Չարիքի դիմանալիս զսպվածություն պահպանիր
«Բայց Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, ....ոխ չ’պահող [«չարիքի դիմանալիս զսպվածություն պահպանող», ՆԱ]» (Բ ՏԻՄՈԹԷՈՍ 2։24)։
1. Քրիստոնեական գործունեությամբ զբաղվելիս ինչո՞ւ ենք երբեմն հանդիպում այնպիսի մարդկանց, որոնք կոպտում են մեզ։
ԻՆՉՊԵ՞Ս ես արձագանքում, երբ հանդիպում ես այնպիսի անհատի, որը բարյացակամորեն չի վերաբերվում քեզ կամ քո հայտնած լուրին։ Վերջին օրերը նկարագրելիս Պողոս առաքյալը կանխագուշակել էր, որ մարդիկ կլինեն «հայհոյիչ, ....բանսարկու, անժուժկալ, դաժան» (Բ Տիմոթէոս 3։1–5, 12)։ Ուստի հնարավոր է, որ ծառայության ժամանակ կամ ուրիշ որևէ գործունեությամբ զբաղվելիս հանդիպես նման անհատների։
2. Սուրբգրային ո՞ր համարները կարող են մեզ օգնել իմաստությամբ վարվել այն մարդկանց հետ, ովքեր կոպտում են մեզ։
2 Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում չէ, որ վիրավորական խոսքեր ասողին ընդհանրապես չի հետաքրքրում ճշմարտությունը։ Ծանր դժվարություններն ու հուսալքությունը կարող են մղել մարդուն կոպտորեն խոսել ցանկացածի հետ (Ժողովող 7։7)։ Շատերն էլ այդպես են վարվում այն պատճառով, որ իրենց տանը կամ աշխատանքի վայրում կոպիտ խոսքերն ընդունված են։ Անշուշտ, այդ հանգամանքն ինքնին հիմք չէ, որ մենք՝ քրիստոնյաներս, թույլատրելի համարենք նման խոսելաոճը։ Սակայն դա օգնում է հասկանալ, թե ինչու են ուրիշ մարդիկ այդպես խոսում։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ կոպիտ խոսքեր ենք լսում մեր հասցեին։ Առակաց 19։11–ում (ԱԱ) ասվում է. «Մարդուն խոհեմութիւնը անոր բարկութիւնը կը զսպէ»։ Իսկ Հռովմայեցիս 12։17, 18 համարներում այսպիսի խորհուրդ է տրվում. «Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք.... Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»։
3. Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել մեր պատգամը քարոզելիս։
3 Եթե իսկապես խաղաղարար ենք, դա ցույց կտանք մեր վերաբերմունքով։ Իսկ մեր վերաբերմունքը կերևա մեր խոսքերից, գործերից, միգուցե նաև դեմքի արտահայտությունից և ձայնի տոնից (Առակաց 17։27, ՆԱ)։ Իր առաքյալներին քարոզչական ծառայության ուղարկելիս Հիսուսն այսպիսի խորհուրդ տվեց. «Երբ այն տունը մտնեք, բարևե՛ք տանտիրոջը՝ ասելով. «Ողջո՜ւյն [«խաղաղություն», տող. ծան.] ձեզ»։ Եթե տանեցիներն արժանավոր մարդիկ են, ձեր ողջույնի խաղաղությունը թող հանգչի նրանց վրա, իսկ եթե արժանավոր չեն, այն ժամանակ ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա» (Մատթէոս 10։12, 13, ԱՆԹ)։ Այն պատգամը, որ քարոզում ենք, բարի լուր է։ Աստվածաշունչն այն անվանում է՝ ‘խաղաղության ավետարան’, ‘Աստծու շնորհի’ ավետարան և ‘արքայության ավետարան’ (Եփեսացիս 6։15; Գործք 20։24 ԱՆԹ; Մատթէոս 24։14)։ Մեր նպատակն է ոչ թե քննադատել դիմացինի համոզմունքները կամ վիճել նրա տեսակետների շուրջ, այլ Աստծու Խոսքի օգնությամբ պատմել նրան բարի լուրը։
4. Ի՞նչ պատասխան կարող ես տալ, եթե նախքան կբացատրեիր քո այցելության պատճառը՝ քեզ ասեն. «Դա ինձ չի հետաքրքրում»։
4 Տանտերը կարող է առանց լսելու կտրուկ ասել. «Դա ինձ չի հետաքրքրում»։ Նման դեպքերում հաճախ կարելի է տալ հետևյալ պատասխանը. «Ես ընդամենը ուզում էի ձեզ համար Աստվածաշնչից կարդալ այս փոքրիկ հատվածը»։ Թերևս նա դեմ չլինի դրան։ Կամ գուցե տեղին լինի ասել. «Ես ընդամենը ցանկանում էի պատմել ձեզ, որ կգա մի ժամանակ, երբ անարդարություն ընդհանրապես չի լինի, և բոլոր մարդիկ կսովորեն սիրել իրար»։ Եթե այդ մոտեցմամբ անմիջապես չի հաջողվում հետաքրքրություն առաջացնել, կարող ես ավելացնել. «Բայց ինչպես երևում է, այս պահին ձեզ այնքան էլ հարմար չէ լսել այդ մասին»։ Արժե՞ արդյոք եզրակացնել, թե տանտերը «արժանավոր» մարդ չէ, եթե նրա պատասխանի մեջ բացակայում է խաղաղության ոգին։ Անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այդ մարդու արձագանքը՝ հիշիր, որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս «ամենի հետ հեզահոգի լինել» և ‘չարիքի դիմանալիս զսպվածություն պահպանել’ (Բ Տիմոթէոս 2։24, ՆԱ)։
Կոպիտ, բայց մոլորված
5, 6. Սողոսն ինչպե՞ս էր վարվում Հիսուսի հետևորդների հետ և ինչո՞ւ։
5 Առաջին դարում Սողոս անունով մի մարդ հայտնի էր իր անհարգալից խոսելաձևով և բռնի վարքով։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «սպառնալիք եւ մահ [էր շնչում] Տիրոջ աշակերտների վերայ» (Գործք 9։1, 2)։ Հետագայում Սողոսն ինքը խոստովանեց, որ «հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող» անձնավորություն էր (Ա Տիմոթէոս 1։13)։ Թեպետ նրա ազգականներից ոմանք ամենայն հավանականությամբ իրենից առաջ էին քրիստոնյա դարձել, Քրիստոսի հետևորդների հանդեպ իր վերաբերմունքի առնչությամբ նա ասաց. «Եւ էլ աւելի նորանց վերայ կատաղած՝ հալածում էի մինչեւ դրսի քաղաքները» (Գործք 23։16; 26։11; Հռովմայեցիս 16։7, 11բ)։ Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ աշակերտները փորձում էին բանավիճել Սողոսի հետ, երբ նա իրեն այդ կերպ էր պահում։
6 Իսկ ինչո՞ւ էր Սողոսն այդպես վարվում։ Տարիներ անց նա գրեց. «[Ես] չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով» (Ա Տիմոթէոս 1։13)։ Սողոսը փարիսեցի էր՝ «[իր] հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած» (Գործք 22։3)։ Թեպետ նրա ուսուցիչ Գամաղիելը որոշ չափով ազատախոհ մարդ էր, քահանայապետ Կայիափան, որի հետ հետագայում գործ ունեցավ Սողոսը, մոլեռանդ անձնավորություն էր։ Կայիափան էր կազմակերպել այն դավադրությունը, որը հանգեցրեց Հիսուս Քրիստոսի մահապատժին (Մատթէոս 26։3, 4, 63–66; Գործք 5։34–39)։ Կայիափան էր, որ հրամայեց մտրակել Հիսուսի առաքյալներին և խստիվ արգելեց նրանց