Բոլիվիայի հեռավոր քաղաքներում քարոզվում է բարի լուրը
ՄՈՏ 20 հոգով ծովափում հավաքված՝ անհամբերությամբ սպասում ենք, թե երբ պետք է ճանապարհ ընկնենք դեպի գետի ակունքի շրջակայքում գտնվող գյուղերը։ Ճանապարհը տևում է մեկ օր։ Մենք գտնվում ենք Անդերի ստորոտում, որտեղ Բենի գետը ջրում է Ամազոնի ավազանի ընդարձակ հարթավայրերը։ Դա մի հիասքանչ վայր է։
Սակայն մենք զբոսաշրջիկներ չենք։ Մեզանից ոմանք տեղացի են, շատերը եկել են հեռավոր քաղաքներից՝ ապրելու Ռուռենաբակեում՝ մի գեղեցիկ փոքրիկ քաղաքում, որն ունի ծաղկող ծառեր, ծղոտե տանիքներով տներ և հանգիստ փողոցներ, որոնց անդորրը երբեմն ընդհատում են տաքսիների ձայները։ Ինչո՞ւ ենք ձեռնարկում այս ճանապարհորդությունը։
Նման բաներ կազմակերպվում են Բոլիվիայի շատ մասերում։ Քաղաքներից և այլ երկրներից Եհովայի վկաները գնում են Թագավորության բարի լուրը տարածելու Բոլիվիայի ավելի փոքր քաղաքներում (Մատթէոս 24։14)։
Բոլիվիան գտնվում է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։ Այս երկրի տարածքը երկու անգամ մեծ է Ֆրանսիայի տարածքից, սակայն բնակիչների թիվը հասնում է Ֆրանսիայի բնակչության մոտավորապես 10 տոկոսին։ Բոլիվիայի բնակիչների մեծ մասը ապրում է կա՛մ քաղաքներում և լեռնային շրջաններում, որոնք շատ բարձր են, կա՛մ հարթավայրերում գտնվող գյուղատնտեսական շրջաններում։ Արևադարձային ցածրադիր գոտիներում քաղաքները իրարից բաժանվում են անտառի հսկայական տարածքներով։
1950–ական և 1960–ական թթ. միսիոներներ Բեթի Ջեկսոնը, Էլսի Մեյնբերգը, Պամելա Մոսլին և Շառլոտա Տոմաշավսկին համարձակորեն սկսեցին քարոզել բարի լուրը բազմաթիվ հեռավոր քաղաքներում։ Նրանք սովորեցնում էին աստվածաշնչյան ճշմարտությունը անկեղծ մարդկանց և օգնում էին հիմնել փոքր ժողովներ։ 1980–ական և 1990–ական թթ. ընթացքում Եհովայի վկաների թիվը վեց անգամ բազմապատկվեց գլխավորապես քաղաքներում։ Այսօր գրեթե ամեն մի բնակավայրում ժողով կա։ Դրանք գտնվում են թե՛ հարուստ շրջաններում, որտեղ մարդիկ աշխատում են բարձրահարկ շենքերի գրասենյակներում, ապրում են գեղեցիկ առանձնատներում և գնումներ են կատարում բարձրակարգ խանութներից և թե՛ հեռավոր վայրերում, որտեղ մարդիկ ապրում են կավաշեն հյուղակներում, գնումներ են կատարում բաց շուկաներից և կրում են իրենց ազգային գույնզգույն հագուստեղենը։ Սակայն ի՞նչ կարելի է անել օգնելու համար այս հեռավոր վայրերում ապրող հնարավորին չափ շատ մարդկանց, որպեսզի նրանք ճանաչեն Եհովային։
Նրանք զոհաբերում են քաղաքի հարմարավետ կյանքը
Անցյալ երկու տասնամյակների ընթացքում մեծ թվով մարդիկ Բոլիվիայի լեռնային շրջաններից և գյուղերից տեղափոխվել են քաղաքներ։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ քաղաքից գյուղ մարդիկ սովորաբար չեն տեղափոխվում։ Շատ գյուղերում միայն մեկ հեռախոս կա, իսկ էլեկտրականություն տալիս են օրական մի քանի ժամ։ Այսպիսի փոքր վայրերում ապրող Վկաները իրենց հավատակիցներին տեսնում են միայն տարեկան համաժողովների ժամանակ, և այդպիսի ճանապարհորդությունը կարող է մեծ ծախսեր պահանջել, ինչպես նաև լինել վտանգավոր և հոգնեցուցիչ։ Գյուղերի դպրոցներում միայն տարրական կրթություն են տալիս։ Ուստի ի՞նչն է մղում բազմաթիվ Եհովայի վկաների քաղաքից տեղափոխվել գյուղ։
