Եհովան ազատում է նեղվածին
«Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում [«ազատում», ԷԹ, 33։20] է նորան» (ՍԱՂՄՈՍ 34։19)։
1, 2. Ի՞նչ խնդրի առջև կանգնեց մի հավատարիմ քրիստոնյա, և ինչո՞ւ մենք էլ գուցե նման զգացումներ ունենանք։
ԿԵՅԿՈՆa՝ մի երիտասարդ կին, ավելի քան 20 տարի է, ինչ Եհովայի վկա է։ Որոշ ժամանակ նա ծառայել էր որպես ընդհանուր ռահվիրա՝ Թագավորության լիաժամ քարոզիչ։ Նա շատ թանկ էր գնահատում իր այդ առանձնաշնորհումը։ Սակայն վերջերս Կեյկոյին համակեց հուսալքությունն ու միայնության զգացումը։ «Ամբողջ ժամանակ լացում էի»,— ասում է նա։ Բացասական մտքերից ազատվելու համար Կեյկոն սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը։ «Այդուհանդերձ, ինձ չէր հաջողվում փոխել իմ վիճակը,— ասում է նա։— Բանը հասավ նրան, որ ուզում էի մեռնել»։
2 Երբևէ պայքարե՞լ ես նման զգացումների դեմ։ Լինելով Եհովայի վկա՝ դու բազում պատճառներ ունես ուրախանալու, քանի որ Աստծու հանդեպ նվիրվածությունը «թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ կեանքին խոստումը ունի» (Ա Տիմոթէոս 4։8, ԱԱ)։ Դու այսօր իսկ ապրում ես հոգևոր դրախտում։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտպանված ես բոլոր տեսակի նեղություններից։ Ոչ։ Աստվածաշունչն ասում է. «Շատ են արդարի նեղութիւնները» (Սաղմոս 34։19)։ Սա զարմանալի չէ, քանի որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում», այսինքն՝ Բանսարկու Սատանայի իշխանության ներքո (Ա Յովհաննէս 5։19)։ Այս կամ այն չափով յուրաքանչյուրս էլ զգում է այդ իրողության դառնությունը (Եփեսացիս 6։12)։
Վհատվածության հետևանքները
3. Բերեք աստվածաշնչային օրինակներ Աստծու ծառաների մասին, որոնք խոր վհատություն են ապրել։
3 Եթե մարդու ընկճված վիճակը երկար է տևում, ապա նա գուցե սկսի իրերին նայել ոչ ճիշտ ձևով (Առակաց 15։15)։ Այդպիսի վիճակում գտնվող մարդու մի օրինակ է ուղղամիտ Հոբը։ Նա սարսափելի չարչարանքների մեջ էր, երբ ասաց. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (Յոբ 14։1)։ Հոբը կորցրել էր իր ուրախությունը։ Նա նույնիսկ մի պահ կարծեց, թե Եհովան լքել է իրեն (Յոբ 29։1–5)։ Հոբը Աստծու միակ ծառան չէր, որ մեծ տառապանքներ է կրել։ Աստվածաշունչն ասում է, որ Աննան «տրտմալից հոգիով» էր լցված երեխա չունենալու պատճառով (Ա Թագաւորաց 1։9–11)։ Ռեբեկան, որին ընտանեկան խնդիրները հոգեկան ծանր ապրումներ էին պատճառել, ասաց. «Կեանքիցս զզուել եմ» (Ծննդոց 27։46)։ Խորհելով իր սխալների մասին՝ Դավիթը հառաչեց. «Ամեն օր ման եմ գալիս սգաւոր» (Սաղմոս 38։6)։ Այս օրինակները պարզ ցույց են տալիս, որ նախաքրիստոնեական շրջանի աստվածավախ տղամարդիկ և կանայք խոր վհատության պահեր են ապրել։
4. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ այսօր քրիստոնեական ժողովում կան ‘վհատվածներ’։
4 Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնյաների մասին։ Պողոս առաքյալն անհրաժեշտ համարեց թեսաղոնիկեցիներին հորդորել, որ նրանք ‘մխիթարեն վհատվածներին’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Մի աշխատություն նշում է, որ «վհատվածներ» թարգմանված հունարեն բառը կարող է վերաբերել այն անհատներին, «ովքեր ժամանակավորապես ընկճվել են կյանքի խնդիրների պատճառով»։ Պողոսի խոսքերից երևում է, որ Թեսաղոնիկեի ժողովի ոգով օծված անդամներից ոմանք ընկճված էին։ Այսօր քրիստոնեական ժողովում նույնպես կան ‘վհատվածներ’։ Ինչո՞ւ են նրանք այդպիսի վիճակի մեջ ընկնում։ Եկեք քննենք երեք հիմնական պատճառ։
Մեր մեղավոր էությունը
5, 6. Ի՞նչ մխիթարություն կարող ենք ստանալ Հռովմայեցիս 7։22–25-ից։
5 Ի տարբերություն այլասերված անհատների, որոնք ‘անզգայացել’ են՝ ճշմարիտ քրիստոնյաները ցավ են ապրում իրենց մեղավոր վիճակի պատճառով (Եփեսացիս 4։19)։ Նրանք նույն զգացումներն ունեն, ինչ Պողոսը, որը գրեց. «Ես հաւանում եմ Աստուծոյ օրէնքին՝ ներսի մարդովը։ Բայց տեսնում եմ ուրիշ օրէնք իմ անդամներումը՝ որ իմ մտքի օրէնքի դէմ պատերազմում է, եւ ինձ գերի է բռնում այն մեղքի օրէնքովը՝ որ իմ անդամներումն է»։ Առաքյալն այնուհետև բացականչեց. «Ի՜նչ խեղճ մարդ եմ» (Հռովմայեցիս 7։22–24)։
6 Երբևէ զգացե՞լ ես քեզ Պողոսի պես։ Սխալ չէ, եթե ամենայն խորությամբ գիտակցում ես քո անկատարությունը, որովհետև այդպես կարող ես շատ լավ պատկերացնել մեղքի լրջությունը և լցվել է՛լ ավելի մեծ վճռականությամբ՝ խուսափելու չարությունից։ Բայց հարկ չկա սեփական թերացումների պատճառով մշտական վհատվածության մեջ լինել։ Պողոսը վերը նշված խոսքերից հետո ասաց. «Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 7։25)։ Այո, Պողոսը վստահ էր, որ Հիսուսի թափած արյունը կարող է ազատել իրեն ժառանգական մեղքից (Հռովմայեցիս 5։18)։
7. Ի՞նչը կարող է օգնել անհատին, որ նա չվհատվի իր մեղավոր հակումների պատճառով։
7 Եթե քեզ ճնշում է քո մեղավոր էությունը, ապա կարող ես մխիթարություն գտնել Հովհաննես առաքյալի խոսքերում։ Նա ասաց. «Եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։ Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ» (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Եթե վհատվում ես քո մեղավոր հակումների պատճառով, միշտ հիշիր, որ Հիսուսը մահացավ մեղավորների և ոչ թե կատարյալ մարդկանց համար։ Իրողությունն այն է, որ «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3։23)։
8, 9. Ինչո՞ւ պետք է մերժենք ինքնամեղադրական մտքերը։
8 Իսկ ի՞նչ, եթե անցյալում լուրջ մեղք ես գործել։ Անկասկած, այդ մասին Եհովային աղոթել ես, թերևս բավականին հաճախ։ Քրիստոնյա երեցներից հոգևոր օգնություն ես ստացել (Յակոբոս 5։14, 15)։ Դու անկեղծորեն զղջացել ես, հետևաբար մնացել ես որպես ժողովի անդամ։ Կամ հնարավոր է՝ որոշ ժամանակով թողել ես Աստծու կազմակերպությունը, բայց հետագայում զղջացել ես ու դարձյալ բարի անուն ձեռք բերել։ Ամեն դեպքում, անցյալում կատարված մեղքը կարող է միտքդ գալ ու տխրեցնել քեզ։ Այդպիսի պահերին միշտ հիշիր, որ Եհովան «առատապէս կը ներէ» անկեղծորեն զղջացողին (Եսայիա 55։7, ԱԱ)։ Բացի այդ, նա չի ցանկանում, որ դու քեզ անհուսորեն դատապարտված զգաս։ Դա կծառայեր Սատանայի նպատակին (Բ Կորնթացիս 2։7, 10, 11)։ Սատանան կկործանվի, քանի որ հենց դրան է արժանի, բայց նա ուզում է, որ այնպիսի զգացողություն ունենաս, թե դու էլ ես արժանի նույն դատաստանին (Յայտնութիւն 20։9բ, 10)։ Թույլ մի՛ տուր, որ խարդախ Բանսարկուն հաջողության հասնի քո հավատը կործանելու մեջ (Եփեսացիս 6։11)։ Ինչպես որ մյուս հարցերում, այս հարցում ևս ‘հակառակ կացիր նրան’ (Ա Պետրոս 5։9)։
