Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/1 էջ 12–16
  • Եհովան օգնեց ինձ, որ գտնեմ իրեն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան օգնեց ինձ, որ գտնեմ իրեն
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Չե՞ս կարող ինքդ աղոթել»
  • Վերադառնում եմ Դերբի
  • Ես նույն զգացումներն ունեի, ինչ որ Եզեկիելը
  • Գիտակցում եմ հոգևոր կարիքներս
  • Ավելի շատ օգնություն
  • Ութ երեխա՝ ճշմարտության մեջ. դժվարությամբ ձեռք բերված ուրախություն
    2006 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • Վերջապես մեր ընտանիքը միավորվեց
    2006 Դիտարան
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
2006 Դիտարան
w06 2/1 էջ 12–16

Կենսագրություն

Եհովան օգնեց ինձ, որ գտնեմ իրեն

ՊԱՏՄՈՒՄ Է ՖԼՈՐԵՆՍ ՔԼԱՐԿԸ

Ես բռնել էի ամուսնուս ձեռքը, որը ծանր հիվանդ էր։ Լինելով Անգլիկան եկեղեցու անդամ՝ աղոթում էի Աստծուն, որ ամուսինս ապաքինվեր, և խոստացա, որ եթե նա չմահանա, Աստծուն կփնտրեմ, մինչ որ գտնեմ, և ապա կյանքս կնվիրեմ նրան։

ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1937 թ. սեպտեմբերի 18–ին Ումբուլգուրիի բնիկների համայնքում, որը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի Քիմբեռլի սարահարթում։ Այդ ժամանակ իմ ազգանունը Չուլունգ էր։

Մտքումս հաճելի հիշողություններ են մնացել իմ մանկության անհոգ ու երջանիկ օրերից։ Աստծու և Աստվածաշնչի մասին որոշ հիմնական բաներ լսել եմ եկեղեցու մի միսիոներից, սակայն քրիստոնեական սկզբունքները ինձ սովորեցրել է մայրս։ Նա ինձ համար կանոնավորաբար կարդում էր Աստվածաշունչը, ուստի շատ վաղ հասակից իմ մեջ հոգևորի հանդեպ սեր է զարգացել։ Ինձ հիացնում էր նաև մորաքույրերիցս մեկը, որը իր եկեղեցում ծառայում էր որպես միսիոներ։ Ես սրտանց ցանկանում էի նրա օրինակին հետևել։

Մեր համայնքում, որը մի ժամանակ հայտնի էր Ֆորիսթ–Րիվեր Միսիա անունով, դպրոցներում կային միայն առաջինից հինգերորդ դասարաններ։ Ես դպրոց էի հաճախում առավոտյան, իսկ դասերը տևում էին ընդամենը երկու ժամ։ Հետևաբար իմ դպրոցական կրթությունը սահմանափակ էր, ինչը մտահոգում էր հորս։ Նա ցանկանում էր, որ իր երեխաները ավելի լավ կրթություն ստանային, ուստի որոշեց, որ մեր ընտանիքը Ումբուլգուրիից տեղափոխվի Ուինդհեմ։ Մեկնելու օրը շատ տխուր օր էր ինձ համար, սակայն Ուինդհեմում ես հնարավորություն ունեցա հաջորդ չորս տարիներին՝ 1949–1952 թթ., լիարժեք դպրոցական կրթություն ստանալու։ Ես երախտապարտ եմ հորս, որ ինձ կրթություն ստանալու հնարավորություն տվեց։

Մայրս աշխատում էր մեր տարածքի բժշկի մոտ, և երբ ես 15 տարեկան հասակում ավարտեցի դպրոցը, այդ բժիշկն ինձ առաջարկեց աշխատել որպես բուժքույր Ուինդհեմի հիվանդանոցում։ Ես սիրով ընդունեցի առաջարկը, քանի որ այդ ժամանակ դժվար էր աշխատանք գտնելը։

Մի քանի տարի անց ես հանդիպեցի Ալեք անունով մի սպիտակամորթ երիտասարդի, որն անասնաբուծական ֆերմայի աշխատող էր։ Մենք ամուսնացանք 1964 թ.–ին Դերբի քաղաքում, որտեղ ես կանոնավորաբար Անգլիկան եկեղեցի էի հաճախում։ Մի օր մեր տան դուռը թակեցին Եհովայի վկաները։ Ես ասացի, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում նրանց լուրը, և խնդրեցի այլևս չայցելել։ Սակայն նրանք նշեցին մի բան, որը հետաքրքրություն առաջացրեց իմ մեջ. Աստված անուն ունի՝ Եհովա։

