Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 1–11
  • Փարթամ աճ հրաշագեղ կղզում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փարթամ աճ հրաշագեղ կղզում
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Հոգևոր աճ
  • Հոգևոր աճ երեխաների և պատանիների շրջանում
  • Երբ երեխաները մեծանում են
  • Հաղթահարում են խոչընդոտները
2006 Դիտարան
w06 8/15 էջ 1–11

Փարթամ աճ հրաշագեղ կղզում

ԹԱՅՎԱՆ այցելող զբոսաշրջիկները չեն կարողանում զսպել իրենց հիացմունքը՝ տեսնելով արևադարձային փարթամ բուսականությունը, որ ծածկում է ողջ կղզին։ Բրնձի կանաչ սածիլները բերքահավաքի օրերին ոսկեգույն են դառնում։ Սարալանջերին փռված են սաղարթախիտ անտառները։ Ի տարբերություն մարդաշատ քաղաքների՝ կանաչազարդ դաշտերն ու սարերը մեծ թարմություն են պատճառում։ Ուստի զարմանալի չէ, որ Արևմուտքից այստեղ եկած առաջին մարդը, տեսնելով կղզին, այն անվանեց «Իլհա Ֆորմոսա», այսինքն՝ «Հրաշագեղ կղզի»։

Այո, Թայվանը շատ գեղեցիկ, բայց փոքր կղզի է. երկարությունն ընդամենը 390 կիլոմետր է, իսկ ամենալայն հատվածը՝ մոտ 160 կիլոմետր։ Կղզու մեծ մասը զբաղեցնում են բարձրաբերձ լեռները։ Այդ լեռներից մեկը՝ Յույշանը (Մորրիսոն), ավելի բարձր է, քան Ֆուձիյամա լեռը (Ճապոնիա) կամ Կուկի լեռը (Նոր Զելանդիա)։ Նեղ հարթավայրերը, որոնք կղզու կենտրոնում գտնվող սարերի լանջերից ձգվում են մինչև ծովը ու մեծ շրջան կազմում, լեփ–​լեցուն են մարդկանցով, որոնց թիվն անցնում է 22 միլիոնից։

Հոգևոր աճ

Փարթամ բուսականության աճի պես՝ Թայվանում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մեկ ուրիշ աճ։ Դա հոգևոր աճն է՝ երիտասարդ և տարեց մարդկանց եռանդի արդյունքը, եռանդ, որ այդ անձնավորությունները ցուցաբերում են ճշմարիտ Աստված Եհովային ճանաչելուն պես։ Իսկապես տպավորիչ է տեսնել, թե ինչպես է աճում այն անհատների թիվը, ովքեր ջանասիրաբար օգնում են մարդկանց, որ սովորեն Եհովայի ու նրա նպատակի մասին։

Աճն իր հետ ընդլայնվելու անհրաժեշտություն է առաջ բերում։ 1990 թ. դեկտեմբերին Եհովայի վկաների մասնաճյուղն ընդարձակելու նպատակով մի տարածք ձեռք բերվեց։ Թայբեյում գտնվող շենքը փոքր էր ու այլևս հարմար չէր Թագավորության՝ այն ժամանակ արդեն 1 777 քարոզիչների գործունեությունը հոգալու համար։ Ուստի ամենատարբեր տարիքի միջազգային և տեղի կամավորների ժրաջան աշխատանքի շնորհիվ Սինվուում մի քանի տարում վեր խոյացան հրաշալի շենքեր, որոնք շահագործման հանձնվեցին 1994 թ. օգոստոսին։ Այդ ժամանակ աստվածաշնչյան բարի լուրը տարածում էր 2 515 քարոզիչ։ Այսօր, տասներկու տարի անց, քարոզիչների թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ գերազանցելով 5 500–ը, և ամեն ամիս քարոզիչների մոտ մեկ քառորդը ծառայում է լիաժամ։ Ավետարանիչների այդ բանակում իրենց կարևոր տեղն ունեն երիտասարդ տղամարդիկ ու կանայք, ովքեր վաղորդյան թարմացնող «ցօղի» են նման (Սաղմոս 110։3)։