«Ես հնարավորություն ունեի Լա Պաս քաղաքում զբաղվել կարիերայով։— Պատմում է Լուիս անունով մի Վկա,— սակայն ծնողներս միշտ ասում էին, որ ամենալավ կարիերան աշակերտ պատրաստելու գործն է։ Ուստի ես հաճախեցի շինարարության կարճատև դասընթացների։ Ռուռենաբակեում արձակուրդս անցկացնելու ընթացքում նկատեցի, որ մարդիկ մեծ ցանկություն ունեն լսելու բարի լուրը։ Երբ տեսա, թե որքան քիչ եղբայրներ կան այնտեղ, մտածեցի, որ պետք է գնալ և օգնել նրանց։ Այժմ Աստվածաշնչի 12 ուսումնասիրություն եմ անցկացնում։ Օրինակ՝ հիմա ուսումնասիրում եմ Վակա ազգանունով մի երիտասարդ տղամարդու և նրա կնոջ հետ, որոնք չորս երեխա ունեն։ Նա հաճախ չարաշահում էր խմիչքը և զբաղվում էր մոլեխաղերով, սակայն թողել է այդ ամենը և այժմ իր ընկերներին պատմում է այն, ինչ սովորում է Եհովայի մասին։ Նա միշտ պատրաստվում է ուսումնասիրությանը։ Երբ ստիպված է տանից բացակայել երեք–չորս օրով՝ անտառում աշխատելու համար, նա տխրում է, քանի որ չի ցանկանում բաց թողնել որևէ հանդիպում։ Երբ տեսնում եմ նրանց ժողովի հանդիպումներին, զգում եմ, որ արժեր զոհողություններ կատարել այստեղ գալու համար»։
Խուանան միայնակ մայր է։ Նա ասում է. «Ես աշխատում էի որպես սպասուհի Լա Պասում։ Երբ որդիս փոքր էր, լիաժամ ծառայություն սկսեցի։ Ռուռենաբակե այցելելով՝ հասկացա, թե որքան բան կարող եմ անել՝ ապրելով այնտեղ։ Ուստի մենք տեղափոխվեցինք, և ես սկսեցի աշխատել որպես սպասուհի։ Սկզբում դժվար էր համակերպվել տոթին և միջատներին։ Սակայն արդեն յոթ տարի է, ինչ այստեղ ենք ապրում։ Ես կարողանում եմ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ անցկացնել ամեն շաբաթ, և շատ հետաքրքրվողներ իրենց գնահատանքը ցույց են տալիս՝ հաճախելով ժողովի հանդիպումներին»։ Խուանան և իր որդին այն մարդկանց թվում են, ովքեր նավով ճանապարհորդում են դեպի գետի ակունքը։ Դու նույնպես կարող ես միանալ այս ճանապարհորդությանը։
Դեպի գետի ակունք
Մինչ ուղևորվում ենք լեռների միջի նեղ ճանապարհով, նավակի շարժիչը աղմկում է։ Մի խումբ թութակներ ծղրտում են, ասես դրանով ցույց են տալիս, որ մեր ներկայությունը իրենց դուր չի գալիս։ Նավավարը վարպետորեն վարում է նավը հոսանքի հակառակ ուղղությամբ, իսկ լեռների պղտոր ջրերի ալիքները ուժգնությամբ բախվում են նավին։ Արշալույսին մենք հասնում ենք մի փոքր գյուղ։ Այնտեղ հանդիպում ենք Ռուռենաբակե ժողովի երեցին, և նա մեզ ցույց է տալիս, թե որտեղ է պետք քարոզել։
Գյուղացիները ջերմ ընդունելություն են ցույց տալիս՝ հրավիրելով մեզ նստել որևէ ծառի ստվերում կամ իրենց տանը, որը պատրաստված է եղեգից և ծածկված է արմավենու տերևներով։ Շուտով մենք հանդիպեցինք մի երիտասարդ զույգի, որը շաքարեղեգ էր ճզմում փայտե սանդի մեջ։ Ճզմելուց հետո նրանք շաքարեղեգի հյութը լցնում են պղնձե թասի մեջ։ Այնուհետև եռացնում են այդ հյութը, մինչև այն վերածվի մուգ գույնի կերամաթի, որը կարելի է վաճառել։ Նրանք հրավիրեցին մեզ իրենց տուն և բազմաթիվ հարցեր տվեցին Աստվածաշնչի վերաբերյալ։
Մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը գետի երկայնքով՝ քարոզելով գյուղից գյուղ։ Շատերը ուրախ են լսել, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչ է տեղի ունենալու հիվանդության և մահվան հետ (Եսայիա 25։8; 33։24)։ Այստեղ բժշկական օգնությունը հասանելի չէ, ուստի շատ ընտանիքներ զգացել են երեխա կորցնելու վիշտը։ Գյուղացիները և ձկնորսները ապրում են դժվար և անապահով կյանքով։ Հետևաբար շատերին հետաքրքրում է Աստծու խոստումը, որ արձանագրված է 72–րդ սաղմոսում։ Այնտեղ խոսվում է մի կառավարության մասին, որը վերջ կդնի աղքատությանը։ Բայց ի՞նչ եք կարծում, այս հեռավոր վայրերում ապրող հետաքրքրվողները ջանքեր կներդնե՞ն հաճախելու քրիստոնեական հանդիպումներին։ Այս հարցը մտահոգում էր Սանտա Ռոսայում լիաժամ ծառայության մեջ գտնվող Էրիկին և Վիկիին, որոնցից պահանջվում էր ավտոմեքենայով երեք ժամ ճանապարհորդել դեպի Ամազոնի ավազան։
Արդյո՞ք հետաքրքրվողները կգան
Էրիկն ու Վիկին Բոլիվիա են եկել Կալիֆորնիայից (ԱՄՆ) 12 տարի առաջ։ Մի շրջագայող վերակացու առաջարկել էր նրանց տեղափոխվել Սանտա Ռոսա։ Վիկին ասում է. «Քաղաքում միայն երկու հեռախոս կա, իսկ ինտերնետ կապ ընդհանրապես չկա։ Այստեղի կենդանական աշխարհը հարուստ է։ Երբ մեր մոտոցիկլետներով հեռավոր շրջաններ ենք գնում, ճանապարհին հաճախ ենք տեսնում կոկորդիլոսներ, ջայլամներ և մեծ օձեր։ Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում են մարդիկ, քան կենդանիները։ Մենք Աստվածաշունչ ենք ուսումնասիրում երիտասարդ ամուսինների հետ, որոնք չորս փոքր երեխաներ ունեն։ Նրանք քաղաքից մոտ 26 կմ հեռավորության վրա են ապրում։ Ամուսինը հարբեցող էր, սակայն այժմ փոխվել է։ Ամեն շաբաթ նա իր ընտանիքի և կրտսեր քրոջ հետ միասին գալիս է Թագավորության սրահ։ Նա իր կնոջն ու երեխաներին ժողով է բերում՝ նստեցնելով նրանց իր հեծանիվի ետևի նստարանին։ Ինը տարեկան երեխան գալիս է մեկ ուրիշ հեծանիվով կրտսեր քրոջ հետ, իսկ ութ տարեկան երեխան՝ իր հեծանիվով։ Ժողով հասնելու համար նրանցից երեք ժամ է պահանջվում»։ Այս ընտանիքը իսկապես սիրում է Եհովային և ամեն ջանք թափում ժողովի հետ ընկերակցելու համար։
18 ամիս անց Սանտա Ռոսայում 3 հոգի պատրաստ էին մկրտության, իսկ մոտ 25 հոգի հաճախում են տեղի նոր Թագավորության սրահը։ Չնայած շատերը ցանկանում են Աստվածաշունչ ուսումնասիրել, սակայն նրանք մեծ խոչընդոտներ պետք է հաղթահարեն Եհովային ծառայելու համար։
Ամուսնությունն օրինականացնելը դժվարություն է
Մարինան և Օսնին, որոնք ծառայում են որպես միսիոներներ Բոլիվիայի և Բրազիլիայի սահմանի մոտ գտնվող մի քաղաքում, ասում են, որ բնիկներից շատերն ամուսնությունը չեն դիտում որպես հարատև միություն։ Նրանք հաճախ են փոխում իրենց կենակիցներին։ Օսնին ասում է. «Դա մի խնդիր է, որը խոչընդոտում է հոգևոր աճին։ Երբ մարդիկ ցանկանում են դառնալ ճշմարիտ քրիստոնյաներ, նրանք մեծ դժվարություններ են դիմագրավում։ Նաև դա նրանցից մեծ գումարներ է պահանջում։ Ոմանք պետք է բաժանվեն նախկին կենակիցներից և հետո օրինականորեն ամուսնանան։ Այնուամենայնիվ, երբ նրանք գիտակցում են, որ ամուսնությունը պատշաճորեն գրանցելը սուրբգրային պահանջ է, շատերը ջանքեր են թափում վաստակելու այն գումարը, որն անհրաժեշտ է իրավական վճարումների համար» (Հռովմայեցիս 13։1, 2; Եբրայեցիս 13։4)։
Մարինան պատմում է Նորբերտոյի օրինակը. «Նախքան մի կնոջ հետ ապրելը, որը հացթուխ էր, նա ապրել է մի քանի կանանց հետ։ Այդ կինը 35 տարով երիտասարդ էր նրանից և ուներ մի որդի, որին Նորբերտոն որդեգրել էր։ Քանի որ տղան մեծանում էր, Նորբերտոն ուզում էր լավ օրինակ լինել նրա համար։ Ուստի երբ մի Վկա այցելեց հացի փուռ և առաջարկեց Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն, Նորբերտոն համաձայնվեց, թեև չէր կարողանում կարդալ և արդեն ավելի քան 70 տարեկան էր։ Երբ Նորբերտոն և նրա կենակիցը իմացան Եհովայի պահանջների մասին, նրանք օրինականորեն ամուսնացան և հետո մկրտվեցին։ Իսկ որդին դարձավ վստահելի քրիստոնյա, ինչպեսև Նորբերտոն հույս ուներ։ Նորբերտոն սովորեց կարդալ և նույնիսկ ժողովի հանդիպումներին ելույթներ է ներկայացնում։ Չնայած բավականին վատառողջ է տարիքի պատճառով, սակայն եռանդորեն քարոզում է բարի լուրը»։
Եհովայի ոգին զորացնում է
Հիսուսն ասաց իր առաջին հետևորդներին. «Դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք .... մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Որքա՜ն քաջալերական է տեսնել, որ Աստծու սուրբ ոգին մղում է քրիստոնյա տղամարդկանց և կանանց տեղափոխվել հեռավոր վայրեր։ Օրինակ՝ 2004 թ.–ին, մոտ 30 եռանդուն քրիստոնյաներ ժամանակավորապես նշանակվեցին որպես հատուկ ռահվիրաներ հեռավոր տարածքներում։ Նրանք գնահատում են այն 180 օտարերկրացիներին, ովքեր եկել են Բոլիվիա՝ ծառայելու որպես ռահվիրաներ, շրջանային վերակացուներ, բեթելցիներ և միսիոներներ։ Բոլիվիայի 17 000 քարոզիչները անցկացնում են Աստվածաշնչի գրեթե 22 000 ուսումնասիրություններ հետաքրքրվողների տներում։
Այս բոլոր եղբայրները մեծ ուրախություն են ստանում՝ գիտակցելով, որ առաջնորդվում են Եհովայի սուրբ ոգով։ Օրինակ՝ Ռոբերտն ու Քեթին նշանակվեցին ծառայելու որպես միսիոներներ Կամիրիում։ Այն հեռավոր քաղաք է և գտնվում է գետով շրջապատված կանաչ բարձունքների միջև։ «Ինձ թվում է, որ մենք ճիշտ ժամանակին եկանք,— ասում է Ռոբերտը։— Երկու տարվա ընթացքում մոտ 40 հոգի դարձան բարի լուրի քարոզիչներ»։
Մոլեխաղերով զբաղվող մի հարբեցող լսում է բարի լուրը
Շատ քաղաքաբնակ մարդկանց տպավորում են այն փոփոխությունները, որ կատարում են Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Օրինակ՝ չորս տարի առաջ Արիել անունով մի մարդ հարբեցողության պատճառով անկողին էր ընկել։ Չնայած մոլեխաղերի շնորհիվ հայտնի անձնավորություն էր դարձել, սակայն նրան շատ մտահոգում էին իր անհաշիվ պարտքերը, անհաջող ամուսնությունը, ինչպես նաև այն, որ անուշադրության էր մատնել իր աղջիկներին։ Մինչ նա այդ մտքերի մեջ էր ընկած, մի Եհովայի վկա տնետուն ծառայության ժամանակ թակեց նրա դուռը։ Արիելը ուշադրությամբ լսում էր, մինչ եղբայրը բացատրում էր Գրությունները։ Անկողնում պառկած՝ Արիելը կարդում էր երջանիկ ընտանեկան կյանքի, Դրախտի և Աստծուն ծառայելու մասին։ Հետագայում նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։
