Մենոնիտները փնտրում են աստվածաշնչային ճշմարտությունը
ԵՐԿՈՒ հազար թվականի նոյեմբերյան մի առավոտ էր։ Բոլիվիայում ծառայող մի քանի Եհովայի վկա միսիոներներ իրենց փոքրիկ տան պատուհանից դուրս նայեցին և տեսան հասարակ հագնված տղամարդկանց ու կանանց, որոնք անհանգիստ կանգնած էին դարպասի մոտ։ Երբ միսիոներները բացեցին դուռը, այցելուների առաջին խոսքն էր. «Մենք ցանկանում ենք իմանալ աստվածաշնչային ճշմարտությունը»։ Այցելուները մենոնիտներ էին։ Տղամարդիկ կոմբինեզոն էին հագել, իսկ կանայք կրում էին մուգ գույնի գոգնոցներ։ Նրանք իրար հետ խոսում էին գերմաներեն բարբառներից մեկով։ Եկվորների աչքերում վախ կար. նրանք այս ու այն կողմ էին նայում՝ տեսնելու, թե արդյոք իրենց չեն հետևում։ Բայց չնայած դրան՝ երիտասարդներից մեկը, երբ խումբը նույնիսկ դեռ չէր մտել տուն, ասաց. «Ես ուզում եմ ճանաչել այն մարդկանց, ովքեր օգտագործում են Աստծու անունը»։
Տանտերերը այցելուներին հյուրասիրություն ցույց տվեցին, ինչը նրանց հանգստացրեց և թարմացրեց։ Նրանք եկել էին մի հեռավոր, մեկուսի գյուղատնտեսական գաղթավայրից։ Այնտեղ նրանք վեց տարի շարունակ փոստով ստանում էին «Դիտարան» պարբերագիրը։ «Մենք կարդացել ենք, որ երկրի վրա դրախտ է լինելու։ Մի՞թե դա ճիշտ է»,— հարցրեցին նրանք։ Վկաները Աստվածաշնչից ցույց տվեցին պատասխանը (Եսայիա 11։9; Ղուկաս 23։43, ՆԱ; Բ Պետրոս 3։7, 13; Յայտնութիւն 21։3, 4)։ «Տեսնո՛ւմ եք,— ասաց եկվորներից մեկը մյուսներին։— «Սա ճի՛շտ է։ Երկրի վրա կլինի՛ դրախտ»։ Նրանցից յուրաքանչյուրն ասում էր. «Կարծում եմ, մենք գտել ենք ճշմարտությունը»։
Իսկ ովքե՞ր են մենոնիտները։ Ի՞նչ հավատալիքներ ունեն նրանք։ Այս հարցերին պատասխանելու համար գնանք ետ դեպի 16–րդ դար։
Ովքե՞ր են մենոնիտները
16–րդ դարում եվրոպական լեզուներով Աստվածաշնչի թարգմանության և տպագրության գործը սկսեց վերելք ապրել, ու եվրոպացիների շրջանում նոր հետաքրքրություն առաջ եկավ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդեպ։ Մարտին Լյութերը և այլ բարեփոխիչներ կաթոլիկ եկեղեցու շատ ուսմունքներ մերժեցին։ Այդուհանդերձ, նորաստեղծ բողոքական եկեղեցիները բազմաթիվ ոչ սուրբգրային ուսմունքներ պահեցին։ Օրինակ՝ մեծամասամբ ակնկալվում էր, որ յուրաքանչյուր նորածին երեխա եկեղեցում մկրտվի։ Բայց աստվածաշնչային ճշմարտությունը փնտրող որոշ մարդիկ հասկացան, որ անհատը քրիստոնեական ժողովի անդամ է դառնում միայն գիտակցական որոշում կայացնելուց հետո՝ նախքան իր մկրտությունը (Մատթէոս 28։19, 20)։ Եռանդուն քարոզիչները, որ այս համոզմունքին էին, ճամփորդում էին քաղաքներով և գյուղերով՝ Աստվածաշունչ ուսուցանելով և չափահասներին մկրտելով։ Նրանք կոչվեցին անաբապտիստներ, որը նշանակում է «կրկին մկրտողներ»։
