Մեծ աճ Ուգանդայի բազմազան բնակչության մեջ
ՈՒԳԱՆԴԱՅԻ տարածքը գրավում է Արևելաաֆրիկյան Մեծ բեկվածքների գոտու արևելյան և արևմտյան մասերը և զբաղեցնում է հասարակածի երկու կողմերը։ Այն ունի սքանչելի բնություն, որը տարատեսակ է, հարուստ է փարթամ բուսականությամբ և զարմանահրաշ կենդանական աշխարհով։ Երկիրը գտնվում է Աֆրիկայի բարձրադիր գոտում, այդ իսկ պատճառով ունի մեղմ կլիմա, ինչպես նաև բլրավոր հարթավայրեր, որոնք տարածվում են հարյուրավոր կիլոմետրեր։
Քիչ երկրներ կան, որտեղ կլիման կարող է լինել և՛ արևադարձային, և՛ շատ ցուրտ, սակայն Ուգանդայի կլիման հենց այդպիսին է։ Արևմուտքում այս երկիրը սկսվում է Ռուվենզորի ձյունածածկ լեռնազանգվածից և տարածվում մինչև երկրի արևելյան մասում գտնվող կիսաչոր հատվածները։ Բնորոշ կենդանիներն են փիղը, գոմեշը և առյուծը։ Լեռներում և սաղարթախիտ անտառներում կան գորիլա, շիմպանզե և ավելի քան 1 000 տեսակի թռչուններ։ Աֆրիկա մայրցամաքում ապրողների մեծ մասը պայքարում է երաշտի և սովի դեմ, իսկ Ուգանդան հարուստ է գետերով և լճերով։ Օրինակ՝ այստեղ է գտնվում աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճը՝ Վիկտորիան, որը հյուսիսում միանում է Նեղոս գետին։ Զարմանալի չէ, որ Ուինստոն Չերչիլը Ուգանդան կոչել է «Աֆրիկայի մարգարիտ»։
«Մարգարիտը» շողում է այսօր
Բայցևայնպես, Ուգանդայի գլխավոր գեղեցկությունը մարդիկ են, որոնք ընկերական են, հյուրասեր և միևնույն ժամանակ տարբերվում են միմյանցից։ Այս երկրում, որտեղ բնակչության մեծ մասը «քրիստոնյա» է, միախառնված են զանազան էթնիկական խմբեր և մշակույթներ, որոնք մինչև այսօր տարբերվում են իրենց ավանդույթներով և հագուստով։
Վերջերս գնալով աճում է այն ուգանդացիների թիվը, որոնք արձագանքում են Աստվածաշնչի բարի լուրին այն ժամանակի մասին, երբ ամբողջ երկրով մեկ տևական խաղաղություն կտիրի (Սաղմոս 37։11; Յայտնութիւն 21։4)։ Սակայն դժվար է բարի լուրի պատգամը հայտնել բոլոր մարդկանց այնպիսի երկրում, որն իր տարածքով հավասար է Մեծ Բրիտանիային։
Առաջին տեղացի Եհովայի վկան մկրտվել է 1955 թ.–ին Վիկտորիա լճում։ Այդ թվականից սկսած՝ տեղի է ունեցել շարունակական աճ, և արդեն 1992 թ.–ին այդ «ամենափոքրը» դարձել էր հազար։ Սա ներդաշնակ է Աստծու վստահեցնող խոսքերի հետ. «Ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ [«կարագացնեմ», ՆԱ]» (Եսայիա 60։22)։
Քարոզիչները հաղթահարում են լեզվական խոչընդոտները
Ուգանդայի պաշտոնական լեզուն անգլերենն է, որը լայնորեն գործածվում է հատկապես կրթական համակարգում, սակայն այն ուգանդացիներից շատերի մայրենի լեզուն չէ։ Ուստի բարի լուրը այդ մարդկանց հասցնելու համար Եհովայի վկաները պետք է նաև սովորեն այդ տեղանքում լայնորեն տարածված այլ լեզուներ։ Սա անհրաժեշտ է, քանի որ այդ երկրի 25 միլիոն բնակչության ավելի քան 80 տոկոսը ապրում է գյուղերում և փոքր քաղաքներում, որտեղ մարդիկ առօրյա կյանքում հիմնականում խոսում են իրենց մայրենի լեզվով։ Մեծ ջանքեր են պահանջվում՝ բարի լուրը քարոզելու և նրանց հոգևոր կարիքները բավարարելու համար։
