Կենսագրություն
Ամբողջությամբ վայելում եմ ‘այժմյան’ կյանքը
Պատմում է Թեդ Բեքինգեմը
Վեց տարի էր, ինչ լիաժամ ծառայության մեջ էի, ու վեց ամիս էր, ինչ ամուսնացած էի, երբ հանկարծակի հիվանդացա պոլիոմիելիտով։ 1950 թվականն էր, և ես ընդամենը 24 տարեկան էի։ Հիվանդանոցում անցկացրած ինը ամիսների ընթացքում բավական ժամանակ ունեցա խորհրդածելու կյանքիս մասին։ Ի՞նչ ապագա կարող էինք ակնկալել ես ու կինս՝ Ջոյսը, երբ կանգնած էինք այսպիսի դժվարությունների առաջ։
ՀՈՐՍ, որը կրոնասեր մարդ չէր, 1938 թ.–ին տվեցին «Կառավարություն»a գրքի մի օրինակ։ Քաղաքական խառնաշփոթ վիճակը և պատերազմի վտանգը մղեցին նրան վերցնել գիրքը։ Որքան գիտեմ, նա այդպես էլ չկարդաց այդ գիրքը, սակայն մայրս, որ կրոնասեր էր, ընթերցեց այն։ Նա անմիջապես արձագանքեց իր կարդացած լուրին։ Մայրս հեռացավ Անգլիայի եկեղեցուց, և չնայած որ հայրս հակառակություն էր ցույց տալիս, նա դարձավ Եհովայի հավատարիմ Վկաներից մեկը և ծառայեց Աստծուն մինչև մահ՝ 1990 թ.։
Մայրս առաջին անգամ ինձ քրիստոնեական հանդիպման տարավ Լոնդոնից հարավ գտնվող Էփսոմ քաղաքի Թագավորության սրահը, որը նախկինում խանութ էր եղել։ Մենք լսեցինք Ջոզեֆ Ռադերֆորդի (նա այն ժամանակ վերահսկում էր Եհովայի վկաների գործունեությունը) ելույթներից մեկի ձայնագրությունը։ Այդ ելույթն ինձ վրա խորը տպավորություն թողեց։
Լոնդոնի վրա կատարված հարձակման ընթացքում ուժեղ ռմբակոծությունների պատճառով իրավիճակը գնալով վտանգավոր էր դառնում։ Ուստի 1940 թ.–ին հայրս որոշեց մեր ընտանիքին տեղափոխել ավելի ապահով վայր՝ Մեյդենհեդ՝ մի փոքրիկ քաղաք, որը գտնվում է Լոնդոնից 45 կիլոմետր դեպի արևմուտք։ Դա օգուտներ բերեց. այնտեղ գտնվող ժողովի 30 անդամները քաջալերանքի մեծ աղբյուր եղան մեզ համար։ Ֆրեդ Սմիթը՝ հոգևորապես ամուր մի եղբայր, որ մկրտվել էր 1917 թ.–ին, ինձ վերցրեց իր հոգատար ձեռքի տակ և սովորեցրեց ավելի արդյունավետ քարոզիչ լինել։ Ես անչափ երախտապարտ եմ նրան իր լավ օրինակի և սիրալիր օգնության համար։
Սկսում եմ ծառայել լիաժամ
1941 թ.–ին՝ 15 տարեկան հասակում, մարտ ամսվա մի ցուրտ օր ես մկրտվեցի Թեմզա գետում։ Այդ ժամանակ ավագ եղբայրս՝ Ջիմը, արդեն ծառայում էր որպես լիաժամ ավետարանիչ։ Այսօր նա և նրա կինը՝ Մաջը, ապրում են Բիրմինգհեմում։ Նրանք իրենց կյանքի մեծ մասը անցկացրել են շրջանային ու մարզային նշանակումներում՝ շրջագայելով ողջ Բրիտանիայում։ Կրտսեր քույրս՝ Ռոբինան ու նրա ամուսինը՝ Ֆրենկը, նույնպես շարունակում են հավատարմորեն ծառայել Եհովային։