«Չե՞ս կարող ինքդ աղոթել»

1965 թ.–ին իմ կյանքում դժվար ժամանակներ սկսվեցին։ Ամուսինս երեք լուրջ վթարների ենթարկվեց՝ երկուսը իր ձիու պատճառով, իսկ մեկը՝ ավտոմեքենայի։ Բարեբախտաբար նա ապաքինվեց և վերադարձավ իր աշխատանքին։ Կարճ ժամանակ անց, սակայն, նա մեկ ուրիշ վթարի ենթարկվեց ձիու պատճառով։ Այս անգամ նա գլխուղեղի ծանր վնասվածք ստացավ։ Երբ եկա հիվանդանոց, բժիշկն ասաց, որ նա մահամերձ է։ Ես անչափ ընկճված էի։ Բուժքույրերից մեկը խնդրել էր քահանային, որ ինձ մոտ գար, սակայն քահանան ասել էր. «Հիմա չեմ կարող գալ։ Վաղը կգամ»։

Ես ցանկանում էի, որ քահանան իմ կողքին լիներ և ինձ հետ միասին աղոթեր, ու իմ այդ ցանկության մասին ասացի միանձնուհուն։ Նա ասաց. «Ի՞նչ է պատահել քեզ։ Չե՞ս կարող ինքդ աղոթել»։ Ուստի ես սկսեցի օգնության համար աղոթել եկեղեցու սրբապատկերների առջև, բայց անարդյունք։ Թվում էր, թե ամուսնուս այլևս ոչինչ չի փրկի։ Մտածում էի. «Ի՞նչ կանեմ, եթե նա մահանա»։ Նաև անհանգստանում էի երեք երեխաներիս՝ Քրիստինի, Նանետի և Ջեֆրիի համար։ Ինչպիսի՞ կյանք կունենան նրանք, եթե առանց հոր մեծանան։ Որքա՜ն ուրախացա, որ ամուսինս երեք օրից գիտակցության եկավ և 1966 թ. դեկտեմբերի 6–ին դուրս գրվեց հիվանդանոցից։

Չնայած որ ամուսինս ընդհանուր առմամբ ապաքինվեց, սակայն այդ վթարի պատճառով նրա ուղեղին հասցված վնասը մնաց։ Նա որոշ չափով կորցրեց հիշողությունը և ավելի հակված էր բռնություն գործադրելու, նաև տրամադրության կտրուկ փոփոխություններ էր ունենում։ Նա չէր կարողանում ընդհանուր լեզու գտնել մեր երեխաների հետ, և եթե նրանք չէին վարվում այնպես, ինչպես մեծահասակները կվարվեին, շատ ագրեսիվ էր դառնում։ Շատ դժվար էր նրան խնամելը։ Գրեթե ամեն բան ես պետք է անեի նրա համար։ Նույնիսկ նորից կարդալ–​գրել էի սովորեցնում։ Ամուսնուս խնամելու և մյուս տնային գործերն անելու լարվածության դիմաց շատ թանկ վճարեցի. նյարդային խանգարում ստացա։ Ալեքին պատահած դեպքից յոթ տարի անց մենք համաձայնության եկանք որոշ ժամանակ իրարից անջատ ապրելու, որպեսզի ես կարողանայի ապաքինվել։

Ես երեխաներիս հետ տեղափոխվեցի հարավում գտնվող Փերթ քաղաքը։ Մինչև իմ տեղափոխվելը քույրս, որն ապրում էր Կունունարայում՝ Արևմտյան Ավստրալիայի մի փոքրիկ քաղաքում, սկսել էր ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում»a գրքում նա ինձ մի նկար ցույց տվեց, որում պատկերված էր երկրային դրախտի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումը։ Այդ գրքում նա նաև ցույց տվեց, որ Աստված անուն ունի՝ Եհովա, և դա ինձ հետաքրքրեց։ Քանի որ եկեղեցում երբեք այդ բաների մասին չէի լսել, որոշեցի Փերթ գալուն պես հեռախոսով կապ հաստատել Եհովայի վկաների հետ։