Հոգևոր աճ երեխաների և պատանիների շրջանում

Բարի լուրի եռանդուն քարոզիչներից շատերը բավական երիտասարդ են։ Ոմանք սովորում են տարրական դասարաններում։ Թայվանի հյուսիսային քաղաքներից մեկում մի ամուսնական զույգ հրավեր ստացավ ներկա լինելու Աստվածապետական ծառայության դպրոցին, որտեղ Եհովայի վկաները հմտանում են Աստվածաշնչի ճշմարտությունները ուսուցանելու մեջ։ Ամուսիններն ապշած մնացին՝ տեսնելով, թե ինչպես է Վեյջուն անունով մի փոքրիկ տղա բեմից Աստվածաշունչը հմտորեն ընթերցում, ավելի լավ, քան շատ չափահասներ։ Իսկ ներկա գտնվելով մյուս հանդիպումներին՝ նրանք խորապես տպավորվեցին՝ տեսնելով, որ նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները խելամիտ պատասխաններ են տալիս։ Ամուսիններին դուր եկավ նաև այն, որ փոքրիկ երեխաները հրաշալի վարք են դրսևորում Թագավորության սրահում։

Ինչո՞ւ են այս երեխաներն այդքան կարևորում աստվածաշնչյան կրթությունը, չնայած որ ապրում են մի երկրում, որտեղ մարդիկ գլխավորապես բուդդայականություն և դաոսականություն են դավանում։ Պատճառն այն է, որ նրանց քրիստոնյա ծնողներն ապրում են աստվածաշնչային չափանիշներով և կառուցում են երջանիկ ընտանիք, որտեղ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ պահպանելը ամենակարևորն է։ Վեյջունի ծնողները ամեն ինչ անում են, որ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունները և ընտանյոք հանդերձ քարոզչական ծառայությանը մասնակցելը հաճելի լինի երեխաներին, ուստի զարմանալի չէ, որ նրա մեծ եղբայրն ու քույրը մկրտվել են ու այժմ Եհովայի վկաներ են։ Երբ վերջերս Վեյջունին առաջարկեցին պաշտոնապես մասնակցել քարոզչությանը, նրա մայրն ասաց, որ տղան այդ ամիս ավելի շատ պարբերագիր է տարածել, քան ամբողջ ընտանիքը՝ միասին վերցրած։ Ակնհայտ է, որ Վեյջունը մեծ բավականություն է ստանում, երբ մարդկանց հետ խոսում է ճշմարտության մասին, մեկնաբանություններ է տալիս ժողովի հանդիպումներին և իր սովորածը պատմում է ուրիշներին։

Երբ երեխաները մեծանում են

Իսկ ի՞նչ ուղի են ընտրում ճշմարտությունն ընդունած երեխաները, երբ մեծանում են։ Մեծամասնությունը շարունակում է անկեղծ սեր ցույց տալ Եհովայի ու ծառայության հանդեպ։ Ահա մի օրինակ։ Հվեփինը ուսանողուհի է։ Մի օր նրա ուսուցիչն ասաց, որ ինչ–​որ կրոնի անդամներ արյան փոխներարկում չեն կատարում։ Դասի ավարտից հետո, երբ ուսանողները դուրս եկան, երիտասարդ քրիստոնյան իր ուսուցչին բացատրեց, որ այդ կրոնի անդամները կոչվում են Եհովայի վկաներ, և թե ինչու են նրանք այդպիսի դիրք բռնել։

Մեկ այլ ուսուցչուհի ուսանողներին մի տեսաֆիլմ ցույց տվեց սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին։ Ֆիլմում հիշատակվում էր Ա Կորնթացիս 6։9–ը, սակայն ուսուցչուհին ասաց, թե Աստվածաշունչը չի դատապարտում միասեռականությունը։ Հվեփինն այս ուսուցչուհու հետ էլ կարողացավ զրուցել և ներկայացնել Աստծու տեսակետը միասեռականության վերաբերյալ։

