Զրուցո՞ւմ եք ձեր հարազատների հետ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ հետ մեր շփումը կտրուկ կերպով նվազում է»,— հայտնում է լեհական մի ամսագիր («Polityka»)։ Ըստ հաշվարկների՝ Միացյալ Նահանգներում ամուսնական զույգերը օրական ընդամենը վեց րոպե են տրամադրում միմյանց հետ իմաստալից զրույցներ ունենալուն։ Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ անջատ ապրելու և ամուսնալուծվելու բոլոր դեպքերի կեսը հաղորդակցության պակասի հետևանք է։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ծնողի և երեխայի միջև եղած զրույցի մասին։ Վերոհիշյալ ամսագիրը նշում է, որ շատ դեպքերում «այն նման է ոչ թե զրույցի, այլ հարցաքննության՝ ինչպե՞ս անցավ օրդ դպրոցում, ինչպե՞ս են ընկերներդ»։ Ապա ամսագրում հարց է տրվում. «Այդ դեպքում ինչպե՞ս մեր երեխաները կսովորեն զրուցել և նորմալ փոխհարաբերություններ հաստատել»։
Քանի որ լավ հաղորդակցության համար ջանքեր են պահանջվում, ինչպե՞ս կարող ենք բարելավել զրուցելու մեր ունակությունը։ Քրիստոնյա աշակերտ Հակոբոսը կարևոր խորհուրդ է տվել մեզ. «Թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ Քաջալերական զրույցներ ունենալու համար մենք պետք է ուշադրությամբ լսենք, չընդհատենք մեր զրուցակցին՝ անհամբերություն դրսևորելով, և հապճեպ եզրակացություններ չանենք։ Խուսափիր քննադատությունից, քանի որ դա հեշտությամբ կարող է վերջ դնել զրույցին։ Օրինակ՝ Հիսուսը նրբանկատ հարցեր էր տալիս ոչ թե հարցաքննելու նպատակով, այլ իր ունկնդրի սրտում եղածը իմանալու և իրենց միջև եղած փոխհարաբերությունը ամրացնելու (Առակաց 20։5; Մատթէոս 16։13–17; 17։23–26)։
Աստվածաշնչյան հրաշալի սկզբունքները սովորեցնում են ձեզ նախաձեռնություն վերցնել զրուցելու և հաղորդակցվելու հարազատների հետ։ Արդյունքում ջերմ փոխհարաբերություններ կհաստատվեն ձեր միջև, որոնք կվայելեք երկար տարիներ, նույնիսկ ամբողջ կյանքում։