Ես աշխատում էի որպես հաշվապահ մի գործարանում, որտեղ հագուստ էր արտադրվում։ Մի օր տնօրենը ինձ կանչեց իր գրասենյակ և ասաց, որ ինձ խոստումնալից ապագա է սպասում, և որ ես կարող եմ այդ ֆիրմայում դառնալ բաժնի վարիչ։ Սակայն ես արդեն մտածում էի հետևել իմ եղբոր օրինակին, ուստի քաղաքավարի կերպով մերժեցի գործատիրոջս առաջարկը՝ բացատրելով պատճառը։ Ի զարմանս ինձ՝ նա ջերմորեն գովեց ինձ այն բանի համար, որ ցանկանում էի մասնակցել այդ կարևոր քրիստոնեական գործունեությանը։ Ուստի 1944 թ.–ին Նորթհեմպտոն քաղաքում տեղի ունեցած մարզային համաժողովից հետո ես դարձա լիաժամ ավետարանիչ։
Ինձ նշանակեցին ծառայելու Էքսետեր քաղաքում, որը գտնվում է Դևոնշիր կոմսությունում։ Դա իմ առաջին նշանակումն էր։ Քաղաքն այդ ժամանակ աստիճանաբար վերականգնվում էր պատերազմի ռմբակոծություններից հետո։ Ես ապրում էի մի բնակարանում, որտեղ արդեն բնակվում էին երկու ռահվիրաներ՝ Ֆրենկ և Ռութ Միդլթոնները, որոնք շատ բարի էին իմ հանդեպ։ Ես ընդամենը 18 տարեկան էի և շատ փորձ չունեի լվացք անելու ու ճաշ պատրաստելու գործում, սակայն երբ հմտացա, իրավիճակը բարելավվեց։
Ծառայության մեջ իմ համագործակիցը հիսունամյա Վիկտոր Գերդն էր՝ մի իռլանդացի, որը մասնակցել է քարոզչական գործին՝ սկսած 1920–ական թվականներից։ Նա ինձ սովորեցրեց ժամանակը արդյունավետորեն պլանավորել, ավելի մեծ հետաքրքրություն զարգացնել Աստվածաշնչի ընթերցանության հանդեպ և բարձր գնահատել Աստվածաշնչի տարբեր թարգմանությունները։ Այդ տարիներին, երբ ձևավորվում էր իմ անձնավորությունը, Վիկտորի լավ օրինակը հենց այն էր, ինչի կարիքը ես ունեի։
Չեզոքություն պահելու հարցը
Պատերազմը մոտենում էր իր ավարտին, սակայն իշխանությունները շարունակում էին երիտասարդներին հավաքագրել զինվորական ծառայության։ 1943 թ.–ին Մեյդենհեդում ինձ կանգնեցրին տրիբունալի առջև, որտեղ հստակ կերպով հայտնեցի, որ որպես Ավետարանի ծառայող՝ ցանկանում եմ ազատվել զինվորական ծառայությունից։ Չնայած իմ խնդրանքը մերժվեց, ես որոշեցի վերադառնալ Էքսետեր՝ շարունակելու իմ ծառայությունը։ Էքսետերում ինձ կանչեցին տեղի դատարան։ Բանտում վեցամսյա հարկադիր աշխատանք կատարելու դատավճիռ կայացնելով՝ դատավորը ափսոսանքով ասաց, որ չի կարող ավելի երկարաժամկետ դատավճիռ կայացնել։ Վեցամսյա հարկադիր աշխատանքից հետո ինձ նորից բանտ ուղարկեցին, այս անգամ չորս ամսով։
Քանի որ բանտում ինձնից բացի ուրիշ Վկա չկար, բանտապահներն ինձ կոչում էին «Եհովա»։ Շատ անսովոր էր անվանականչի ժամանակ արձագանքել այդ անվանը, սակայն որքա՜ն հրաշալի էր այն, որ Աստծու անունը հայտարարվում էր ամեն օր։ Այդպիսով մյուս բանտարկյալներն իմացան, որ ես նրանց շարքերում էի հայտնվել, քանի որ որպես Եհովայի վկա չեզոք դիրք էի բռնել՝ համաձայն իմ համոզմունքների։ Հետագայում այդ նույն բանտ ուղարկվեց Նորման Կաստրոն, և իմ անունը փոխեցին։ Մեզ սկսեցին անվանել Մովսես ու Ահարոն։