Հվեփինի համակուրսեցի Շուշիան հանձնարարություն էր ստացել թեմա պատրաստել «Բռնություն՝ ընտանիքում» վերնագրով։ Հվեփինը նրան տվեց «Արթնացե՛ք»–ի 2001 թ. նոյեմբերի 8–ի համարը՝ «Օգնություն բռնության ենթարկված կանանց» վերնագրով։ Նա բացատրեց, որ պարբերագրում այս թեմայով Աստվածաշնչի վրա հիմնված շատ տեղեկություն կա։ Որոշ ժամանակ անց Շուշիան դարձավ չմկրտված քարոզիչ։ Այսօր նա և Հվեփինը մարդկանց պատմում են բարի լուրը։

Դպրոցում սովորող շատ քրիստոնյաներ ասում են, որ հեշտ չէ հայտնի լինել որպես մի անձնավորություն, որն ապրում է աստվածաշնչյան սկզբունքներով։ Դա հատկապես դժվար է գյուղական վայրերում։ Ջիհաու անունով մի պատանի հասակակիցների կողմից ճնշման էր ենթարկվում իր հավատի ու քարոզչական գործունեության պատճառով։ Նա պատմում է. «Ես շատ էի վախենում ծառայության ընթացքում հանդիպել համադասարանցիներիս։ Նրանք ինձ ծաղրում էին, և երբեմն նրանց թիվը հասնում էր տասի»։ Մի օր ուսուցիչը Ջիհաուին հանձնարարեց պատմել դասարանին իր կրոնի մասին։ «Ես որոշեցի ելույթիս առաջաբանը հիմնել Ծննդոց 1–ին գլխի վրա, այնուհետև քննարկել հետևյալ հարցերը. «Ո՞վ արարեց երկիր մոլորակը և այն ամենը, ինչ երկրի վրա է։ Ինչպե՞ս առաջացավ մարդը»։ Երբ ընթերցեցի Աստվածաշնչից, ոմանք սկսեցին ծիծաղել ինձ վրա՝ ասելով, որ սնոտիապաշտ եմ։ Սակայն ես շարունակեցի խոսել ու ելույթս ավարտին հասցրի։ Արդյունքը եղավ այն, որ կարողացա մեր հավատի ու գործունեության մասին անհատապես խոսել համադասարանցիներիցս ոմանց հետ։ Այժմ, երբ նրանք ինձ տեսնում են քարոզելիս, այլևս չեն ծիծաղում»։

Ջիհաուն ավելացնում է. «Քանի որ ծնողներս Վկաներ են, մենք ամեն առավոտ միասին քննարկում ենք օրվա խոսքը։ Նաև, ամեն օր Աստվածաշունչ ենք կարդում և կանոնավորաբար հաճախում ժողովի հանդիպումներին։ Այս ամե՛նն է, որ ինձ օգնում է դիմակայել, երբ ինձ վիրավորում են աստվածաշնչյան թարմացնող ճշմարտությունները մարդկանց պատմելու համար»։

Թինմեյը տեխնիկական ուսումնարանի ուսանողուհի է։ Մի անգամ նրան առաջարկեցին պիկնիկի մասնակցել իր համադասարանցիներից ոմանց և մի քանի տղաների հետ։ Նա գիտակցում էր, որ կվտանգի իր բարոյական մաքրությունը, ուստի որոշեց չգնալ նրանց հետ։ Թեև Թինմեյն իր համադասարանցիների հետ այս մասին զրուցեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ»a գրքի օգնությամբ, այնուամենայնիվ նրանք մի քանի անգամ հրավիրեցին նրան միանալ իրենց։ Տեսնելով, որ նա չի համաձայնվում՝ նրանք ծաղրանքով ասացին. «Դու հետամնաց ես»։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելը իմաստություն է. համադասարանցիներից մեկը հղիացավ ու դիմեց արհեստական վիժման։ Թինմեյն ասում է. «Քանի որ հետևում եմ Եհովայի առաջնորդությանը, խիղճս մաքուր է։ Իմ սիրտը ուրախ է, և ես խոր բավարարվածություն եմ զգում»։

