Հպարտության և խոնարհության դաս
ԴԱՎԻԹ թագավորի կյանքում պատահած մի դեպք վառ կերպով ընդգծում է իսկական խոնարհության և չար հպարտության տարբերությունը։ Դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Դավիթն արդեն գրավել էր Երուսաղեմը և այն դարձրել մայրաքաղաք։ Նա Եհովային էր իրականում համարում Իսրայելի Թագավոր, ուստի միջոցներ ձեռնարկեց, որ Աստծու ներկայությունը խորհրդանշող Ուխտի տապանակը բերվի քաղաք։ Այդ իրադարձությունն այնքան կարևոր էր Դավթի համար, որ նա, Տապանակը տանող քահանաների ետևից գնալով, բոլորին ի տես արտահայտեց իր ուրախությունը։ Երուսաղեմի բնակիչները տեսան, թե ինչպես է իրենց թագավորը «կաքաւում» և «պարում.... բոլոր ուժովը» (Ա Մնացորդաց 15։15, 16, 29; Բ Թագաւորաց 6։11–16)։
Սակայն Դավթի կինը՝ Մեղքողը, չմասնակցեց այդ տոնախմբությանը։ Նա նայում էր պատուհանից ու փոխանակ հիանալու, թե ինչպես է իր ամուսինը փառաբանում Եհովային՝ «նորան անարգեց իր սրտումն» (Բ Թագաւորաց 6։16)։ Ինչո՞ւ։ Դատելով ամեն ինչից, նա իրեն շատ բարձր էր համարում մյուսներից, քանի որ ինքը Իսրայելի առաջին թագավորի՝ Սավուղի դուստրն էր և երկրորդ թագավորի կինը։ Թերևս նա կարծում էր, որ իր թագավոր ամուսինը չպետք է ցածրանար հասարակ ժողովրդի մակարդակին և նրանց ձևով ուրախանար։ Նրա այդ մեծամտությունը երևաց այն բանում, թե ինչպես Մեղքողը ողջունեց Դավթին, երբ նա վերադարձավ տուն։ Խայթող հեգնանքով նա ասաց. «Իսրայէլի թագաւորը ի՜նչ փառաւոր էր, որ այսօր իր ծառաների աղախինների առաջին ինքզինքը մերկացրեց, ինչպէս որ դարտակ մարդկանցից մէկն իրան մերկացնում է» (Բ Թագաւորաց 6։20)։
Ինչպիսի՞ն էր Դավթի արձագանքը։ Նա կշտամբեց Մեղքողին՝ ասելով, որ Եհովան նրա հայր Սավուղին մերժեց հօգուտ Դավթի։ Այնուհետև ավելացրեց. «Դեռ սորանից աւելի ինձ անարգ երեւեցնելով՝ իմ աչքերի առաջին նուաստ պիտի լինեմ. իսկ այն քո ասուած աղախինների առաջին պիտի փառաւորուեմ» (Բ Թագաւորաց 6։21, 22)։
Այո՛, Դավիթը վճռել էր շարունակել խոնարհաբա՛ր ծառայել Եհովային։ Նրա տրամադրվածությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու Եհովան Դավթին անվանեց «իմ սրտի պէս մարդ» (Գործք 13։22; Ա Թագաւորաց 13։14)։ Իրողությունն այն էր, որ Դավիթը ընդօրինակում էր խոնարհության լավագույն օրինակի՝ Եհովա Աստծու խոնարհությունը։ Հետաքրքրական է, «նուաստ պիտի լինեմ» արտահայտությունը, որ Դավիթն ասաց Մեղքողի հետ խոսելիս, թարգմանված է եբրայերեն այն նույն բառարմատից, որն Աստվածաշնչում օգտագործվել է՝ նշելու համար Աստծու վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ Թեև Եհովան տիեզերքի մեծագույն Անձնավորությունն է, Սաղմոս 113։6, 7–ում ասվում է, որ նա «խոնարհվում է [այսինքն՝ իր բարձր դիրքից իջնում է ստորադաս անձնավորության հետ առնչություն ունենալու համար] տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։ Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը»։
Քանի որ Եհովան խոնարհ է, զարմանալի չէ, որ նա ատում է հպարտ մարդկանց ‘ամբարտավան աչքերը’ (Առակաց 6։16, 17)։ Այս չար հատկությունը դրսևորելու, ինչպես նաև Աստծու ընտրած թագավորին անհարգալից վերաբերվելու պատճառով Մեղքողը զրկվեց Դավթի համար որդի ծնելու առանձնաշնորհումից։ Նա մահացավ անզավակ։ Ի՜նչ կարևոր դաս մեզ համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հավանությանն արժանանալ, պետք է հետևեն Պետրոս առաքյալի խոսքերին։ Նա ասաց. «Ամենդ իրար հնազանդելով խոնարհութիւնը հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք [«անարժան բարություն», ՆԱ] է տալիս» (Ա Պետրոս 5։5)։