«Կամուրջ» ենք կապում Պանամայում
«ՊԱՆԱՄԱՆ աշխարհի կամուրջն է»։ Կես դար առաջ Կենտրոնական Ամերիկայում գտնվող Պանամա քաղաքում հայտնի մի ռադիոհաղորդման ժամանակ այսպիսի խոսքեր հնչեցին։ Այսօր այս նշանաբանը երևան է բերում շատերի զգացումները, որ նրանք ունեն այդ քաղաքի հանդեպ։
Պանամա պետությունը կարծես կամուրջ լինի, որը միացնում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքները։ Բացի այդ, գոյություն ունի այս մայրցամաքները միացնող իսկական կամուրջ՝ «Ամերիկաների» կամուրջը, որը կառուցված է Պանամայի ջրանցքի վրա։ Լինելով ճարտարապետության նշանավոր ձեռքբերումներից մեկը՝ այս ջրանցքը անցնում է ամբողջ երկրով մեկ և միացնում Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին։ Դրա շնորհիվ ամբողջ աշխարհից եկող ծովային նավերը կարողանում են անցնել այդ ջրանցքով ընդամենը մի քանի ժամում։ Հակառակ դեպքում հարկ կլիներ ճանապարհորդել մի քանի օր կամ մի քանի շաբաթ։ Այո՛, Պանաման կարևոր դեր է խաղում շատ երկրների համար։
Կամուրջ և բազմազգ ժողովուրդների բնակավայր
Պանաման դարձել է նաև մի բնակավայր, որտեղ ապրում են տարբեր ազգերի և տարբեր էթնիկական ծագում ունեցող մարդիկ, որոնք շատ տեղաբնիկ խմբերի հետ միասին կազմում են այս գեղեցիկ երկրի բազմազգ բնակչությունը։ Սակայն հնարավո՞ր է արդյոք «կամուրջ» կապել սոցիալական, մշակութային, կրոնական և լեզվական տարբերությունների միջև՝ ստեղծելով մտքի ու նպատակի միասնություն, որը հիմնված է Աստծու Խոսքի թանկագին ճշմարտությունների վրա։
Այո՛, հնարավոր է։ Պողոս առաքյալի խոսքերը, որոնք արձանագրված են Եփեսացիս 2։17, 18 համարներում, ցույց են տալիս, որ առաջին դարի թե՛ հրեա քրիստոնյաները և թե՛ այն քրիստոնյաները, որոնք հեթանոս էին եղել, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա, որը միավորում էր նրանց, հաջողությամբ հաղթահարեցին նույն խնդիրը։ Պողոսը գրեց. «[Հիսուսը] եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ եւ խաղաղութիւն մօտաւորներին։ Վասնզի նորանով երկուսս մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ»։
Նմանապես այսօր, Եհովայի վկաները ‘ավետարանում են խաղաղություն’ և՛ Պանամայում ապրող մարդկանց, և՛ հեռավոր վայրերից եկած խմբերի, որոնք տարբեր կրոնական հայացքներ ունեն։ Այդտեղ ստեղծվում է հաճելի միասնություն այն մարդկանց միջև, որոնք ‘մոտենում են’ Եհովային։ Արդյունքում Պանամայում կազմավորվել են ժողովներ վեց տարբեր լեզուներով՝ իսպաներեն, կանտոներեն, պանամյան ժեստերի լեզվով, անգլերեն և երկու տեղի լեզուներով, որոնք կոչվում են կունա և նգոբիր (գուայմի)։ Քաջալերական է իմանալ, թե ինչպես են այս լեզուներով խոսող մարդիկ միավորվել Եհովայի երկրպագության մեջ։
«Կամուրջ» ենք կապում կոմարկայում
Նգոբիր լեզվով խոսող խումբը Պանամայի ութ բնիկ խմբերից ամենամեծն է։ Այդ խումբը բաղկացած է մոտավորապես 170 000 հոգուց, որի մեծամասնությունը ապրում են ընդարձակ տարածքում, որը վերջերս կոչվեց կոմարկա, կամ՝ ռեզերվացիա։ Այս տարածքի մեծ մասը բաղկացած է ժայռոտ լեռներից, որտեղ հնարավոր է միայն ոտքով գնալ, ինչպես նաև գեղեցիկ մերձափնյա վայրերից, որտեղ կարելի է ճանապարհորդել նավով։ Հաճախ համայնքներ են ձևավորվում այնպիսի գետերի և մերձափնյա շրջանների մոտակայքում, որոնք երթևեկության համար մատչելի ջրանցքներ են համարվում։ Կոմարկայի բնիկներից շատերը իրենց ապրուստը վաստակում են՝ սարերում սուրճի պլանտացիաներ մշակելով, ինչպես նաև ձկնորսությամբ և հողագործությամբ զբաղվելով։ Նրանցից շատերը եկեղեցու անդամներ են։ Սակայն կան նաև տեղի Մամա Տատա կրոնի հետևորդներ։ Ոմանք էլ, երբ հիվանդ են լինում կամ զգում են, որ չար ոգիներն անհանգստացնում են իրենց, բուժվելու համար դիմում են շամանների։ Թեև մեծամասնությունը խոսում են իսպաներեն լեզվով, սակայն ամենատարածվածը նգոբիր լեզուն է։
Թիավարում ենք՝ ճշմարտությունը մարդկանց սրտին հասցնելու համար
Եհովայի վկաները գիտակցում են, որ անհրաժեշտ է օգնել մարդկանց ոչ միայն հասկանալ ճշմարտությունը, այլ նաև այն սրտանց ընդունել։ Երբ ճշմարտությունը հասնում է այդ մարդկանց սրտին, նրանք մղվում են փոփոխություններ կատարել իրենց կյանքում՝ Աստվածաշնչի սկզբունքներին համապատասխանելու համար։ Այդ նպատակով ռեզերվացիայի ութ տարբեր շրջաններում նշանակված հատուկ ռահվիրաներ տեղի Վկաների օգնությամբ սովորեցին նգոբիր լեզուն։
Այդ տարածքի 14 ժողովների կազմավորումը ցույց է տալիս, որ աճի մեծ հավանականություն կա։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ հատուկ ռահվիրաներ Դիմաս և Հիզելա ամուսինները նշանակվել էին մի փոքրաթիվ ժողով, որը բաղկացած էր Տոբոբի մերձափնյա տարածքում ապրող 40 քարոզիչներից։ Հեշտ չէր հաճախակի թիավարել Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով, որպեսզի խոնարհ մարդկանց քարոզեին։ Դիմասն ու Հիզելան նաև հայտնաբերել էին, որ օվկիանոսի հանդարտ ջրերը կարող են արագորեն վերածվել մահացու ալիքների։ Մի գյուղից մյուսը ճանապարհորդելուց հետո նրանց թևերն ու մեջքը հաճախ ցավում էին։ Իսկ տեղի լեզուն սովորելը մեկ ուրիշ դժվարություն էր։ Սակայն նրանց կատարած զոհողությունները, ինչպես նաև հաստատակամությունը վարձատրվեցին, երբ 2001 թ.–ին մոտ 552 մարդ ներկա եղան Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։
Տոբոբի մոտ՝ ծովածոցի երկայնքով, տարածվում է Պունտա Էսքոնդիտա գյուղը։ Որոշ ժամանակով քարոզիչների մի փոքր խումբ բարենպաստ եղանակներին կանոնավորաբար թիավարում էր ծովածոցի երկայնքով, որպեսզի ներկա լինեին Տոբոբում անցկացվող ժողովի հանդիպումներին։ Հաշվետվությունները ցույց տվեցին, որ այդ տարածքում նոր ժողովներ հիմնելու հնարավորություններ կային։ Ուստի Դիմասին ու Հիզելային խնդրեցին տեղափոխվել Պունտա Էսքոնդիտա։ Երկու տարի չանցած՝ Պունտա Էսքոնդիտայում գտնվող խումբը դարձավ 28 քարոզիչներից բաղկացած ժողով, որտեղ ամեն շաբաթ հանրային ելույթին ներկա էր միջին հաշվով 114 հոգի։ 2004 թ.–ին նոր ժողովը բերկրանքի մեջ էր, երբ 458 հոգի ներկա եղավ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։
Հաղթահարում ենք խնդիրներ՝ կապված անգրագիտության հետ
Հաղթահարելով անգրագիտության հետ կապված խնդիրները՝ բազմաթիվ անկեղծ անհատներ մտերիմ փոխհարաբերություններ են զարգացրել Եհովայի հետ։ Նման բան տեղի ունեցավ Ֆերմինայի՝ մի երիտասարդ կնոջ հետ, որն ապրում է կոմարկայի լեռնոտ շրջանում։ Հեռավոր տարածքում ծառայող միսիոներները նկատեցին, որ նա ուշադրությամբ է լսում Թագավորության լուրը։ Իսկ երբ նրան առաջարկեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն, նա համաձայնվեց՝ ասելով, որ ավելին է ուզում իմանալ։ Սակայն մի խոչընդոտ կար։ Ֆերմինան խոսում էր իսպաներեն և նգոբիր լեզուներով, բայց կարդալ ու գրել չէր կարողանում։ Միսիոներներից մեկը առաջարկեց նրա հետ միասին ուսումնասիրել «Վարժվիր գրել-կարդալու մեջ» գրքույկը։a