Հաղթահարում են խոչընդոտները

Ժուիվենը Թինմեյի մտերիմ ընկերուհիներից է։ Երբ փոքր էր, զգում էր, որ իր համար քրիստոնեական հանդիպումների հաճախելը ու քարոզչական ծառայությանը մասնակցելը ձանձրալի է։ Սակայն ժողովի անդամների փոխադարձ ու անկեղծ սերը համեմատելով համադասարանցիների հետ ունեցած անիմաստ ընկերության հետ՝ նա համոզվեց, որ հարկավոր է կյանքում փոփոխություններ անել։ Ժուիվենը սկսեց քարոզել դպրոցի աշակերտներին ու ավելի պարզ հասկացավ, թե ինչ է պետք անել։ Նա սկսեց ծառայել որպես ենթառահվիրա՝ ամեն ամիս ծառայությանը տրամադրելով ավելի քան 50 ժամ։ Ապա ընդհանուր ռահվիրայական ծառայություն սկսեց՝ ամեն ամիս ավելի քան 70 ժամ քարոզելով։ Ժուիվենն ասում է. «Խոսքեր չեմ գտնում արտահայտելու իմ երախտագիտությունը Եհովայի հանդեպ։ Նա երբեք չմտածեց, թե ես անհուսալի եմ։ Ու թեև իմ արարքներով տխրեցրել եմ նրան, Եհովան մինչև հիմա սիրում է ինձ։ Մայրս ու ժողովի անդամները նույնպես սիրալիր վերաբերմունք դրսևորեցին իմ հանդեպ։ Այն, որ այժմ Աստվածաշնչի հինգ ուսումնասիրություն եմ անցկացնում, օգնում է ինձ հասկանալ, որ ներգրավված եմ աշխարհի ամենագոհացուցիչ գործին»։

Մի գյուղի միջնակարգ դպրոցում երկու Վկա տղաներ հանձնարարություն ստացան, որ ժողովրդական պարերի մրցումներում ներկայացնեն դպրոցը։ Երբ երեխաները տեղեկացան մրցումների բնույթի մասին, հասկացան, որ մասնակցելով մրցումներին՝ կվնասեն իրենց քրիստոնեական խիղճը։ Նրանք բացատրեցին իրենց տեսակետը և խնդրեցին իրենց ազատել մրցումներից, սակայն մերժվեցին։ Ավելին, ուսուցիչներն ասացին, որ նրանք պարտավոր են մասնակցել մրցումներին, քանի որ այդպիսի հանձնարարություն են ստացել։ Չցանկանալով դավաճանել իրենց սկզբունքներին՝ երիտասարդ Վկաները մտան կրթության նախարարության ինտերնետային կայքը և իրենց խնդրի մասին նամակ ուղարկեցին։ Թեև նրանք պատասխան չստացան, սակայն դպրոցը շուտով հրահանգ ստացավ ոչ ոքի չստիպել մասնակցելու այդպիսի մրցումների։ Ի՜նչ ուրախություն ապրեցին այդ երեխաները՝ տեսնելով, որ իրենց խիղճը դաստիարակվել է աստվածաշնչյան կրթությամբ, և որ այդ կրթությունը զորություն տվեց անելու այն, ինչը ճիշտ է։

Նույնիսկ նրանք, ովքեր ֆիզիկական տկարություններ ունեն, մեծ հաճույքով մարդկանց պատմում են իրենց աստվածաշնչյան հույսի մասին։ Օրինակ՝ Մինյուն ի ծնե անդամալույծ է։ Քանի որ նա չի կարողանում շարժել իր ձեռքերը, Աստվածաշունչը լեզվով է թերթում՝ բացելու համար իր ուզած տեղը։ Աստվածապետական ծառայության դպրոցի իր առաջադրանքները նա կատարում է պառկած վիճակում, իսկ նրա օգնականը նստում է ցածր աթոռի վրա և պահում խոսափողը։ Որքա՜ն հուզիչ է տեսնել այն ջանքերը, որ Մինյուն ներդնում է այդ հանձնարարությունները պատրաստելու և դրանք մատուցելու համար։

Երբ Մինյուն ցանկանում էր դառնալ Թագավորության քարոզիչ, ժողովի քույրերից մի քանիսը սովորեցին, թե ինչպես քարոզել հեռախոսով, որպեսզի օգնեն նրան մասնակցել ծառայությանը։ Նա լեզվով սեղմում է հեռախոսի կոճակները, իսկ քույրերը գրառումներ են կատարում։ Մինյուն քարոզելուց այնպիսի բավականություն է ստանում, որ սկսել է ծառայել որպես ենթառահվիրա։ Նա ամեն ամիս 50–ից 60 ժամ հեռախոսով վկայություն է տալիս։ Ոմանք նրանից գրականություն են վերցրել ու համաձայնվել կրկին զրուցել։ Այժմ Մինյուն Աստվածաշնչի երեք ուսումնասիրություն է անցկացնում այն անհատների հետ, որոնց վկայություն է տվել հեռախոսով։

Այո, թարմացնող ցողակաթիլներ հիշեցնող երիտասարդ Եհովայի վկաները՝ տղամարդ թե կին, որոնք ծառայում են Թայվանի 78 ժողովներում, պատրաստակամությամբ ու ջերմեռանդորեն տարածում են Թագավորության կենսական պատգամը կղզու միլիոնավոր մարդկանց։ Սա ընդամենը մի մասն է ողջ աշխարհում կատարվող աստվածաշնչյան հետևյալ մարգարեության. «Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կ’լինին» (Սաղմոս 110։3)։ Քաջալերանքի ինչպիսի՜ աղբյուր են երիտասարդները տարեց հավատակիցների համար։ Իսկ ամենակարևորը՝ նրանք ուրախության մեծ աղբյուր են իրենց երկնային Հոր՝ Եհովա Աստծու համար (Առակաց 27։11)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ/նկար 10-րդ էջի վրա]

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ՄԵԾ ԿԱՐԻՔ

Թայվանում քարոզիչների աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում ավելի շատ Թագավորության սրահներ ունենալու։ Բայց դա մեծ խնդիր է։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ գյուղական որոշ շրջաններից բացի, Թագավորության սրահներ կառուցելու համար ուրիշ հարմար հողատարածքներ գրեթե չկան։ Բացի այդ, հողի գները չափազանց թանկ են, իսկ գործող օրենքները՝ խիստ։ Մեծ քաղաքներում միակ հնարավորությունը գրասենյակային տարածքներ գնելն է ու դրանք Թագավորության սրահների վերածելը։ Բայց դրանով խնդիրները չեն վերջանում. շատ գրասենյակներ չափազանց ցածր առաստաղ ունեն, կոմունալ ծախսերը մեծ են, մուտքը այդ տարածքներ սահմանափակ է։ Այլ պատճառներ էլ կան, որոնք այդ տարածքները որպես Թագավորության սրահ օգտագործելը անհնար են դարձնում։

Այնուամենայնիվ, վերջին տարիներին Թայվանի Եհովայի վկաները կարողացան մի քանի Թագավորության սրահ ունենալ։ Այս ուղղությամբ որոնումները շարունակվում են, քանի որ Վկաները պատրաստակամության ոգով նվիրատվություններ են կատարում՝ դրանց հետ կապված ծախսերը փակելու համար, և բացի այդ, բարելավում են իրենց շինարարական հմտությունները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը