«Աստծուն պետք է ավելի հնազանդվել որպես ղեկավարի, քան թե մարդկանց»
‘Եհովան իմ փրկությունն է’
ԵՀՈՎԱՅԻ ժողովուրդը կանգնած էր ընտրության առաջ. ենթարկվել հին Եգիպտոսի դաժան թագավորին կամ հնազանդվել Եհովա Աստծուն, թողնել այն երկիրը, որտեղ գերի էին և բնակություն հաստատել Ավետյաց երկրում։
Եգիպտոսի ամբարտավան փարավոնը չցանկացավ բաց թողնել Եհովայի ժողովրդին, ուստի Աստված տասը պատուհաս բերեց այդ երկրի վրա։ Որքան լավ դա ցույց տվեց, թե ինչ զորություն ունի Եհովան։ Եգիպտոսի աստվածները անզոր էին ինչ–որ բան անել այդ հարվածները կանխելու համար։
Երբ փարավոնին ասվեց, որ թույլ տա Աստծու ժողովրդին հեռանալ այդ երկրից, նա հեգնանքով պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս» (Ելից 5։2)։ Դրա հետևանքը եղավ այն, որ Եգիպտոսի վրա հետևյալ պատուհասները եկան. 1) Ջուրը վերածվեց արյան, 2) հայտնվեցին գորտեր, 3) մոծակներ, 4) շնաճանճեր, 5) կենդանիների մեջ համաճարակ ընկավ, 6) մարդկանց և կենդանիների վրա թարախակալված վերքեր առաջացան, 7) որոտ և կարկուտ տեղաց, 8) հայտնվեցին մորեխներ, 9) համատարած խավար եղավ, 10) մահացան Եգիպտոսի առաջնեկները, այդ թվում նաև փարավոնի անդրանիկ որդին։ Այս ամենից հետո փարավոնը վերջապես ազատ արձակեց իսրայելացիներին։ Նա նույնիսկ ստիպեց նրանց շուտ հեռանալ երկրից (Ելից 12։31, 32)։
Գրեթե երեք միլիոն իսրայելացիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես նաև մի խառը բազմություն արագորեն հեռացան այնտեղից (Ելից 12։37, 38)։ Սակայն շուտով փարավոնը սկսեց հետապնդել նրանց իր հսկայական զորաբանակով։ Իսրայելացիները ծուղակի մեջ հայտնվեցին. նրանք գտնվում էին Կարմիր ծովի, անողորմ անապատի և փարավոնի զինված ուժերի միջև։ Այնուհանդերձ Մովսեսը քաջալերեց իսրայելացիներին. «Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը» (Ելից 14։8–14)։
Եհովան հրաշքով երկու մասի բաժանեց Կարմիր ծովը, որպեսզի իսրայելացիները կարողանան փախչել։ Բայց երբ եգիպտացիները նրանց հետևեցին, Աստված այնպես արեց, որ ծովի ջրերը ետ դառնան և «Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը [Եհովան] ծովը գցեց» (Ելից 14։26–28; 15։4)։ Քանի որ մեծամիտ փարավոնը հրաժարվեց Եհովային պատվելուց, նա կործանվեց։
Կարմիր ծովում Եհովան ցույց տվեց, որ ինքը «հզօր պատերազմող է» (Ելից 15։3)։ Ներշնչված Գրություններում ասվում է. «Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային» (Ելից 14։31; Սաղմոս 136։10–15)։ Նրանք արտահայտեցին իրենց խորը երախտագիտությունը Աստծու հանդեպ։ Տղամարդիկ, միանալով Մովսեսին, հաղթական երգ երգեցին, իսկ կանայք Մովսեսի քույր Մարիամի հետ շուրջպար բռնեցին։a
Եհովան մինչև այժմ էլ փրկում է
Ներկայիս Եհովայի վկաները կարող են հավատն ամրացնող դասեր սովորել աստվածային ազատագրման այս ակնառու օրինակից։ Դասերից մեկն այն է, որ Եհովան անսահման զորություն ունի և կարող է պաշտպանել իր ժողովրդին։ Իրենց հաղթական երգում Մովսեսն ու իսրայելացիները այսպիսի խոսքեր ասացին. «Քո աջ ձեռքն, ով Եհովայ, փառաւորուած է զօրութեամբ. Քո աջ ձեռքը, ով Եհովա խորտակեց թշնամուն» (Ելից 15։6)։
Մեկ ուրիշ դաս էլ այն է, որ Ամենակարող Աստված մեծ ցանկություն ունի պաշտպանելու իր ժողովրդին։ Իսրայելացիները երգեցին. «Եհովան իմ զօրութիւնն ու իմ գովութիւնն է, Եւ իմ փրկութիւնը եղաւ. Նա իմ Աստուածն է. եւ ես կ’փառաւորեմ նորան»։ Երրորդ դասն էլ այն է, որ ոչ ոք չի կարող հաջողության հասնել Եհովա Աստծու կամքին հակառակվելիս։ Իրենց հաղթական երգում Աստծու ազատագրված ժողովուրդն ասաց. «Ո՞վ է աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ. Ո՞վ է քեզ պէս՝ սրբութեան մէջ փառաւորուած օրհնութիւններով սքանչելի, Հրաշքներ անող» (Ելից 15։2, 11)։
Ինչպես որ հին Եգիպտոսի փարավոնը, աշխարհի ներկայիս կառավարիչները նույնպես հալածում են Եհովայի ժողովրդին։ Այդ հպարտ մարդիկ նույնիսկ կարող են ‘Բարձրյալի դեմ խոսքեր խոսել եւ Բարձրյալի սուրբերին հարստահարել’ (Դանիէլ 7։25; 11։36)։ Սակայն Եհովան իր ժողովրդին հավաստիացնում է. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի, եւ ամեն լեզու որ վեր կենայ քեզ դէմ դատաստանի, պիտի դատապարտուի. սա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը, եւ նորանց արդարութիւնը ինձանից է, ասում է Տէրը» (Եսայիա 54։17)։
Աստծու հակառակորդները հաջողության չեն հասնի, ճիշտ ինչպես փարավոնն ու նրա զորքը։ Եհովայի ազատագրական գործերը, ինչպես օրինակ իսրայելացիների ազատագրումը Եգիպտոսից, վկայում են, որ ճիշտ կլինի հետևել այն սկզբունքին, որ Հիսուսը տվեց իր առաքյալներին։ Նա ասաց. «Աստծուն պետք է ավելի հնազանդվել որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29, ՆԱ)։
[ծանոթագրություն]
a Տես «Եհովայի վկաների 2006 թ. օրացույցը», հունվար–փետրվար (անգլ., ռուս.)։
[շրջանակ/նկար 9-րդ էջի վրա]
ԳԻՏԵԻ՞Ք
• Եհովան այնպես արեց, որ ուժեղ քամի փչի ողջ գիշեր, որպեսզի իսրայելացիները կարողանան անցնել Կարմիր ծովի միջով չոր գետնի վրայով (Ելից 14։21, 22)։
• Ճանապարհի լայնությունը պետք է լիներ 1,5 կիլոմետր կամ դրանից ավելի, որպեսզի միլիոնավոր իսրայելացիներ կարողանային անցնել Կարմիր ծովի միջով կարճ ժամանակում։
[նկարներ 9-րդ էջի վրա]
Եգիպտոսի կեղծ աստվածները չկարողացան կանխել տասը պատուհասները, որ Եհովան բերեց նրա վրա
[թույլտվությամբ]
All three figurines: Photograph taken by courtesy of the British Museum