Հարստություն և բարոյականություն. անցյալի մի պատմություն
ՀԱԶԱՐ վեց հարյուր երեսուն թվականի ապրիլի յոթին չորս նավ, որի վրա կար մոտ չորս հարյուր ուղևոր, Անգլիայից ճանապարհ ընկավ դեպի Նոր Աշխարհ։ Ուղևորներից շատերը բավականաչափ կրթված անձնավորություններ էին։ Մյուսները հաջողակ գործարարներ էին։ Նույնիսկ կային խորհրդարանի անդամներ։ Նրանց հայրենիքում տնտեսական ճգնաժամ էր. դրությունն ավելի վատացավ հատկապես Երեսնամյա պատերազմի ժամանակ (1618–1648)։ Ուղղություն բռնելով դեպի անորոշությունը՝ նրանք թողեցին իրենց տները, աշխատանքը, բարեկամներին և գնացին ավելի լավ հնարավորություններ որոնելու։
Սակայն այդ ճանապարհորդները, որոնց սրտերը լի էին հույսերով, ընդամենը շահախնդիր առևտրականներ չէին։ Նրանք ջերմեռանդ պուրիտաններ էին, որոնք փախչում էին կրոնական հալածանքից։a Նրանց իսկական նպատակն էր ստեղծել մի աստվածասեր համայնք, որտեղ նրանք և նրանց սերունդները կկարողանային նյութապես բարգավաճել և միևնույն ժամանակ չհեռանալ Աստվածաշնչի չափանիշներից։ Ափ իջնելով Սեյլեմում (Մասաչուսեթս)՝ այդ մարդիկ շուտով հաստատվեցին մերձակա մի տարածքում։ Իրենց նոր տունը կոչեցին Բոսթոն։
Անհամատեղելի գաղափարներ
Նոր գաղութում Ջոն Ուինթրոփը՝ նրանց առաջնորդն ու ղեկավարը, ոչ մի ջանք չխնայեց մասնավոր սեփականության զարգացման և հանրության բարօրության համար։ Նա ցանկանում էր, որ մարդիկ ունենան թե՛ փող, թե՛ բարոյական արժեքներ։ Բայց դրանք իրականում անհամատեղելի գաղափարներ էին։ Նախազգալով, որ դժվարություններ կլինեն՝ նա իր ընկերակիցների հետ հանգամանորեն խոսեց հարստության դերի մասին աստվածավախ հասարակության մեջ։
Պուրիտանական մյուս առաջնորդների պես՝ Ուինթրոփը հավատում էր, որ հարստության ձգտելն ինքնին սխալ չէ։ Ըստ նրա՝ հարուստ լինելու գլխավոր նպատակը ուրիշներին օգնելն է։ Հետևաբար, որքան ավելի հարուստ է անհատը, այնքան ավելի շատ բարիք կարող է գործել։ «Քիչ էին այն բաները, որոնք հարստությունից ավելի էին հետաքրքրում պուրիտաններին,— նշում է պատմաբան Պատրիցիա Օ’Թուլը։— Հարուստ լինելը, մի կողմից, Աստծու օրհնության նշան էր և, մյուս կողմից, զորավոր գայթակղություն՝ տրվելու հպարտության մեղքին.... և մարմնի մեղքերին»։
Որպեսզի մարդիկ խուսափեին հարստության և շքեղության ծնած մեղքերից, Ուինթրոփը նրանց կոչ էր անում չափավոր և զուսպ լինել, աստվածապաշտություն և փոխադարձ սեր դրսևորել։ Սակայն նրա գաղափարները դուր չէին գալիս իր շահամոլ համաքաղաքացիներին։ Այլախոհները սկսեցին անհամաձայնություն արտահայտել այն առնչությամբ, որ Ուինթրոփը խառնվում է իրենց անձնական գործերին։ Ոմանք առաջ քաշեցին ընտրական ժողով ստեղծելու գաղափարը, որը լիազորված կլիներ որոշումներ կայացնելու։ Մյուսները ոչինչ չառաջարկեցին, պարզապես տեղափոխվեցին հարևան Քոնեկտիկուտ նահանգ՝ ինքնուրույն կյանք վարելու։
«Հնարավորություն, բարգավաճում, ժողովրդավարություն. սրանք զորեղ ազդակներ էին պուրիտանական Մասաչուսեթսի կյանքում և մարդկանց սրտերում բորբոքում էին ձգտումներ՝ ի հեճուկս Ուինթրոփի հանրօգուտ նկրտումների»,— ասում է Օ’Թուլը։ 1649 թ.–ին Ուինթրոփը մահացավ 61 տարեկան հասակում՝ գրեթե ոչ մի գրոշ չունենալով։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ նորաստեղծ գաղութը շարունակեց գոյատևել, բայց Ուինթրոփի երազանքն այդպես էլ չիրականացավ։
Որոնումները շարունակվում են
Ջոն Ուինթրոփի՝ ավելի լավ աշխարհ ստեղծելու իդեալիստական հայացքները չվերացան նրա մահով։ Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Աֆրիկայից, Հարավային Ասիայից, Արևելյան Եվրոպայից և Լատինական Ամերիկայից գաղթում են ուրիշ երկրներ՝ հուսալով ավելի լավ կյանք գտնել։ Նրանցից ոմանք ոգեշնչվում են լույս տեսնող հարյուրավոր նոր գրքերից, սեմինարներից և ինտերնետային կայքերից, որոնք մարդկանց «բացատրում» են հարստանալու գաղտնիքը։ Պարզ է, որ շատերը դեռևս ձգտում են հարստանալ՝ միևնույն ժամանակ ցանկանալով պահպանել իրենց բարոյական արժեքները։
Անկեղծ ասած՝ արդյունքները ցավալի են։ Ովքեր հարստության ետևից են ընկնում, շատ հաճախ իրենց սկզբունքները, իսկ երբեմն էլ հավատը, մատուցում են որպես զոհ Մամոնայի զոհասեղանի վրա։ Ուստի, ձեր մեջ գուցե հարց առաջանա. «Կարո՞ղ է անհատը լինել ճշմարիտ քրիստոնյա և միևնույն ժամանակ՝ հարուստ։ Երբևէ կտեսնե՞նք աստվածավախ հասարակություն, որը բարեկեցիկ կլինի թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումով»։ Աստվածաշունչն ունի այս հարցերի պատասխանները, ինչպես կտեսնեք՝ կարդալով հաջորդ հոդվածը։
[ծանոթագրություն]
a «Պուրիտաններ» անունը 16–րդ դարում տրվեց Անգլիայի եկեղեցու այն բողոքական անդամներին, որոնք ցանկանում էին մաքրել եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու անգամ ամենաչնչին ազդեցությունից։
[նկար 3-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Boats: The Complete Encyclopedia of Illustration/J. G. Heck; Winthrop: Brown Brothers