Հեզերը կժառանգեն երկիրը
«Կարծում եմ՝ բնությունը կկերպարանափոխվի և կվերականգնվի.... Դա կլինի ոչ թե հենց վաղը, այլ հեռավոր ապագայում, երբ նոր երկինք ու նոր երկիր կլինի» (Ժան–Մարի Փելթ, ֆրանսիացի մասնագետ շրջակա միջավայրի պահպանության գծով)։
ԵՐԿՐԱԳՆԴԻ շրջակա միջավայրն ու սոցիալական պայմանները շատերին են անհանգստացնում։ Այդ մարդիկ ուրախ կլինեին մեր մոլորակը տեսնել դրախտի վերածված։ Սակայն նման ցանկությունը նոր չէ։ Դեռ վաղուց Աստվածաշնչում խոստացվել էր, որ երկրագնդի վրա Դրախտ է լինելու։ Հիսուսի՝ ‘հեզերը կժառանգեն երկիրը’ և «լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» խոսքերը սուրբգրային ամենահայտնի արտահայտություններից են (Մատթէոս 5։5; 6։10)։ Սակայն այսօր քչերն են հավատում, որ երկրի վրա դրախտ է լինելու, որտեղ բնակվելու են հեզերը։ Իրենց քրիստոնյա համարող մարդկանց մեծամասնությունն այն կարծիքին է, թե դրախտն անհետ կորցված է։
Ֆրանսիական «Վի» շաբաթաթերթը բացատրում է, թե ինչու են մարդիկ, մասնավորապես կաթոլիկները, հրաժարվել երկրային կամ երկնային դրախտին հավատալուց. «Դրախտի [գաղափարը], մոտ 19 դար շարունակ իր զորեղ ազդեցությունն ունենալով կաթոլիկական ուսմունքների վրա, այսօր անհետացել է հոգևոր խորհրդածություններից, կիրակնօրյա քարոզներից, աստվածաբանության դասընթացներից և կատեխիզիսներից [կրոնական ձեռնարկներից]»։ Ինչպես նշվում է թերթում, «դրախտ» բառը պարուրված է «խորհրդավորության և շփոթմունքի թանձր մշուշով»։ Որոշ քարոզիչներ դիտավորյալ խուսափում են այդ բառն օգտագործելուց, քանի որ այն «երկրային երջանկության չափազանց շատ պատկերներ է ստեղծում մարդկանց ուղեղում»։
Ըստ սոցիոլոգ Ֆրեդերիկ Լենուարի, որը մասնագիտանում է կրոնի գծով՝ դրախտի մասին պատկերացումներն այսօր «կաղապարային» բնույթ են ստացել։ Իսկ ըստ պատմաբան Ժան Դելյումոյի, որն այդ թեմայով գրել է մի քանի գրքեր՝ աստվածաշնչյան խոստումները հիմնականում այլաբանորեն են կատարվում։ Նա գրում է. «Այն հարցին, թե «ի՞նչ է մնացել դրախտից», քրիստոնեական հավատը շարունակում է տալ հետևյալ պատասխանը. «Շնորհիվ Փրկչի հարության՝ մի գեղեցիկ օր մենք կբռնենք մեկմեկու ձեռքերը, և մեր աչքերը կտեսնեն երանությունը»»։
Արդյոք այսօր իմաստ ունի՞ երկրային դրախտի մասին խոսել։ Իսկ ի՞նչ է սպասում մեր մոլորակին։ Ինչպե՞ս եք պատկերացնում ապագան. մշուշոտ ու անորո՞շ, թե՞ պարզ ու հստակ։ Հաջորդ հոդվածում կլուսաբանվեն այս հարցերը։
[նկարի թույլատրագիր 2-րդ էջի վրա]
COVER: Emma Lee/Life File/Getty Images