9 Յայտնութիւն 12։10–ում Սատանան կոչվում է «մեր եղբայրների [օծյալ քրիստոնյաների] չարախօսը»։ Նա «չարախօսում [է] նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր»։ Այս համարի շուրջ խորհրդածելը կօգնի քեզ տեսնել, որ Սատանան՝ անհիմն կերպով մեղադրողը, հաճույք կստանա, եթե դու ինքդ քեզ մեղադրես և դատապարտես, այն դեպքում երբ Եհովան քեզ չի մեղադրում և չի դատապարտում (Ա Յովհաննէս 3։19–22)։ Մի՞թե կարիք կա սեփական թերացումների պատճառով թևաթափ լինելու աստիճան տանջվել։ Թույլ մի՛ տուր Բանսարկուին խզել քո հարաբերությունները Աստծու հետ։ Երբեք հնարավորություն մի՛ տուր նրան քո աչքերը փակելու այն փաստի առջև, որ Եհովան «ողորմած եւ գթած [է]՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով» (Ելից 34։6)։
Մեր սահմանափակ հնարավորությունները
10. Ինչպե՞ս կարող են սահմանափակ հնարավորությունները վհատեցնել մեզ։
10 Որոշ քրիստոնյաներ վհատվում են, որ չեն կարողանում ավելի շատ ծառայել Աստծուն իրենց սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Արդյոք դու նրանցից մե՞կն ես։ Գուցե լուրջ հիվանդությունը, տարիքը կամ այլ հանգամանք թույլ չտա քեզ ծառայությանը տրամադրել այնքան ժամանակ, որքան անցյալում։ Ինչ խոսք, քրիստոնյաները պետք է գնեն ժամանակը՝ Աստծուն ծառայելու համար (Եփեսացիս 5։15, 16)։ Բայց եթե հնարավորություններդ իսկապես թույլ չեն տալիս ավելին անելու, և դա քեզ վհատեցնում է, ապա ի՞նչ կարող ես անել։
11. Գաղատացիս 6։4–ում Պողոսի տված խորհուրդն ինչպե՞ս կարող է մեզ օգնել։
11 Աստվածաշունչը մեզ հորդորում է ‘ծույլ’ (ԷԹ) չլինել, այլ «նմանող լին[ել] հաւատքով եւ երկայնմտութիւնով [«համբերութիւնով», ԱԱ] խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6։12)։ Մենք կարող ենք նմանվել այդ անհատներին միայն այն դեպքում, եթե քննենք նրանց գերազանց ընթացքը և ջանանք ընդօրինակել նրանց հավատը։ Բայց օգուտ չենք քաղի, եթե ինքներս մեզ համեմատենք ուրիշների հետ և գանք եզրակացության, որ մեր արածն աննշան է։ Ուստի լավ կանենք, եթե կիրառենք Պողոսի խորհուրդը. «Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով» (Գաղատացիս 6։4, ԷԹ)։
12. Ինչո՞ւ կարող ենք ուրախ լինել Եհովային մատուցած մեր ծառայությամբ։
12 Քրիստոնյաները բոլոր հիմքերն ունեն պարծենալու, կամ՝ ուրախ լինելու, նույնիսկ եթե լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (Եբրայեցիս 6։10)։ Հնարավոր է, քո կամքից անկախ հանգամանքների պատճառով դու այլևս ի վիճակի չես առաջվա պես ակտիվ լինել սուրբ ծառայության մեջ։ Սակայն Եհովայի օգնությամբ գուցե կարողանաս ավելի շատ մասնակցել քրիստոնեական ծառայության այնպիսի ձևերի, ինչպիսիք են հեռախոսով վկայելը և նամակներով քարոզելը։ Կարող ես վստահ լինել, որ Եհովա Աստված կօրհնի քեզ քո բոլորանվեր ծառայության և այն սիրո համար, որ ցույց ես տալիս նրա ու մերձավորիդ հանդեպ (Մատթէոս 22։36–40)։
‘Չար ժամանակները’
13, 14. ա) Ինչպե՞ս կարող են ‘չար ժամանակները’ վհատեցնել մեզ։ բ) Ի՞նչն է փաստում, որ այսօր մարդկանց միջև չկա բնական կապվածություն։