Երբ միսիոներները ժամանեցին Կամիրի, Արիելի կինը՝ Արմինդան, նույնպես ուսումնասիրում էր, սակայն ոչ մեծ ցանկությամբ։ Նա ասում էր. «Ես կփորձեմ անել ցանկացած բան, որը կօգնի նրան հրաժարվել խմիչքից։ Բայց կասկածում եմ, որ ինչ–որ բան կստացվի։ Նա անհույս վիճակում է»։ Սակայն Աստվածաշնչի ուսումնասիրությունը ավելի հետաքրքիր էր, քան Արմինդան ակնկալում էր։ Մի տարի անց նա մկրտվեց և արդեն վկայություն էր տալիս իր բարեկամներին։ Շատ չանցած նրա հարազատներից մի քանիսը նույնպես նվիրեցին իրենց կյանքը Եհովային։
Իսկ Արիելը պայքարում էր խմելու, ծխելու և մոլեխաղերով տարվելու դեմ։ Վճռական էր այն պահը, երբ նա իր բոլոր ծանոթներին հրավիրեց Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։ Նա որոշել էր. «Ով չգա, նրա հետ ընկերություն չեմ անի, իսկ ովքեր կգան, նրանց հետ Աստվածաշունչ կուսումնասիրեմ»։ Այսպես նա Աստվածաշնչի երեք ուսումնասիրություն սկսեց։ Նույնիսկ նախքան ժողովի անդամ դառնալը նա ուսումնասիրում էր իր բարեկամներից մեկի հետ, որը առաջադիմություն կատարեց և մկրտվեց Արիելի հետ միասին նույն օրը։ Արմինդան ասում է. «Կարծես նա նախկին Արիելը չլինի»։
Ռոբերտը պատմում է. «Այս ընտանիքի անդամներից 24–ը կանոնավորաբար հաճախում են ժողովի հանդիպումներին։ Նրանցից տասը մկրտված են, իսկ ութը չմկրտված քարոզիչ են։ Նկատելով նրանց վարքում տեղի ունեցած փոփոխությունները՝ որոշ մարդիկ նույնպես սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել և գալ ժողովի հանդիպումներին։ Ներկաների թիվը 100–ից հասել է 190–ի։ Ես և Քեթին Աստվածաշնչի մոտ 30 ուսումնասիրություն ենք անցկացնում և բոլորն էլ հաճախում են հանդիպումներին։ Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք»։
Այն, ինչ տեղի է ունենում Բոլիվիայի հեռավոր քաղաքներում, ընդամենը փոքրիկ մասն է այն համաշխարհային համախմբման, որի մասին կանխագուշակվել էր Աստվածաշնչում (Յայտնութիւն 7–րդ գլուխ)։ Այնտեղ ասվում է «Տիրոջ օրվա» ընթացքում այն մարդկանց համախմբման մասին, որոնք վերապրելու են մեծ նեղությունը (Յայտնութիւն 1։10, ՆԱ; 7։9–14)։ Նախկինում մարդկության պատմության մեջ երբեք միլիոնավոր մարդիկ միավորված չեն եղել միակ ճշմարիտ Աստծու երկրպագության մեջ։ Ի՜նչ ոգևորիչ ապացույց այն բանի, որ Աստծու խոստումների կատարման ժամանակը մոտ է։
[նկար 9-րդ էջի վրա]
Բեթի Ջեքսոնը
[նկար 9-րդ էջի վրա]
Պամելա Մոլսին
[նկար 9-րդ էջի վրա]
Էլսի Մեյնբերգը
[նկար 9-րդ էջի վրա]
Աջից առաջինը Շարլոտա Տոմաշավսկին
[նկար 10-րդ էջի վրա]
Էրիկն ու Վիկին եկել են ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա
[նկար 10-րդ էջի վրա]
Վակաների ընտանիքի անդամները ամեն շաբաթ հեծանիվներով երեք ժամ ճանապարհորդում են դեպի Թագավորության սրահ
[նկար 11-րդ էջի վրա]
Բենի գետի մոտակայքում ապրող գյուղացիները ուշադրությամբ լսում են բարի լուրը
[նկար 12-րդ էջի վրա]
Ռոբերտն ու Քեթին ծառայում են որպես միսիոներներ Կամիրիում