Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/1 էջ 3–4
  • Ո՞ւր է միասնական աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞ւր է միասնական աշխարհը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Համաշխարհային միասնությո՞ւն, թե՞ պառակտվածություն
  • Ո՞ւր է ընթանում աշխարհը
    2005 Դիտարան
  • Ճշմարիտ երկրպագությունը միասնությամբ է բնորոշվում
    2010 Դիտարան
  • Իսկական միություն քրիստոնյաների միջև. ինչպե՞ս
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Աշխարհով մեկ մարդիկ միավորվում են. ինչպե՞ս
    2007 Դիտարան
2005 Դիտարան
w05 6/1 էջ 3–4

Ո՞ւր է միասնական աշխարհը

«Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ միջազգային հանրությունը միավորվել է։ .... Ուստի աշխարհը կարող է այս հնարավորությունն օգտագործել իրագործելու համար նոր հասարակարգի վերաբերյալ վաղուց տրված խոստումը»։

ԱՅՍ խոսքերն ասել է Միացյալ Նահանգների նախագահներից մեկը 20–րդ դարի վերջին տասնամյակում։ Այդ տարիներին միջազգային դրությունն այնպիսին էր, որ թվում էր, թե շուտով ամբողջ աշխարհում միասնություն կլինի։ Բռնապետական կառավարությունները տապալվեցին մեկը մյուսի ետևից։ Բեռլինի պատը փլուզվեց՝ նոր դարաշրջանի սկիզբ նշանավորելով Եվրոպայի համար։ Խորհրդային Միությունը, որն Արևմուտքում շատերը համարում էին ամբողջ աշխարհում հակամարտություններ հրահրող երկիր, ապշահար աշխարհի աչքերի առաջ անհետացավ։ Սառը պատերազմն ավարտվեց, և լավատեսական զրույցներ սկսեցին ընթանալ զինաթափության վերաբերյալ (այդ թվում նաև միջուկային զինաթափության)։ Ճիշտ է, Պարսից ծոցում պատերազմ սկսվեց, սակայն դա կարծես ակնթարթային խնդիր լիներ, որն է՛լ ավելի ամրապնդեց մարդկանց մեծ մասի վճռականությունը խաղաղ հասարակարգ հաստատելու։

Դրական տեղաշարժեր էին նկատվում ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև կյանքի մյուս ոլորտներում։ Աշխարհի շատ մասերում մարդկանց կենսամակարդակը բարձրացավ։ Բժշկության բնագավառում ձեռք բերված հաջողությունները հնարավորություն տվեցին բժիշկներին անել այնպիսի բաներ, որոնք հրաշք կհամարվեին ընդամենը մի քանի տասնամյակ առաջ։ Բազմաթիվ երկրներում տնտեսությունը սկսեց վերելք ապրել այնպիսի արագությամբ, որ թվում էր, թե դա կհանգեցնի համաշխարհային բարգավաճման։ Ամեն բան կարծես ընթանում էր ճիշտ ուղղությամբ։

Այսօր, երբ այնքան էլ շատ ժամանակ չի անցել հիշյալ իրադարձություններից, մեր մեջ անխուսափելիորեն ծագում են հետևյալ հարցերը. «Ի՞նչ պատահեց։ Ո՞ւր է խոստացված միասնական աշխարհը»։ Աշխարհն, ինչպես երևում է, ընթանում է հակառակ ուղղությամբ։ Մահապարտների իրականացրած պայթյունները, ահաբեկչական հարձակումները, մասսայական ոչնչացման զենքերի տարածման մասին հաղորդագրությունները, ինչպես նաև մտահոգություն պատճառող մյուս դեպքերը մամուլում լուսաբանվող մշտական թեմաներ են դարձել։ Այսպիսի իրադարձությունները ավելի ու ավելի են հեռացնում աշխարհը միասնության հասնելու նպատակից։ Մի հայտնի ֆինանսագետ վերջերս այսպիսի խոսքեր ասաց. «Մենք հայտնվել ենք օրըստօրե աճող բռնության մի արատավոր շրջանում, որից չենք կարողանում դուրս գալ»։

Համաշխարհային միասնությո՞ւն, թե՞ պառակտվածություն

Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից մեկը, որ նա իր առջև դրեց իր կազմավորման օրից, հետևյալն էր. «Նպաստել երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հանդեպ»։ Այսօր, երբ անցել է գրեթե 60 տարի, իրականացե՞լ է արդյոք այդ վեհ նպատակը։ Ամենևի՛ն։ Ինչպես երևում է, երկրներին ավելի շատ հետաքրքրում է «ինքնորոշման» և ոչ թե «բարեկամական հարաբերությունների» գաղափարը։ Ազգերն ու էթնիկական խմբերը, որ պայքար են մղում իրենց ինքնությունն ու ինքնիշխանությունը հաստատելու ուղղությամբ, է՛լ ավելի են պառակտում աշխարհը։ Սկզբում Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցում էր 51 երկիր։ Այսօր այդ թիվը հասել է 191–ի։

Ինչպես տեսանք, 20–րդ դարի վերջում մարդիկ աշխարհը միասնական տեսնելու մեծ հույսեր ունեին։ Սակայն այդ հույսերը փոխվեցին հիասթափության, երբ մարդկության աչքերի առաջ համաշխարհային հասարակությունը սկսեց աստիճանաբար պառակտվել։ Հարավսլավիայի արյունալի մասնատումը, Չեչնիայի և Ռուսաստանի հակամարտությունը, իրաքյան պատերազմը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անվերջանալի արյունահեղությունները փաստում են, որ պառակտվածությունը աննախադեպ չափերի է հասել։

Անկասկած, խաղաղության հասնելու բազմաթիվ ջանքերը գործադրվել են անկեղծորեն և բարի մտադրություններով։ Չնայած դրան՝ միասնական աշխարհը անհասանելի երազանք է թվում։ Շատերը տարակուսում են. «Ինչո՞ւ է միասնական աշխարհ ստեղծելու նպատակը մնում անիրականանալի։ Ո՞ւր է ընթանում աշխարհը»։

[Նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

AP Photo/Lionel Cironneau

Arlo K. Abrahamson/AFP/ Getty Images

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը