և մ.թ. 1–ին դարերով։ Երկրորդ կամ երրորդ դարերի մի արձանագրություն, որ փորագրվել էր ժողովարանի պատի վրա, նշում է, որ նման լոգարաններից կարող էին օգտվել այն «այցելուները, որոնք դրանց կարիքն ունեին»։ Այդպիսի լոգարաններ են հայտնաբերվել նաև Երուսաղեմի այն թաղամասում, որտեղ ապրել են հարուստների և քահանաների ընտանիքները. գրեթե ամեն մի տուն ուներ ծիսական լվացման համար նախատեսված իր սեփական լոգարանը։
Լոգարաններն ուղղանկյուն էին։ Դրանք փորում էին ժայռի մեջ կամ հողում։ Հողում փորված լոգարանը պատում էին աղյուսներով կամ քարերով, այնուհետև պատերը սվաղում էին արտահոսքը կանխելու համար։ Հիմնականում լոգարանների չափերը 1,8x2,7 մետր էին։ Ջրատար ուղիներով անձրևաջրերը լցվում էին լոգարանների մեջ։ Ջրի խորությունը կազմում էր 1,2 մետր, ինչը հնարավորություն էր տալիս ծնկները մի փոքր ծալելու դեպքում ամբողջությամբ ջրի տակ մտնել։ Որոշ լոգարաններում կային ջրի մեջ տանող աստիճաններ, որոնց մեջտեղի մասով անցնում էր ցածր միջնապատ։ Կարծիք կա, որ անմաքուր անհատը աստիճանների մի կողմով մտնում էր ջուրը՝ մաքրվելու համար, և դուրս էր գալիս մյուս կողմով, որպեսզի չպղծվեր։
Լոգարանները կապ ունեին հրեաների ծիսական մաքրման հետ։ Ի՞նչ իմաստով։
Օրենքը և լվացումների հետ կապված ավանդությունները
Մովսիսական օրենքը շեշտում էր, որ Աստծու ժողովուրդը պետք է ֆիզիկապես և հոգևորապես մաքուր լիներ։ Իսրայելացիները անմաքուր էին դառնում տարբեր պատճառներով, ուստի պետք է մաքրվեին՝ լվանալով իրենց մարմինն ու հագուստը (Ղեւտացոց 11։28; 14։1–9; 15։1–31; Բ Օրինաց 23։10, 11)։
Եհովա Աստված բացարձակապես մաքուր է և սուրբ։ Ուստի քահանաներից ու ղևտացիներից պահանջվում էր, որ զոհասեղանին մոտենալուց առաջ իրենց ձեռքերն ու ոտքերը լվանային։ Այլապես նրանք կմեռնեին (Ելից 30։17–21)։
Գիտնականներն ասում են, որ մ.թ. առաջին դարում կրոնական առաջնորդները քահանաների մաքրման վերաբերյալ պահանջը տարածեցին նաև ոչ ղևտացիների վրա։ Այդ սովորույթը պահում էին թե՛ հեսեները և թե՛ փարիսեցիները։ Հիսուսի օրերի վերաբերյալ մի աշխատություն նշում է. «Ցանկացած հրեա նախքան Տաճարի բարձունք ելնելը, զոհաբերություն մատուցելը, քահանայի մատուցած նվիրաբերությունից օգուտ ստանալը, ինչպես նաև այլ նպատակներ իրագործելը պետք է ծիսականորեն մաքրվեր»։ Թալմուդական տեքստերում նշվում է, որ մաքրվողները պետք է ամբողջությամբ ընկղմվեին ջուրը։
Հիսուսը փարիսեցիներին դատապարտեց այն բանի համար, որ նրանք պահանջում էին պահել մաքրման արարողությունը։ Փարիսեցիները ‘կերպ կերպ լվացմունքներ’ էին անում, այդ թվում նաև «բաժակների եւ անօթների եւ պղնձէ ամանների» լվացումներ։ Հիսուսն ասաց, որ նրանք թողեցին Աստծու պատվիրանները, որպեսզի պահեն իրենց սեփական ավանդությունները (Եբրայեցիս 9։10; Մարկոս 7։1–9; Ղեւտացոց 11։32, 33; Ղուկաս 11։38–42)։ Մովսիսական օրենքում ոչ մի տեղ չէր նշվում, որ հարկավոր է ամբողջ մարմինը ընկղմել ջուրը։