Ֆերմինան լավ աշակերտ էր. նա եռանդորեն պատրաստվում էր դասերին, կատարում իր տնային աշխատանքները և ջանասիրաբար աշխատում ուղղագրության վրա։ Մեկ տարի անց նա այնքան առաջադիմեց, որ նրա հետ ուսումնասիրում էին «Դու կարող ես դառնալ Աստծու բարեկամը» գրքույկը։* Երբ այդ տարածքում հանդիպումներ կազմակերպվեցին, Ֆերմինան սկսեց հաճախել այդ հանդիպումներին։ Քանի որ նրա ընտանիքը աղքատ էր, շատ դժվար էր վճարել ճանապարհածախսը, որպեսզի նա իր երեխաների հետ միասին ներկա գտնվեր հանդիպումներին։ Այդ մասին իմանալով՝ ռահվիրա քույրերից մեկը առաջարկեց նրան նգոբիրացի կանանց ազգային հագուստներ գործել և վաճառել։ Ֆերմինան այդպես էլ վարվեց։ Եվ չնայած նյութական ուրիշ կարիքներ էլ ուներ, սակայն ձեռք բերած գումարը նա ծախսում էր միայն ժողովի հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Այժմ Ֆերմինան ու իր ընտանիքը տեղափոխվել են մեկ ուրիշ տարածք, և նա շարունակում է հոգևորապես առաջադիմել։ Նրանք ուրախ են, որ ոչ միայն հաղթահարեցին անգրագիտության հետ կապված խնդիրները, այլ որ ամենակարևորն է, ճանաչեցին Եհովային։
Հաղթահարում ենք դժվարություններ խուլ մարդկանց քարոզելիս
Պանամայում շատ ընտանիքներ, որոնց անդամները լսողության խանգարում ունեն, իրենց ընկճված են զգում։ Երբեմն այդպիսի անհատները կրթություն ստանալու հնարավորություն չեն ունենում։ Խուլ մարդկանցից շատերը մեկուսացած և ընկճված են, քանի որ նրանց հետ շատ դժվար է հաղորդակցվել։
Հետևաբար ինչ–որ բան պետք է արվեր բարի լուրը նրանց քարոզելու համար։ Շրջագայող վերակացուի հորդորով եռանդուն ռահվիրաների և այլ քարոզիչների մի խումբ սկսեց սովորել պանամերեն ժեստերի լեզուն։ Նրանց ջանքերը վարձատրվեցին։
2001 թ.–ի երկրորդ կեսին Պանամա քաղաքում հիմնվեց ժեստերի լեզվի խումբ, որը բաղկացած էր մոտ 20 հոգուց։ Քանի որ եղբայրներն ու քույրերը ավելի էին հմտանում լեզու սովորելու մեջ, նրանք կարողացան վկայություն տալ բազմաթիվ մարդկանց, ովքեր առաջին անգամ էին «լսում» աստվածաշնչյան ճշմարտությունները իրենց լեզվով։ Շատ Վկաներ, որոնց երեխաները ունեին լսողության խանգարում, նույնպես սկսեցին հաճախել այդ հանդիպումներին և հայտնաբերեցին, որ իրենց երեխաներն ավելի հեշտությամբ են հասկանում Աստվածաշնչի ուսմունքները և խանդավառությամբ լցվում ճշմարտության հանդեպ։ Ծնողներից շատերը սովորեցին ժեստերի լեզուն և այդպիսով կարողացան ավելի լավ հաղորդակցվել իրենց երեխաների հետ։ Նրանք կարողացան օգնել երեխաներին, և արդյունքում ընտանիքները հոգևորապես ամրացան։ Էլսայի և նրա աղջկա՝ Իրիդայի օրինակը դրա վառ ապացույցն են։
Մի Վկա, որը ծառայում էր ժեստերի լեզվի խմբում, լսեց Իրիդայի մասին, այցելեց նրան և տվեց «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը։b Իրիդան շատ ուրախ էր այն ամենի համար, ինչ սովորել էր նոր աշխարհի մասին այդ գրքույկի նկարներից։ Այդ գրքույկի օգնությամբ նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Այնուհետև նրանք սկսեցին ուսումնասիրել «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։* Իրիդան խնդրեց իր մորը օգնել իրեն պատրաստվելու դասերին և բացատրել գրված տեղեկությունը։