Այնուհանդերձ, Եհովայի վկաները ջանքեր են թափել վկայություն տալու այդ մարդկանց մայրենի լեզվով և տարածելու աստվածաշնչյան գրականությունը տարբեր լեզուներով։ Մասնաճյուղում, որը գտնվում է մայրաքաղաք Կամպալայում, թարգմանչական խմբերը գրականությունը թարգմանում են աչոլի, լուկոնզո, լուգանդա և ռունյանկորե լեզուներով։ Այդ պատճառով ամբողջ երկրով մեկ տարբեր լեզուներով տեղի ունեցած համաժողովներին միշտ բարձր հաճախելիություն է նկատվում. ներկա գտնվողների թիվը երկու անգամ ավելին է լինում, քան Ուգանդայի Եհովայի վկաների թիվը։ Այս փաստը հստակ ցույց է տալիս, որ բարի լուրը տարբեր լեզուներով խոսող մարդկանց հասցնելու համար ներդրած ջանքերը նպաստում են արագ հոգևոր աճին։ Սակայն դա միակ պատճառը չէ։
Ռահվիրաները նախաձեռնություն են վերցնում քարոզչական գործում
Ժողովները մեծ ուրախությամբ աջակցում են տարին մեկ անգամ կազմակերպվող եռամսյա քարոզարշավներին, որոնց նպատակն է բարի լուրը հասցնել հեռավոր տարածքներ (Գործք 16։9)։ Գնալով ավելի մեծ թվով երիտասարդ եռանդուն ռահվիրաներ են նախաձեռնություն վերցնում այս գործում։ Նրանք մեկնում են այնպիսի հեռավոր վայրեր, որտեղ բարի լուրը երբեք չի քարոզվել։
Երկու Վկաներ երեք ամսով որպես հատուկ ռահվիրա նշանակվեցին Բուգենե, որը Ուգանդայի արևմտյան մասում գտնվող փոքր քաղաք է։ Նրանք միացան այդ տարածքի միակ Եհովայի վկային՝ քարոզելու և ժողովներ հիմնելու համար։ Մեկ ամիս անց այդ երկու ռահվիրաները Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ էին անցկացնում 40 անհատների հետ, որոնցից 17–ը սկսեցին հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Ռահվիրաները պատմում են. «Ոմանք, ում տվել էինք «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»a գրքույկը, մի քանի օր անց եկան մեր տուն։ Նրանք իրենց հետ բերել էին այդ գրքույկը, որի էջերին գրել էին պարբերությունների հարցերի պատասխանները և ցանկանում էին իմանալ, թե արդյոք իրենց պատասխանները ճիշտ էին»։ Այսօր այդ քաղաքում կա մի ժողով, որն ունի իր Թագավորության սրահը։
Իսկ երկու այլ ռահվիրաներ մեկնեցին Ուգանդայի արևմտյան մասում գտնվող մի տարածք, որտեղ մինչ այդ չէր քարոզվել բարի լուրը։ Նրանք գրում են. «Մարդիկ իսկապես ծարավ են Աստվածաշնչի ճշմարտությանը։ Այս երեք ամսվա ընթացքում մենք անցկացրել ենք Աստվածաշնչի 86 տնային ուսումնասիրություններ»։ Կարճ ժամանակ անց այդ տարածքում արդեն մի խումբ Վկաներ կային։
Ուրիշ եռանդուն քարոզիչներ
