Հեռուստացույցը լա՞վ դայակ է
ԳՈՒՑԵ ձեզ բավական խելամիտ թվա այն միտքը, որ երբեմն կարելի է երեխային նստեցնել հեռուստացույցի առջև, մինչ դուք զբաղված եք տնային գործերով։ Իսկ ինչպե՞ս է ազդում հեռուստացույցը ձեր երեխայի վրա։
«Նույնիսկ շատ փոքր երեխաները կարող են արձագանքել հեռուստացույցի էկրանին հայտնվող զգացմունքային պատկերներին»,— գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը։ Վերջերս մի հետազոտություն անցկացվեց, որի ընթացքում մեկ տարեկան երեխաներին ցուցադրում էին կարճ հոլովակներ, որտեղ դերասանուհին տարբեր կերպերով իր վերաբերմունքն էր դրսևորում խաղալիքի նկատմամբ։ «Երբ դերասանուհին խաղալիքից վախենում էր,— գրում է օրաթերթը,— փոքրիկները չէին ցանկանում խաղալ նրանով։ Նրանք սկսում էին անհանգստանալ, խոժոռվել, բարկանալ և լացել։ Իսկ երբ դերասանուհին ոգևորվածություն էր արտահայտում, երեխաները հակված էին խաղալու նրանով»։
Ակնհայտ է, որ հեռուստատեսությունը կարող է ազդել փոքրիկների վրա։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հեռուստացույցի հետագա ազդեցության մասին։ Կուրասիկի քաղաքի Կավասակիի բժշկական ինստիտուտի մանկաբուժության պրոֆեսոր Նաոկի Կատաոկան տեսել է շատ երեխաներ, որոնք չափազանց հանգիստ են եղել, և որոնց դեմքը գրեթե ոչինչ չի արտահայտել։ Նրանք բոլորն էլ երկար ժամանակ դիտել էին հեռուստացույց կամ տեսաֆիլմեր։ Երկու տարեկան մի տղա նույնիսկ ի վիճակի չէր հաղորդակցվելու և սահմանափակ բառապաշար ուներ։ Նա, մեկ տարեկանից սկսած, ամեն օր առավոտից երեկո տեսաֆիլմեր էր դիտել։ Միայն այն բանից հետո, երբ նրա մայրը բժշկի խորհրդով դադարեցրեց տղային էկրանի առաջ նստեցնելը և սկսեց նրա հետ անմիջական շփում ունենալ խաղերի միջոցով, երեխայի բառապաշարը աստիճանաբար ավելացավ։ Այո՛, ծնողները պետք է հաղորդակցվեն իրենց երեխաների հետ։
Եհովա Աստված՝ ընտանեկան կառույցի Հիմնադիրը, շեշտեց երեխաների հետ հնարավորին չափ շատ հաղորդակցվելու կարևորությունը։ Դարեր առաջ նա իր ժողովրդին ասաց. «Կրկնիր [Աստծու խոսքերը] քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։7)։ Երեխային լավագույն ձևով կրթել կարող են միայն ծնողները և ոչ թե հեռուստացույցը։ Նրանք կարող են դա անել խոսքով և իրենց օրինակով՝ նրա «ճանապարհին համեմատ» (Առակաց 22։6)։