Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/1 էջ 22–26
  • Ինչպես մոտենալ ‘աղոթք Լսողին’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես մոտենալ ‘աղոթք Լսողին’
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծուն մոտենալու պահանջները
  • Օրենքի ուխտի ներքո
  • Ինչպես են աղոթում քրիստոնյաները
  • Ո՞ր աղոթքներն է Աստված լսում
  • Ձեր աղոթքներն ‘ընդունելի՞ են ինչպես խունկ’
    1999 Դիտարան
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչպես կարող եք մոտենալ Աստծուն
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Թանկ համարիր աղոթելու պարգևը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2006 Դիտարան
w06 9/1 էջ 22–26

Ինչպես մոտենալ ‘աղոթք Լսողին’

«Ո՛վ աղօթքի լսող, քեզի պիտի գայ ամէն մարմին» (ՍԱՂՄՈՍ 65։2, ԱԱ)։

1. Ինչո՞վ են մարդիկ տարբերվում երկրային մյուս արարածներից, և ի՞նչ հնարավորություն է դա տալիս։

ԵՐԿՐԻ վրա գոյություն ունեցող բոլոր արարածներից միայն մարդն է օժտված Աստծուն երկրպագելու կարողությամբ։ Միայն մարդն է գիտակցում իր հոգևոր կարիքները և ցանկանում դրանց գոհացում տալ։ Այդպիսի գիտակցումը նրան հրաշալի հնարավորություն է տալիս իր երկնային Հոր հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու։

2. Մեղքն ի՞նչ վատ ազդեցություն թողեց մարդկանց՝ Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

2 Աստված ստեղծել է մարդուն իր Արարչի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու կարողությամբ։ Ադամն ու Եվան ստեղծվել էին առանց մեղքի։ Ուստի, նրանք կարող էին ազատորեն մոտենալ Աստծուն, ինչպես որ երեխան է ազատորեն մոտենում իր հորը։ Սակայն մեղք գործելու պատճառով Ադամն ու Եվան զրկվեցին այդ մեծ առանձնաշնորհումից։ Անհնազանդ գտնվելով՝ նրանք կորցրեցին Աստծու հետ ունեցած իրենց մտերիմ փոխհարաբերությունները (Ծննդոց 3։8–13, 17–24)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ադամի անկատար ժառանգներն այլևս չեն կարող հաղորդակցվել Աստծու հետ։ Ո՛չ։ Եհովան առայսօր թույլ է տալիս նրանց մոտենալ իրեն, եթե նրանք բավարարեն որոշակի պահանջներ։ Որո՞նք են այդ պահանջները։

Աստծուն մոտենալու պահանջները

3. Ինչպե՞ս պետք է մեղավոր մարդիկ մոտենան Աստծուն, և ո՞ր օրինակն է դա ցույց տալիս։

3 Ադամի որդիների հետ պատահած մի դեպք օգնում է մեզ հասկանալ, թե ինչ է Աստված պահանջում անկատար մարդուց, որը կամենում է մոտենալ իրեն։ Թե՛ Կայենը, թե՛ Աբելը, ջանալով մոտենալ Աստծուն, զոհաբերություններ մատուցեցին։ Աբելի զոհն ընդունվեց, մինչդեռ Կայենինը՝ ոչ (Ծննդոց 4։3–5)։ Ինչո՞ւ։ Եբրայեցիս 11։4–ում ասվում է. «Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է»։ Ուստի միանգամայն պարզ է, որ Աստծուն մոտենալու համար հարկավոր է հավատ ունենալ։ Մեկ այլ պահանջի մասին իմանում ենք այն խոսքերից, որ Եհովան ասաց Կայենին. «Չէ՞ որ եթէ բարի լինիս, [երեսդ] կ’բարձրանայ»։ Կայենի զոհաբերությունն անշուշտ կընդունվեր, եթե նա բարին գործեր։ Սակայն Կայենը չլսեց Աստծուն, սպանեց Աբելին, և հետևանքը եղավ այն, որ նա վտարանդի դարձավ (Ծննդոց 4։7–12)։ Այսպիսով՝ մարդկության պատմության հենց սկզբում ընդգծվեց այն բանի կարևորությունը, որ ովքեր ցանկանում են մոտենալ Աստծուն, պետք է հավատ ունենան և բարի գործեր անեն։

4. Եթե ցանկանում ենք մոտենալ Աստծուն, ի՞նչ պետք է ընդունենք։

4 Եթե ցանկանում ենք մոտենալ Աստծուն, պետք է ընդունենք մեր մեղավոր լինելը։ Բոլոր մարդիկ մեղավոր են, իսկ մեղքը խանգարում է մոտենալ Աստծուն։ Երեմիա մարգարեն իսրայելացիների վերաբերյալ գրեց. «Մենք յանցանք արինք եւ ապստամբուեցինք.... Քեզ ամպով ծածկեցիր, որ աղօթք անց չ’կենայ» (Երեմիայի Ողբերը 3։42, 44)։ Թեև մարդիկ մեղավոր են, Աստված ողջ պատմության ընթացքում ցույց է տվել, որ պատրաստ է լսել բոլոր նրանց աղոթքները, ովքեր իրեն մոտենում են հավատով և սրտի ճիշտ տրամադրվածությամբ, ինչպես նաև կատարում են իր պահանջները (Սաղմոս 119։145)։ Ովքե՞ր են եղել այդ մարդկանցից մի քանիսը, և ի՞նչ կարող ենք սովորել նրանց աղոթքներից։

5, 6. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Աբրահամը մոտեցավ Աստծուն։

5 Այդ անհատներից մեկը Աբրահամն էր։ Նա մոտեցավ Աստծուն, և Աստված նրան ընդունեց. դա երևում է այն բանից, որ Եհովան Աբրահամին ‘իր ընկերը’ կոչեց (Եսայիա 41։8, ՆԱ)։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Աբրահամը մոտեցավ Աստծուն։ Այս հավատարիմ նահապետը Եհովային հարցրեց ժառանգի մասին՝ ասելով. «Ինձ ի՞նչ ես տալիս, քանի որ առանց զաւակի եմ մնացել» (Ծննդոց 15։2, 3; 17։18)։ Մեկ ուրիշ անգամ էլ նա հայտնեց իր մտահոգությունն այն մասին, թե ով կփրկվի, երբ Աստված ի կատար ածի իր դատավճիռը Սոդոմի և Գոմորի վերաբերյալ (Ծննդոց 18։23–33)։ Աբրահամը նաև աղոթում էր ուրիշների համար (Ծննդոց 20։7, 17)։ Եվ ինչպես Աբելը, Աբրահամը Աստծուն մոտենում էր՝ ժամանակ առ ժամանակ զոհեր մատուցելով նրան (Ծննդոց 22։9–14)։

6 Ինչպես տեսնում ենք, Աբրահամը ազատորեն դիմում էր Եհովային։ Սակայն խոսելու ազատության հետ մեկտեղ նա խոնարհություն էր դրսևորում՝ գիտակցելով իր չնչինությունը Արարչի կողքին։ Ուշադրություն դարձրու, թե ինչպիսի խոնարհությամբ է նա դիմում Աստծուն. «Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ» (Ծննդոց 18։27)։ Ընդօրինակման արժանի ինչպիսի՜ մտայնություն։

7. Նահապետները Եհովային ինչի՞ մասին էին աղոթում։

7 Եհովան բարեհաճությամբ լսել է նաև այլ նահապետների, որոնք դիմել են իրեն տարբեր խնդրանքներով։ Օրինակ՝ Հակոբը աղոթքով Եհովային երդում տվեց։ Խնդրելով Աստծուն, որ օգնի իրեն՝ նա հանդիսավոր կերպով խոստացավ. «Այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ» (Ծննդոց 28։20–22)։ Հակոբն ավելի ուշ, երբ պետք է հանդիպեր իր եղբորը, աղերսեց Եհովային պաշտպանել իրեն՝ ասելով. «Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ» (Ծննդոց 32։9–12)։ Իսկ Հոբ նահապետը մոտենում էր Եհովային՝ իր ընտանիքի անդամների համար զոհեր մատուցելով։ Երբ նրա երեք ընկերները խոսքով մեղանչեցին, Հոբն աղոթեց նրանց համար, և «Եհովան ընդունեց Յոբին» (Յոբ 1։5; 42։7–9)։ Այս օրինակներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչի մասին կարող ենք աղոթել Եհովային։ Նաև տեսնում ենք, որ Աստված պատրաստ է ընդունել այն մարդկանց աղոթքները, ովքեր իրեն պատշաճ կերպով են դիմում։

Օրենքի ուխտի ներքո

8. Օրենքի ուխտի ներքո ամբողջ ազգին վերաբերող հարցերը ինչպե՞ս էին ներկայացվում Եհովային։

