Գիտելիքի որոնումներով
«ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ երբեք լավ չէ գիտելիքից»։ Այս խոսքերը պատկանում են Լորա Ֆերմիին՝ հանրահայտ ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի կնոջը։ Ոմանք գուցե համաձայն չլինեն նրա տեսակետին՝ պատճառաբանելով, որ եթե մի բան չգիտես, ուրեմն այն չի կարող քեզ վնասել։ Սակայն մարդկանց մեծամասնությունը համաձայն է Ֆերմիի կնոջ հետ՝ նրա խոսքերը ճիշտ համարելով ոչ միայն գիտության մեջ, այլև կյանքի մյուս ասպարեզներում։ Տգիտության՝ ճշմարտությունը չիմանալու պատճառով մարդիկ դարեր ի վեր խարխափել են մտային, բարոյական և հոգևոր խավարում (Եփեսացիս 4։18)։
Ահա թե ինչու են մտածող անհատները ձգտում գիտելիքի։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու մարդը գոյություն ունի, և ինչպիսին կլինի ապագան։ Որոնումները այդ մարդկանց տարել են ամենատարբեր ուղղություններով։ Համառոտակի քննենք մի քանիսը։
Կրոնի՞ միջոցով
Ըստ բուդդայական ավանդության՝ Սիդհարթհա Գաուտամային՝ բուդդայականության հիմնադրին, խորապես հուզում էր մարդու տառապանքի և մահվան հարցը։ Նա դիմեց հնդուական կրոնական ուսուցիչներին, որպեսզի վերջիններս օգնեն իրեն գտնելու «Ճշմարտության ճանապարհը»։ Ոմանք ասացին, որ դրան կարելի է հասնել յոգայի ու խիստ ճգնավորության միջոցով։ Գաուտաման ի վերջո որոշեց խոր մեդիտացիայով հասնել ճշմարիտ գիտելիքի։
Մյուսները գիտելիքի իրենց ծարավը հագեցնելու համար դիմել են թմրանյութերի օգնությանը։ Մեր օրերում, օրինակ, ըստ Բնիկների ամերիկական եկեղեցու անդամների, կակտուսի մի տեսակ, որը պարունակում է հալյուցինացիա առաջացնող նյութ, «բացահայտում է թաքնված գիտությունը»։
18–րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ժան–Ժակ Ռուսոն հավատում էր, որ ցանկացած անկեղծ ու խորաքնին անձնավորություն կարող է Աստծուց հոգևոր հայտնություն ստանալ։ Ինչպե՞ս։ Լսելով, թե «ինչ է Աստված ասում սրտին»։ Ռուսոն այնուհետև ասում է, որ անհատի տեսակետը իրերի վերաբերյալ, այսինքն՝ այն, թե իր էմոցիաներն ու խիղճը ինչ են թելադրում, կդառնա «մի վստահելի առաջնորդ կարծիքների հսկայական լաբիրինթոսում» («History of Western Philosophy»)։
Տրամաբանությա՞մբ
Ռուսոյի ժամանակակիցներից շատերը կտրականապես դեմ էին նման կրոնական մոտեցմանը։ Օրինակ՝ ըստ նրա ազգակից Վոլտերի՝ կրոնը ոչ միայն հեռու է մարդկանց լուսավորելուց, այլև ծանրակշիռ նպաստ է ունեցել այն բանում, որ Եվրոպան դարեր շարունակ թաթախված լինի տգիտության, նախապաշարմունքի և անհանդուրժողականության մեջ, մի ժամանակաշրջան, որը որոշ պատմաբաններ անվանում են Խավար դարեր։
Վոլտերը դարձավ եվրոպական ռացիոնալիստական շարժման առաջնորդներից մեկը։ Այդ շարժումը հայտնի է լուսավորականություն անունով։ Լուսավորականության հետևորդները վերադարձան հին հույների գաղափարներին. ըստ նրանց՝ տրամաբանությունը և գիտական հետազոտությունը ճշմարիտ գիտելիք ստանալու բանալիներն են։ Ռացիոնալիստական շարժման մեկ ուրիշ անդամ՝ Բերնարդ դը Ֆոնտենելը, ասում էր, որ մարդու տրամաբանությունն ինքնին մարդկությանը կառաջնորդի դեպի «մի դարաշրջան, որը օրեցօր ավելի լուսավորյալ կդառնա, մինչև այն աստիճան, որ բոլոր նախորդ դարերը նրա համեմատությամբ կկորչեն խավարի մեջ» («Encyclopædia Britannica»)։
Սրանք ընդամենը մի քանիսն են գիտելիքներ ձեռք բերելու վերաբերյալ բազմաթիվ հակասական գաղափարներից։ Կա՞ իրականում «վստահելի առաջնորդ», որը կարող է տանել մեզ դեպի ճշմարտություն։ Կարդացեք հաջորդ հոդվածը, որտեղ ասվում է, թե գիտելիք ստանալու ինչ արժանահավատ աղբյուր գոյություն ունի։
[նկարներ 3-րդ էջի վրա]
Գիտելիքի որոնումները Գաուտամային (Բուդդա), Ռուսոյին և Վոլտերին տարան տարբեր ուղղություններով