Որքանո՞վ եք դուք երջանիկ
ԻՍԿԱՊԵՍ։ Դուք երևի ինքներդ ձեզ հարց եք տալիս. «Որքանո՞վ եմ ես երջանիկ»։ Սոցիոլոգները մեծ ջանքեր են գործադրում պարզելու համար, թե ինչպես դուք և ուրիշներ կպատասխանեիք այդ հարցին։ Բայց պատասխան գտնելը հեշտ չէ։ Անհատի երջանկության աստիճանը որոշելը կարելի է նմանեցնել այն բանին, որ փորձենք քանակական միավորներով չափել ամուսնու սերը իր կնոջ հանդեպ կամ մարդու զգացած վիշտը մահացած հարազատի համար։ Զգացմունքները ենթակա չեն ճշգրիտ չափման։ Այնուամենայնիվ, գիտնականները քաջ գիտակցում են մի պարզ ճշմարտություն. բոլոր մարդիկ կարո՛ղ են երջանիկ լինել։
Չնայած որ մարդը ընդունակ է երջանկություն զգալու, ներկայիս լուրջ խնդիրները անսահման դժբախտություններ են պատճառել նրան։ Քննենք մի քանի փաստեր։ Որոշ քաղաքներում ՁԻԱՀ–ից մահացողներն այնքան շատ են, որ գերեզմաններում այլևս տեղ չկա։ Իշխանությունների թույլտվությամբ գերեզմանափորները բացում են հին գերեզմանները և այնտեղ նոր դիակներ թաղում։ Աֆրիկայի որոշ մասերում դագաղագործությունը մարդկանց հիմնական զբաղմունքներից է։ Եվ անկախ այն բանից, թե որտեղ եք ապրում՝ նկատած կլինեք, որ ժպիտը քիչ է հայտնվում լուրջ հիվանդություն ունեցողների և իրենց հարազատին կամ ընկերոջը կորցրած մարդկանց դեմքին։
Իսկ ինչպե՞ս են մարդիկ իրենց զգում զարգացած երկրներում։ Անպատրաստ լինելով անսպասելի փոփոխությունների՝ շատերը ֆինանսական կորուստներ են կրում։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում շատ թոշակառուներ ստիպված են նորից աշխատել, քանի որ զրկվել են կենսաթոշակ ստանալու հնարավորությունից։ Բուժման ծախսերը հաճախ սպառում են ընտանիքի ունեցած բոլոր խնայողությունները։ «Սիրտդ ուղղակի ճմլվում է, երբ տեսնում ես այդ մարդկանց վիթխարի պարտքերի ու առողջական խնդիրների բեռի տակ կքված,— ասում է մի իրավախորհրդատու։— Ստիպված ես լինում հազար անգամ բացատրել նրանց, որ տունդ կորցնելու վտանգի տակ ես»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր ֆինանսապես ապահովված են։ Մի՞թե դժբախտությունը կարող է նրանց էլ հարվածել։
Այդ մարդկանցից ոմանց կյանքը նման է հանրահայտ կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի կյանքին։ Նրա մասին ասվել է. «Քչերն են կարողացել այդքան մեծ հաճույք պատճառել այդքան շատ մարդկանց»։ Նրա երգերը ուրիշներին հաճույք էին պատճառում, բայց նա անձամբ տառապում էր քրոնիկական դեպրեսիայից։ Նա հասավ այն երկու նպատակներին, որոնց շատերն են բաղձում՝ փող և հռչակ, բայց հասա՞վ արդյոք երջանկության։ Մի կենսագիր պատմում է. «[Ռոջերսը] արտակարգ աշխատանքային հաջողություններ ունեցավ, բարձր խավերի հետ էր շփվում և երկու անգամ արժանացավ Պուլիցերյան մրցանակի։ Սակայն նա դժբախտ էր և գրեթե միշտ ընկճված»։
Թերևս նկատել եք, որ ովքեր կարծել են, թե հարստությունը կարող է իրենց երջանկություն բերել, հաճախ ի վերջո հուսախաբ են եղել։ «Գլոբ էնդ մեյլ» (Կանադա, Տորոնտո) թերթի մի տնտեսական մեկնաբան գրում է այն «մեկուսացման և դատարկության» մասին, որից շատ ունևորներ այսօր տանջվում են։ Ըստ մի ֆինանսական խորհրդատուի՝ երբ հարուստ ծնողները ողողում են իրենց երեխաներին փողերով ու նվերներով, նրանք «հաճախ ցանում են ապագա ցավերի ու տառապանքների սերմերը»։
Կա՞ մի բան, որն անպայման երջանկություն կբերի
Որպեսզի բույսը ծաղիկ տա, բարենպաստ հող, բավարար ջուր և համապատասխան կլիմա է հարկավոր։ Նմանապես, մասնագետները գտնում են, որ որոշակի պայմանների դեպքում երջանկությունը հնարավոր է։ Այդ պայմաններից են՝ ֆիզիկական բավարար առողջությունը, լավ աշխատանքը, անհրաժեշտ սնունդը, կացարանը, հագուստը, ստեղծագործական նպատակների իրականացումը և իսկական ընկերները։
Հավանաբար իսկույն կհամաձայնվեք, որ այդ ամենն իրոք կարող է նպաստել անհատի երջանկությանը։ Բայց ավելի մեծ գործոն կա, որ նպաստում է նրա երջանիկ լինելուն։ Դա Եհովայի՝ երջանիկ Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելն է (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։ Ինչպե՞ս կարող են այդ գիտելիքներն օգնել։ Եհովան մեր Արարիչն է և մեզ օժտել է երջանիկ լինելու կարողությամբ։ Ուստի, տրամաբանական է, որ նա իմանա, թե ինչը կարող է մեզ իսկապես երջանիկ դարձնել։ Հաջորդ հոդվածում դուք կկարդաք այն մասին, թե ինչ կերպով է նա մարդկանց օգնում հարատև երջանկություն գտնել՝ անկախ նրանց բնակության վայրից և հանգամանքներից։
[նկար 4-րդ էջի վրա]
Ինչպես ծաղիկը, այնպես էլ երջանկությունը պահանջում է համապատասխան պայմաններ՝ «աճելու» համար
[նկար 3-րդ էջի վրա, թույլտվությամբ՝]
© Gideon Mendel/CORBIS