քարոզել Հիսուսի անունով։ Եվ վերջապես, Կայիափան գլխավորեց հրեական բարձրագույն ատյանի՝ կրքերով լի այն դատավարությունը, որի ընթացքում Ստեփանոսին դուրս տարան ու քարկոծեցին (Գործք 5։27, 28, 40; 7։1–59ա)։ Սողոսը, որ ներկա էր այդ քարկոծությանը, լիազորություն ստացավ Կայիափայից՝ Հիսուսի հետևորդներին ճնշելու նպատակով այլ միջոցներ ձեռնարկելու. նա պետք է մեկներ Դամասկոս և ձերբակալեր այնտեղ ապրող քրիստոնյաներին (Գործք 7։59բ; 8։1; 9։1, 2)։ Քահանայապետի ազդեցության տակ լինելով՝ Սողոսը կարծում էր, թե իր վարքը Աստծու հանդեպ նախանձախնդրության ապացույց է, բայց իրականում նա հավատի պակաս էր դրսևորում (Գործք 22։3–5)։ Այդ ամենի հետևանքով Սողոսը չէր կարողանում գիտակցել, որ Հիսուսն է ճշմարիտ Մեսիան։ Սակայն երբ հարություն առած Հիսուսը Դամասկոսի ճանապարհին հրաշքով խոսեց նրա հետ, Սողոսը հասկացավ իր սխալը (Գործք 9։3–5, 7)։
7. Ի՞նչ պատահեց Սողոսին Դամասկոսի ճանապարհին Հիսուսի հետ խոսելու արդյունքում։
7 Կարճ ժամանակ անց Սողոսի մոտ ուղարկվեց Անանիա աշակերտը՝ նրան վկայություն տալու նպատակով։ Եթե դու լինեիր այդ աշակերտի փոխարեն, կցանկանայի՞ր այցելել Սողոսին։ Թեև Անանիան անհանգիստ էր, բայց նրա հետ բարյացակամորեն խոսեց։ Վերջինս Դամասկոսի ճանապարհին Հիսուսի հետ հրաշքով խոսելու արդյունքում բոլորովին փոխվել էր (Գործք 9։10–22)։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ՝ եռանդուն քրիստոնյա միսիոներ։
Հեզ, բայց քաջ
8. Հիսուսն ինչպե՞ս էր արտացոլում իր Հոր վերաբերմունքը մեղավոր մարդկանց հանդեպ։
8 Հիսուսը Թագավորության եռանդուն քարոզիչ էր։ Մարդկանց հետ գործ ունենալիս նա, հեզ լինելով հանդերձ, քաջություն էր դրսևորում (Մատթէոս 11։29)։ Այդպես Հիսուսն ընդօրինակում էր իր երկնային Հորը, որը հորդորում է ամբարիշտներին թողնել իրենց չար ճանապարհները (Եսայիա 55։6, 7)։ Մեղավոր մարդկանց հետ գործ ունենալիս Հիսուսը նկատում էր դեպի լավը փոխվելու նրանց ջանքերը և խրախուսում նման անհատներին (Ղուկաս 7։37–50; 19։2–10)։ Արտաքինով դատելու փոխարեն՝ նա ընդօրինակում էր իր Հոր բարությունը, համբերությունն ու երկայնամտությունը՝ հույս ունենալով, որ դա կմղի մարդուն զղջալ իր մեղքերը (Հռովմայեցիս 2։4)։ Աստված կամենում է, որ ամեն տեսակ մարդիկ զղջան ու փրկվեն (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
9. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Հիսուսի վրա ինչպես իրականացան Եսայիա 42։1–4 խոսքերը։