Էքսետերի բանտից ինձ տեղափոխեցին Բրիստոլի բանտ, այնտեղից էլ՝ Վինչեսթերի բանտ։ Միշտ չէր, որ պայմանները հաճելի էին, բայց դրանք ինձ օգնեցին հումորի զգացում ունենալ։ Նորմանն ու ես ուրախ էինք Հիշատակի երեկոն նշել միասին, երբ գտնվում էինք Վինչեսթերում։ Ֆրանսիս Քուքը, որը մեզ այցելության եկավ, Երեկոյի առիթով հրաշալի ելույթ ներկայացրեց։
Ետպատերազմյան տարիների փոփոխությունները
1946 թ.–ին Բրիստոլի համաժողովին, որի ժամանակ հայտարարվեց Աստվածաշնչի ուսումնասիրության մի ձեռնարկի՝ «Թող Աստված ճշմարիտ լինի» գրքի լույսընծայման մասին, ես հանդիպեցի մի գրավիչ աղջկա՝ Ջոյս Մուրին, որը նույնպես ծառայում էր որպես ռահվիրա Դևոնշիրում։ Մեր ընկերությունը գնալով ամրացավ, ու չորս տարի անց մենք ամուսնացանք Թիվերտոն քաղաքում, որտեղ ես ծառայում էի 1947 թ.–ից։ Մենք ապրում էինք մի սենյակում, որի համար շաբաթական վճարում էինք 15 շիլլինգ (1, 10 ամերիկյան դոլար)։ Մենք շատ երջանիկ էինք։
Մեր ամուսնության առաջին տարում տեղափոխվեցինք հարավ՝ Բրիքսհեմ գեղատեսիլ նավահանգստային քաղաքը, որտեղ սկիզբ է առել տրալային ձկնորսությունը։ Սակայն մեր տեղափոխությունից երկար ժամանակ էլ չէր անցել, երբ Լոնդոնի համաժողովներից մեկին գնալու ճանապարհին հիվանդացա պոլիոմիելիտով։ Ես ընկա կոմայի մեջ։ Ինը ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո ինձ դուրս գրեցին, ինչպես նշել էի վերևում։ Աջ ձեռքս և երկու ոտքերս հիվանդությունից խիստ վնասվել էին (մինչև օրս էլ այդ վիճակում են), ու ես ստիպված էի ձեռնափայտով քայլել։ Սիրելի կինս իմ ուրախ ու հավատարիմ ընկերակիցն էր և քաջալերանքի աղբյուր էր ինձ համար հատկապես այն բանով, որ շարունակում էր ծառայել լիաժամ։ Ի՞նչ պիտի անեինք այժմ։ Շուտով ես հասկացա, որ Եհովայի ձեռքը կարճ չէ։
Հաջորդ տարի մենք ներկա եղանք Ուիմբլդոնի (Լոնդոն) համաժողովին։ Այդ ժամանակ ես արդեն քայլում էի առանց ձեռնափայտի։ Այնտեղ մենք հանդիպեցինք Փրայս Հյուզին, որը վերահսկում էր քարոզչական գործունեությունը Մեծ Բրիտանիայում։ Տեսնելով մեզ՝ նա իսկույն ասաց. «Մենք ցանկանում ենք, որ դու շրջանային ծառայության անցնես»։ Սրանից ավելի մեծ քաջալերանք ես երբեք չէի ստացել։ Բայց արդյո՞ք ի վիճակի էի։ Ջոյսն ու ես տարակուսանքի մեջ ընկանք, բայց մեկ շաբաթ տևող ուսուցում ստանալով, ինչպես նաև ամբողջությամբ Եհովային ապավինելով՝ մենք ճանապարհ ընկանք դեպի Անգլիայի հարավ–արևմուտք, որտեղ ես նշանակվել էի ծառայելու որպես շրջանային վերակացու։ Այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էի, բայց մինչև օրս խորը գնահատանքով եմ մտաբերում այն Վկաների բարությունն ու համբերատարությունը, որոնք պատրաստ էին օգնել ինձ։