Եռանդուն ռահվիրաների թվում կան երկար տարիներ ծառայող քրիստոնյաներ։ Մինչ Եհովայի վկա դառնալը Պատրիկը կլարնետ էր նվագում Ուգանդայի կառավարիչ Իդի Ամինի ռազմաօդային ուժերի նվագախմբում։ 1983 թ.–ին՝ իր մկրտությունից վեց ամիս անց, նա դարձավ լիաժամ քարոզիչ և այժմ ծառայում է որպես շրջանային վերակացու՝ այցելելով և քաջալերելով ժողովներին։
Մարգարետը մկրտվել է 1962 թ.ին։ Չնայած նա մոտ 80 տարեկան է և ունի ազդրոսկրի հետ կապված առողջական խնդիր, որի պատճառով չի կարողանում լավ շարժվել, սակայն ամսվա մեջ ծառայում է 70 ժամ և Աստվածաշնչի հույսի մասին խոսում իր հարևանների հետ։ Մարգարետը իր տան մոտ գտնվող նստարանի վրա շարում է աստվածաշնչյան գրականություն և զրուցում է ցանկացած անցորդի հետ, որն ուզում է լսել բարի լուրը խաղաղ նոր աշխարհի մասին։
Սիմոնը Ուգանդայի արևելյան մասում ապրող ֆերմեր է։ 16 տարի ճշմարտությունը փնտրելուց հետո նա 1995 թ.–ին ի վերջո ծանոթացավ Եհովայի վկաների գրականությանը։ Այն, ինչ նա կարդաց, ցանկություն առաջացրեց իր մեջ ավելին իմանալու Աստծու Թագավորության և երկրի առնչությամբ Եհովայի հիասքանչ նպատակի մասին։ Կամուլիում, որտեղ նա ապրում էր, Վկաներ չկային։ Ուստի Սիմոնը նրանց փնտրելու համար մեկնեց Կամպալա, որը 140 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այսօր նրա գյուղում կա մեկ ժողով։
«Մենք բարգավաճում ենք»
Ինչպես Աֆրիկայի այլ տարածքներում, այնպես էլ Ուգանդայում մարդիկ ակնկալում են, որ կրոնական խմբերը երկրպագության պատշաճ վայրեր ունենան։ Եհովայի վկաների որոշ ժողովների համար սա անհաղթահարելի խնդիր էր, քանի որ նրանք չունեին բավականաչափ դրամական միջոցներ հարմարավետ Թագավորության սրահներ կառուցելու համար։ Խոսքերով հնարավոր չէ նկարագրել եղբայրների երախտագիտությունը, երբ 1999 թ. վերջերին ամբողջ աշխարհում սկսեց գործել Թագավորության սրահների արագացված շինարարության ծրագիրը։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ուգանդայում կառուցվեցին 40 նոր Թագավորության սրահներ։ Ներկայումս գրեթե ամեն ժողով ունի իր համեստ և հարմարավետ Թագավորության սրահը։ Շինարարական այս ծավալուն գործը կարծես ասեր տեղացիներին. «Մենք բարգավաճում ենք»։ Իրոք, այս գործը նպաստեց քարոզիչների աճին։
Ուգանդայի հյուսիսում գտնվող մի ժողով իր հանդիպումներն անցկացնում էր մանգոյի սաղարթախիտ ծառերի տակ։ Մի փոքր հողակտոր ձեռք բերելուց հետո եղբայրները արագ գործի անցան։ Շինարարական խմբի եղբայրները տեղի Վկաների հետ սկսեցին Թագավորության սրահ կառուցել։ Նախկին մի ականավոր պետական գործիչ, մեծապես տպավորված շինարարական աշխատանքներից, առաջարկեց իր ավտոտնակը օգտագործել ժողովի հանդիպումներն անցկացնելու համար, մինչև որ Թագավորության սրահը պատրաստ լիներ։ Նա նաև համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել կամավոր շինարարներից մեկի հետ։ Այժմ այդ անձնավորությունը մկրտված, եռանդուն քարոզիչ է և ուրախությամբ երկրպագում է Եհովային այդ նոր, գեղեցիկ Թագավորության սրահում։