13 Թեպետ անձկագին սպասում ենք Աստծու արդար նոր աշխարհին, բայցևայնպես ներկայումս ապրում ենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Մենք կարող ենք մխիթարվել՝ գիտենալով, որ այժմյան ցավալի իրադարձությունները մատնացույց են անում մեր ազատագրման մոտալուտ լինելուն։ Այդուհանդերձ, ներկայիս պայմաններն անդրադառնում են մեզ վրա։ Օրինակ՝ գործազրկությունը։ Գուցե դու ամիսներ շարունակ չես կարողանում աշխատանք գտնել։ Թերևս մտածես. «Մի՞թե Եհովան չի տեսնում իմ այս վիճակը և չի լսում աղոթքներս»։ Կամ հնարավոր է՝ անարդարության, ասենք՝ խտրականության զոհ ես դարձել։ Եվ նույնիսկ ընդամենը թերթերի վերնագրերին նայելով՝ գուցե քեզ զգաս այնպես, ինչպես որ արդար Ղովտն էր զգում, որը «զզվել» (ԱՆԹ) էր իր շրջապատի մարդկանց անառակությունից (Բ Պետրոս 2։7)։
14 Կա վերջին օրերի մի երեսակ, որը չենք կարող չնկատել։ Աստվածաշնչում կանխագուշակվել է, որ շատերը բնական կապվածություն չեն ունենա (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)։ Բազմաթիվ ընտանիքներում նման կապվածությունը գրեթե բացակայում է։ Ավելին, ինչպես նշվում է մի գրքում, «փաստերը ցույց են տալիս, որ սպանությունները, բռնարարքները, էմոցիոնալ ճնշումները և սեռական ոտնձգությունները ավելի հաճախ կատարվում են ընտանիքի անդամների կողմից, քան թե ուրիշների։ Այն վայրը, որտեղ մարդը պետք է իրեն սիրված և ապահով զգա, շատ չափահասների և երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր տեղն է» («Family Violence»)։ Հավանական է, որ անառողջ ընտանեկան միջավայրում մեծացած մարդիկ տանջվեն հուսալքությունից ու հուզական անհավասարակշռությունից։ Ի՞նչ կարող ես անել, եթե նման զգացումներ ես ունենում։
15. Ինչպե՞ս է Եհովայի սերը գերազանցում ցանկացած մարդու սիրուն։
15 Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովայի սերն ավելի մեծ է, քան ցանկացած ծնողի սեր։ Գուցե մեծ ցավ ես զգում, երբ ծնողդ քեզ վատ է վերաբերվում, մերժում է կամ լքում, բայց կարող ես համոզված լինել, որ Եհովան քնքշորեն հոգ է տանում քեզ ու երբեք չի թողնի (Հռովմայեցիս 8։38, 39)։ Հիշի՛ր, որ Աստված դեպի իրեն է ձգում բոլոր նրանց, ում սիրում է (Յովհաննէս 3։16; 6։44)։ Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունքի ես արժանացել մարդկանցից՝ քո երկնային Հայրը սիրո՛ւմ է քեզ։
Գործնական քայլեր՝ վհատության զգացումը թեթևացնելու համար
16, 17. Վհատության պահերին ի՞նչ կարող է անհատն անել, որպեսզի պահպանի իր հոգևոր զորությունը։
16 Դու կարող ես գործնական քայլեր կատարել վհատության զգացումը թեթևացնելու համար։ Լիովին զբաղված եղիր քրիստոնեական գործունեությամբ։ Խորհրդածիր Աստծու Խոսքի շուրջ, հատկապես երբ վհատվածությունն անտանելի է դառնում։ Սաղմոսերգուն ասաց. «Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։ Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։18, 19)։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը կօգնի մխիթարական ու ոգևորիչ մտքեր ունենալ։
17 Աղոթքը նույնպես կարևոր է։ Նույնիսկ եթե չես կարողանում խոսքերով արտահայտել քո խոր զգացմունքները, Եհովան գիտի, թե ինչ ես ուզում ասել (Հռովմայեցիս 8։26, 27)։ Սաղմոսերգուն հավաստիացնում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։
18. Ի՞նչ գործնական քայլեր կարող է ձեռնարկել դեպրեսիայով տառապող անհատը։