8 Եգիպտոսի գերությունից իսրայելացիներին ազատագրելուց հետո Եհովան նրանց տվեց Օրենքի ուխտը։ Օրենքում նկարագրվում էր, որ Եհովային պետք է մոտենալ քահանաների միջոցով։ Որոշ ղևտացիներ նշանակվել էին որպես քահանաներ և պետք է ծառայություն մատուցեին ժողովրդի համար։ Երբ ողջ ազգին վերաբերող մի կարևոր հարց էր առաջանում, ժողովրդի ներկայացուցիչները՝ երբեմն թագավորը կամ մարգարեն, դրա մասին աղոթում էին Եհովային (Ա Թագաւորաց 8։21, 22; 14։36–41; Երեմիա 42։1–3)։ Օրինակ՝ տաճարի նվիրման ժամանակ Սողոմոն թագավորը սրտաբուխ աղոթք ուղղեց Եհովային։ Աստված ցույց տվեց, որ ընդունել է Սողոմոնի աղոթքը՝ լցնելով տաճարը իր փառքով, ինչպես նաև ասելով. «Իմ ականջները մտիկ անող պիտի լինին այս տեղի աղօթքին» (Բ Մնացորդաց 6։12–7։3, 15)։

9. Ի՞նչ պետք է անեին քահանաները, որպեսզի սրբարանում մատուցած իրենց ծառայությունը Եհովայի կողմից ընդունվեր։

9 Իսրայելացիներին տված Օրենքում Եհովան նաև նշեց, թե ինչպես սրբարանում ընդունելի կերպով մոտենալ իրեն։ Ամեն առավոտ ու երեկո, բացի կենդանական զոհեր մատուցելուց, քահանայապետը պետք է անուշահոտ խունկ ծխեր Եհովայի առաջ։ Հետագայում այդ ծառայությունը մատուցում էին նաև քահանաները. նրանք դա անում էին տարվա բոլոր օրերին՝ բացառությամբ Քավության օրվա։ Եթե քահանաները ակնածանքով չմատուցեին իրենց ծառայությունը, Եհովան նրանց հավանություն չէր տա (Ելից 30։7, 8; Բ Մնացորդաց 13։11)։

10, 11. Ի՞նչ ապացույցներ կան, որ Եհովան ընդունել է առանձին անհատների աղոթքները։

10 Արդյո՞ք հին Իսրայելում միայն նշանակված ներկայացուցիչների միջոցով էր հնարավոր մոտենալ Աստծուն։ Ո՛չ։ Գրությունները ցույց են տալիս, որ Եհովան հաճույքով ընդունել է նաև առանձին անհատների աղոթքները։ Սողոմոնը տաճարի նվիրման ժամանակ մատուցած աղոթքում Եհովային աղերսեց. «Քո բոլոր Իսրայէլի ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցելու լինի.... իր ձեռքերը տարածէ դեպի այս տունը, այն ժամանակ դու լսիր երկնքիցը» (Բ Մնացորդաց 6։29, 30)։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ երբ Զաքարիան՝ Հովհաննես Մկրտչի հայրը, խունկ էր ծխում սրբարանում, Եհովայի բազմաթիվ երկրպագուներ, որոնք քահանաներ չէին, «դուրսն աղօթք էին անում»։ Ակներևաբար, ժողովրդի համար սովորություն էր դարձել սրբարանի մոտ՝ դրսում, հավաքվել ու աղոթք անել, մինչ ոսկե զոհասեղանի վրա Եհովային խունկ էր մատուցվում (Ղուկաս 1։8–10)։

11 Այսպիսով՝ երբ Եհովային ճիշտ կերպով էին մոտենում, նա ուրախ էր ընդունել ինչպես ամբողջ ազգի համար ասված աղոթքները, այնպես էլ անհատական աղոթքները։ Այսօր մենք Օրենքի ուխտի տակ չենք։ Այդուհանդերձ, կարող ենք կարևոր դասեր քաղել այն բանից, թե ինչպես էին վաղեմի իսրայելացիները աղոթքով մոտենում Աստծուն։

Ինչպես են աղոթում քրիստոնյաները

12. Եհովային մոտենալու ի՞նչ միջոց գոյություն ունի քրիստոնյաների համար։

12 Այսօր մենք չենք առաջնորդվում Մովսիսական օրենքով։ Գոյություն չունի այլևս բառացի տաճար, որտեղ քահանաները կներկայացնեին Աստծու ժողովրդին, և որին նայելով՝ կաղոթեինք։ Այնուամենայնիվ, Եհովան հոգ է տարել, որ մենք կարողանանք մոտենալ իրեն։ Ինչպե՞ս։ Մ.թ. 29 թ.–ին, երբ Քրիստոսն օծվեց և նշանակվեց որպես Քահանայապետ, սկսեց գործել հոգևոր տաճարը։a Այդ տաճարը նոր միջոց էր՝ մոտենալու Եհովային Հիսուս Քրիստոսի տված հաշտության զոհի հիման վրա (Եբրայեցիս 9։11, 12)։