Սակայն ես վարանում էի դա անել։ Մի երեկո հնչեց մեր դռան զանգը։ Որդիս մոտեցավ դռանը և շտապ վերադարձավ ինձ մոտ՝ ասելով. «Մայրի՛կ, այն մարդիկ, որոնց դու պետք է զանգահարեիր, այստեղ են»։ Ես անակնկալի եկա և ասացի. «Նրանց ասա, որ ես տանը չեմ»։ Բայց նա պատասխանեց. «Դու գիտես, որ ես չեմ կարող սուտ խոսել, մայրի՛կ»։ Ընդունելով դիտողությունը՝ ես մոտեցա դռանը։ Այցելուներին ողջունելիս նրանց հայացքների մեջ շփոթություն նկատեցի։ Նրանք ակնկալում էին տեսնել մեկ ուրիշ մարդու, որն արդեն տեղափոխվել էր այդ տնից։ Ես նրանց ներս հրավիրեցի, մի շարք հարցեր տվեցի և ստացա այդ հարցերի գոհացուցիչ պատասխանները Աստվածաշնչից։

Հաջորդ շաբաթվանից սկսեցի Վկաների հետ կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գրքով։ Ուսումնասիրության շնորհիվ իմ մեջ դարձյալ սեր արթնացավ հոգևորի հանդեպ։ Երկու շաբաթ անց ներկա եղա Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Սկսեցի հաճախել կիրակի օրերին անցկացվող հանդիպմանը, իսկ կարճ ժամանակ անց նաև շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումներին։ Նաև սկսեցի ուրիշներին պատմել այն, ինչ սովորում էի։ Նկատեցի, որ երբ օգնում եմ ուրիշներին սովորել Աստվածաշնչի ճշմարտությունները, բարելավվում է իմ մտավոր և էմոցիոնալ վիճակը։ Վեց ամիս անց մկրտվեցի Փերթում անցկացված մարզային համաժողովի ժամանակ։

Քանի որ ես հոգևորապես առաջադիմում էի, շուտով հասկացա ամուսնության սրբության վերաբերյալ Եհովայի տեսակետը։ Հասկացա նաև Ա Կորնթացիս 7։13–ում գրված հետևյալ սկզբունքը. «Մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չ’թողէ»։ Այս սուրբգրային համարը մղեց ինձ, որ վերադառնամ Ալեքի մոտ։

Վերադառնում եմ Դերբի

Դերբի վերադարձա 1979 թ. հունիսի 21–ին՝ ամուսնուցս հեռանալուց ավելի քան 5 տարի հետո։ Իհարկե, ինձ տարբեր զգացումներ էին պատել։ Սակայն ես զարմացա՝ տեսնելով նրա արձագանքը։ Նա ուրախ էր, որ ես վերադարձել էի, չնայած փոքր–​ինչ հիասթափություն ապրեց՝ իմանալով, որ դարձել եմ Եհովայի վկա։ Նա անմիջապես առաջարկեց ինձ այցելել իր եկեղեցի, ուր հաճախում էի Փերթ տեղափոխվելուց առաջ։ Ես բացատրեցի, որ չեմ կարող նման բան անել։ Ինձանից մեծ ջանքեր էին պահանջվում նրա գլխավորությունը հարգելու համար, և ես ձեռքիցս եկած ամեն բան անում էի՝ որպես քրիստոնյա կին։ Փորձում էի նրա հետ զրուցել Եհովայի, ինչպես նաև ապագայի վերաբերյալ նրա հրաշալի խոստումների մասին, սակայն դա նրան բոլորովին չէր հետաքրքրում։

Ժամանակի ընթացքում, սակայն, Ալեքը ոչ միայն հավանություն տվեց իմ ընտրած կյանքի նոր ուղուն, այլև սկսեց ֆինանսապես օգնել ինձ, որ կարողանամ ներկա գտնվել շրջանային և մարզային համաժողովներին, ինչպես նաև շաբաթական հանդիպումներին։ Ես անչափ ուրախացա, երբ նա ինձ համար ավտոմեքենա գնեց (ինչը Ավստրալիայի այս հեռավոր մասում արժեքավոր բան է), որը ես կարող էի օգտագործել քրիստոնեական ծառայությանը մասնակցելիս։ Եղբայրներն ու քույրերը, այդ թվում նաև շրջանային վերակացուն հաճախ մի քանի գիշեր մնում էին մեր տանը։ Դա հնարավորություն տվեց Ալեքին ծանոթանալ տարբեր Վկաների հետ։ Նրան դուր էր գալիս նրանց հետ շփումը։

Ես նույն զգացումներն ունեի, ինչ որ Եզեկիելը

Ես ուրախանում էի, երբ եղբայրներն ու քույրերը այցելում էին ինձ։ Սակայն մի դժվարություն կար. ես միակ Վկան էի Դերբիում։ Մոտակա ժողովը գտնվում էր Բրում քաղաքում՝ 220 կմ հեռու։ Ուստի որոշեցի ձեռքիցս եկած ամեն բան անել բարի լուրը տարածելու համար։ Եհովայի օգնությամբ հավաքեցի ուժերս և սկսեցի քարոզել տնից տուն։ Թեև դա հեշտ չէր, բայց մտքումս պահում էի Պողոս առաքյալի խոսքերը. «Ամէն բանի կարող եմ անով՝ որ զիս զօրացուց» (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։

Տեղի հոգևորականությանը դուր չէր գալիս իմ ծավալած գործունեությունը, հատկապես այն, որ քարոզում էի բնիկներին։ Նրանք փորձում էին վախեցնել և խանգարել ինձ քարոզելու։ Մինչդեռ նրանց հակառակությունն ինձ ավելի վճռական էր դարձնում շարունակելու իմ գործը, և ես միշտ աղոթում էի Եհովային օգնություն ստանալու համար։ Հաճախ էի մտաբերում Եզեկիելին ասված հետևյալ քաջալերական խոսքերը. «Ահա ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։ Անդամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը, նորանցից մի վախենար, եւ մի զարհուրիր նորանց երեսիցը» (Եզեկիէլ 3։8, 9)։

Մի քանի անգամ երկու տղամարդիկ, որոնք եկեղեցու անդամ էին, մոտեցան ինձ, երբ ես գնումներ էի կատարում։ Նրանք գոռգոռալով ծաղրեցին ինձ՝ փորձելով գրավել մյուս հաճախորդների ուշադրությունը։ Ես անտեսեցի նրանց։ Մի անգամ երբ վերայցելում էի հետաքրքրություն ցույց տվող մի կնոջ, մեզ մոտեցավ տեղի եկեղեցու ծառայողներից մեկը և մեղադրեց ինձ՝ ասելով, որ չեմ հավատում Հիսուսին։ Նա ձեռքիցս խլեց Աստվածաշունչը, թափահարեց այն երեսիս առջև և ետ դրեց ափիս մեջ։ Նայելով ուղիղ նրա աչքերի մեջ՝ ես հանգիստ, բայց հաստատուն ձայնով մեջբերեցի Յովհաննէս 3։16–ը և հավաստիացրի նրան, որ ես հավատում եմ Հիսուսին։ Նա ապշեց իմ վստահ պատասխանից և հեռացավ՝ առանց որևէ բան ասելու։

Ես հաճույքով էի քարոզում Դերբի քաղաքի բնիկներին։ Տեղի քահանաներից մեկը փորձում էր արգելել ինձ քարոզելու համայնքներից մեկում, սակայն նրան տեղափոխեցին ուրիշ վայր։ Այսպիսով՝ կարողացա Աստվածաշնչի պատգամը պատմել այդ մարդկանց։ Ես միշտ երազում էի մորաքրոջս պես դառնալ միսիոներ և այժմ, փաստորեն, միսիոներական գործ էի կատարում՝ օգնելով մարդկանց սովորել Աստծու Խոսքի մասին։ Բնիկներից շատերը դրականորեն էին արձագանքում իմ քարոզած լուրին, և ես Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություններ սկսեցի։

Գիտակցում եմ հոգևոր կարիքներս

Հինգ տարի ես միակ Եհովայի վկան էի Դերբիում։ Ինձ համար դժվար էր հոգևորապես ամուր մնալ՝ առանց այն քաջալերության, որ ստանում ենք՝ ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելով և հավատակիցների հետ շփվելով։ Մի անգամ անչափ ընկճված էի և գնացի ավտոմեքենայով շրջելու։ Երբ ճաշից հետո տուն վերադարձա, տեսա, որ մի քույր իր յոթ երեխաների հետ ինձ է սպասում։ Նրանք մեծ քանակությամբ գրականություն էին բերել Բրումի ժողովից, որը գտնվում էր շատ հեռու։ Այդ ժամանակից սկսած՝ այդ քույրը՝ Բեթի Բաթերֆիլդը, ամիսը մեկ անգամ գալիս էր Դերբի և հանգստյան օրերին մնում էր ինձ մոտ։ Մենք միասին գնում էինք քարոզչական ծառայության, ապա մեր տանը ուսումնասիրում էինք «Դիտարանը»։ Ես էլ իմ հերթին ամիսը մեկ անգամ գնում էի Բրում։

Բրումի եղբայրները ինձ շատ էին օգնում և ժամանակ առ ժամանակ երկար ճանապարհ էին կտրում–​անցնում մինչև Դերբի, որպեսզի աջակցություն ցույց տային ինձ քարոզչական ծառայության մեջ։ Նրանք խրախուսում էին մյուս քաղաքներում ծառայող այն եղբայրներին և քույրերին, որոնք անցնում էին Դերբի քաղաքի միջով, որ ինձ այցելեին և ինձ հետ միասին մասնակցեին ծառայությանը։ Այդ եղբայրներն ու քույրերը նաև հանրային ելույթների ձայնագրություններ էին բերում։ Ոմանք ինձ հետ միասին մասնակցում էին «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Այս կարճատև այցելությունները շատ քաջալերական էին։

Ավելի շատ օգնություն

Մի քանի տարի ինձ օգնեցին Արթուր և Մարի Ուիլիսները՝ թոշակառու ամուսիններ, որոնք ապրում էին Արևմտյան Ավստրալիայի հարավային հատվածում։ Նրանք գալիս էին տարվա զով եղանակին՝ երեք ամսով։ Հանդիպումների մեծ մասը անցկացնում էր եղբայր Ուիլիսը։ Նա նաև առաջնորդություն էր վերցնում քարոզչական ծառայության մեջ։ Մենք ճանապարհորդում էինք մինչև Քիմբեռլի սարահարթի հեռավոր վայրերը և այցելում էինք այդ շրջանների անասնապահական ֆերմաները։ Ամեն անգամ երբ եղբայր և քույր Ուիլիսները մեկնում էին, ինձ պատում էր դատարկության զգացումը։

Վերջ ի վերջո, 1983 թվականի վերջերին մի ուրախ լուր ստացա. մի ընտանիք՝ Դանի և Դենիզ Սթերջենները և նրանց չորս որդիները պատրաստվում էին տեղափոխվել Դերբի։ Նրանց տեղափոխվելուց հետո մենք սկսեցինք կանոնավորաբար անցկացնել շաբաթական հանդիպումները և միասին մասնակցել քարոզչական ծառայությանը։ 2001 թ.–ին մեր քաղաքում ժողով կազմավորվեց։ Այսօր Դերբիում մի ամուր ժողով կա, որում ծառայում են Թագավորության 24 քարոզիչներ։ Նաև ունենք երկու երեց և մեկ ծառայող օգնական, որոնք հոգում են մեր հոգևոր կարիքները։ Երբեմն հանդիպումներին ներկա է լինում 30 հոգի։

Հետադարձ հայացք նետելով անցած տարիներին՝ սիրտս ջերմությամբ է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես է Եհովան սիրով օգնության ձեռք մեկնել, որ ծառայեմ իրեն։ Թեև ամուսինս դեռ չի միացել ինձ հավատի հարցում, սակայն նա շարունակում է ուրիշ կերպերով աջակցություն ցույց տալ։ Իմ հարազատներից հինգը դարձել են Վկաներ՝ երկու դուստրերս, երկու թոռներս և քրոջս աղջիկը։ Բացի այդ, բարեկամներիցս մի քանիսը Եհովայի Վկաների հետ ուսումնասիրում են Աստվածաշունչը։

Ես իսկապես երախտապարտ եմ Եհովային, որ օգնեց ինձ գտնել իրեն։ Ես վճռել եմ հավիտյան նվիրված մնալ նրան (Սաղմոս 65։2)։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, սակայն այժմ չի տպագրվում։

[քարտեզ/նկարներ 15-րդ էջի վրա]

ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ուինդհեմ

Քիմբեռլի սարահարթ

Դերբի

Բրում

Փերթ

[թույլտվությամբ]

Kangaroo and lyrebird: Lydekker; koala: Meyers

[նկար 14-րդ էջի վրա]

Աշխատում եմ որպես բուժքույր Ուինդհեմի հիվանդանոցում, 1953 թ.

[նկար 15-րդ էջի վրա]

Դերբիի ժողովը, 2005 թ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը