Քուրձ կրելը և հոգևոր լինելը
ԱՅՆ կրում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX–ը։ Դրա շնորհիվ Թոմաս Մորը, երբ երիտասարդ տարիներին իրավագիտություն էր ուսումնասիրում, մի քանի ամիս շարունակ 19 կամ 20 ժամ արթուն էր լինում։ Հայտնի է, որ Մորը կրում էր այն իր կյանքի մեծ մասը։ Ի զարմանս բոլորի՝ այն տեսան Քենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեքետի հագուստի տակ, որին սպանված գտան Քենտերբերիի մայր տաճարում։ Ի՞նչ ընդհանուր բան ունեին այս պատմական անձինք։ Նրանք քուրձ էին կրում, որի միջոցով ցանկանում էին ճնշել իրենց մարմինը։
Քուրձը այծի մորթուց պատրաստված կոշտ հագուստ էր, որը կրում էին ուղղակիորեն մարմնի վրա, որպեսզի այն գրգռեր մաշկը և տհաճ զգացումներ առաջացներ։ Քուրձը կարճ ժամանակում ոջիլների բույն էր դառնում։ Ասում են, որ Թոմաս Բեքետը իր քրձի տակից նույն կտորից անդրավարտիք էր կրում այնքան ժամանակ, մինչև որ այն «սկսում էր վխտալ ոջիլներով»։ Սկսած 16–րդ դարից՝ մարդիկ քուրձ պատրաստելիս, այծի մորթու փոխարեն, սկսեցին երբեմն օգտագործել բարակ մետաղալարեր, որոնց փշերը ուղղված էին դեպի մարմինը։ Այդպիսի հագուստը ավելի մեծ ցավեր էր պատճառում այն կրողին։
Մի աշխատության մեջ նշվում է, որ մարմինը ճնշելու այլ ձևերի հետ մեկտեղ քուրձ կրելու նպատակն էր «սանձահարել մարմնի մեղավոր ցանկությունները և այդպիսով հոգևոր մտավիճակ և ապրելակերպ ունենալու հող ստեղծել»։ Քուրձ են հագել ոչ միայն ճգնավորները, այլև աշխարհական դասի ու բարձր խավի պատկանող մարդիկ։ Նույնիսկ այսօր որոշ կրոնական միավորումների անդամներ շարունակում են կրել այն։
Արդյո՞ք անհատը քուրձ կրելով կամ ինքն իրեն ֆիզիկական ցավ պատճառելով կարող է դառնալ հոգևոր անձնավորություն։ Ո՛չ։ Հոգևոր անձնավորություն լինելը կախված չէ նման սովորություններից։ Պողոս առաքյալը դատապարտեց ‘մարմինը չխնայելը’, այսինքն՝ մարմնի հանդեպ խիստ վերաբերմունքը (Կողոսացիս 2։23)։a Որպեսզի անհատը իրականում հոգևոր անձնավորություն լինի, նա պետք է ստանա Աստծու գիտությունը՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը և կիրառի իր սովորածը կյանքում։
[ծանոթագրություն]
a Այս մասին հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել «Արթնացե՛ք» պարբերագրի 1997 թ. հոկտեմբերի 8–ի համարում (էջ 20, 21, ռուս.)։
[նկարներ 32-րդ էջի վրա, թույլտվությամբ՝]
King Louis IX, top։ From the book Great Men and Famous Women; Thomas Becket, center։ From the book Ridpath’s History of the World (Vol. IV); Thomas More, bottom։ From the book Heroes of the Reformation, 1904