13. Աղոթքի հետ կապված ի՞նչ զուգահեռ ենք տեսնում Երուսաղեմի տաճարի և հոգևոր տաճարի միջև։

13 Երուսաղեմի տաճարի հետ կապված շատ մանրամասնություններ օգնում են մեզ ավելի լավ հասկանալ հոգևոր տաճարի հետ կապված առանձնահատկությունները, որոնց մեջ մտնում են նաև աղոթքին վերաբերող բաներ (Եբրայեցիս 9։1–10)։ Օրինակ՝ ի՞նչ էր խորհրդանշում խունկը, որ առավոտյան ու երեկոյան ծխում էին խնկի սեղանի վրա՝ տաճարի սրբարանում։ «Յայտնութիւն» գրքի համաձայն՝ խունկը խորհրդանշում է ‘սրբերի աղոթքը’ (Յայտնութիւն 5։8; 8։3, 4)։ Աստծու ներշնչմամբ Դավիթը գրեց. «Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին» (Սաղմոս 141։2)։ Ուստի, քրիստոնյաների համար անուշահոտ խունկը միանգամայն տեղին կերպով ներկայացնում է Եհովային ընդունելի աղոթքներն ու փառաբանությունը (Ա Թեսաղոնիկեցիս 3։10)։

14, 15. Ինչպե՞ս են մոտենում Եհովային ա) օծյալ քրիստոնյաները, բ) «ուրիշ ոչխարները»։

14 Ո՞վ կարող է մոտենալ Աստծուն այդ հոգևոր տաճարում։ Հնում քահանաներն ու ղևտացիները պատիվ ունեին ծառայելու տաճարի ներսի գավիթում, բայց սրբարան կարող էին մտնել միայն քահանաները։ Երկնային կյանքի հույս ունեցող օծյալ քրիստոնյաները մի առանձնահատուկ հոգևոր վիճակ են վայելում, որի նախապատկերը ներսի գավիթն ու սրբարանն էին, և որը նրանց հնարավորություն է տալիս աղոթել ու փառաբանել Աստծուն։

15 Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրային հույս ունեցողների՝ «ուրիշ ոչխարների» մասին (Յովհաննէս 10։16)։ Եսայիա մարգարեն նշեց, որ «օրերի վերջին» շատ ազգերից մարդիկ կգան երկրպագելու Եհովային (Եսայիա 2։2, 3)։ Նա նաև գրեց, որ ‘օտարականները’ կգան Եհովայի մոտ։ Աստված, ցույց տալով, որ կամենում է ընդունել նրանց, ասաց. «Նորանց [պիտի] ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ» (Եսայիա 56։6, 7)։ Յայտնութիւն 7։9–15-ը հավելյալ մանրամասնություններ է հայտնում այն մարդկանց «մեծ բազմության» մասին, որոնք հավաքվում են «ամեն ազգից»։ Նրանք կանգնած են հոգևոր տաճարի դրսի գավիթում և «ցերեկ եւ գիշեր» երկրպագում են Աստծուն և աղոթում նրան։ Որքա՜ն մխիթարական է, որ այսօր Աստծու բոլոր ծառաները կարող են ազատորեն մոտենալ նրան՝ լիակատար վստահություն ունենալով, որ նա լսում է իրենց։

Ո՞ր աղոթքներն է Աստված լսում

16. Ի՞նչ կարող ենք սովորել վաղ քրիստոնյաների աղոթքներից։

16 Վաղեմի քրիստոնյաները աղոթելուն մեծ կարևորություն էին տալիս։ Ինչի՞ մասին էին նրանք աղոթում։ Քրիստոնյա երեցները կազմակերպչական հարցերում ճիշտ նշանակումներ տալու համար առաջնորդության կարիք էին զգում (Գործք 1։24–26; 6։5–7)։ Եպափրասը աղոթում էր իր հավատակիցների համար (Կողոսացիս 4։12)։ Երբ Պետրոսը բանտարկված էր, Երուսաղեմի ժողովի անդամներն աղոթում էին նրա համար (Գործք 12։5)։ Վաղ քրիստոնյաները խնդրեցին Եհովային, որ իրենց քաջություն տա՝ դիմանալու հակառակությանը՝ ասելով. «Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել» (Գործք 4։23–30)։ Հակոբոս աշակերտը քաջալերեց քրիստոնյաներին փորձությունների ժամանակ աղոթքով իմաստություն խնդրել Աստծուց (Յակոբոս 1։5)։ Իսկ դու ընդգրկո՞ւմ ես նման խնդրանքներ քո աղոթքներում։