18 Ոմանց հուսահատության պատճառը դեպրեսիան է։b Եթե դու այդպիսի վիճակում ես, փորձիր գոնե որոշ չափով քո ուշադրությունը կենտրոնացնել Աստծու նոր աշխարհի և այն ժամանակների վրա, երբ «այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Եթե զգում ես, որ քո վիճակը սովորական տրամադրության անկումից ավելի լուրջ է, ապա իմաստուն կլինի դիմել մասնագետի (Մատթէոս 9։12)։ Նաև կարևոր է հոգ տանել առողջությանը։ Օգտակար կլինի հետևել առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժություններ կատարել։ Հարկավոր է բավականաչափ հանգստանալ։ Մինչև ուշ գիշեր մի նստիր հեռուստացույցի առջև և խուսափիր այնպիսի ժամանցից, որը ֆիզիկական և էմոցիոնալ առումով սպառում է քեզ։ Իսկ ամենակարևորը, շարունակիր զբաղվել աստվածահաճո գործերով։ Թեև հիմա չէ այն ժամանակը, երբ Եհովան ‘կսրբի բոլոր արցունքները’, բայց նա կօգնի քեզ տոկալ (Յայտնութիւն 21։4, ԱԱ; Ա Կորնթացիս 10։13)։
Ապրենք «Աստուծոյ հզօր ձեռի տակ»
19. Ի՞նչ է Եհովան խոստանում նեղվածներին։
19 Աստվածաշունչը հավաստիացնում է, որ թեև արդարի նեղությունները շատ են, բայց «Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34։19)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան դա անում։ Երբ Պողոս առաքյալը բազմիցս աղոթեց ‘մարմնի խայթից’ ազատվելու համար, Աստված նրան ասաց. «Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում [կամ՝ կատարյալ դառնում]» (Բ Կորնթացիս 12։7–9)։ Ի՞նչ խոստացավ Եհովան Պողոսին և ի՞նչ է խոստանում քեզ։ Աստված անհապաղ բուժում չի խոստանում, բայց դիմանալու ուժ է տալիս։
20. Չնայած մեր դժվարություններին՝ ի՞նչ հավաստիացում ենք ստանում Ա Պետրոս 5։6, 7 խոսքերից։
20 Պետրոս առաքյալը գրեց. «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։6, 7)։ Քանի որ Աստված հոգ է տանում քեզ, նա երբեք քեզ չի թողնի։ Նա կշարունակի սատարել քեզ՝ չնայած քո դժվարություններին։ Միշտ հիշիր, որ հավատարիմ քրիստոնյաները «Աստուծոյ հզօր ձեռի տակ» են։ Եհովան մեզ տոկալու ուժ կտա, քանի դեռ ծառայում ենք իրեն։ Եթե հավատարիմ մնանք, ոչինչ անդառնալի հոգևոր վնաս չի պատճառի մեզ։ Ուստի, եկեք շարունակենք պահել մեր անարատությունը Եհովայի հանդեպ և կկարողանանք վայելել հավիտենական կյանքը նրա խոստացած նոր աշխարհում ու տեսնել այն օրը, երբ նա վերջնականապես կազատի նեղվածին։
[ծանոթագրություններ]
a Անունը փոխված է։
b Դեպրեսիան ավելին է, քան հուսահատությունը։ Այն բժիշկների կողմից ախտորոշված մի վիճակ է, երբ մարդու տխրությունը խոր և շարունակական է լինում։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 1988 թ. հոկտեմբերի 15–ի (էջ 25–29, անգլ. [1989 թ., հուլիսի 15, էջ 18–22, ռուս.]), 1988 թ. նոյեմբերի 15–ի (էջ 21–24, անգլ. [1989 թ., օգոստոսի 15, էջ 20–23, ռուս.]) և 1996 թ. սեպտեմբերի 1–ի (էջ 30, 31, ռուս.) համարները։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ են դժվարությունները հարվածում նույնիսկ Եհովայի ծառաներին։
• Ի՞նչ պատճառներով են Աստծու ծառաներից ոմանք վհատություն զգում։
• Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հաղթահարել անհանգստությունները։
• Ի՞նչ իմաստով ենք «Աստուծոյ հզօր ձեռի տակ»։
[նկարներ 25-րդ էջի վրա]
Չնայած դժվարություններին՝ Եհովայի ժողովուրդը ուրախանալու պատճառ ունի
[նկար 28-րդ էջի վրա]
Հեռախոսով քարոզելը Եհովային լավագույնը տալու ձևերից մեկն է