Սակայն Էլսան ուներ երկու պրոբլեմ. նախ՝ նա Վկա չէր և չգիտեր աստվածաշնչյան ճշմարտությունը, երկրորդ՝ չէր հասկանում ժեստերի լեզուն։ Նրան ասել էին. «Եթե ուզում ես, որ աղջիկդ խոսել սովորի, ուրեմն չպետք է ժեստերի լեզվով շփվես նրա հետ»։ Դրա համար էլ հաղորդակցությունը մոր և աղջկա միջև սահմանափակվել էր։ Սակայն ցանկանալով օգնել Իրիդային՝ Էլսան խնդրեց, որ ժողովից մի Վկա ուսումնասիրի իր հետ։ Նա ասում է. «Հանուն իմ աղջկա ես ընդառաջեցի, քանի որ երբեք չէի տեսել նրան ինչ–որ բանով այդքան ոգևորված»։ Էլսան իր աղջկա հետ միասին սովորեց ժեստերի լեզուն և սկսեց նրան ավելի շատ ժամանակ տրամադրել, ինչի շնորհիվ նրանց միջև հաղորդակցությունը բարելավվեց։ Իրիդան սկսեց ընտրողաբար վերաբերվել ընկերներ ունենալու հարցին և ընկերակցել ժողովի անդամների հետ։ Այժմ նրանք կանոնավորաբար հաճախում են ժողովի հանդիպումներին։ Վերջերս Էլսան մկրտվեց, իսկ Իրիդան պատրաստվում է մկրտվել։ Էլսան ասում է, որ իրականում նա նոր է սկսում ճանաչել իր աղջկան, և այժմ նրանք կարող են զրուցել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, որոնք երկուսն էլ թանկ են գնահատում։
Ժեստերի լեզվի խումբը, որը 2003 թ. ապրիլին դարձավ ժողով, այժմ մեծացել է և բաղկացած է ավելի քան 50 քարոզիչներից, որոնց մեկ երրորդը խուլ են։ Այժմ ժեստերի լեզվով այլ խմբեր են կազմավորվում նաև Պանամա քաղաքից դուրս գտնվող երեք այլ քաղաքներում։ Չնայած այս ոլորտում դեռ շատ գործ կա անելու, սակայն արդեն իսկ մեծ բան է արվել, որպեսզի «կամուրջ» ստեղծվի ազնվասիրտ խուլ մարդկանց և իրենց սիրառատ Ստեղծիչի՝ Եհովա Աստծու միջև։
Այսպիսի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում Պանամայում։ Թեև մարդիկ սերում են տարբեր մշակույթներից, լեզուներից և տարբեր ծագում ունեն, նրանցից շատերը միավորվել են ճշմարիտ Աստծու երկրպագության մեջ։ Չնայած հաղորդակցվելու հետ կապված խնդիրներին՝ Եհովայի Խոսքի ճշմարտությունը հաջողությամբ է քարոզվել այս երկրում. երկիր, որը շատերը համարում են «աշխարհի կամուրջ» (Եփեսացիս 4։4)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[քարտեզներ 8-րդ էջի վրա]
(ամբողջական տեքստը տե՛ս հրատարակությունում)
ՊԱՆԱՄԱ
ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ
Տոբոբ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
Պանամայի ջրանցք
[նկար 8-րդ էջի վրա]
Նկարահյուս գործվածքներ՝ կունացի կանանց ձեռքին
[նկար 9-րդ էջի վրա]
Միսիոները քարոզում է նգոբիրացի կնոջը
[նկար 10-րդ էջի վրա]
Նգոբիրացի Վկաները մակույկ են նստում, որպեսզի ճանապարհ ընկնեն և ներկա լինեն մեկօրյա հատուկ համաժողովի ծրագրին
[նկարներ 11-րդ էջի վրա]
Չնայած մշակութային և լեզվական տարբերություններին՝ Պանամայում քարոզվում է աստվածաշնչյան ճշմարտությունը
[նկար 12-րդ էջի վրա]
«Դիտարանի» ուսումնասիրություն ժեստերի լեզվով
[նկար 12-րդ էջի վրա]
Էլսան և իր աղջիկը՝ Իրիդան, բավականություն են ստանում իմաստալից հաղորդակցությունից
[նկար 8-րդ էջի վրա, թույլտվությամբ]
Ship and Kuna women: © William Floyd Holdman/Index Stock Imagery; village: © Timothy O’Keefe/Index Stock Imagery