Փիլոն Ալեքսանդրացի. Գրություններին խառնում է իր մեկնությունները
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 332 թ.–ին Ալեքսանդր Մակեդոնացին իր զորքերով մտավ Եգիպտոս։ Նախքան դեպի արևելք արշավելը՝ աշխարհը նվաճելու նպատակով, նա հիմնադրեց մի քաղաք և այն անվանեց Ալեքսանդրիա։ Քաղաքը դարձավ հունական մշակույթի կենտրոն։ Մոտավորապես մ.թ.ա. 20 թ.–ին այս քաղաքում մեկ այլ նվաճող ծնվեց, որի զենքերը ոչ թե նիզակն ու սուրն էին, այլ փիլիսոփայական մտածումները։ Նա հայտնի է Փիլոն Ալեքսանդրացի անունով։ Իր հրեական ծագման պատճառով նա ստացել է նաև Փիլոն Եբրայեցի անունը։
Մ.թ.ա. 607 թ.–ին Երուսաղեմի ավերումից հետո շատ հրեաներ ի վերջո բնակություն հաստատեցին Եգիպտոսում։ Հազարավոր հրեաներ ապրում էին Ալեքսանդրիայում։ Սակայն նրանց և հույների միջև խնդիրներ կային։ Հրեաները մերժում էին պաշտել հունական աստվածներին, իսկ հույները ծաղրում էին Եբրայերեն Գրությունները։ Հունական կրթություն ստացած լինելով և հրեական դաստիարակություն ունենալով՝ Փիլոնը լավատեղյակ էր այդ հակասություններից։ Նա հավատում էր, որ ճշմարիտ կրոնը հուդայականությունն է։ Բայց ի տարբերություն շատերի՝ Փիլոնը այլազգիներին դեպի Աստված բերելու խաղաղ ուղիներ էր որոնում։ Նա ցանկանում էր հուդայականությունն ընդունելի կրոն դարձնել նրանց համար։
Նոր իմաստ՝ հին գրություններին
Փիլոնի, ինչպես որ Ալեքսանդրիայում ապրող շատ հրեաների մայրենի լեզուն հունարենն էր։ Ուստի Եբրայերեն Գրությունների հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը նրա հետազոտության հիմքն էր։ Քննելով «Յոթանասնիցը»՝ նա հանգեց եզրակացության, թե այն պարունակում է փիլիսոփայության տարրեր, և որ Մովսեսը «փիլիսոփայական ջիղ» ունի։
Դարեր առաջ հույն մտածողները եկել էին այն մտքին, որ աստվածների և աստվածուհիների՝ հին հունական դիցաբանության հսկաների ու դևերի վերաբերյալ պատմությունները հնարավոր չէ ըմբռնել։ Նրանք սկսեցին այդ հին պատմություններին նոր բացատրություններ տալ։ Դասական գիտնական Ջեյմս Դրամոնդը այդ մոտեցման մասին հետևյալն է ասում. «Փիլիսոփան սովորաբար փնտրում էր թաքնված իմաստներ առասպելների խորքերում, հետո հանգում ինչ–որ խոր և ուսանելի ճշմարտության այդ պատմությունների վերին աստիճանի գռեհկությունից և անհեթեթությունից, որոնք դրանց հեղինակները, ըստ ամենայնի, ցանկացել են ցուցադրել իրենց զգայական երևակայության միջոցով»։ Սա կոչվում է այլաբանական մոտեցում, և Փիլոնը փորձեց այս մեթոդի օգնությամբ բացատրել Գրությունները։
Ահա մի օրինակ՝ Ծննդոց 3։21 համարը։ «Յոթանասնիցի» մի թարգմանության մեջ այս համարում գրված է. «Տեր Աստվածը Ադամի և նրա կնոջ համար կաշվից հագուստներ պատրաստեց և հագցրեց նրանց» (Bagster’s version of the Septuagint)։ Հույներին թվում էր, թե Գերագույն Աստծու արժանապատվությունից ցածր էր հագուստ պատրաստելը։ Իսկ Փիլոնը խորհրդանշական իմաստ տեսավ այդ համարի մեջ և գրեց. «Կաշվե հագուստը փոխաբերական իմաստով ներկայացնում է բնական կաշին, այսինքն՝ մեր մարմինը, որովհետև Աստված նախևառաջ ստեղծեց բանականությունը և այն կոչեց Ադամ։ Դրանից հետո նա ստեղծեց արտաքին զգացողությունը, որն անվանեց Կյանք։ Իսկ հետո նա, անհրաժեշտությունից ելնելով, ստեղծեց նաև մարմինը և այն այլաբանորեն անվանեց կաշվից հագուստ»։ Այսպես Փիլոնը փորձեց փիլիսոփայական խորհրդածության առարկա դարձնել այն, որ Աստված հագցրեց Ադամին ու Եվային։