Երկրի հարավարևելյան մասում ապրող տեղացի մի որմնադիր այնպես էր ազդվել՝ տեսնելով Թագավորության սրահի շինարարության ժամանակ եղբայրների ուրախությունը, սերը և համագործակցության ոգին, որ ցանկություն հայտնեց օգնել նրանց։ Շինարարության վերջում նա նույնիսկ ամբողջ գիշեր աշխատեց, որպեսզի հաջորդ առավոտ տեղի ունենար Թագավորության սրահի նվիրումը։ Նա ասաց. «Դուք միակն եք, որ իսկապես սիրում եք միմյանց և ոչ թե միայն այդպես ասում»։
Չնայած դժվարություններին՝ խոստացված աճը շարունակվում է
Ուգանդայում նոր տարածքներ մշակելու հետ մեկտեղ աճում է ոչ միայն քարոզիչների, այլ նաև հետաքրքրվողների թիվը, որոնք հաճախում են ժողովի հանդիպումներին։ Այնուհանդերձ, մտահոգության պատճառ է մեծ թվով փախստականների ներհոսքը։ Հարևան երկրներում քաղաքացիական պատերազմը Եհովայի ժողովրդի վրա նույնպես ազդեցություն է թողել։ Փախստականների ճամբարում ապրող Վկաները լիակատար վստահություն են դրսևորել Եհովայի հանդեպ։ Օրինակ՝ հարևան երկրից նախկին մի բարձրաստիճան պաշտոնյա, որը մի ժամանակ հալածում էր Վկաներին, երբ երկրում արգելված էր նրանց գործունեությունը, պատմում է, որ ինքը ապրել է հարմարավետ կյանքով։ Փախստականների ճամբարներից մեկում Աստվածաշունչ ուսումնասիրելուց և Վկա դառնալուց հետո նա ասաց հետևյալը. «Նյութական բարեկեցությունը և այս աշխարհում բարձր պաշտոն ունենալը իրական արժեք չունեն։ Ու թեև այժմ աղքատ եմ և հիվանդ, սակայն ավելի լավ կյանքով եմ ապրում, քան մինչ այդ։ Ես ճանաչում եմ Եհովային և երախտապարտ եմ նրան, որ աղոթելու առանձնաշնորհում ունեմ։ Եվ բացի այն, որ ապագայի հույս ունեմ, գիտեմ նաև, թե ինչու մենք պետք է տոկանք դժվարությունների ժամանակ այսօր։ Ես ունեմ ներքին խաղաղություն, որը երբեք չեմ ունեցել»։
Ասում են՝ Ուգանդայում հողն այնքան բերրի է, որ եթե երեկոյան փայտ մտցնես հողի մեջ, ապա առավոտյան այն արմատներ կունենա։ Հոգևոր մեծ աճը ցույց է տալիս, որ այդ երկրում հոգևոր հողը նույնպես շատ բերրի է։ Մենք շնորհակալ ենք Եհովա Աստծուն, որ դեռ թույլ է տալիս Ուգանդայի բազմազան բնակչությանը լսել Թագավորության բարի լուրը։ Հիսուսը Թագավորության արժեքը համեմատեց ‘թանկագին մարգարտի’ հետ։ Ուգանդայում գնալով է՛լ ավելի շատ մարդիկ են հասկանում դա (Մատթէոս 13։45, 46)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[քարտեզներ 8-րդ էջի վրա]
ՈՒԳԱՆԴԱ
ՍՈՒԴԱՆ
Նեղոս գետ
Կամուլի
Տորորո
Կամպալա
ՌՈՒԱՆԴԱ
ՔԵՆԻԱ
ՏԱՆԶԱՆԻԱ
Վիկտորիա լիճ
Բուգենե
[նկար 9-րդ էջի վրա]
Երեք եռանդուն ռահվիրաներ
[նկար 10-րդ էջի վրա]
Պատրիկ
[նկար 10-րդ էջի վրա]
Մարգարետ
[նկար 10-րդ էջի վրա]
Սիմոն
[նկար 10-րդ էջի վրա]
Մարզային համաժողով Տորորոյում
[նկար 8-րդ էջի վրա, թույլտվությամբ]
Background։ © Uganda Tourist Board