Ճշմարտությունը փնտրողներից մեկը, որ հարեց անաբապտիստներին, Մենո Սիմոնսն էր՝ մի կաթոլիկ քահանա Վիտմարսում գյուղից (հյուսիսային Նիդեռլանդներ)։ 1536 թ.–ին նա իր բոլոր կապերը եկեղեցու հետ խզեց և դարձավ հետապնդվող անձնավորություն։ 1542 թ.–ին Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կարլոս V–ը անձամբ խոստացավ 100 գուլդեն տալ այն մարդուն, ով կբռնի Սիմոնսին։ Չնայած հալածանքին՝ Մենո Սիմոնսը որոշ թվով անաբապտիստներից կարողացավ ժողովներ կազմավորել։ Նա և նրա հետևորդները շուտով սկսեցին կոչվել մենոնիտներ։
Մենոնիտներն այսօր
Հալածանքի պատճառով հազարավոր մենոնիտներ ժամանակի ընթացքում արևմտյան Եվրոպայից տեղափոխվեցին հյուսիսային Ամերիկա։ Այստեղ նրանք հնարավորություն ունեցան շարունակել ճշմարտության որոնումները և տարածել իրենց խոսքը։ Բայց այն եռանդը, որ Աստվածաշնչի ուսումնասիրության և հանրային քարոզչության հանդեպ ցուցաբերել էին նրանց նախորդները, հիմնականում խամրել էր։ Մեծամասնությունը ոչ սուրբգրային ուսմունքներ որդեգրեց, օրինակ՝ Երրորդություն, հոգու անմահություն, դժոխք (Ժողովող 9։5; Եզեկիէլ 18։4, ՆԱ; Մարկոս 12։29)։ Ներկայումս մենոնիտ միսիոներների ջանքերը ավելի շատ ուղղված են բժշկական ու սոցիալական ծառայություններ կատարելուն, քան ավետարանչությամբ զբաղվելուն։
Ըստ հաշվարկների՝ այժմ 65 երկրներում ապրում է մոտավորապես 1 300 000 մենոնիտ։ Սակայն մերօրյա մենոնիտները, ինչպես դարեր առաջ Մենո Սիմոնսը, գանգատվում են իրենց շարքերում միասնության բացակայությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլոբալ հակամարտությունների վերաբերյալ եղած տարակարծությունները մեծ երկպառակություններ առաջ բերեցին նրանց մեջ։ Հյուսիսային Ամերիկայում նրանցից շատերը, ելնելով աստվածաշնչյան սկզբունքներից, մերժեցին զինվորական ծառայությունը։ Սակայն ահա թե ինչ է ասվում մենոնիտների պատմության մասին մի գրքում. «Արդեն 1914 թ.–ին արևմտյան Եվրոպայում մենոնիտ եկեղեցիներն աչքի էին ընկնում նրանով, որ չէին մերժում զինվորական ծառայությունը» («An Introduction to Mennonite History»)։ Այսօր որոշ մենոնիտ խմբեր այս կամ այն չափով որդեգրել են ժամանակակից սովորություններ։ Մյուսները առաջվա պես շարունակում են իրենց հագուստը ամրացնել ճարմանդների և հանգույցների միջոցով՝ կոճակներով ամրացնելու փոխարեն, և համոզված են, որ տղամարդիկ չպետք է ածիլեն իրենց մորուքը։
Մենոնիտների որոշ խմբեր, վճռականորեն տրամադրված լինելով հեռու մնալ ժամանակակից աշխարհից, տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ տեղական իշխանությունները թույլ են տալիս նրանց ապրել՝ առանց կողմնակի միջամտության։ Օրինակ՝ Բոլիվիայում, մոտ 38000 մենոնիտ ապրում է բազմաթիվ հեռավոր գաղթավայրերում, որոնցից յուրաքանչյուրում վարքի ուրույն կանոններ են գործում։ Որոշ գաղթավայրերում արգելված են շարժիչ ունեցող փոխադրամիջոցները. տեղափոխվել կարելի է միայն ձիով և սայլով։ Կան վայրեր, որտեղ արգելված են ռադիոն, հեռուստացույցը և երաժշտությունը։ Իսկ որոշ վայրերում էլ նույնիսկ արգելում են սովորել այն երկրի լեզուն, որտեղ իրենք ապրում են։ «Քարոզիչները մեզ թույլ չեն տալիս իսպաներեն սովորել, որպեսզի մեզ իրենց իշխանության տակ պահեն»,— ասում է գաղութաբնակներից մեկը։ Շատերն իրենց ճնշված են զգում և ապրում են համայնքից վտարվելու վախը սրտում՝ սարսափելի հեռանկար նրանց համար, ովքեր երբեք համայնքից դուրս չեն ապրել։
Ինչպես ճշմարտության սերմը ցանվեց
Ահա այսպիսի հանգամանքներում էր, որ Յոհան անունով մի մենոնիտ գյուղացի իր հարևանի տանը տեսավ «Դիտարան» պարբերագիրը։ Յոհանը ընտանիքով Կանադայից տեղափոխվել էր Մեքսիկա, հետագայում՝ Բոլիվիա։ Նա միշտ ցանկացել էր օգնություն ստանալ աստվածաշնչյան ճշմարտությունը գտնելու հարցում։ Յոհանը հարևանին խնդրեց ժամանակավորապես իրեն տալ այդ պարբերագիրը։
Մի անգամ, երբ Յոհանը գնացել էր քաղաք՝ վաճառելու իր գյուղատնտեսական մթերքները, նա մոտեցավ մի Եհովայի վկայի, որը շուկայում «Դիտարան» էր առաջարկում մարդկանց։ Վերջինս նրան առաջնորդեց գերմաներեն խոսող միսիոների մոտ, և շուտով Յոհանը սկսեց փոստով գերմաներեն «Դիտարան» ստանալ։ Յուրաքանչյուր համար նրա գաղթավայրում մանրազնին ուսումնասիրվում և փոխանցվում էր ընտանիքից ընտանիք, մինչև որ այդ «Դիտարանն» արդեն մաշվում էր։ Երբեմն ընտանիքներով հավաքվում էին և մինչև կեսգիշեր ուսումնասիրում պարբերագիրը՝ փնտրելով նշված սուրբգրային համարները։ Յոհանը լիովին համոզված էր, որ Եհովայի վկաները հենց նրանք են, ովքեր միաբանորեն կատարում են Աստծու կամքը երկրի վրա։ Մահվանից առաջ նա իր կնոջն ու երեխաներին ասաց. «Դուք պետք է միշտ կարդաք «Դիտարանը»։ Այն կօգնի ձեզ հասկանալ Աստվածաշունչը»։
Յոհանի ընտանիքի անդամներից մի քանիսը սկսեցին զրուցել իրենց հարևանների հետ այն ամենի մասին, ինչ իմանում էին Աստվածաշնչից։ «Երկրագունդը չի ոչնչացվելու։ Ավելին, Աստված այն դրախտ է դարձնելու,— ասում էին նրանք։— Բացի այդ, Աստված մարդկանց չի տանջում դժոխքում»։ Այս զրույցները շուտով հասան եկեղեցու քարոզիչներին, որոնք Յոհանի ընտանիքին սպառնացին արտաքսել համայնքից, եթե նրանք վերջ չդնեին իրենց նոր զբաղմունքին։ Ավելի ուշ, երբ ընտանիքով խոսում էին մենոնիտ երեցների ճնշման մասին, մի երիտասարդ ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինչու ենք դժգոհում մեր եկեղեցու երեցներից։ Բոլորս գիտենք, թե որն է ճշմարիտ կրոնը, բայց ոչ մի քայլ չենք ձեռնարկում»։ Նրա խոսքերը հասան նրա հոր սրտին։ Կարճ ժամանակ անց այդ ընտանիքից տասը անդամներ գաղտնի ճանապարհ ընկան որոնելու Եհովայի վկաներին և ի վերջո հասան միսիոներների տանը, ինչպես արդեն նշվեց հոդվածի սկզբում։
Հաջորդ օրը միսիոներները գնացին գաղթավայր՝ այցելելու իրենց նոր ընկերներին։ Նրանց ավտոմեքենան շարժիչ ունեցող միակ փոխադրամիջոցն էր ճանապարհին։ Դանդաղ անցնելով ձիով լծված սայլերի մոտով՝ նրանք հայացքներ էին փոխանակում տեղաբնակների հետ, որոնց հետաքրքրությունը, ինչպես իրենցը, շարժվել էր։ Շուտով միսիոներներն արդեն նստած էին սեղանի շուրջ տասը մենոնիտների հետ, որոնք ներկայացնում էին երկու ընտանիք։
Այդ օրը չորս ժամ անցավ, մինչև նրանք ուսումնասիրեցին «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։a Յուրաքանչյուր պարբերություն կարդալուց հետո գյուղացիները Աստվածաշնչում փնտրում էին լրացուցիչ համարներ և ցանկանում էին իմանալ, թե արդյոք իրենք մինչ այդ ճիշտ են կիրառել այդ համարները։ Յուրաքանչյուր հարցին հետևում էր մի քանի րոպե դադար, իսկ այդ ընթացքում նրանք ստորին գերմաներենով խորհրդակցում էին իրար հետ, ինչից հետո նրանց ներկայացուցիչը իսպաներենով պատասխանում էր հարցին։ Դա անմոռանալի օր էր։ Սակայն հալածանքի սև ամպերը կուտակվում էին։ Նրանց սպասում էին այնպիսի փորձություններ, ինչպիսիք որ գրեթե հինգ դար առաջ դիմագրավեց Մենո Սիմոնսը, երբ սկսեց փնտրել աստվածաշնչային ճշմարտությունը։
Դիմագրավում են փորձություններ ճշմարտության պատճառով
Մի քանի օր անց եկեղեցու երեցները եկան Յոհանենց տուն և վերջնագիր ներկայացրին նրանց, ովքեր խոսել էին Եհովայի վկաների հետ։ Երեցներն ասացին. «Մենք լսել ենք, որ Եհովայի վկաները այցելել են ձեզ։ Դուք պետք է արգելեք նրանց ձեզ մոտ գալու և եթե չհանձնեք նրանց գրականությունը, որ վառենք, ապա կարտաքսվեք»։ Այդ մարդիկ ընդամենը մեկ անգամ էին Աստվածաշնչի ուսումնասիրություն ունեցել Վկաների հետ, ուստի սա մի շատ ծանր փորձություն էր նրանց համար։
«Մենք չենք կարող անել այն, ինչ դուք ասում եք,— պատասխանեց ընտանիքների գլխավորներից մեկը։— Այդ մարդիկ եկել են մեզ Աստվածաշունչ սովորեցնելու»։ Ինչպիսի՞ն էր երեցների արձագանքը։ Նրանք համայնքից վտարեցին նրանց Աստվածաշո՛ւնչ ուսումնասիրելու համար։ Դա, իրոք որ, ծանր հարված էր։ Այսպես, գաղթավայրի պանրի գործարանի սայլն անցավ նրանց ընտանիքներից մեկի տան մոտով և չվերցրեց կաթը. նրանց եկամտի աղբյուրը կտրվեց։ Մի ընտանիքի հայր հեռացվեց աշխատանքից, մյուսին արգելվեց տեղի խանութից գնումներ կատարել, իսկ նրա տասնամյա աղջկան դպրոցից հանեցին։ Հարևանները շրջապատեցին նրանցից մեկի տունը, որպեսզի մի երիտասարդից խլեն նրա կնոջը՝ պնդելով, թե այդ կինը չի կարող ապրել իր վտարված ամուսնու հետ։ Չնայած այս ամենին՝ Աստվածաշունչ ուսումնասիրող այդ ընտանիքները չդադարեցրին ճշմարտության որոնումները։
Միսիոներները, ամեն շաբաթ երկար ճանապարհ անցնելով, շարունակում էին այցելել նրանց, որպեսզի նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Որքա՜ն էին ուսումնասիրությունները զորացնում այդ ընտանիքներին։ Ընտանիքի որոշ անդամներ ձիով և սայլով երկու ժամ ճանապարհ էին գալիս, որ մասնակցեն քննարկումներին։ Անչափ հուզիչ էր այն պահը, երբ առաջին անգամ նրանք միսիոներներից մեկին խնդրեցին աղոթել։ Այդ գաղթավայրերում մենոնիտները երբեք բարձրաձայն չեն աղոթում, հետևաբար նրանք երբեք չէին լսել, որ մեկը աղոթի իրենց համար։ Տղամարդկանց աչքերին արցունքներ հայտնվեցին։ Իսկ կարո՞ղ եք պատկերացնել նրանց հետաքրքրասիրությունը, երբ միսիոներների ձեռքին մագնիտոֆոն տեսան. նրանց բնակավայրում երաժշտությունը միշտ արգելված էր եղել։ Նրանք այնքան էին հիացել «Թագավորության մեղեդիներով», որ որոշեցին յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո երգել Թագավորության երգերից։ Բայցևայնպես դեռ չլուծված հարց կար. ինչպե՞ս էին նրանք շարունակելու ապրել նոր պայմաններում։
Սիրառատ եղբայրություն են գտնում
Կտրվելով համայնքից՝ ընտանիքները սկսեցին իրենք պատրաստել իրենց պանիրը։ Միսիոներները նրանց օգնեցին գնորդներ գտնել։ Հյուսիսային Ամերիկայում ապրող երկարամյա մի Եհովայի վկա, որը մեծացել էր հարավամերիկյան մենոնիտ գաղթավայրերից մեկում, լսեց այդ ընտանիքների վիճակի մասին։ Նա հատուկ ցանկություն ուներ օգնելու և մեկ շաբաթ անց ինքնաթիռով եկավ Բոլիվիա։ Բացի հոգևոր քաջալերանք տալուց, նա օգնեց ընտանիքներին գնելու իրենց սեփական թեթև բեռնատար մեքենան, որպեսզի նրանք կարողանային գնալ Թագավորության սրահ՝ հանդիպումների, ինչպես նաև իրենց մթերքները տանել շուկա։
«Համայնքից վտարվելուց հետո մեզ համար դժվար էր։ Թագավորության սրահ գնում էինք տխուր դեմքերով,— հիշում է ընտանիքի անդամներից մեկը,— բայց վերադարձի ճանապարհին ուրախությունից շողում էինք»։ Այո, տեղի Վկաները անտարբեր չմնացին և աջակցեցին նրանց։ Ոմանք գերմաներեն սովորեցին, Եվրոպայից գերմանախոս Վկաներ եկան Բոլիվիա, որպեսզի օժանդակեն գերմաներեն լեզվով հանդիպումների անցկացմանը։ Շուտով մենոնիտ համայնքից 14 հոգի արդեն քարոզում էր Թագավորության լուրը։
2001 թ. հոկտեմբերի 12–ին, երբ դեռ մեկ տարի էլ չէր անցել, ինչ նրանք առաջին անգամ այցելել էին միսիոներական տուն, նախկին անաբապտիստներից 11 հոգի դարձյալ մկրտվեց, բայց այս անգամ ի նշան իրենց նվիրման Եհովային։ Այդ ժամանակվանից սկսած՝ շատերն են այդ քայլը արել։ Նրանցից մեկը հետագայում ասաց. «Աստվածաշնչային ճշմարտությունն իմանալով՝ մենք մեզ զգում ենք ինչպես ազատ արձակված ստրուկներ»։ Մեկ ուրիշն ասաց. «Շատ մենոնիտներ գանգատվում են սիրո պակասից իրենց համայնքում։ Բայց Եհովայի վկաները հետաքրքրվում են միմյանցով։ Ես ինձ ապահով եմ զգում նրանց մեջ»։ Եթե դուք փնտրում եք աստվածաշնչային ճշմարտությունը և ուզում եք այն ավելի լավ հասկանալ, դուք նույնպես գուցե դժվարությունների բախվեք։ Սակայն եթե Եհովայից օգնություն փնտրեք և այդ ընտանիքների պես հավատ և քաջություն դրսևորեք, դուք նույնպես հաջողության կհասնեք և երջանկություն կգտնեք։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 25–րդ էջի վրա]
Գերմաներեն աստվածաշնչյան գրականությունը մեծ ուրախություն պատճառեց
[նկար 26–րդ էջի վրա]
Թեպետ երաժշտությունը միշտ արգելված էր, այժմ Աստվածաշնչի յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո նրանք երգում են