Նկատի առնենք նաև Ծննդոց 2։10–14 համարները, որոնցում նշվում է, թե Եդեմի պարտեզը ինչ ջրերով էր ոռոգվում, և հիշատակվում են պարտեզից սկիզբ առնող չորս գետեր։ Փիլոնը փորձեց թափանցել բառերի խորքը և բնության տեսարանից այն կողմ նայել։ Բուն երկրի մասին մեկնաբանելուց հետո նա ասաց. «Թերևս այս հատվածը նաև այլաբանական իմաստ ունի, քանզի չորս գետերը նշանակում են չորս առաքինություններ»։ Նա իր դատողությունների հիման վրա եզրակացրեց, թե Փիսոն գետը խորհրդանշում է ողջախոհություն, Գեհոնը՝ լրջախոհություն, Տիգրիսը՝ ոգու արիություն և Եփրատը՝ արդարամտություն։ Այսպես այլաբանությունը դուրս մղեց աշխարհագրությանը։
Փիլոնը այլաբանության միջոցով վերլուծել է արարչագործության, Կայենի կողմից Աբելի սպանության, Նոյի օրերի Ջրհեղեղի, Բաբելոնում լեզուների խառնակման մասին արձանագրությունները, ինչպես նաև Մովսիսական օրենքի բազմաթիվ կետեր։ Ինչպես նախորդ պարբերությունում նշված օրինակն է ցույց տալիս, նա հաճախ ընդունում էր, որ տվյալ աստվածաշնչյան համարը բառացի իմաստ ունի, իսկ այնուհետև ավելացնում էր այդ համարի վերաբերյալ իր խորհրդանշական ըմբռնումը՝ ասելով. «Թերևս մենք պետք է այս բաներն այլաբանական իմաստով հասկանանք»։ Փիլոնի աշխատություններում ցայտուն ձևով ընդգծվում է խորհրդանշականությունը, մինչդեռ Գրությունների ակնհայտ իմաստը խամրում է։
Ո՞վ է Աստված
Փիլոնը Աստծու գոյությունը փաստող համոզիչ բացատրություն բերեց։ Ցամաքի, գետերի, մոլորակների և աստղերի մասին խոսելուց հետո նա եզրակացրեց. «Երկիրը բոլոր արարչագործությունների համեմատությամբ ստեղծված է ամենաբանիմաց և ամենահմուտ կերպով, կարծես նրան հավաքել է մեկը, ով անչափ տաղանդավոր է և գերազանց գիտելիքներ ունի։ Ահա այսպես ենք մենք հասկանում Աստծու գոյության գաղափարը»։ Նրա խոսքերը տրամաբանական էին հնչում (Հռովմայեցիս 1։20)։
Բայց երբ Փիլոնը բացատրեց Ամենակարող Աստծու էությունը, նա շատ հեռացավ ճշմարտությունից։ Փիլոնը պնդեց, որ Աստված «զուրկ է հատկություններից և անիմանալի է»։ Նա բացառեց Աստծուն ճանաչելու հնարավորությունը՝ ասելով, որ բացարձակ անմտություն է «փորձել խորանալ հետազոտությունների մեջ Աստծու էությունը կամ նրա հատկությունները ճանաչելու նպատակով»։ Նման մտածելակերպը հիմնված էր ոչ թե Աստվածաշնչի, այլ հեթանոս փիլիսոփա Պլատոնի հայացքների վրա։
Փիլոնն ասել է, թե Աստված այնքան անիմանալի է, որ նրան անձնական անունով կանչելն անհնար է։ Ահա թե ինչ է նա գրել. «Հետևաբար, բավական տրամաբանական է, որ ոչ մի հատուկ անուն չի կարող տրվել նրան, ով իրոք կենդանի Աստվածն է»։ Որքա՜ն է սա հակասում ճշմարտությանը։
Աստվածաշունչը ոչ մի կասկած չի թողնում, որ Աստված անձնական անուն ունի։ Սաղմոս 83։18–ում գրված է. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ Իսկ Եսայիա 42։8–ում Աստված ասում է. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը»։ Ինչո՞ւ էր Փիլոնը՝ մի հրեա, որը տեղյակ էր աստվածաշնչային այս համարներից, ուսուցանում, թե Աստված անուն չունի։ Որովհետև նա խոսում էր ոչ թե Աստվածաշնչի Աստծու մասին, որն անձնավորություն է, այլ հունական փիլիսոփայության անմատչելի աստծու։
Ի՞նչ է հոգին
Փիլոնը ուսուցանել է, որ հոգին մարմնից առանձին է։ Նա ասում էր, որ մարդը «կազմված է մարմնից և հոգուց»։ Իսկ կարո՞ղ է հոգին մահանալ։ Ուշադրություն դարձրեք Փիլոնի բացատրությանը. «Մենք ապրում ենք, չնայած հոգին մեռած է և թաղված է մեր մարմնում, ինչպես գերեզմանում։ Բայց եթե [մարմինը] մահանա, այդ ժամանակ մեր հոգին, համաձայն իր մեջ եղած կյանքի, կապրի՝ ազատվելով չար ու մահացած մարմնից, որին կապված է»։ Ըստ Փիլոնի՝ հոգու մահը խորհրդանշական է։ Այն իրականում երբեք չի մահանում։ Հոգին անմահ է։