Ծառայելով աստվածապետական գործունեության տարբեր բնագավառներում՝ Ջոյսն ու ես եկել ենք այն համոզման, որ ժողովներին այցելելը մեզ ավելի է մոտեցրել մեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Մենք ավտոմեքենա չունեինք, ուստի ճանապարհորդում էինք կամ գնացքով, կամ ավտոբուսով։ Թեև դեռ շարունակում էի հարմարվել իմ հիվանդության հետևանքով առաջ եկած դժվարություններին՝ մենք մնացինք մեր նշանակման մեջ մինչև 1957 թ.։ Դա իմաստալից կյանք էր, սակայն այդ տարի մեկ այլ փոփոխություն էր սպասում մեզ։
Անցնում ենք միսիոներական ծառայության
Մենք հուզմունքով լցվեցինք, երբ ստացանք «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 30–րդ դասարանում սովորելու հրավերը։ Ինձ հաջողվում էր պայքարել իմ հաշմանդամ վիճակի դեմ, ուստի ես ու Ջոյսը ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը։ Մեր փորձից գիտեինք, որ Եհովան միշտ ուժ է տալիս, եթե ձգտում ենք կատարել նրա կամքը։ Հինգ ամիս տևած ինտենսիվ դասընթացները, որ անցկացվեցին գեղատեսիլ Սաութ Լանսինգում (Նյու Յորք, ԱՄՆ), բավական արագ անցան։ Ուսանողները հիմնականում ամուսնական զույգեր էին, որոնք մինչ այդ եղել էին շրջագայական ծառայության մեջ։ Երբ դասարանին հարց ուղղվեց, թե ովքեր կցանկանային ծառայել օտար երկրում որպես միսիոներ, մենք նրանց թվում էինք, ովքեր պատրաստակամորեն համաձայնվեցին։ Ո՞ւր էինք գնալու. Ուգանդա (Արևելյան Աֆրիկա)։
Քանի որ այդ ժամանակ Ուգանդայում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ էր, ինձ խորհուրդ տվեցին բնակվել մի գյուղում և աշխատանք գտնել։ Գնացքով ու նավով երկար ճանապարհ անցնելուց հետո մենք հասանք Կամպալա (Ուգանդա)։ Մեր այցը ուրախություն չպատճառեց ներգաղթյալների հարցերով զբաղվող պաշտոնյաներին, ու նրանք մեզ թույլ տվեցին այնտեղ մնալ ընդամենը մի քանի ամիս։ Դրանից հետո մեզ հրամայեցին հեռանալ։ Եհովայի վկաների Գլխավոր վարչության հրահանգով՝ մենք մեկնեցինք Հյուսիսային Ռոդեզիա (ներկայումս՝ Զամբիա)։ Այնտեղ մեծ ուրախություն ապրեցինք՝ հանդիպելով «Գաղաադ» դպրոցի մեր չորս դասընկերներին՝ Ֆրենկ ու Քերրի Լուիսներին և Հեյս ու Հարիթ Հասքինզներին։ Կարճ ժամանակ անց այնտեղից մեզ նշանակեցին Հարավային Ռոդեզիա (ներկայումս՝ Զիմբաբվե)։
Մենք ճանապարհ ընկանք գնացքով ու նախքան Բուլավայո հասնելը առաջին անգամ տեսանք գեղատեսիլ Վիկտորիա ջրվեժը։ Որոշ ժամանակ մենք մնացինք Մակլակիների ընտանիքում, որոնք առաջին Վկաներից էին, որ բնակություն էին հաստատել այնտեղ։ Մեզ համար առանձնաշնորհում էր հետագա 16 տարիների ընթացքում մոտիկից ծանոթանալ նրանց հետ։
Հարմարվում ենք փոփոխություններին
Աֆրիկյան դաշտի մասին տեղեկություններ ստանալու նպատակով երկու շաբաթ դասընթացներ անցնելուց հետո ես նշանակվեցի ծառայելու որպես մարզային վերակացու։ Վկայություն տալ Աֆրիկայում նշանակում էր մեզ հետ վերցնել ջուր, սնունդ, անկողին, անձնական հագուստ, կինոպրոյեկտոր, էլեկտրական գեներատոր, մի մեծ էկրան և ուրիշ անհրաժեշտ իրեր։ Այս ամենը տեղավորվում էր մի փոքրիկ բեռնատարի մեջ, որն այնքան ամուր էր, որ կարող էր մեզ տեղափոխել խորդուբորդ ճանապարհներով։