Արդյո՞ք քրիստոնեական մկրտության ծագումը պետք է փնտրել հրեաների կողմից արվող ծիսական լվացումների մեջ։ Ո՛չ։
Ծիսական լվացումն ու քրիստոնեական մկրտությունը
Հրեաները լվացման արարողություններ էին կատարում՝ մաքրելով իրենք իրենց։ Սակայն Հովհաննեսի կատարած մկրտությունը հրեաներին ծանոթ ինչ–որ ծիսական լվացում չէր։ Այն, որ Հովհաննեսը ստացավ «Մկրտիչ» անունը, ցույց է տալիս, որ նրա կատարած ընկղմումները ուրիշ տեսակի էին։ Հրեա կրոնական առաջնորդները նույնիսկ մարդիկ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու. «Ի՞նչու ես մկրտում» (Յովհաննէս 1։25)։
Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ հրեան ծիսականորեն մաքրվեր ամեն անգամ, երբ անմաքուր էր դառնում։ Սակայն Հովհաննեսի և հետագայում նաև քրիստոնյաների կատարած մկրտությունը բոլորովին ուրիշ էր։ Անհատը, որ մկրտվում էր Հովհաննեսի մկրտությամբ, ցույց էր տալիս, որ զղջացել է և հրաժարվել իր հին ապրելակերպից։ Քրիստոնեական մկրտությունը խորհրդանշում է այն, որ անհատն իր անձը նվիրել է Աստծուն։ Քրիստոնյան մկրտվում էր ընդամենը մեկ և ոչ թե բազմակի անգամ։
Հրեա քահանաների տներում և Տաճարի բարձունքի մոտ հասարակական լոգարաններում կատարվող ծիսական լվացումների ու քրիստոնեական մկրտության միջև կարող է ընդամենը թեթևակի նմանություն լինել։ Այդ երկու ընկղմումների իմաստները բացարձակապես տարբեր են։ Մի աստվածաշնչային բառարանում նշվում է. «Գիտնականները միակարծիք են, որ Հովհաննես [Մկրտիչը] չի ընդօրինակել կամ ձևափոխել իր միջավայրում [այսինքն՝ հուդայականության մեջ] կատարվող որևէ մկրտություն» («The Anchor Bible Dictionary»)։ Նույնը կարելի է ասել քրիստոնեական ժողովում կատարվող մկրտության մասին։
Քրիստոնեական մկրտությունը մաքուր խիղճ ունենալու համար Աստծուն ուղղված խնդրանք է (Ա Պետրոս 3։21, ՆԱ)։ Այդ մկրտությունը խորհրդանշում է, որ անհատն ամբողջությամբ իր անձը նվիրել է Եհովային՝ նրան ծառայելու համար որպես նրա Որդու աշակերտ։ Ջրի մեջ լիովին ընկղմվելը այդպիսի նվիրման համապատասխան խորհրդանիշ է։ Ջրի տակ մտնելը ներկայացնում է այն, որ նա մահանում է իր նախկին ապրելակերպի համար։ Իսկ ջրից դուրս գալը խորհրդանշում է, որ նա կենդանանում է Աստծու կամքը կատարելու համար։
Եհովա Աստված մաքուր խիղճ է շնորհում բոլոր նրանց, ովքեր այդ ձևով նվիրվում են իրեն և մկրտվում։ Պետրոս առաքյալը Աստծու ներշնչանքով կարող էր իր հավատակիցներին ասել. «Մկրտությունը.... փրկում է ձեզ» (ԱՆԹ)։ Դա մի այնպիսի բան է, որին հրեաների կատարած և ոչ մի ծիսական լվացում չի կարող հավասարվել։