9 Ներկայացնելով Եհովայի տեսակետը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ՝ ավետարանագիր Մատթեոսը մեջբերում է հետևյալ մարգարեական խոսքերը. «Ահա իմ ծառան, որին ես ընտրեցի, եւ իմ սիրելին, որին իմ անձը հաւանել է. իմ Հոգին նորա վերայ կ’դնեմ, եւ նա հեթանոսներին իրաւունք կ’պատմէ։ Նա ոչ կ’հակառակէ, եւ ոչ կ’աղաղակէ, եւ ոչ էլ հրապարակների մէջ մէկը նորա ձայնը կ’լսէ։ Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։ Եւ հեթանոսները յոյս կ’դնեն նորա անունին» (Մատթէոս 12։17–21; Եսայիա 42։1–4)։ Այս մարգարեությանը համապատասխան՝ Հիսուսը բուռն վիճաբանությունների չէր մասնակցում։ Անգամ ճնշման ենթարկվելիս նա ճշմարտությունը այնպես էր մատուցում, որ դա գրավում էր ազնվասիրտ մարդկանց (Յովհաննէս 7։32, 40, 45, 46)։
10, 11. ա) Չնայած որ փարիսեցիները իր ամենաոխերիմ թշնամիներից էին, ինչո՞ւ էր Հիսուսը քարոզում նրանցից ոմանց։ բ) Հիսուսը երբեմն ի՞նչ պատասխաններ էր տալիս իր հակառակորդներին, սակայն ի՞նչ չէր անում։
10 Իր ծառայության ժամանակ Հիսուսը խոսել է շատ փարիսեցիների հետ։ Թեպետ նրանցից ոմանք ջանք էին թափում խոսքի մեջ բռնել իրեն, Հիսուսը չէր եզրակացնում, թե վատ շարժառիթներ ունեն բոլոր փարիսեցիները։ Օրինակ՝ Սիմոն անունով մի փարիսեցի, որ փոքր–ինչ քննադատական վերաբերմունք ուներ Հիսուսի հանդեպ, ակներևաբար ցանկացավ ավելի մոտիկից շփվել նրա հետ, ուստի նրան ճաշի հրավիրեց։ Հիսուսն ընդունեց հրավերը, և ճաշի ժամանակ վկայություն տվեց ներկա եղողներին (Ղուկաս 7։36–50)։ Մեկ ուրիշ դեպքում Նիկոդեմոս անունով մի հայտնի փարիսեցի Հիսուսի մոտ եկավ գիշերվա քողի տակ։ Բայց Հիսուսը չհանդիմանեց նրան մթնշաղով իր մոտ գալու համար։ Փոխարենը՝ նա Նիկոդեմոսին պատմեց այն սիրո մասին, որ Աստված ցուցաբերել է՝ ուղարկելով իր Որդուն, որպեսզի հավատ դրսևորող մարդկանց առջև բացվի փրկության ճանապարհը։ Հիսուսը բարյացակամորեն շեշտեց նաև, թե որքան կարևոր է հնազանդվել Աստծու ձեռնարկած այդ միջոցառմանը (Յովհաննէս 3։1–21)։ Հետագայում Նիկոդեմոսը պաշտպանեց Հիսուսին, երբ մյուս փարիսեցիները քննադատեցին նրա վերաբերյալ ասված դրական խոսքերը (Յովհաննէս 7։46–51)։
11 Հիսուսը աչք չէր փակում այն մարդկանց կեղծավորության առջև, ովքեր փորձում էին ծուղակը գցել իրեն։ Նա թույլ չէր տալիս, որ հակառակորդները ներքաշեին իրեն անօգուտ վիճաբանությունների մեջ։ Սակայն անհրաժեշտության դեպքում Հիսուսը հակիրճ ու ներգործուն պատասխաններ էր տալիս. նա սկզբունքներ էր ընդգծում, օրինակներ էր բերում կամ սուրբգրային մեջբերումներ էր անում (Մատթէոս 12։38–42; 15։1–9; 16։1–4)։ Երբեմն էլ Հիսուսն ընդհանրապես պատասխան չէր տալիս, եթե պարզ էր, որ այդ պատասխանը դրական արդյունք չի բերի (Մարկոս 15։2–5; Ղուկաս 22։67–70)։
12. Հիսուսն ինչպե՞ս էր կարողանում օգնել մարդկանց, անգամ երբ նրա վրա բղավում էին։
12 Պատահում էր, որ Հիսուսի վրա բղավում էին պիղծ ոգիների ազդեցության տակ գտնվող մարդիկ։ Սակայն նման դեպքերում նա զսպվածություն էր ցույց տալիս, անգամ գործի էր դնում իր աստվածապարգև զորությունը՝ այդ մարդկանց ազատելու նպատակով (Մարկոս 1։23–28; 5։2–8, 15)։ Նմանապես, եթե ծառայության ժամանակ ոմանք զայրանում են մեզ վրա ու սկսում են բղավել, մենք պետք է զսպվածություն դրսևորենք և ջանք թափենք խնդիրը հարթել բարյացակամորեն ու նրբանկատությամբ (Կողոսացիս 4։6)։
Ընտանիքում
13. Մարդիկ ինչո՞ւ են երբեմն հակառակվում իրենց ընտանիքի այն անդամին, որը սկսում է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։
13 Զսպվածություն ցուցաբերելու կարիքը հատկապես զգացվում է ընտանիքում։ Երբ մարդը սրտանց ընդունում է Աստվածաշնչի ճշմարտությունը, նա փափագում է, որ իր ընտանիքի անդամները նույն կերպ արձագանքեն։ Բայց նրանք հնարավոր է թշնամական վերաբերմունք ցուցաբերեն, ինչպես որ ասել էր Հիսուսը (Մատթէոս 10։32–37; Յովհաննէս 15։20, 21)։ Դա կարող է լինել տարբեր պատճառներով։ Օրինակ՝ թեև Աստվածաշնչի ուսմունքները օգնում են մեզ լինել ազնիվ, պատասխանատու և հարգալից մարդիկ, Գրությունները ուսուցանում են նաև, որ ցանկացած իրավիճակում մենք առաջին հերթին պատասխանատու ենք Ստեղծիչի առջև (Ժողովող 12։1, 13; Գործք 5։29)։ Մեր ընտանիքի անդամներից որևէ մեկը կարող է իրեն վիրավորված զգալ՝ տեսնելով, որ իր ազդեցությունը ինչ–որ տեղ նվազում է Եհովայի հանդեպ մեր նվիրվածության պատճառով։ Որքա՜ն կարևոր է, որ նման իրավիճակում ընդօրինակենք Հիսուսի զսպվածությունը (Ա Պետրոս 2։21–23; 3։1, 2)։
14–16. Ի՞նչը պատճառ դարձավ, որ իրենց ընտանիքի անդամներին մի ժամանակ հակառակվող մարդիկ փոխեն իրենց տեսակետը։
14 Եհովայի ծառաներից շատերի կողակիցը կամ ընտանիքի որևէ անդամը ժամանակին դեմ է եղել այն փոփոխություններին, որ իրենք կատարել են Աստվածաշնչի ուսումնասիրությունը սկսելուց հետո։ Հնարավոր է, որ նա բացասական բաներ էր լսել Եհովայի Վկաների մասին ու թերևս մտավախություն ունեցել, որ դա կարող է անցանկալի ազդեցություն ունենալ ընտանիքում։ Իսկ ի՞նչն է մղել նման անհատներին փոխելու իրենց վերաբերմունքը։ Շատ դեպքերում մեծ դեր է խաղացել հավատ ցուցաբերողի լավ օրինակը։ Ընտանիքի անդամների հակառակությունը երբեմն մեղմվել է շնորհիվ այն բանի, որ քրիստոնյան հաստատակամորեն կիրառել է Աստվածաշնչի խորհուրդները՝ կանոնավորաբար ներկա է եղել քրիստոնեական հանդիպումներին, մասնակցել է ծառայությանը և միևնույն ժամանակ կատարել է իր ընտանեկան պարտականությունները և վիրավորանքների արժանանալիս զսպվածություն է ցուցաբերել (Ա Պետրոս 2։12)։
15 Հակառակվողը կարող է հրաժարվել Աստվածաշնչի վրա հիմնված որևէ բացատրություն լսելուց նախապաշարմունքի կամ հպարտության պատճառով։ Այս էր պարագան Միացյալ Նահանգներում ապրող մի մարդու դեպքում, որն, ինչպես ինքն էր ասում, շատ հայրենասեր էր։ Մի անգամ, երբ նրա կինը համաժողովում էր, նա հավաքեց իր հագուստը և հեռացավ։ Մեկ ուրիշ առիթով, այդ տղամարդը, հրացանը ձեռքին, դուրս եկավ տնից՝ սպառնալով ինքնասպանություն գործել։ Իր անխոհեմ քայլերը արդարացնելու համար նա պատճառ էր բերում կնոջ կրոնը։ Սակայն կինը ջանք էր թափում կիրառել Աստվածաշնչի խորհուրդները։ Կնոջ՝ Եհովայի վկա դառնալուց 20 տարի անց ամուսինը նույնպես կատարեց այդ քայլը։ Ալբանիայում մի կին, իմանալով, որ իր դուստրը Աստվածաշունչ է ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և ապա մկրտվել, խիստ զայրացավ։ 12 անգամ նա ոչնչացրեց իր աղջկա Աստվածաշունչը։ Մի օր այդ կինը սկսեց թերթել Աստվածաշնչի նոր օրինակը, որն իր դուստրը մոռացել էր սեղանի վրա։ Նա պատահաբար բացեց Մատթէոս 10։36 համարը և ընթերցելով այն՝ հասկացավ, որ գրվածը վերաբերում է իրեն։ Երբ իր դուստրը ուրիշ Վկաների հետ պատրաստվում էր գնալ Իտալիա՝ այնտեղ անցկացվելիք համաժողովին մասնակցելու, մայրը, իր աղջկա բարօրությամբ մտահոգվելով, նրան ճանապարհ դրեց մինչև նավ։ Երբ այդ կինը տեսավ համաժողով գնացողների սերը, գրկախառնությունները, ժպիտն ու ծիծաղը, նրա վերաբերմունքը սկսեց փոխվել։ Կարճ ժամանակ անց նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այսօր այդ կինը հաջողությամբ օգնում է այն անհատներին, ովքեր հակառակություն են ցույց տալիս իրենց ընտանիքի անդամներին։
16 Մեկ ուրիշ դեպքում մի ամուսին, դանակը ձեռքին, վիրավորական խոսքեր ասելով, հարձակվեց իր կնոջ վրա, երբ վերջինս մոտենում էր Թագավորության սրահին։ Ի պատասխան՝ կինը մեղմորեն ասաց. «Մտիր Թագավորության սրահ և ինքդ համոզվիր»։ Ամուսինն այդպես էլ արեց. ժամանակի ընթացքում նա դարձավ քրիստոնյա երեց։
17. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդները կարող են օգնել, եթե քրիստոնեական ընտանիքում մթնոլորտը լարվում է։
17 Ընտանեկան մթնոլորտը կարող է լարվել, և անկատարության պատճառով կարող են կտրուկ խոսքեր հնչել նույնիսկ այն դեպքում, եթե քրիստոնյա են ընտանիքի բոլոր անդամները։ Ուշադրության է արժանի, որ հին Եփեսոսի քրիստոնյաներին այսպիսի խորհուրդ էր տրվել. «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից՝ ամեն չարութեան հետ» (Եփեսացիս 4։31)։ Ամենայն հավանականությամբ, այդ քրիստոնյաների վրա ազդեցություն էր թողնում իրենց շրջապատը, սեփական անկատարությունը և որոշ դեպքերում էլ անցյալում իրենց վարած կյանքը։ Ի՞նչը կօգներ նրանց փոխվելու։ Այդ քրիստոնյաները պետք է ‘նորոգվեին իրենց մտքի հոգով’, այսինքն՝ միտքը խթանող ուժով (Եփեսացիս 4։23)։ Ուսումնասիրելով Աստծու Խոսքը, խորհելով, թե ինչպես պետք է այն անդրադառնա իրենց կյանքի վրա, շփվելով քրիստոնյա հավատակիցների հետ և ջերմեռանդորեն աղոթելով՝ նրանք իրենց կյանքում լիարժեքորեն կարտացոլեին Աստծու ոգին։ Այդ քրիստոնյաները կսովորեին «իրար հետ քաղցր [լինել], գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով [նրանց] ներեց» (Եփեսացիս 4։32)։ Անկախ այն բանից, թե ինչպես կվարվեն ուրիշները՝ հարկավոր է լինել զսպված, բարի, գթառատ և ներողամիտ։ Այո՛, մենք չպետք է «չարի տեղ չար [հատուցենք]» (Հռովմայեցիս 12։17, 18)։ Մենք ճիշտ վարված կլինենք, եթե ընդօրինակելով Աստծուն՝ իսկական սեր ցուցաբերենք մարդկանց հանդեպ (Ա Յովհաննէս 4։8)։