Բայց ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հոգու մասին։ Ծննդոց 2։7–ում կարդում ենք. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ»։ Համաձայն Աստվածաշնչի՝ մարդիկ չունեն հոգի. մարդիկ իրենք են հոգի։
Աստվածաշունչը նաև ուսուցանում է, որ հոգին անմահ չէ։ Եզեկիել 18։4–ում գրված է. «Մեղանչող անձը [«հոգին», ՆԱ] ինքը պիտի մեռնէ»։ Հիշյալ համարներից մենք կարող ենք համապատասխան եզրակացության հանգել. մարդը հոգի է։ Հետևաբար, երբ մարդը մահանում է, հոգին է մահանում (Ծննդոց 19։19, ՆԱ)։a
Փիլոնի մահից հետո հրեաները գրեթե ուշադրություն չէին դարձնում նրա աշխատություններին։ Այնինչ քրիստոնեական աշխարհն ընդունեց Փիլոնի հայացքները։ Եվսեբիոսն ու եկեղեցական մյուս առաջնորդները հավատում էին, որ Փիլոնը հավատափոխ է եղել՝ դառնալով քրիստոնյա։ Հերոնիմոսը նրան դասեց եկեղեցու հայրերի շարքը։ Փիլոնի աշխատանքները պահպանվեցին հավատուրաց քրիստոնյաների և ոչ թե հրեաների կողմից։
Փիլոնի աշխատությունների ազդեցությամբ կրոնական աշխարհում հեղաշրջում տեղի ունեցավ. իրենց քրիստոնյա համարողները ընդունեցին հոգու անմահության ոչ սուրբգրային ուսմունքը։ Իսկ Լոգոսի (կամ Բանի) մասին Փիլոնի գաղափարը նպաստեց Երրորդության ոչ աստվածաշնչային ուսմունքի զարգացմանը, որ սկսեց դավանել հավատուրաց քրիստոնեությունը։
Մի՛ խաբվեք
Եբրայերեն Գրություններն ուսումնասիրելիս Փիլոնը հավաստիանում էր, որ «բաց չի թողնում որևէ այլաբանական իմաստ, որը գուցե թաքնված լինի տեքստի մեջ»։ Բայց ինչպես գրված է Բ Օրինաց 4։2–ում, Մովսեսն Աստծու օրենքի առնչությամբ ասել է. «Չ’աւելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չ’պակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ»։ Չնայած իր թվացյալ բոլոր բարի մտադրություններին՝ Փիլոնն ավելացրեց խորհրդածումների մի շերտ, որը թանձր մառախուղի պես պարուրեց Աստծու ներշնչյալ Խոսքի հստակ ուսմունքները։
«Մենք.... վարդապետութեամբ հնարուած առասպելների հետեւելով [չէ, որ] ցոյց տուինք ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը»,— ասաց Պետրոս առաքյալը (Բ Պետրոս 1։16)։ Ի տարբերություն Փիլոնի գրությունների՝ Պետրոսի խորհուրդները՝ ուղղված վաղ քրիստոնեական ժողովին՝ հիմնված էին իրականության վրա ու տրված էին Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ, այն ոգու, որը քրիստոնյաներին առաջնորդեց ամեն ճշմարտության մեջ (Յովհաննէս 16։13)։
Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես երկրպագել Աստվածաշնչի Աստծուն, ապա դուք կարիք ունեք ճշմարիտ առաջնորդության և ոչ թե մարդկային մտածողության վրա հիմնված մեկնությունների։ Դուք պետք է Եհովայի ու նրա կամքի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեք։ Նաև պետք է խոնարհություն դրսևորեք, որպեսզի կարողանաք ճիշտ մղումներով ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Եթե դուք Աստվածաշունչը ուսումնասիրեք նման մտայնությամբ, ապա կգիտենաք «սուրբ գրքերը...., որ կարող են [ձեզ] իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է»։ Դուք կտեսնեք, որ Աստծու Խոսքը կարող է ձեզ դարձնել լիովին ձեռնհաս և ամեն բարի գործերի համար պատրաստված (Բ Տիմոթէոս 3։15–17)։
[ծանոթագրություն]
a 1910 թ.–ին հրատարակված մի հանրագիտարանում գրված է. «Այն հավատալիքը, թե հոգին շարունակում է ապրել մարմնի քայքայումից հետո, առավելաբար փիլիսոփայական կամ աստվածաբանական մեկնաբանությունների և ոչ թե հավատի հարց է, և բնականաբար Սուրբ Գրություններում միանշանակ ոչ մի տեղ չի ուսուցանվում» («The Jewish Encyclopedia»)։
[շրջանակ/նկարազարդում 10–րդ էջի վրա]
ՔԱՂԱՔԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐԵԼ Է ՓԻԼՈՆԸ
Փիլոնը ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Դարեր շարունակ այս քաղաքը եղել է գրքերի ու գիտական բանավեճերի համաշխարհային կենտրոն։
Քաղաքի դպրոցներում դասավանդել են հռչակավոր գիտնականները։ Ալեքսանդրիայի գրադարանը համաշխարհային հռչակ ստացավ։ Նրա գրապահոցներում գրքերի թիվը հասավ հարյուր հազարների, քանի որ գրադարանի աշխատողները ձգտում էին ձեռք բերել յուրաքանչյուր գրավոր փաստաթղթի մեկ օրինակ։
Հետագայում Ալեքսանդրիայի ու նրա գիտական շտեմարանի համաշխարհային հռչակը աստիճանաբար խամրեց։ Հռոմի կայսրերը նախապատվությունը տալիս էին իրենց քաղաքին։ Ուստի մշակութային կենտրոնը տեղափոխվեց Եվրոպա։ Ալեքսանդրիայի անկումն իր վերջնակետին հասավ մ.թ. յոթերորդ դարում, երբ զավթիչները գրավեցին քաղաքը։ Մինչև օրս պատմաբանները ողբում են հանրահայտ գրադարանի կորուստը, իսկ նրանցից ոմանք ասում են, թե քաղաքակրթությունը ետ շպրտվեց 1 000 տարով։
[թույլտվությամբ]
L. Chapons/Illustrirte Familien-Bibel nach der deutschen Uebersetzung Dr. Martin Luthers
[շրջանակ 12–րդ էջի վրա]
ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Այլաբանությունը «ինչ–որ բանի արտահայտումն է, որն արվում է մարդու գոյության վերաբերյալ ընդհանրացումների կամ խորհրդանշական մտացածին պատկերների ու իրական գործողությունների միջոցով»։ Ասում են, որ այլաբանություն պարունակող աշխատություններում առավել կարևոր բաները ներկայացված են խորհրդանիշներով։ Փիլոն Ալեքսանդրացու պես՝ ժամանակակից որոշ կրոնական ուսուցիչներ Աստվածաշունչը փորձում են բացատրել այլաբանորեն։
Որպես օրինակ՝ դիտարկենք Ծննդոց 1–11 գլուխները, որտեղ խոսվում է մարդկության պատմության մասին՝ սկսած արարչագործությունից մինչև մարդկանց հեռանալը Բաբելոնի աշտարակից։ Աստվածաշնչի մի կաթոլիկական թարգմանության մեջ այս հատվածի վերաբերյալ հետևյալն է գրված. «Որպեսզի այս գլուխներում ամփոփված ճշմարտությունները հասկանալի լինեին իսրայելացիներին, որոնց բաժին էր ընկել դրանք պահպանելը, այդ ճշմարտությունները պետք է արտահայտվեին այնպիսի տարրերի միջոցով, որոնք այն ժամանակվա մարդկանց քաջածանոթ էին։ Այդ իսկ պատճառով ճշմարտությունները պետք է հստակորեն առանձնացվեն իրենց բառացի հանդերձից» («The New American Bible»)։ Ըստ այս կարծիքի՝ Ծննդոց 1–11 գլուխները չպետք է հասկանալ բառացի։ Ինչպես որ հանդերձը՝ հագուստն է ծածկում մարմինը, այնպես էլ բառերն են ծածկում խորին իմաստները։
Բայց Հիսուսի խոսքերից երևում է, որ «Ծննդոցի» այդ գլուխները պետք է բառացի հասկանալ (Մատթէոս 19։4–6; 24։37–39)։ Դա երևում է նաև Պողոս և Պետրոս առաքյալների խոսքերից (Գործք 17։24–26; Բ Պետրոս 2։5; 3։6, 7)։ Աստվածաշունչը ճիշտ մղումներով ուսումնասիրողները մերժում են այն բացատրությունները, որոնք ներդաշնակ չեն Աստծու ամբողջ Խոսքին։
[նկար 9–րդ էջի վրա]
Ալեքսանդրիայի մեծ փարոսը
[թույլտվությամբ]
Archives Charmet/Bridgeman Art Library