Ես համագործակցում էի աֆրիկացի շրջանային վերակացուների հետ, մինչ Ջոյսը ուրախությամբ օգնում էր նրանց կանանց ու երեխաներին, որոնք նույնպես մեզ հետ էին։ Աֆրիկական սարահարթերով քայլելը կարող է հոգնեցուցիչ լինել, հատկապես օրվա տապին, բայց ես շուտով տեսա, որ այդ կլիմայական պայմաններում ավելի հեշտությամբ եմ հաղթահարում առողջական խնդիրներս, ու դրա համար անչափ ուրախ էի։
Մարդիկ հիմնականում աղքատ էին ապրում։ Շատերի կյանքում ավանդույթները, սնոտիապաշտությունն ու բազմակնությունը մեծ տեղ էին զբաղեցնում, այնուհանդերձ նրանք խորը հարգանք էին տածում Աստվածաշնչի հանդեպ։ Որոշ շրջաններում ժողովի հանդիպումներն անցկացվում էին մեծ, ստվերախիտ ծառերի տակ, իսկ երեկոյան ժամերին՝ կախովի ճրագների լույսի ներքո։ Մեր սրտերը միշտ ակնածանքով էին լցվում, երբ Աստծու Խոսքը ուսումնասիրում էինք աստղալից երկնքի տակ, որը Աստծու արարչագործության փառահեղ գործերից է։
Աֆրիկական ռեզերվացիաներում «Դիտարան» ընկերության ֆիլմերի ցուցադրումը նույնպես անմոռանալի տպավորություն է թողել մեզ վրա։ Սովորաբար ժողովը բաղկացած էր լինում մոտ 30 Վկաներից, բայց մենք գիտեինք, որ նման առիթների դեպքում ներկաների թիվը կարող էր հասնել 1 000–ի կամ դրանից ավելի։
Ինչ խոսք, արևադարձային գոտիներում մարդը կարող է առողջական խնդիրներ ունենալ, սակայն կարևոր է միշտ պահպանել դրական տրամադրվածություն։ Ջոյսն ու ես սովորեցինք հաջողությամբ պայքարել մեր հիվանդությունների դեմ. ես պայքարում էի մալարիայի նոպաների դեմ, որ ունենում էի ժամանակ առ ժամանակ, իսկ Ջոյսը պայքարում էր մի հիվանդության դեմ, որի հարուցիչներն ամեոբաներն էին։
Հետագայում մենք նշանակվեցինք ծառայելու Սոլսբերիի (այժմ՝ Հարարե) մասնաճյուղում, որտեղ առանձնաշնորհում ունեցանք ծառայելու Եհովայի ուրիշ հավատարիմ ծառաների հետ, այդ թվում Լեսթեր Դեյվիի, Ջորջ և Ռուբի Բրեդլիների։ Պետական իշխանությունների կողմից արտոնություն ստացա ամուսնություններ գրանցելու, ինչը ինձ հնարավորություն տվեց անցկացնելու աֆրիկացի եղբայրների ամուսնությունների գրանցման արարողությունները։ Այդպիսով քրիստոնեական ժողովում ամրանում էին ամուսնական կապերը։ Մի քանի տարի անց մեկ ուրիշ առանձնաշնորհում ստացա։ Ես պետք է այցելեի այդ երկրի բոլոր ժողովները, որտեղ չէին խոսում բանտու լեզուներով։ Ավելի քան տասը տարի լինելով այդ ծառայության մեջ՝ ես ու Ջոյսը կարողացանք ավելի լավ ճանաչել մեր եղբայրներին և ուրախանալ նրանց հոգևոր առաջադիմությամբ։ Այդ տարիներին մենք նաև այցելում էինք Բոտսվանայում և Մոզամբիկում ապրող մեր եղբայրներին։
Նորից տեղափոխվում ենք
Աֆրիկայի հարավում անցկացրած երջանիկ տարիներից հետո 1975 թ.–ին մեզ նշանակեցին ծառայելու Սիեռա Լեոնեում (Արևմտյան Աֆրիկա)։ Շուտով մենք նշանակում ստացանք ծառայելու տեղի մասնաճյուղում, բայց դա երկար չտևեց։ Ես հիվանդացա ու մալարիայի ուժեղ նոպայի պատճառով ինձ շատ թույլ էի զգում, ուստի ստիպված էի բուժվելու նպատակով մեկնել Լոնդոն, որտեղ ինձ խորհուրդ տվեցին չվերադառնալ Աֆրիկա։ Դա մեզ տխրեցրեց, սակայն ինձ ու Ջոյսին ջերմորեն ընդունեցին Լոնդոնի Բեթելի ընտանիք։ Լոնդոնի ժողովներում ծառայող բազմաթիվ աֆրիկացի եղբայրներ իրենց վերաբերմունքով նույնպես օգնեցին, որ մենք մեզ զգանք, ինչպես տանը։ Երբ առողջությունս փոքր–ինչ վերականգնվեց, մենք հարմարվեցինք մի նոր գրաֆիկի, և ինձ նշանակեցին վերահսկելու մատակարարման բաժնի աշխատանքը։ Այս աշխատանքը բավականին հետաքրքիր էր, քանի որ մենք տեսնում էինք, թե տարիների ընթացքում ինչպես էր ընդարձակվում մասնաճյուղը։
1990–ականների սկզբին իմ սիրելի Ջոյսի մոտ հայտնաբերվեց մի հիվանդություն, որը կապված էր շարժողական նյարդերի ախտահարման հետ, և 1994 թ.–ին նա մահացավ։ Նա սիրող, անձնվեր ու հավատարիմ կին է եղել ինձ համար, և միշտ պատրաստ էր հարմարվել տարբեր հանգամանքներին, որոնցում հայտնվում էինք։ Ես հասկացա, որ այդ մեծ կորստի պատճառած ցավին դիմանալու համար կարևոր է պահպանել հոգևոր տրամադրվածություն ու նայել դեպի առաջ։ Աստվածապետական իմ գրաֆիկին հավատարիմ մնալու, այդ թվում նաև քարոզչական գործին կանոնավորաբար մասնակցելու համար աղոթքով Եհովային դիմելը նույնպես օգնում է, որ միտքս ամբողջովին զբաղված պահեմ (Առակաց 3։5, 6)։
Բեթելում ծառայելը առանձնաշնորհում է և կյանքի հիանալի ուղի։ Այնքան շատ երիտասարդներ կան, որոնց հետ միասին ծառայելու և ուրախանալու շատ առիթներ ունենք։ Օրհնություններից մեկը այստեղ՝ Լոնդոնի Բեթելում, մեզ հյուր եկողներն են։ Երբեմն ես հանդիպում եմ իմ ընկերներին, որոնց հետ ծառայել եմ Աֆրիկայում, ու հաճելի հիշողություններ են արթնանում իմ մեջ։ Այս ամենն օգնում է, որ շարունակեմ լիովին վայելել ‘այժմյան’ կյանքը և վստահորեն ու հույսով նայեմ այն կյանքին, որը «գալու» է (Ա Տիմոթէոս 4։8)։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից 1928 թ.–ին, բայց այլևս չի տպագրվում։
[նկար 25–րդ էջի վրա]
Մորս հետ, 1946 թ.
[նկար 26–րդ էջի վրա]
Ջոյսի հետ մեր ամուսնության օրը, 1950 թ.
[նկար 26–րդ էջի վրա]
Բրիստոլի համաժողովում, 1953 թ.
[նկարներ 27–րդ էջի վրա]
Հարավային Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե) գտնվող մի ժողովում (ձախում) և հեռավոր տարածքում գործող մի խմբում ծառայելիս (վերևում)