Խորհուրդ՝ բոլոր քրիստոնյաներին
18. Բ Տիմոթէոս 2։24–ում արձանագրված խորհուրդը ինչո՞ւ էր տեղին հին Եփեսոսում ծառայող երեցի համար և ինչպե՞ս կարող է օգնել բոլոր քրիստոնյաներին։
18 «Չարիքի դիմանալիս զսպվածություն» պահպանելու մասին խորհուրդը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին (Բ Տիմոթէոս 2։24, ՆԱ)։ Բայց նախևառաջ այն ուղղված էր Տիմոթեոսին, որն ուներ դրա կարիքը, երբ Եփեսոսում երեցի ծառայություն էր կատարում։ Ժողովի անդամներից ոմանք բավական ազատորեն տարածում էին իրենց սեփական տեսակետները և սովորեցնում սխալ ուսմունքներ։ Քանի որ այդ անհատները լիովին չէին հասկանում Մովսիսական օրենքի նպատակը, նրանք չէին կարողանում գիտակցել հավատի, սիրո և մաքուր խղճի կարևորությունը։ Հպարտությունը տարաձայնություններ էր առաջ բերում, քանի որ նրանք վիճում էին բառերի շուրջ՝ չըմբռնելով Քրիստոսի ուսուցումների նպատակը և Աստծու հանդեպ նվիրվածության կարևորությունը։ Իրավիճակը շտկելու համար Տիմոթեոսը պետք է հաստատակամորեն պաշտպաներ սուրբգրային ճշմարտությունը։ Այնուամենայնիվ, նա պետք է մեղմորեն վարվեր իր եղբայրների հետ։ Տիմոթեոսը ժամանակակից երեցների պես գիտեր, որ ժողովն իր սեփականությունը չէ և ուրիշների հետ հարկավոր է վարվել այնպես, որ դա նպաստի քրիստոնեական սիրուն ու միասնությանը (Եփեսացիս 4։1–3; Ա Տիմոթէոս 1։3–11; 5։1, 2; 6։3–5)։
19. Ինչո՞ւ է բոլորիս համար կարևոր ‘հեզություն որոնել’։
19 Աստված քաջալերում է իր ժողովրդին ‘հեզություն որոնել’ (Սոփոնիա 2։3, ՆԱ)։ «Հեզություն» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է՝ տրամադրվածություն, որի շնորհիվ անհատը համբերությամբ և առանց գրգռվելու կամ ոխ պահելու կարողանում է դիմանալ հասցված վնասին կամ վիրավորանքին։ Թող որ մենք ջերմեռանդորեն խնդրենք Եհովային, որ նա օգնի մեզ զսպվածություն ցուցաբերել և իրեն պատշաճ կերպով ներկայացնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
Ի՞նչ սովորեցիք
• Սուրբգրային ո՞ր համարները կարող են օգնել, երբ որևէ մեկը կոպիտ է խոսում քեզ հետ։
• Ինչո՞ւ էր Սողոսը կոպտորեն վարվում։
• Ինչպե՞ս է Հիսուսի օրինակը օգնում մեզ ճիշտ վարվել ամեն տեսակ մարդկանց հետ։
• Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել, եթե մեր ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելիս զսպվածություն ցուցաբերենք։
[Նկար 26–րդ էջի վրա]
Անկախ այն բանից, թե ինչ հեղինակություն էր վայելում Սողոսը՝ Անանիան բարյացակամորեն վարվեց նրա հետ
[Նկար 29–րդ էջի վրա]
Եթե քրիստոնյան հավատարմորեն կատարի իր պարտականությունները, ընտանիքի հակառակությունը կարող է մեղմվել
[Նկար 30–րդ էջի վրա]
Քրիստոնյաները ջանում են ամրապնդել սերն ու միասնությունը