17. Ո՞ւմ աղոթքներն է Եհովան ընդունում։

17 Աստված բոլոր աղոթքները չէ, որ լսում է։ Ուստի ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ նա կլսի մեր աղոթքները։ Եհովան լսում էր հնում ապրած հավատարիմ մարդկանց, որոնք անկեղծությամբ և սրտի ճիշտ տրամադրվածությամբ էին աղոթում։ Նրանք հավատ էին ցուցաբերում և այն փաստում բարի գործերով։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան այսօր լսում է բոլոր նրանց, ովքեր նույն կերպով են մոտենում իրեն։

18. Ի՞նչ պահանջ պետք է քրիստոնյաները բավարարեն, որպեսզի Աստված լսի նրանց աղոթքները։

18 Աստծուն մոտենալու մեկ այլ պահանջ էլ կա։ Պողոս առաքյալը բացատրեց. «Նորանով.... ունինք մօտենալը Հօր մօտ»։ Ո՞ւմ նկատի ուներ Պողոսը՝ ասելով «նրանով»։ Հիսուս Քրիստոսին (Եփեսացիս 2։13, 18)։ Այո՛, մենք կարող ենք ազատորեն մոտենալ Հորը միայն Հիսուսի միջոցով (Յովհաննէս 14։6; 15։16; 16։23, 24)։

19. ա) Ո՞ր դեպքում էր իսրայելացիների մատուցած խունկը զզվելի դառնում Եհովային։ բ) Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ մեր աղոթքները անուշաբույր խնկի պես են Եհովայի համար։

19 Ինչպես արդեն նշվեց, իսրայելացի քահանաների մատուցած խունկը ներկայացնում է Աստծու հավատարիմ ծառաների ընդունելի աղոթքները։ Սակայն լինում էին ժամանակներ, երբ խնկի մատուցումը գարշելի էր Եհովային, օրինակ, երբ խունկ էին ծխում տաճարում և միևնույն ժամանակ խոնարհվում կուռքերի առաջ (Եզեկիէլ 8։10, 11)։ Նմանապես, այսօր կան անհատներ, ովքեր պնդում են, թե ծառայում են Եհովային, բայց միևնույն ժամանակ Աստծու օրենքներին հակասող գործեր են անում։ Նման մարդկանց աղոթքները զզվելի են Եհովային (Առակաց 15։8)։ Ուրեմն՝ եկեք շարունակենք մաքուր մնալ մեր կյանքի բոլոր բնագավառներում, որպեսզի մեր աղոթքները անուշաբույր խնկի պես լինեն Աստծու համար։ Եհովան հաճույքով է լսում իր արդար չափանիշներով ապրող մարդկանց աղոթքները (Յովհաննէս 9։31)։ Այնուամենայնիվ, դեռ կան հարցեր, որոնք պատասխանի կարիք ունեն։ Ինչպե՞ս պետք է աղոթենք։ Ինչի՞ մասին կարելի է աղոթել։ Ինչպե՞ս է Աստված պատասխանում մեր աղոթքներին։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս և այլ հարցեր։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Դիտարանի» 2001 թ. մայիսի 15–ի համարը (էջ 27)։

Կարո՞ղ եք բացատրել

• Ինչպե՞ս կարող են անկատար մարդիկ մոտենալ Աստծուն նրան ընդունելի կերպով։

• Ինչպե՞ս կարող ենք նմանվել նահապետներին աղոթելու հարցում։

• Ի՞նչ ենք սովորում վաղ քրիստոնյաների աղոթքներից։

• Ո՞ր դեպքում են մեր աղոթքները անուշահոտ խնկի պես Աստծու համար։

[նկար 23-րդ էջի վրա]

Ինչո՞ւ Աստված ընդունեց Աբելի զոհը, իսկ Կայենինը՝ ոչ

[նկար 24-րդ էջի վրա]

‘Ես հող ու մոխիր եմ’

[նկար 25-րդ էջի վրա]

‘Ես քեզ տասանորդ կտամ’

[նկար 26-րդ էջի վրա]

Քո աղոթքներն անուշահոտ խնկի պե՞ս են Եհովայի համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը